Նորայր Սարգսյան

Հատված «Չինական պատ» վեպից

    Մարդ էլ սեպտեմբերի 21-ին լուծ կպնի ու ստիպված սկսի գրել, տնից դուրս չգալու միտքը միշտ էլ գրավիչ է եղել չնայած, բայց ոչ այսքան ռադիկալ պատճառով: Ես վազում էի փողոցով ու լսում գոռոցներ, ամբոխի ոռնոցներ ու շարունակում էի վազել: Տղերքը Չեխիայում հաղթում են չեխերին, Պետերն ու Թոմասը երևի լացում են, իսկ ես վազում եմ, պապ: Վազում եմ, որ հասցնեմ եսիմիմում փողը եսիմում ու եսիմուր: Ու ամենավատը այն չէ, որ դու ինձ չես թողնում ֆուտբոլ նայել, ամենավատն այն է, որ ես կարծես արդեն չեմ էլ ուզում նայել այդ խաղը: Ես կրված տղա եմ, պապ, իսկ մերոնք կրում են: Մենք ցեղովի կրված տղերք ենք: Վերջին անգամ երբ եկա մոտդ, ծնունդդ էր, ատամներդ թափած էին ու հայացքդ փոխվել էր, վրայիցդ քրտինքի հոտ էր փչում, իսկ ես այնքան էի պատրաստվել այդ օրվան: Կտրել էի մազերս, սափրվել էի, լողացել առավոտ շուտ, անցած տարվանից մնացած օծանելիք էի լցրել վրաս ու Բուկովսկու դեմքով շապիկս էի հագել: Լավ է, այսօր հերթ չկար, միայն մենք էինք եկել: Մի քանի տեղ կիսահանվացնելով ստուգեցին ինձ, հետո հեռվից երևացիր, ինձնից նիհար էիր արդեն: Երբեմնի ֆուտբոլիստի մարմինդ չկար էլ, դու կուզիկացել էիր, մազերդ կիսաթափված էին ու կիսասպիտակ: Յոթ տարի, պապ, յոթ տարի է պտտվում ես Հայաստանի բոլոր գաղութներով ու բերդերով ու ամեն տեղից նույն ձայնով ես խոսում հետս հեռախոսով: Հումորներ ես անում, ուտում ես քեզ ներսից ու կամաց-կամաց գժվում: Գրկում եմ քեզ, շնորհավոր ծնունդդ` չնայած դու մոռացել ես երևի՝ ինչ բան է ծնունդը, միակ առավելությունն այն է, որ այդ օրն ավելի շատ փող կարող ես վերցնել ընկերներիցդ, այսինքն` ես ավելի շատ պիտի վազեմ: Ձեռքս գցել եմ ուսիդ, քեզնից բոյով եմ, առողջ ու ուժեղ, մտքիս մեջ երգում եմ: Նայում ենք իրար ու հասկանում ենք, որ խոսելու հատուկ բան էլ չունենք: Հայրը տղայի համար Աստված է, ու կապ չունի, թե ինչպիսին է, ինչ է անում, ուժեղ է, թե թույլ: Դու սկսում ես խոսել, քեզանից մենակ խոսելն է մնացել: Ինձ ինչ-որ հեքիաթներ ես պատմում քո կարողության մասին. հորինել ես, թե հավատացրել են, չգիտեմ: Քեզ բան էր պետք հավատալու համար, ու դու հորինել էիր կարողություն, հանքեր, ֆերմաներ: Քեզ օգնում է երևի, պապ, բայց դու գժվում ես կամաց-կամաց կամ ինձ ես գիժ երեխայի տեղ դրել, կամ երկուսս էլ գիժ ենք: Մեկ է, չմտածես, պապ, ոչ մեկի չեմ պատմի մեր գժության մասին, մեր ցեղի բոլոր տղերքը գիժ են: Տպավորությունը սպանիչ էր, ես դուրս եկա այն մտքով, որ երեք ամիս հետո դու լրիվ կգժվես կամ… չգիտեմ, կարևորը դուրս գաս այստեղից: Ու ես վազում եմ, նստում եմ երթուղային, որ հասցնեմ եսիմում փողը եսիմում ու եսիմուր: Երթուղայինում ոչ ոք անգամ չի էլ կռահում, որ հայերը հաղթում են չեխերին Պրահայում: Երթուղայինում իմ նման կրված տղերքն են ու աղջիկները, գործից տուն գնացող մեռած մարդիկ, դիակներ՝ հարբած, ծակված, ծխած: Ես հասնում եմ, մտնում ներս, տալիս եմ փողը, հեռուստացույցով տեսնում եմ, որ հայերը արդեն չեն հաղթում, 1:1 է հաշիվը և ուրախանում: Հետ եմ դառնում, մի քանի տեղից էլ եմ փող հավաքում ու շտապում տղերքի մոտ ֆուտբոլ նայելու: Ճանապարհին երազում եմ շատ փող ունենալու մասին, բայց ոչ թե իմ համար, այլ հայրիկի: Քանի անգամ եմ մտածել գիշերները թաքուն աշխատելու մասին, հետո կբերեի այդ փողերը, կեսը կտայի մորս, կեսը` հորս: Մորս կասեի հայրիկն է ուղարկել, հորս էլ կասեի՝ տղերքն են տվել, իբր ես մեծ ընկերություն ունեմ: Ժամերով պատկերացնում էի ամեն վայրկյանը աշխատանքիս, պատկերացնում էի միլիոնները, որ պիտի տայի նրանց ու ինձ ոչինչ չպահեի: Բայց առավոտը արթնանում էի ու մորիցս փող էի վերցնում սիգարետի համար, որ ավելի լավ երազեմ, որ ավելի շուտ սատկեմ: Ես վազում եմ, ոտքերիս տակը վերքեր են գոյացել, նոր կոշիկներս հեչ լավը չեն: Իզուր խաբեցի մորս ու 13000 մտա գնի մեջ՝ գնելով ամենավատ կոշիկները: Ես արդեն այգում եմ, որտեղ մեծ կտորի վրա խաղն են նայում, մոտ հազար մարդ, չեմ կարողանում գտնել տղերքին, իսկ խաղը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Վերջապես գտնում եմ տղերքին ու կանգնում նրանց կողքին ծառի նման, առանց էմոցիայի: Կողքս գոռում են իմ մանուկ տեսակները, գոռում են սխալ փոխանցումների վրա ջղայնացած, նեղվում են շեղ հարվածներից, իսկ ես ուղղակի կանգնել եմ այնտեղ, որտեղ պիտի կանգնեի ու անգամ չեմ էլ նայում խաղը, մեկ-մեկ կեղծ քֆուրներ եմ շռայլում, իբր տեսեք՝ ես ֆուտբոլի գիժ եմ, հիվանդ տղա: Կողքս բոլորը հաղթանակի սպասող տղերք են, կրած տղերք, իսկ ես ոտքերիս, ստամոքսիս ու գլխիս ցավից գալարվում եմ, մի կերպ եմ դիմանում: Բայց հանկարծ ամեն ինչ փոխվում է, ես նայում եմ էկրանին, ու հայերը գոլ են խփում: Մենք բոլորս մի քանի րոպե ուղղակի վայրենի խրախճանքի մեջ ենք ընկնում, թռնում, գոռում, խփում իրար, գրկում, գցում գետնին, ուրախությունից լացում, վազում այս ու այն կողմ: Մի քանի րոպեով ես էլ եմ կրած տղա, այնքան ժամանակ, մինչև դու չես զանգում, պապ: Դու զանգում ես, ու ես նորից պիտի վազեմ. եսիմումից փողը արդեն վերցրել են, տվել եսիմում, ու ես էլ պիտի նույն բանը անեմ: Ոտքերիս ցավը դառնում է անտանելի, և ես մի քանի րոպե ազատ ժամանակ եմ գտնում, մտնում եմ տուն ու հագնում հին կոշիկներս, որոնք դուրս չեն գալիս, քրոջս առած կոշիկներն են, մի տեսակ աղջկական են: Ինչ ինձ հիշում եմ, մի բան կա վրաս, որը կարող է ծաղրուծանակի առարկա դառնալ: Մեկ մազերս են, մեկ մաշկիս բշտիկները, մեկ ծակ շալվարս, հիմա էլ այս կոշիկները: Պապ, այնքան ուժեղ է թուլությունս, չես պատկերացնի, այնքան անզոր է զորությունդ, հայր աստված, որ աղոթելը թարգել եմ: Հիմա անկախության օրը ես փորս բռնած նստել եմ զուգարանում ու ծխում եմ: Գլխիս մեջ իսկական մտքերի պատերազմ է. ես միանգամից մի քանի վեպ եմ գրում մտքիս մեջ, ֆիլմ եմ նկարում, ռոք աստղ եմ դառնում, ռեփ եմ կարդում Էմինեմի հետ, միլիոնատեր եմ դառնում, սկսում եմ զբաղվել ամենասովորական միլիոնատերերի գործերով: Համակարգչովս Բիթլզի երգրերն եմ միացրել մայրիկի համար, դու Բիթլզ չէիր սիրում, պապ, Ձախ Հարութ էիր լսում մեկ-մեկ միայն, նրան էլ առանձնապես չէիր սիրում: Ընդհանրապես համարյա ոչինչ ու ոչ մեկին չէիր սիրում, անգամ քեզ. դու ծնվել էիր սիրվելու համար, ու քեզ սիրում էին բոլորը, հիմա էլ համոզված եմ, սիրում են, իսկ իմ մոտ սիրո հետ կապված լուրջ խնդիրներ կան: Ես ոչ սիրում եմ, ոչ սիրվում, մի տեսակ բարձր եմ դրանից, ու դա սպանում է ինձ: Մերին սիրում է Կուրտ Կոբեյնին, ես` ինձ: Բայց եթե ինձ էլ սիրեր, դրանից ի՞նչ: Երազիս մեջ նրա հետ մտա դպրոցի դասասենյակներից մեկը, որտեղ եղել էի 5-րդ դասարանում քիմիայի դասին: Մենք ռոմ էինք խմում, հետո նայեցի նրա դեմքին, ու նա փոքրացավ, թուլացավ ու ընկավ, ներս մտավ մի դասատու ու դուրս հրավիրեց ինձ, ես պտտվեցի ու տեսա Մերիին` անօգնական ընկած գետնին, այնքան փոքրացած, որ դասատուն չնկատեց նրան, ես ափիս մեջ առա նրան ու դուրս եկա սենյակից: Հետո արթնացա այն մտքով, որ անպայման նրան պիտի պատմեմ դրա մասին, բայց միայն հիմա հիշեցի: Քայլում եմ սենյակիս կողմ, փակում եմ դուռը, այնպես կարծես պատրաստվում եմ ինքնասպանություն գործել, լավ հարմարվում եմ աթոռին, դնում մոխրամանը սեղանին ու սկսում ծխել: Մտածում եմ մի քանի աղջկա մաշկի սպիտակության մասին ու սիրահարվում միանգամից բոլորին, մինչև սիգարետի ավարտը: Մտքիս մեջ սկսում եմ երգել իմ ու ընկերոջս գրած երգը ու վերջապես հասկանում եմ, թե ինչի մասին եմ գրել:

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: