Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը կգլխավորի Վենետիկի 73-րդ կինոփառատոնի «Հորիզոններ» բաժնի միջազգային ժյուրին։ Այս տարի փառատոնը կանցկացվի Վենետիկի Լիդոյում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ը։

«Չլինելով Վենետիկի մշտական մասնակից՝ Գեդիգյանն օտար չէ Լիդոյին, որտեղ 2000թ-ին տեղի ունեցավ նրա մարսելյան «Քաղաքը հանգիստ է» (La ville est tranquille) ֆիլմի պրեմիերան։ Նրա ֆիլմոգրաֆիան կենտրոնացած է ֆրանսիական աշխույժ նավահանգստային քաղաքի կյանքի ուսումնասիրության շուրջ՝ իր հարևանության միկրոտիեզերքի պատմություններով՝ ուշադրության կենտրոնում պահելով հասարակ մարդկանց կյանքը», -նշվում է կինոփառատոնի հայտարարությունում։

Գեդիգյանն արդեն 35 տարի է ստեղծագործում է կինոյի ասպարեզում և հաստատուն տեղ ունի իր սերնդի լավագույն ֆրանսիական կինոգործիչների շարքում: Նրա հեղինակած շուրջ երկու տասնյակ ֆիլմերը պատկանում են ամենատարբեր ժանրերի՝ կատակերգություններ, դրամաներ, պատմական ֆիլմեր և այլն: Անկախ ժանրից՝ բոլոր այս ֆիլմերում վառ փայլում է ռեժիսորի խորը հոգևոր աշխարհընկալումը և մարդասիրական վերաբերմունքն իր հերոսների նկատմամբ: Ֆրանսիացի կինոգետները Գեդիգյանին կոչել են «Մարսելի աշխատավոր դասի երգիչ»:

Ռոբեր Գեդիգյանը ծնվել է 1953 թվականին Ֆրանսիայի Մարսել քաղաքում՝ հայ հոր և գերմանուհի մոր ընտանիքում: Մինչ օրս ապրում է Մարսելում, որը նրա ֆիլմերի մշտական միջավայրն է: 1980-ից կինոյի ասպարեզում է: Հիմնականում հայտնի էր իր սոցիալական ֆիլմերով, սակայն համաշխարհային ճանաչում ստացավ 1996 թվականին «Մարիուսն ու Ժանեթը» կատակերգության հաջողությունից հետո: Ֆիլմն արժանացել է Կաննի «Հատուկ հայացք» ծրագրի մրցանակին, «Դելյուկ», «Լյումիեր» մրցանակներին, ինչպես նաև Ժնևի, Ֆիգեյրա դա Ֆոսի (Պորտուգալիա), Հայֆայի (Իսրայել) միջազգային փառատոների Մեծ մրցանակին: Գեդիգյանի ֆիլմերը մշտապես ընդգրկվում են եվրոպական հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի Սան-Սեբաստյանի և այլ կինոփառատոների մրցութային ծրագրերում: 2001 թվականին Եվրոպական կինոակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ Գեդիգյանն արժանացավ Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի (ՖԻՊՐԵՍՍԻ) մրցանակին «Քաղաքը հանգիստ է» կինոնկարի համար: Մի շարք ֆիլմերում Գեդիգյանն անդրադարձել է հայկական թեմային: 20151-թվականին Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկվել էր Գեդիգյանի «Խենթ պատմություն» խաղարկային կինոնկարը, որը բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության թեման այդ կարևորագույն կինոհարթակում:
  • Hits: 9754

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: