Տիգրան Մանսուրյան

Armenian

Ծնվել է 1939թ. հունվարի 27-ին, Բեյրութում: 1947թ. ընտանիքով ներգաղթել է Հայաստան: 1950թ-ից հաստատվել է Երևանում: 1956-60թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, 1960-65թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում: 1967թ. ավարտել է նաև ասպիրանտուրան։ Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների: Հեղինակ է բազմաթիվ նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում: Տարածաշրջանում ժամանակակից երաժշտության ռահվիրաններից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարները ներմուծել է Հայաստան: Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվել Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում: Գրել է ֆիլմերի համար բազմաթիվ երաժշտություններ` «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Նռան գույնը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» և այլն: Արժանացել է ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթների առաջին մրցանակի (1966 և 1968թթ) և ՀՀ Պետական մրցանակի (1981 և 1985թթ): 1984թ. արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1990թ.` ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 1992-95թթ եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը: 1993թ. նրան շնորհվել է ՀՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան մրցանակ, 1996թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2004թ.` Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշաններ: 2006թ. դարձել է ՀՀ «Վահան Թեքեյան» մշակութային միության ամենամյա միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր:

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: