Ուրուագիծ դիմանկարի համար. Դեւ (Մարգար Ղարաբեկեան)
(Թեհրան, 1901-1975)
Բանաստեղծ, գեղանկարիչ Դեւի դիմանկարային ուրվագծումով եւս մեկ անգամ հարկ ենք համարում անդրադառնալ այն թյուր ըմբռմանը, որ ցայժմ իրանահայ գրողները ներկայացվում են․․․ սփյուռքահայ։ Այս պարագային,- հնչող արդարացի հարց,- ինչո՞ւ եմ սույն խորագրի ներքո ներկայացնում իրանահայ բանաստեղծին։ Պատճառը՝ մեկն է, միմիայն հանիրավի մոռացված մտավորականին ևս ոչ ավելորդ անգամ հանրահռչակելը։ Ինչ վերաբերում է իրանահայ գրողներին սփյուռքահայ համարելու ոչ իրավացի «կողմնորոշմանը», կա հիմնավոր մեկ պատճառաբանություն․ իրանահայոց լեզուն,- խոսակցական և գրական,- արևելահայերենն է։ Միայն նրանց գործածած ուղղագրությունն է դասական-մեսրոպյան, ի բացառություն գրության նրանց կողմից գործածելի բառամիջում ւ մասնիկի առկայությունը․ օրինակ՝ գտնուել – գտնւել և այլն։ Եւ, որ ամենաէականն է՝ Սփյուռքի գրականությունը և Սփյուռքն, ընդհանրապես, Մեծ եղեռնի հետևանք է։ Այսինքն՝ սփյուռքյան գրականությունը վերընձյուղումն է արևմտահայ գրականության՝ միայն «թեմաների» և զգայնությունների տարաբաժանումով է սփյուռքյան գրողը տարբերվում արևմտահայ գրողից։
Խնդրո առարկան չափազանց կարևորելի է ոչ միայն զուտ գրական, այլ նաև պատմագիտական առումով։ Կորսված Հայրենիքի ժառանգները գրավոր և բանավոր լեզվով, լեզվամտածողությամբ «հիշեցնում են» իրենց երբեմնի ծագումը, բնօրրանը, ինչի արդյունքը Կարօտի գրականության առկայությունն է, այլ խոսքով՝ գյուղագրությունը և շարունակաբար հետեղեռնյա շրջանում նրանց ապրած կյանքը։
Իրանահայ գրողներին բացարձակապես բնորոշ չէ այս իրողությանց տարասփռումը, քանզի նրանք տակավին ապրում են այն տարածքում, ինչ ավանդաբար կոչվել է Պարսկահայք․․․
Դեւը սերում էր Արցախի Մելիքների շառավիղից։ հայրը՝ հանրային քաջածանոթ գործիչ Ավետիս Խան Ղարաբեկյանն էր և որդու՝ Մարգարի ուսման նկատմամբ չափազանց հետևողական է եղել։ Պատանի Մարգարը նախակրթությունը ստացել է ծննդավայրի և ապա Նոր Ջուղայի ազգային վարժարաններում, գրականության և արվեստի, մասնավորաբար նկարչության նկատմամբ նրա հակումները դրսևորվել են վաղ տարիքում։ Հաճախել է Թեհրանի Գեղարվեստից վարժարանը՝ աշակերտելով գեղանկարիչ Մորիս Ֆաբրիին։ Հետագայում վեց տարի փորձառություն ձեռք բերելուց հետո պաշտոնավարել է Թեհրանի նկարչական դպրոցում։ Նրա անունը առավելապես հայտնի է դարձել 20-ական թվականներից՝ թղթակցելով սփյուռքյան մամուլին՝ գրական էջերով /«Վերածնունդ», «Նոր կյանք», «Պայքար», «Նոր գիր», «Հայաստանի կոչնակ»/։
Բանաստեղծությունների ժողովածուներ հրատարակել է ավելի ուշ /«Այս երկար ճամփան», 1963, Թեհրան, «Իմ երկերը», 1974, Երևան/ և կարծես մահվանից մեկ տարի առաջ ցանկացել է, որ «Իր երգերը»՝ սիրո և կարոտի ղողանջումներով հայ հանրության կողմից ջերմորեն ընդունվի և ընդունվել է՝ տարիներ շարունակ, հատկապես, Նիկոլ Գալանտերյանի եղանակավորած։
Գեղանկարչի և բանաստեղծի բնատուր շնորհները Դեւի բանաստեղծություններում չափազանց միահյուսն են և առարկայացված պատկերային համակարգերով։
Դեւի նկարչական արվեստանոցում թրծվել, թրծվել են բազմաթիվ հայ պատանի նկարիչներ։ 1969 թ․ Երևանում ունեցած անհատական ցուցահանդեսը նրան լայն ճանաչում է բերել։ Այնուամենայնիվ, Դեւը իբրև բանաստեղծ «ապրում է» իր երգերում, որոնք մինչ այժմ հնչում են իրենց պարզության սիրազեղ ոգորումներով, երիտասարդների մեջ արթնացնում սիրո առեղծվածային բնույթը․
Դու նորից եկել ես, ի՞նչ անեմ,
Ես այնպես սիրել եմ քո հոգին,
Գերել ես հայացքով քո անեզր,
Եւ կապել կանացի հմայքիդ։
Քեզ երկար, շատ երկար եմ սիրել
Ու թաքուն արտասվել քեզ համար,
Դու նորից եկել ես քեզ սիրեմ,
Աչքերս թաց են մինչ հիմա․․․
Քանի, քանի սերունդների շուրթներին առկայծել են այս բառերը․ սիրո և նվիրումի «զոհ» Դեւի անունը բնավ չհիշելով։ Բայց, ինչպես բանաստեղծն է ասում․ «Երգը երբ հնչէ, կը յիշեցնէ, որ ես ալ սիրոյ զոհ մը եղած եմ՝ ամենքիդ ապրեցնելու համար»։
Ընդունենք, որ սա նաև պատգամն է Դեւ-Մարգար Ղարաբեկեանի։
Հ․Գ․
Հորդոր իրանահայ մշակութային միություններին․ հրատարակել բանաստեղծի գրական ժառանգությունը, կազմակերպել գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես ծննդյան 125-ամյակի առթիվ։
Արթուր Անդրանիկեան
WhatsApp +374 91 423 159