Ուրուագիծ դիմանկարի համար. Ալբերտ Շարուրեան /1931-2007/

․․․թերեւս զարմանալի թուայ որ դիմանկարների այս շարքում ընդգրկել եմ անուանի գրականագէտ՝ ոգով եւ իմացականութեամբ  աեւմտահայ գրականութեանը աւելի քան կէս դար նուիրաբերած Ալբերտ Շարուրեանին․․․ Իր աշխատասիրութիւններով եւ մարդկային հմայքով լուսաւոր հետագիծ թողած բանիբուն մտաւորական գործչի, ում ծննդեան 90-ամեակը /2021/ ի զարմաս ինձ, - ինչու ոչ՝ նաեւ շատերի,- չնշուեց ի գնահատութիւն նրա եզակի վաստակի։ Ինչու եմ այս հանգամանքը կարեւորում,- թերեւս մասնայատկում,- Ալբերտ Շարուրեանը իրաւամբ այն քիչ գնահատուած «անձինք նուիրեալք»ից էր, որոնց շնորհիւ տակաւին 60-ական թուականներից հայ հանրութիւնը հաղորդակցուել է արեւմտահայ գրողների, բանաստեղծների գրական ժառանգութեանը։

Արդ, «տեղն ու ժամանակը» չէ նշել նրա աշխատասիրած, բանասիրական օրինակելի – ուսումնասիրելի ժողովածուները․ «Սրբուհի Տիւսաբ․ կեանքը եւ ստեղծագործութիւնը» /1963/, «Պետրոս Դուրեան․ կեանքը եւ գործը» /1972/, «Դանիէլ Վարուժան․ կեանքը եւ ստեղծագործութեան տարեգրութիւնը» /1984/։ Շարքը կարելի է շարունակել, բայց յատկապէս խնդրայարոյց է նրա մարդ-տեսակի ,- ինձ սակաւ հանդիպած,- էութեան նուիրականութեան բացայայտումը․ լրջախոհ, իմ տպաւորութեամբ միշտ անցեալ ժամանակներում բանիբուն բանասէրի խորին խոհեմութեամբ մեր կորուստների եւ նուաճումների արժէչափումները զուգակշռելու, այնուհետեւ ուսումնասիրելու եւ գրադատական, գրապատմական իրողութիւն դարձնելու  ազնուամիտ նուիրումը, որ, վստահ եմ, ճշգրտօրէն պատճառաբանւում է նրա Վասպուրական աշխարհի զարմից սերուած լինելով․․․

Այս ամենով հանդերձ չեմ կարող չնշել, որ Ալբերտ Շարուրեանի շնորհիւ Գրիգոր Զօհրապը մեր այն գրողնեից է, որն ուսումնասիրել-հրատարակել է նախանձելի բանասիրա-բնագիտական բծախնդիր սիրով․ «Գրիգոր Զօհրապին մշտապէս հետարքրել են կեանքի եւ մարդու հոգեկան բարդոյթները, որոնք նրա համոզմամբ միշտ չէ որ առթած են ընկերային կամ գաղափարական ազդակներից։ Այդ պատճառով էլ նա պոլսական միջավայրից չէր զատում ազգային կամ հայկականը․․․ Միով բանիւ փնտրում էր Մարդուն /ընդգծումը բնագարային է՝ Ա․Ա/ նրա առաքինութիւններն ու արատները՝ չպատրուակելով ցեղային յատկանիշներով, կրօնական կամ հասարակական գործօններով՛ /Գ․Զոհրապ, «Երկեր», /Ա հատոր, էջ 14/։

Բարեպատեհ առիթ ունեցել եմ հանդիպել Ալբերտ Շարուրեանին, երբ նախապատրաստում էր հրատարակել Գրիգոր Զօհրապի «Երկերի» լիակատար ժողովածուի վեցհատորեակը /2001-2004/։ Երեւի թէ դժուար է յիշել այդպիսի կոթողային հրատարկութիւն․ բնագրերի պատրաստում, յառաջաբաններ, այնքան անզուգական ծանօթագրութիւններ, որոնք հանրագիտարանային իմաստ ու նշանակութիւն ունենալուց զատ նաեւ ուսումնասիրելի ուղեցոյցներ կարող են հանդիսանալ ոչ միայն Գր․ Զօհրապի, այլեւ մինչեղեռնեայ արեւմտահայոց գրական, մշակութային, քաղաքական, տնտեսական, ընկերային բազմաբարդ հանգոյցների տեղատուութիւնները եւ մակընթացութիւնները ուսումնասիրողների համար։ Եւ իմ տպաւորութեամբ․․․ Ալբերտ Շարուրեանը, վստահ եմ, առօրեայ կեանքում, կենցաղվարութեան մէջ նոյնպէս բանասէր է եղել։ Յիշում եմ մեր շատ պատահական հանդիպումներից մէկի ժամանակ, Գրականութեան եւ արուեստի թանգարանի այն ժամանակուա տնօրէն Հ․ Բախչինեանի առանձնասենեակում երբ հարցրեցի Սուրէն Պարթեւեանին հրատարակելու անհրաժեշտութեան մասին, այնպիսի հայեացք ուղղեց Հենրիկին, կարծես ցանկացաւ իմանալ իմ ով լինելը։ Ես անմջապէս ասացի․ «Պարոն Շարուրեան, ցաւօք ես Ձեր ուսանողը չհասցրի լինել, պատճառը՝ ցերեկային ընդունուել, երեկոյեան սովորել, հեռակայ աւարտել եմ»։ Իր դէմքին յայտնուած ժպիտին ի պատասխան ասացի․ «Ինքնադատութեան փորձ մը»․ իր պաշտելի Միսաք Մեծարենցի հանճարեղ յօդուածի վերանգրով «պաշտպանուեցի»։

Այսպիսի մշտախոհ նուիրականութեամբ ապրեց բանասիրութեան դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Շարուրեանը, իմ եւ վստահ եմ այլոց կարծիքով արեւմտահայոց գոյութիւնն ու գրականութիւնը իր ապրած կեանքը իմաստաւորող անփոխարինելի «հանգրուան մը եղած է»․․․

Արթուր Անդրանիկեան

  • Hits: 3966

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: