Ապրիլի 21-22-ը ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացվեց գիտաժողով «Առաջին համաշխարհային պատերազմի կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» խորագրով: Գիտաժողովի ընթացքում ազգագրագետ, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի  պատմության ազգային թանգարանի գիտաշխատող Խորեն Գրիգորյանը անդրադարձավ մշակութային ցեղասպանությանը: Խորեն Գրիգորյանի «Կորուսյալ հուշարձաններ. Արամ Վրույրի հավաքածուի լուսանկարները և հայոց ցեղասպանությունը» զեկուցումից հետո Cultural–ը զրուցեց Խորեն Գրիգորյանի հետ հուշարձանների լուսանկարների, դրանց նշանակության և հետագա ճակատագրի մասին: 

ani    Արամ Վրույրի լուսանկարները
    - Արամ Վրույրը Նիկողայոս Մառի կողմից 1892-1918 թվականների պեղումների արշավախմբում է եղել: Այն ժամանակ նրա արած լուսանկարները հնագիտական պեղումներին զուգահեռ կատարված աշխատանքներ էին, բայց այսօր այդ լուսանկարները առավել կարևոր և արժեքավոր են. դրանցում ցուցադրված հուշարձանների մեծամասնությունն այսօր գոյություն չունի: Մշակութային ժառանգության պահպանման գործում Արամ Վրույրի արած լուսանկարները  մեծ նշանակություն ունեն:
    Արամ Վրույրի լուսանկարներում Անի քաղաքի շրջակայքն է, բերդերը, ժայռախոռոչները, որտեղ մարդիկ ապրել են միջնադարում: Նույն արշավախմբում կան նաև լուսանկարիչներ, ովքեր ներկայացրել են ոչ միայն Արևմտյան Հայաստանի հուշարձանները, այլև ծիսական արարողություններ` հարսանիքի ծես, խաղեր և այլն:
    Խնամքով արված ավերածություններ
  - Թուրքական կառավարությունն այսօր հայտարարում է, որ իր տարածքում հայկական հուշարձանների` մասնավորապես եկեղեցիների վատթար վիճակը հիմնականում երկրաշարժի և այլ բնական աղետների հետևանք է, բայց լուսանկարներում ճիշտ հակառակ պատկերն է. խնամքով  հանված են հուշարձանների ճակատային մասի քարերը, և ի տարբերություն բնական աղետների հետևանքների` փլատակներ չկան:
    Թուրքական կառավարությունը հուշարձանների ամրացումներ չի կազմակերպում, շատ հաճախ էլ  ամրացումները հանգեցնում են հուշարձանների ձևախեղման: Նման վերաբերմունքը միայն հայկական եկեղեցիների նկատմամբ է, քանի որ կան նույն ժամանակաշրջանից պահպանված մզկիթներ, որոնք ամբողջովին կանգուն են:
ceghaspanutyan vkaner    Խաղաղ պայմանների դրվագները` ցեղասպանության վկաներ
    - Լուսանկարների ուսումնասիրությունը որպես ցեղասպանության դրվագներ պարունակող «փաստեր» շատ կարևոր է: Երբ Հերոսիմա և Նագասակի քաղաքները ռմբակոծվեցին, և այդ կապակցությամբ Ճապոնիայում թանգարան բացվեց, բացման  ժամանակ հայտարարեցին` եկեք ցույց տանք Հերոսիման և Նագասակին մինչ ռմբակոծությունը, և դա կլինի  ամբողջ ողբերգության նկարագրությունը: Այստեղից հետևություն, որ խաղաղ պայմաններ  պատկերող լուսանկարները իրականում ներկայացնում են  ցեղասպանությունը, քանի որ մենք տեսնում ենք իրավիճակ, որը հետագայում չկա, ջնջվել է:
    Մարդկանց հարսանիքը, կնունքը, տարազները, այն ամենը, ինչը վերացել է ցեղասպանության հետ, ցեղասպանություն պատկերող դրվագ և հիշողություն է: Հիշողության այս ձևի պահպանմանը անդրադարձել է նաև ամերիկացի գրող, արվեստաբան Սյուզան Զոնտագը:
       Լուսանկարը` փաստաթուղթ
    - Լուսանկարների միջոցով է, որ կարողանում ենք ճիշտը սխալից տարբերել: Ազգագրության թանգարանում հազար հինգ հարյուրի հասնող այդպիսի լուսանկարներ կան, այդ թվում՝ սևանկարներ, լենտային լուսանկարներ, ապակու վրա արված լուսանկարներ և այլն:
    Այս լուսանկարները ոչ թե ցեղասպանությունը փաստելու միջոց են, այլ ցեղասպանությունը վկայող փաստաթղթեր:
ceghaspanutyan vka       Լուսանկարների ճակատագիրը
 - Եղել են լուսանկարների ժամանակավոր ցուցադրություններ, բայց ամբողջական հավաքածուն դեռ չի ցուցադրվել: Կա մտահաղացում այդ լուսանկարները` մասնավորապես Արամ Վրույրի հուշարձանների հավաքածուն մեդիա տարբերակով ներկայացնել Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
    Հուշարձանների թեման երեկ և այսօր
     - Մարդիկ մտածում են, որ այս թեման արդեն արծարծված է, բայց իրականում սա արդիական թեմա է, յուրաքանչյուր օր մենք ևս մեկ քայլով առաջ ենք գնում մեր հուշարձանները կորցնելու ուղղությամբ:

    Մշակութային ժառանգություն և մշակութային  ցեղասպանություն
    - Մշակութային ժառանգություն ասելով մենք պետք է հասկանանք ոչ միայն եկեղեցիները, ոչ միայն մարդկային կորուստները, այլև ամեն մի տառը, ամեն մի խոսքը, ծիսական արարողությունը, որը եղել է, բայց չկա, վերացել է:
    Ցեղասպանությունը ներկայացնելիս հիմնական շեշտը պետք է դնել ոչ թե վայրագ տեսարաններ պարունակող լուսանկարները (գանգեր, մարդկային կոտորածներ, արյունալի տեսարաններ) որպես ցեղասպանության դրվագներ ներկայացնելու վրա, այլ խաղաղ իրավիճակից պահպանված լուսանկարների, մենք խաղաղ ապրում էինք. վերացնելով մեր անձը՝ վերացրին այն մշակույթը, որը մենք կրում էինք, վերացրին այն հիշողությունը, որը մենք ունեինք:
Զրուցեց Աննա Կարապետյանը
 
 

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: