Արքմենիկ Նիկողոսյան. Ազատվելու և հաղթահարման վեպը
Նկատի առնելով այն առանձնահատուկ պարագան, որ Գուրգեն Խանջյանի ստեղծաբանական համակարգն այժմ հատկական է «վեպից վեպ»` մեր առաջատար մյուս արձակագիրների (Լևոն Խեչոյան, Վարուժան Այվազյան) ստեղծագործությանը նույնպես ներհատուկ զարգացումով, նրա նոր վեպի երևումը պետք է դիտարկել իբրև եթե ոչ կարևոր, ապա գոնե որոշակի հանգրվան: Խանջյանի ստեղծագործությունն իմ ընկալումներում յուրահատուկ բարոմետր է, որ գրեթե անսխալ ցուցանում է նաև արդի հայ արձակի հիմնական միտումներն ու գերիշխող հատկականությունները, այսինքն` որոշակի հանգրվան նաև այս իմաստով, մանավանդ որ` «հատկապես վիպագրության շրջարկում է ըստ ամենայնի երևում ցանկացած ժամանակահատվածի արձակի առավել ընդհանրական պատկերը, ձեռքբերումները և ստեղծագործական, գեղարվեստական առանձնահատկությունները»[1]: Թեպետ Խանջյանի ստեղծաբանական համակարգում «Նստիր Ա գնացքը» և «Լուր չկա» վեպերը կամրջվում են նաև որոշ տրամադրություններով (ասենք՝ առաջինի «Հոգնել եմ: Տուն են ուզում, տուն» հանգրվանային նշանակություն ունեցող ավարտաբանությունն ու երկրորդի՝ «Հոգնել եմ», խոստովանեց Խամը: «Հոգնել ես՝ արի տուն», ոգևորվեց Սառան»՝ արդեն բնական երկխոսությունը), այնուամենայնիվ, դրանց միջև ընկած ստեղծագործական տարածությունը դատարկ չէ և այդ տարածության փորձընկալումն է շատ առումներով պայմանավորել «Լուր չկա»-ի յուրահատկությունները: Այնուամենայնիվ, գրողն ամբողջովին չի իրագործել այն, ինչ թելադրում-ենթադրել էին տալիս «վեպից վեպ» միջանկյալ տարածության փիլիսոփայական, գեղագիտական, ստեղծաբանական ուղղակի և անուղղակի հղումները (նկատի ունեմ հատկապես «Մարդկանց տուն ուղարկիր» վիպակը), և, դատելով վիպական պատումի՝ հեղինակի ներկայությունը ստեպ-ստեպ հիշեցնող չթուլացող լարվածությունից ու տեքստային հաճախակի ջղաձգումներից, դրանից ակնհայտ դժգոհ է: Սա գուցե վեպի թերությունն է, բայց դա իր հերթին առթել-ստեղծել է կասկածների, դժգոհությունների, հուսահատություների և, ընդհանրապես, դրամատիկ վիճակների մի դաշտ` ըստ ամենայնի՝ իրմով պայմանավորելով վեպի գեղագիտական-գաղափարական հարցադրումների համակարգը: Այլ խոսքով` վեպը գեղաձևում է իր՝ այս պարագային արդեն չակերտյալ թերությունը կամ իրենից իր հեղինակի ներքին դժգոհությունը: Այս իմաստով՝ «Լուր չկա» վերնագիրը պարագրկում է նաև գրողական այդ ներքին դժգոհությունն իր ստեղծածից, քանզի ավելի շատ՝ լուր չկա տեքստային-պատումային առումով, հեղինակին այլևս չեն բավարարում պատումի կառուցման հին կերպերը, նա որոնում է նորը, որը կա ինչ-որ տեղ, բայց չի տրվում իրեն: Այս հանգամանքը պայմանավորել է վեպի երկպլան զարգացում՝ հեղինակի և հերոսի. վերջինիս մարդկային-կենսական տվայտանքները խորքում երբեմն զուտ գրողական-տեքստային են: Ի վերջո, հեղինակին կարծես թե հաջողվում է ոչ միայն լուր (ճիշտ է՝ ոչ ամբողջական), այլև լուրեր ստանալ, սակայն, դատելով դժգոհությունների անընդհատականությունից, նա այդ չի նկատում:
«Լուր չկա» վեպն իբրև ներժանրային կառույց երկխոսական բնույթ ունի: Խանջյանը չի պատմում, այլ, եթե կարելի է այդպես ասել, զրուցում է վեպը: Հենց առաջին էջերում քննիչի ու հեռախոսի հիշատակումները խորհրդանշային են այդ առումով և նախապատրաստում են պատումի որոշակի կերպի, քանզի դրանք հասկացություններ են, որ անմիջաբար զուգորդվում են հարցուպատասխանի և զրույցի հետ: Սկզբնական մասերում երկխոսականությունը դրսևորվում է նաև անցյալի հետ կապված հարցականների ճշտման և անցյալի հիշատակներից կարևոր կամ լուրի հավանականություն ունեցող մանրամասներ վերհանելու ճիգերում (դրանք միաժամանակ պատումի նոր կերպի փնտրտուքներ են), որոնք պայմանավորում են համապատասխան տեքստային-նշանային արտահայտություններ՝ «Հարյուրավոր կիլոմետրեր մեքենայով անցել է, եկել… Կարո՞տ… Չեմ կարծում…» (էջ 3), կամ՝ «Բայց Դանդը չկար ոնց որ… Հա, չկար: Ստացվում է՝ նրան դպրոցն ավարտելուց հետո չեմ տեսել… Բայց չէ, հանդիպել ենք, պատահաբար, փողոցում, վեց թե յոթ տարի առաջ էր, մտանք սրճարան, սուրճ խմեցինք, չէ, գարեջուր» (էջ 7-8): Ինքնասպան եղած Դանդ Արշոյի թողած մեղադրական նամակը ոչ միայն պայմանավորում է վեպի գործողությունների հետագա ընթացքը, այլև պատումի բնույթը: Նամակի ընթերցանությունն անմիջաբար սկզբնավորում է Սուրեն-Դանդ Արշո՝ ըստ էության այլևս չընդհատվող բնագրաստեղծ երկխոսությունը. «Դանդ, Դանդ, ես քո տիրոջ…» (էջ 12): Սուրենն իր յուրաքանչյուր արարքի համար կարծես հաշվետվություն է ներկայացնում Դանդին, երբեմն նույնիսկ ակամա` գործում նրա ցուցումներով: Եվ այդպես՝ վեպը ստացվել է իբրև Դանդի սցենարի ու նրան՝ Սուրենի տարօրինակ ու յուրօրինակ հաշվետվության համադրություն («Գիտե՞ս ինչ եմ մտածում. կարո՞ղ ա ինքը գուշակել էր, որ մեր մեջ մի բան ա լինելու, դրա համար էլ երկուսիս անունները գրել ա իրա նամակում»: «Իսկ ես կարծում եմ՝ ոչ թե գուշակել ա, այլ կազմակերպել», էջ 95): Արշոյի նամակն այս իմաստով վեպի ամենակարևոր լուրն է, մանավանդ որ՝ պարագրկում է նաև լուր չկա-ի արտաքին հատույթը՝ այնկողմի գործոնը: Թվում է, թե նրանց զրույցը միակողմանի է, այնինչ Դանդը ևս զրուցում է Սուրենի հետ, նույնիսկ այն դեպքերում, երբ վերջինս խոսում-բանավիճում է ինքն իր հետ, քանզի դա տեղի է ունենում Դանդի պայմանավորած իրականության մեջ՝ «Սուրեն, դու երբևէ փորձե՞լ ես ինքնասպան լինել: Ոչ, Սուրեն: Բայց մտածել եմ: Ու մտածելով իմացար, որ դժվա՞ր է» (էջ 73): Ընթացքում՝ Դանդի՝ հետզհետե իրեն ավելի զգացնել տվող անտես ներկայության հետ մեկտեղ, նրանց երկխոսությունները անուղղակիից վերածվում են ուղղակիի՝ «…բայց հատկապես դու ես խրվում կյանքիս մեջ, քեզ բոլորից շատ ա՞ պետք, չեմ հասկանում… Ինչ ասացի՞ր…» (էջ 132), իսկ վերջում արդեն վերաճում մի յուրօրինակ նամակագրության՝ «Համարյա մաքուր թուղթ էր, միայն վերում երկու տող կար՝ «Ոչինչ չեմ հասկանում: Ոչինչ չհասկացա, Սուրեն… Հասկանու՞մ ես, բան չհասկացա…»: Կատաղած՝ անմիջապես գրեցի տակը՝ «Իսկ ո՞վ ա հասկացել, այ էշ»: Հետո էշը ջնջեցի, գրեցի «ավանակ», ապա «ավանակ»-ն էլ ջնջեցի, գրեցի «տղա»: Վերջում ամբողջը ջնջեցի ու գրեցի՝ «Քեզ թվում ա, ե՞ս եմ հասկացել…», բայց քիչ թվաց ու ավելացրի՝ «Դե սիկտի՛ր էղի. է՜» (էջ 157):
Վեպում ամենից հաճախակի շրջանառվում է ազատության գաղափարը: Ազատությունը Սուրենի և՛ հաղթաթուղթն է, և՛ մարդկային ողբերգության ակունքը միաժամանակ: Այն պայմանավորում է ինքնօտարման, ինքնուրացման միտում Սուրենի գործողություններում, դա դրսևորվում է տարբեր հարթություններում՝ թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային, և մատնում նրա՝ անցյալից ամեն կերպ ազատվելու ճիգը, անկախ այն հանգամանքից, որ անցյալի վերհուշերում շատ բան կա հենց ազատության հետ կապվող: Այլ խոսքով՝ ազատության գաղափարը հետզհետե Սուրենի ըմբռնումներում վերածվում է ազատվելու գաղափարի: Եթե իրեն իբրև նկարչի ուրացումը («Ես ի՞նչ նկարիչ, ես նկարիչ չեմ՝ այդ բառի իսկական, ամբողջ իմաստով», էջ 21) կապված է ազատության գաղափարի սեփական կերպընկալումների հետ («արվեստի մարդիկ ավելի անազատ են, քան մյուսները», էջ 21), ապա անվան փոփոխումները (Շավարշ, հետո՝ Կարեն), թեպետ մի տեղում ուղղակի վերաբերմունքին («Ես իմ անունը չեմ սիրում», էջ 109), պայմանավորված են ամեն կերպ Դանդից ու նրա հետ կապված հիշողություններից ազատվելու խնդրով: Թեպետ այդպես էլ ամենայն հստակությամբ չի ասվում, ըստ էության՝ Դանդը Սուրենի կենսագրության ամենակարևոր հատվածն է. «Դանդն է մեղավոր, նրա հետ կապված ամեն բան ինձ ետ է տանում, իսկ ես չեմ սիրում հիշողությունների բեռը, առհասարակ ժամանակի կալանքը...» (էջ 45):
Հետաքրքիր է, որ Արշոն իրեն է տեսել Սուրենի ինքնադիմանկարում («նստած էի իմ սենյակում` ողորկ պատեր, մաքուր, ողորկ սեղան, մութ կոլորիտ, ես` միայնակ գայլի պես, նիհար, շեշտված, ցցուն դիմագծերով, վայրի հայացքով, խորթացած...», էջ 20), որն ընդհանրապես վեպի ամենակարևոր մետաֆորներից է. «Արշոն սիրում էր, մի անգամ ասեց` էս Սուրենն իբր իրան ա նկարել, բայց ավելի շատ ոնց որ ես ըլնեմ» (էջ 56): Այս պարագային, թվում է, իրավացի է Հայկ Համբարձումյանի այն դիտարկումը, թե «մահվանից առաջ գրված նամակում հիշատակվող Սուրենը, Փառանձեմը և Մամոն Արշոյի իդեալներն են»[2], մանավանդ որ՝ առկա է հետաքրքիր մեկ այլ զուգադրություն` Արշոյի մոր նկարն էլ Փառանձեմին է նման. « Ձեզ է նման, գիտե՞ք,– նկատեցի: Արշոն էլ էր ասում...» (էջ 57): Իմ տպավորությամբ, սակայն, Դանդն ավելի շատ Սուրենի բարդույթների մարմնացումն է, բարդույթներ, որոնք երիտասարդ տարիներին ազատասիրության քողի տակ կոծկվել են շրջապատողների աչքից: Պատահական չէ, որ ծերացող, կեցվածքներից հոգնած, կյանքին արդեն այլ աչքերով նայող նախկին հիպպին գնալով ավելի ու ավելի է նմանվում երիտասարդ ժամանակ արված այդ ինքնադիմանկարին. «Աչքս ընկավ պատի հայելուն, թվաց, թե հայելու փոխարեն ինքնանկարս է կախված պատին» (էջ 154): Ինքնադիմանկարի այրումը Դանդից մնացած այլ իրերի ու գրառումների հետ, նույնպես դրա վկայությունն է: Ասել, թե Դանդը Սուրենի երկրորդ ես-ն է, գուցե ճիշտ չի լինի, բայց խոսուն է այն հանգամանքը, որ հրկիզումը կատարվում է ոչ թե Դանդի, այլ, ըստ էության, մեկ ուրիշի գերեզմանաթմբին. «Դանդը չի. Դանդը գուցե առհասարակ այս գերեզմանատանը չի թաղված» (էջ 162): Իսկ գուցե Դանդն ընդհանրապես չի էլ եղե՞լ…
Նույն կերպ՝ ազատվելու խնդիր ունի նաև վեպի հեղինակը, թեպետ ավելի ճիշտ կլիներ այս դեպքում խոսել՝ հաղթահարելու մասին: Վեպում հաճախակի հայտնվող բանավեճերը այլ տեքստերի հետ (Ֆրանց Կաֆկայի, Հերման Հեսսեի) դրա վկայությունն են: Բայց ամենակարևոր բանավեճը հատկապես իր` Գուրգեն Խանջյանի հետ է, քանզի հաղթահարումը ավելի շատ վերաբերում է սեփական նախընթաց տեքստերին, նկատի ունեմ դրանց թե՛ արտաքին-կառուցաբանական, և թե՛ ներքին-հղացական մակարդակները: Այս իմաստով՝ Արշոն նախընթացի խորհրդանիշն է նաև, իսկ նրա մեղադրական նամակը խորքում գրական տեքստ է, որոնցից ազատվելու և հաղթահարելու խնդիրները վեպում դառնում են առաջնային: Հաղթահարումը համակարգային ձևով ի հայտ կգա Խանջյանի հետագա ստեղծագործություններում, այնուհանդերձ, փաստեմ, որ «Լուր չկա» վեպում նոր որակներով է ներկայանում Խանջյանի լեզուն, արհեստականություններից, ոճային խճողումներից գրեթե ձերբազատված` միաժամանակ որդեգրած սկզբունքային կեցվածքներ: Այս իմաստով խոսուն են հեղինակային խոսքի այն հղումները, որոնք արդարացնում են ընտրված լեզուն՝ «կնճռակախ հետույք, չէ, ոռ» կամ «կրծքերից, չէ, ծծերից մեկը» (էջ 73). սրանք արդեն գռեհկաբանություններ չեն, այլ լեզվի ճիշտ ընտրության ցուցիչներ:
Երկպլան զարգացումը հանգում է «Մի տոպրակ շան կեր» ավարտին, որը հերոսի դեպքում մղում է էքզիստենցիալ խորհրդածության, այն է՝ազատվելու համար պետք է մեռնել, ինչպես Արշոն (կերպը դու ընտրիր), իսկ հեղինակի առումով՝ տեքստային հաշտության ցուցիչ է. այդուհանդերձ, հնարավոր չէ ամբողջովին հրաժարվել նախընթաց տեքստերից: Լինչ անունով շունը, այս իմաստով, այսկողմն ու այնկողմը կամրջող տարածությունն է և նախընթաց տեքստերի անհրաժարելի մասը: Եվ, ընդհանրապես, այս խորքին պետք է դիտարկել վիպական տարածքում հաճախակի հանդիպող, այսպես ասած՝ «շնապատումները»:
Եվ, այնուամենայնիվ, որոշ առկախումներ կարծես թե մնում են: Այս դեպքում` մնում է համաձայնվել, որ` «ավարտել` բառի իսկական, անմնացորդ իմաստով, անհնարին է, առհասարակ» (էջ 90):
Գրառումներ ընթացքից, Երևան, 2007թ.