***

այդ գրկախառնության տեսարանին ականատես եղան

անցորդները,

եղածը կեղևազատված տերևի սուր ճիչ էր,

ստվերը նստել էր դյուրագրգիռ, հիվանդ

լույսի ականջին, շշնջում էր՝

տեսնում ես քղանքցը այն աղջկա,

մեռած սողունի պոչ է ընդամենը,

լույսը դանդաղ բարձրացավ պոչն ի վեր,

և երբ  հանդիպեց երկու կենդանի

աչքի,

մատները խրեց ստվերի մութ մարմնի մեջ

 

- այդ ակնագնդերում թևազուրկ թռչուններ են,-

շարունակեց ստվերը,-

ընդամենը մտապատկերներ,

խղճուկ ավելի,

քան մորթե ծածկոցը

աստղերով զառանցող

գիշերվա ուսերին

 

լույսը մտովի պատռեց ծածկոցը,

թվաց՝ գտավ կատվառյուծին

 

երկնքում մեռնող աստղի

վերջին՝

ջղագրգիռ փայլատակումների պես,

ցնցվեցին լույսի մարմնից կախված

կրակի փոքր,

բզկտված

ծվենները

 

- տեսնում ես երկնքում այս տեղը,

քո գալուց ակնթարթ առաջ

այստեղ դղրդյունով

պայթել են գույները,

լուսնի պես ճաղատ այս արձանի գլխին

քո գալուց ընդամենը մի ակնթարթ առաջ,

մի հրեշտակ էր նստել

 

դու նորից ուշացար,

այս սարերը քո գալուց մի ակնթարթ առաջ

միահամուռ բաժանվել էին երկու մասի,

- շարունակեց ստվերը,-

մինչ ավազը հատիկ առ հատիկ

հոսեց մատներիդ արանքով,

ոչ մեկ ականջիդ չշշնջաց՝

կյանքը խեցու գրկում թաքնված

մարգարտահատիկ է

 

 -մի տանջեք, ջուր ցանեք վրան,-

ասաց անցորդներից այն մեկը,

որը տեսավ լույսի դողացող, ոլորան

մարմինը

 

լույսը մտովի  

գրկեց մորթե ծածկոցը,

մարմնին հպված

փափկությունը

շնչեց

 

- մտապատկերներ են, ընդամենը պատկերներ,-

շշնջաց ստվերը`

փակելով նրա աչքերը

 

մխիթարանքի խլացող խոսքերը,

խառնված թռչունների դայլայլների հետ,

խլրտացին նրա ականջներում

 

- սա վերջին անգամ է, այլևս չես մեռնի,-

ասաց անցորդներից նա,

որը բռի մեջ հավաքած արցունքները լցրեց

նրա հանգչող մարմնի վրա

 

***

երեկոն ներս հոսող արցունքի պես երկար ստացվեց,

սկզբում բացեցիր դուռը, հետո, երբ արդեն ուշ էր,

նկատեցիր՝բանալու փոխարեն մատդ էր պտտվում կողպեքում,

ու ներսի կակուղ մթությունն էր, որ տաշեց ցուցամատդ

 

քեզնից, որպես մի կտրված թև, բմբուլախառը արյուն է կաթում,

ես նայեցի քեզ. աչքերս քիչ թվացին,

մտքումս պտտեցրեցի անունդ ու վերելակի անկյունում

ցանց հյուսող սարդի պես

անվանդ շուրջ բառեր հյուսեցի,

ու ճպճպացին բառերը կտրված մսի տակ՝

լուսնաձև ափսեի վրա կուտակված մի բուռ արյան մեջ

 

ես ընդամենը երակում խցանված նիհարիկ ձուկ եմ,

որ զգում է օրեցօր կարծրացող մտերմությունը փշերի

 

սեղմեք կոճակը կարմիր, բայց այդքան անտարբեր,

թույլ տվեք գտնել այն տեղը,

որտեղ թվացյալ անդորրից հետո

կուտակվում են ամպերը

 

հիշեցի՝ ինչպես էիր լռում այն պահին,երբ շոշափում էի կոպերդ

 

ինչ էիր պահում սահմանից այն կողմ,

ինձ ինչ գույնով էիր լցրել

ու ինչ շարժումով լրացրել

 

կոպերիդ վրա հետագիծն է քնքշանքներիս,

մատներս չեն լսում ինձ,

ես լսում եմ՝ ինչպես է սիրտս թռչում կաղապարից

ու վազելով միևնույն՝ հիվանդ կետում, գոռում անունդ՝

թակարդ

 

ի պատասխան

փողոցն անցնող աղջիկը սարսափահար

թափահարեց պայուսակը,

նա վարդագույն թևով թռչուն էր,

նա ես էի անցյալում՝

հետզհետե կորցրած թևերի գույնը,

հետո թարմությունը

 

փողոցը դարձրեց ինձ ծեր

 

սեփական առանցքի շուրջ պտտվող առաջին գնդերը

գլորվեցին ասֆալտի վրայով,

դրանցում բողբոջած հայացքները

լուսնի մարմնում գոյացած խոցերի պես զգայուն էին

 

երանի ահռելի կետի մի մարմին վերջակետ դնի՝

իր տակն առնելով սայթաքումների այս սառցաբեկորը

 

...խոլորձի թերթիկի պես երկատվել է լեզուս,

երկվորյակ բառեր են շրխկում գետնին

 

ակնախոռոչներումս թպրտում է վիրավոր թռչունը,

այն մեկը,

որ

անձրևի ահռելի  կաթիլի պես

պայթել գիտեր

 

***

գաութամա բուդդան  ծառի տակ նիրվանայի է հասել,

գանդին խաղաղության դեսպան է դարձել,

որովհետև   ծառի բացառիկ հնազանդությունը

բնության տարերքներին

նրան ապշեցրել է,

ծառը ոչ մի անգամ ցուցադրաբար

չի պոկել իր արմատները`

ի նշան բողոքի  փոթորիկների դեմ,

որոնք տարիներ շարունակ

նրան տերևաթափ են արել,

ծառը չի պատժել իր տերևներին

և չի հուսահատվել, մամ

 

մի բան ավել իմացողի վարանոտ ժպիտով

մայրս  ժպտում է, որ ասի՝

երբ մարդու գլխին են աղետներ թափվում,

մարդը ծառ չէ,  որ գարնանը նորից ծաղկի,

ձմեռը երբեմն ճակատագիր է

 

- ավերված քաղաքի փլատակների մեջ

մի սյուն է խոյանում,

սյանը ամրացված երկաթե շղթայի ուղղությամբ

թե գնաս,

փախչել չկարողացած մի մեռած շան

մարմին կգտնես.

մորդ, աղջիկս

 

նայեցի երկնքին,

երամից ետ մնաց մի տատրակ,

երբ նկատեց թռչունները վերածվում են

կապույտի մեջ լող տվող սև կետերի,

դանդաղեցրեց թռիչքը

 

մայրս վանդակավոր վերնաշապիկը  գցեց

ուսերիս,

ճաղերից ընկավ

մի  մեռած ծիտ

 

մայրս

ասաց.

- տես, չապրածս որքան է փոխել ինձ

 

նա հայելին մոտեցրեց մեկ

մի, մեկ մյուս կիսադեմին,

մի աչքն ավելի ժպտաց,

քան մյուսը

 

նա ափով ծածկեց ժպտացող աչքը,

նայեց կենտ աչքի վիրավոր հայացքով.

 

- թե մի քիչ էլ հապաղեիր,

մի կտորի հացի պես

կբաժանվեին մայրերը բոլոր,

և

քեզ լույս աշխարհ կբերեր մի ահռելի

կետ

 

- ես փոքր մայր էի ուզում-

ասեցի կետի մարմնի պես  մեծ ստվերներով

պատված մորս

 

մորս,

որ  դաստակին կարմիր թել է կապում,

իբր հաջողության ոտքն է կապում ձեռքից,

մորս, որ քնելուց առաջ

թափում է աղբը,

ասես մահվան հրեշտակը թափոններից գոյացող

գիշատիչ թռչուն է,

մորս, որը մահճակալի կողքին փողի ծառ ունի

ու փոքրիկ խոտեյ

 

մորս, որը հավատում է դրախտին ու դժոխքին,

բայց լռում է քավարանի մասին