Լուսինե Եղյան

Բանաստեղծություններ

Լոուսինե Եղյան, բանաստեղծություններ՝ գրված Արվեստի եռօրյա ակադեմիայի շրջանակներում





Ծովային թռչուն
 
Նա հանել է իր կապույտ գոտին ու հարվածում է գետնին,
նա նավ է կառուցել իր որովայնին, ու ձեռքերը մտցնում է անդունդ…
այս ծովը քարացել է կրծքիս տակ,
ու ես վիժում եմ բառեր ամեն քայլափոխին,
փակում թևերս, կարծես դրանք չեն էլ եղել
ու չեմ գտնում  տարածություն,
որովհետև ներսիս միակ փետուրավոր կերպարը դու էիր,
իսկ քեզանից ոչինչ չի մնացել,
բացի ինչ-որ անհայտ տեսակի չորացած ծաղկից,
բացի պատերազմի մասին շշուկներից,
 
իմ ունեցած հայրենիքում ծովը չորացած կավն է, 
հորս ոչինչ չասող համազգեստն,
ու դիվահարված ստվերները,
որոնք քո մասին գրքի վերջին էջն են թերթում,
որոնք ոչինչ չգիտեն այս մեռնող ցեղի մասին…
 
իմ հայրենիքը Սահարայից ավելի չոր անապատ դուրս եկավ, 
որտեղ մենք  գլուխներս վեր բարձրացրած անձրևի ենք սպասում,
կամ էլ թռչող սարքի, որ կհավաքի ու կտանի մեզ,
մեր ավազոտ մարմինները…
 
 երկնքից ներքև կերակրող մայրերն են`
այս բարակ պատերից ներս մեզ թմրանյութ ուտացնում
ու վերջում մաքրում մեր լոզոտ երեսը
ու կիսատ-պռատ հեքիաթ պատմում,
թե կարող է ավելի, ավելի վերև կյանք կա՝ թևավոր մարդիկ….
 Ու միգուցե հիմա պետք չի թռչել,
Նրանք կողոպտում են մեր ջահելությունը…
 
Այստեղ ապրելու մակարդակը իջել է,
ու մենք, որ ավելի լավ լողորդ ենք,
բացել ենք մեր թևերը,
ու գրավում ենք ամենամեծ ցամաքը`
ամենամեծ թաց գերեզմանատունը:
   
 
* * *
Վերևում անհայտության մահճակալն է,
բեմեզրին քայլող մարդիկ հեռացան սև ավտոբուսներով,
ու ես հիմա ծաղրածու եմ  ստեղծում, ով կխաղա իմ մահը,
մինչև ֆեմինիզմը  կլցվի բջիջներիս մեջ
ու ես կտեսնեմ բոլոր հասարկություների գահավիժումը,
իսկ հետո սովորականի պես կհուսալքվեմ,
ու կսկսեմ ծառայել իմ ինքնաոչնչացման ծրագրին,
 
ես ամեն վայրկյան զգում եմ ցավի էներգիան,
չնայած արևի ճառագայթների մեծ մասը կորչում է տիեզերքում,
ու նույնիկ խոչընդոտներ չկան հասկանալու,
որ կյանքը  ամենամեծ կաղապարն է,
որտեղ  մենք փորձում ենք թոթափել ստրկությունը…
 
գիշերը խեղդվում է  բառերի առատ հոսքից,
ես հերթով կտրում եմ ինձ մեկնված բոլոր ձեռքերը,
ու բոլոր ողնաշարները, որոնց վրա կարելի էր հանգիստ նարդի խաղալ
հերթականորեն թքում եմ  սափորների մեջ (սովորություն է),
ու քայլում ինչ-որ  անհասկանալի սպառազինությամբ…
 
ու քայլում հասկանալով, որ ոչ ոքի մտքով չի էլ անցնի,
որ անառակ որդին տուն վերադառնալուց հետո սպանեց իր եղբորը,
ու առաջին անգամ զգաց ողջ լինելու հաճույքը,
իսկ հետո էլի հեռացավ, որովհետև ինքը իր հոր միակ աղջիկն էր
ու պատրաստվում է վառել թիկունքում թողած դռները,
ու քայլել, ու քայլել…
 
 
Կորուստ 
ես չեմ հասցնում սիրել այս երկինքը,
այս ընդերքը, որ կպել է հողից,
ու հաճույքով զգում է քո հեռացումը,
ես հիմա տրվում եմ շնչառությանդ,
ու հուսախաբ ինչ-որ հաբեր խմում,
ուզում եմ ծանրացնել ոտքերդ,
որ մենք մնանք վերջին աստիճանին նստած,
հիմա ինձ պարկերով հոգեբաններ են պետք,
վառիր ինձ էս խարույկի մեջ մինչև գնալդ…
 
գրողը տանի, ես լողում եմ հոսանքին հակառակ,
ու քո կորուստը աղի հանքեր է բացում աչքերումս,
ու մամնիս վրա աճած կակտուսները հաստանում են`
ինչ-որ հիմար բաներ ասա, ես հուսալքված եմ…
 
ես ամրացնում եմ վերելակի դռները, 
 ու երկրաշարժի սպասող այս հոգեվարքի մեջ
ինչ-որ անիմաստ նախադասություններ դուրս տալիս.
միևնույն է, դու հեծանիվ քշել չգիտես,
ուր մնաց` ծաղիկներ գնես ու վերադառնաս դրախտից,
 
դու շրխկացնում ես տան պատուհաները,
ու ամենահիմար աշակերտի պես ծխում զուգարանում,
ու ամենահին պայուսակի մեջ  դնում մեր կյանք`
թղթե երջանկություն,
մենք ողջ ենք,
մենք ողջ ենք…
 
կաշվիս տակ հավաքում եմ քո մնացորդները,
դատարկ մկաներիս մեջ տեղավորում հայացքդ,
կիսածածկ մտերմություն,
նայիր, ինչ կոկիկ եմ հագնվել
հատուկ մեր բաժանման համար…
 

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: