Սերգեյ Պագին

Բանաստեղծություններ

* * *
Հորս հոգնած ձեռքերից 
դանդաղ ծորում է խոնջանքը:

Ծխի և խնձորի բույր
աղջամուղջային ջերմության մեջ
շաբաթվա…


* * *
Ես այնքա˜ն եմ հոգնել պատերազմից`
տղամարդկանց ու տղամարդկանց,
կանանց ու կանանց,
կնոջ ու տղամարդու միջև:

Եվ հիմա
երազում եմ ուղղակի ծառ լինել`
կանաչ բլուրին աճող:

* * * 
Երազումս լռություն է անսահման,
ինչպես դաշտում աշնանային
վայրի որսից հետո…
Եվ չկա որևէ ճանապարհ`
հիշողության պես երկար,
և ոչ էլ որևէ հանգամանք
մահվան հետ հաշտեցնող:
Ու արթնանում եմ ես կրկին
մարդկանց հանդեպ 
անսահման խղճահարությամբ լցված:

* * *
Խաղողի բերքահավաքն ավարտված է:
Ուշ է արդեն:
Ցուրտ է:


* * *
Հիմա
ես կերակրում եմ վախս
տաքացած պատերի ջերմությամբ,
հոգոցներով ծերացած իմ հոր:

* * *
Ծնողական սերը
ճերմակ, մաքուր սրբիչ է,
որի մեջ մայրս փաթաթել է
մի պատառ ընտանեկան լույս`
իմ ճանապարհի համար`
առանց նրանց:

* * *
Որտե՞ղ ես դու,
աղվեսիկ իմ երջանկության:
Ո՞ր անտառում քեզ փնտրեմ,
ի՞նչ գինով քեզ հրապուրեմ,
ի՞նչ մեղեդով:

* * *
Արևոտ օր
ու քամի…

Քամուց տարուբերվող սավաններ`
փոքրիկ առագաստներ առօրեականության:

* * *
Էլ ոչինչ չեմ գուշակում…
Սուրճի մրուրը
մաքրեց-տարավ ծորակն առավոտվա,
մոմը սևացավ,
ջուրը նեխեց:

Խաղողը քնքշության
կտցեցին աղավնիները:

Եկավ ռահվիրա-քամին
ու շշնջաց ինձ.
-Արի իմ ետևից.
երբ այլևս ոչինչ չկա կորցնելու,
բոլոր երկրային ճամփաների վրա
գտնում ես Աստծուն:

****
Սրտումս`
հեռավոր մի անկյունում նրա,
ինձ համար տուն կկառուցեմ`
ոչ շատ մեծ,
հյուղակի պես:
Ու մոմ կվառեմ,
կբորբոքեմ կրակն օջախում.
սիրածս բանաստեղծությունը կկարդամ:


Նոյեմբերին
1.
Պառավները կավե վառարաններն են վառում:

Շուրջը նստոտել, կրակին ենք պարզել
մեր ափերը սառած:

«Էհ,
ձյան հոտ է գալիս»,-
ասում են պառավները:

2.
Աշուն:
Ագռավների գետեր:
Դատարկ բլուրների զառանցանք:

Այս գիշեր երազումս
հողմաղացների թափոր տեսա:

3.
Ննջում են կնճռաձույլ մարդիկ
փայտե տնակներում:

Ապրված է օրը:

Հանգած խարույկի վրա
առաջին ձյունն է իջնում:

* * *
Ժամանակը`
այդ ահռելի,
այդ արագահոս,
մի օր կանգ առավ,
նայեց աչքերիս մեջ,
դիմագծերս ընդունեց հանկարծ,
ընդօրինակեց քայլվածքս
ու դանդաղորեն հեռացավ`
այլևս հանդարտացած,
այլևս մահկանացու…

* * *
                                           «Ցուրտ է, Կերտիս, արար աշխարհում, ցուրտ է…»
                                                                                                    Շեքսպիր

Ցուրտ է, Կերտիս, ցուրտ է…
Շները, կուչ գալով, քնել են խարույկների
դեռ տաք մոխիրների վրա:
Մենք ժամանակն ենք`
մեր սրտերում թաքցրած
դողի զանգակը:

                                Ռուսերենից թարգմանեց Ռուզաննա Ոսկանյանը

Շարքը տպագրվել է «Տառեր քարերին» հայ և ռուս պոեզիայի երկլեզու ժողովածուում:




Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: