Հովհաննես Գրիգորյան

Գիշերահավասար. Անձրև մի տխուր առիթով

 
Հովհաննես Գրիգորյան
Գիշերահավասար
բանաստեղծությունների ընտրանի
Երևան 2005
խմբագիր` Արքմենիկ Նիկողոսյան:
 Անձրև մի տխուր առիթով
 (1979-1982)
 
 
 
ՇՐՋԱՊՏՈւՅՏ
 
Գարնանային պատկերներ
 
 
* * *    
Ծաղկած ծառի վրա ծաղիկները
փոքրիկ ու ճերմակ օրորոցներ են,
և ճերմակ բարուրների մեջ արթնացել են
երեխաները, երեսները բացել ու ժպտում են…
Համրացած կանգնել ու նայում եմ`
Տեր Աստված, ի՜նչ հրաշալի ես
կրկնում անվերջ դու քո
գարունը:
 
 
* * *        
Ինչ-որ քչփչոց է լսվում թփերի միջից;
ինչ-որ զսպված ծիծաղ:
Զգույշ ետ տար թփերն ու խոտերը,
զգույշ ետ տար –
և չարության մեջ բռնված փոքրիկ
տղայի նման աչքերը լայն բացած
վախով քեզ կնայի
մի փոքրիկ առու:
 
* * *    
Ծաղկած ծառերի միջով, գույնզգույն
չթի շորով մի աղջիկ էր վազում,
մի փոքրիկ, բոբիկ աղջիկ:
Ու թե ուշադիր նայես, քիչ հետո
հրաշք կլինի` կտեսնես աղջիկը
կանգնել է, ծառերն են վազում
գույնզգույն չթի շորերով:
 
 
* * *   
Խիտ անտառի մեջ կորած մի փոքրիկ
բացատ և մի խրճիթ` թաղված
խոտերի ու ծաղիկների մեջ:
Ո՞վ է ապրում այստեղ, ո՞ւմն է այս
տունը: Գնա դուռը թակիր և ով էլ
դուրս գա, հարցրու, և նա կասի
ինչ է երջանկությունը…
 
 
 
* * *      
Միայնակ ծառի ճյուղին նստեց
մի թռչուն: Եվ երգեց թռչունը
արևի մասին, անձրևի մասին,
կապույտ երկնքի, պայծառ ու խաղաղ
օրերի մասին… Այնքան անուշ ու
անկեղծ էր երգը, որ չդիմացավ ծառը
ու ծաղկեց:
 
 
* * *      
Անձրև և հետո ծիածան: Երեսնիվայր
պառկիր թաց խոտերի մեջ, աչքերդ
փակիր, սպասիր: Եվ երբ ծաղիկների
ու խոտերի բույրից գլուխդ պտտվի
ու աչքերդ շաղվեն, և երբ թռչունների
երգից սիրտդ սեղմվի և մարի հոգիդ,
պարզորոշ կլսես – ինչ որ տեղ
մոտերքում ինչպես են դանդաղորեն
բացվում դռները Դրախտի…
 
 
 
Ամառային պատկերներ
 
* * *     
Լիճը - ամռան տապին բացված պատուհան,
և զով քամին շոյում է այրվող երեսդ:
Բոբիկ ոտներով քայլիր ավազների վրայով,
նախամարդու նման մերկ և մասուրի պես
մազմզոտ: Իսկ հենց հասնես ջրին, նետվիր
նրա ալիքների մեջ առանց երկմտելու,
նետվիր աչքերդ փակ և ձեռքերդ կրծքիդ
խաչած: Ի՜նչ վերին հաճույք` թփրտալ
անսահման զովության մեջ, լողալ, մինչև
որ նվաղեն մկաններդ, և ձեռքերդ ու ոտներդ
անօգնական կախվեն: Եվ երբ դուրս գաս ջրից,
ավազների վրա կանգնես գլուխդ խոնարհած
ներքև - կզգաս հանկարծ, որ միամիտ ու մաքուր է
հոգիդ նախամարդու պես ու երջանիկ և արդար ես
ինչպես մասուրի թուփ…
 
 
* * *    
Լճի ամայի ափին մի քիչ իրիկուն էր:
Կլոր, ճերմակ գլխարկով մի փոքրիկ
երեխա կլանված խաղում էր
ավազների հետ: Իսկ դու նստած
հեռվում, թերթ ես կարդում մի քիչ,
իսկ ընդհանրապես, նայում ես լճին
ու մտածում ես –մի քիչ երեխա
լինեիր ու կլանված խաղայիր
ավազների հետ
մի քիչ…
 
 
* * *      
Կիսամերկ կանայք լճի ափին և մի կին`
հագնված, որ ավելի մերկ էր թվում
շորերի մեջ: Նայում ես նրան և նվաղում է
սիրտդ: Նայում ես լճի ափին, միայն մի
կին ես տեսնում լույսերի մեջ ողողված,
և Աստծուն, որ շփում է ձեռքերը,
և Աստծուն, որ ինքնագոհ ժպտում է քթի տակ`
ինքն իր ստեղծածով հիացած…
 
 
* * *    
Ամռան այգին ծփում է տագնապների մեջ հասուն
և մեղավոր բույրերի, որ կպչուն են մեղրի պես:
Թեթև քամի - և նայիր` աչքերը փակ շվարել,
կարկամել է դեղձենին – չի իմանում,
թե ինչպես, չի իմանում, թե ինչով
քամու ձեռքից փախցնի
ստինքները իր շիկնած…
 
 
* * *       
Թփից կախված խաժ ողկույզ` կլորերես,
մեծ աչքեր, դարասկզբի կինոյի արտիստուհու
սանրվածքով, օտար աչքից թաքնված
տերևների խոպոպով, օտար աչքից թաքցրած
հմայքները կանացի, որ հասունանում են դանդաղ,
լցվում հյութով ու բույրով… Իսկ թե տերևն անզգույշ
բարձրացնես ու նայես, և միամիտ ու անհոգ
հայացքդ առնի հայացքին –
հավատա, որ էլ ոչ ոք, հավատա, որ էլ ոչինչ
փրկել չեն կարող քաղցր
կործանումից քո հոգին…
 
 
* * *       
Վարդը, որ հանկարծ բացվել է ամռան մեջ,
վարդը, դեռատի մի աղջիկ, որ ծնողներից
թաքուն ներկել է շուրթերն ամենավառ
կարմիր շրթներկով և նստել է հայելու դեմ –
վարդը, որ բացվել է ամռան մեջ հանկարծ
և չի իմանում, և չի հասկանում,
թե ինչ է կատարվում իր ներսում…
 
  
 
Աշնանային պատկերներ
 
 
* * *    
Եվ մարդը, որը սիրում էր վիճել ինքն իր հետ,
և մարդը, որը երբեմն կարոտում էր
պահարանում խնամքով կախ տված թիկնոցն հնամաշ,-
հնազանդ, երազկոտ ու հասկացող ժպիտով նայում էր
պատուհանից դուրս: Իսկ այնտեղ ծառն էր,
որը հայելու դեմ նստած  ծերացող տղամարդու
հուսահատությամբ պոկոտում էր գլխից
անվերջ խտացող տերևները դեղին… Եվ մարդը,
որը սիրում էր վիճել ինքն իր հետ`
երկար նայեց պատուհանից դուրս,
և հետո լուռ, և հետո անխոս
համաձայնվեց:
 
 
* * *         
Աշնան կիրակին նուրբ էր թավշի պես,
իսկ օրը` թափանցիկ - ինչպես ապակին
ակնոցի, որը թավիշով սրբում էր հենց նոր
կապույտ աչքերով մի տխուր աղջիկ:
Եվ ես նայեցի նրա աչքերին, անպաշտպան
ու բաց  աչքերին նրա, ու սարսռացի –
ի՜նչ ցուրտ էր քամին, որ փչեց հանկարծ
կապույտ լճերի ջրերի վրա
 
 
* * *    
Աշնան մեջ կա մի պատուհան և մի աղջիկ է
նստած պատուհանի դեմ, որը թե դուրս նայի
տխուր հայացքով` իրիկնային ցուրտ անձրև
կտեղա և հուսահատ կդեղնեն տերևները:
Ի՜նչ սև  է թրջված ասֆալտը, ի՜նչ ամուր է
պատուհանը փակված, և աշնան մեջ
ինչքան միայնակ է աղջիկը
և ես ինչքան միայնակ եմ
հանկարծ:
 
 
* * *   
Եկեղեցու պատի տակ, դարավոր
փոշիների մեջ մի շուն է պառկած:
Եվ ես նայում էի նրան ու մտածում`
ի՞նչ իմանաս, թե սա ինչ շուն է,
որ կուչ է եկել աշնան արևի տակ,
և ի՞նչ իմանա այս խեղճ կենդանին,
թե ինչ հանճարեղ մատներ են կպել
այս քարերին, որոնց անտարբեր
դեմ է արել իր փրչոտ մեջքն ու
քնկոտ աչքերով նայում է ինձ:
Իսկ շունը քնկոտ աչքերով նայում էր ինձ
ու մտածում` ի՞նչ իմանաս, թե ինչ
մարդ է սա, և ի՞նչ իմանաս` քարո՞վ
կխփի հիմա, թե՞ սովորականի պես`
քացով…
 
 
* * *         
Աշնան միապաղաղ առավոտ էր:
Այգու խորքում, ամենախորքում,
տերևների դեղին ու թաց կույտի միջից
հանկարծ բարձր զնգաց ինչ-որ մեկի
վաղուց կորցրած զարթուցիչը:
Ինչ-որ մեկը պիտի հիմա արթնանար,
պիտի սափրվեր, լվացվեր, խմեր իր սուրճը,
վառեր ծխախոտը և դանդաղ քայլերով շրջեր
սենյակի անկյունից անկյուն…
Եվ փողոցում կորած փոքրիկ երեխայի նման
աշնան մեջ բարձր հեկեկում էր զարթուցիչը,
և մարդիկ լուռ ու մոլորված լսում էին նրան
և տխուր ու անօգնական օրորում էին գլուխները…
 
  
 
Ձմեռային պատկերներ
 
* * *  
Ծառերը`
ոտից-գլուխ ճերմակ վիրակապերի մեջ,
իսկ օդը սառն է, ինչպես հայացքը հյուրանոցի
տնօրենի, որն օրորում է գլուխը և մի բառ է
ասում` չկա: Եվ նորից ձյուն է գալիս
ծառերի վրա և ձյունը քիչ-քիչ ծածկում է
նաև քեզ, որ ճամպրուկը ձեռքիդ մոլորված
կանգնել ես օտար քաղաքի անծանոթ
փողոցներից մեկի մեջտեղում և մտածում ես –
կա՞ առավել դժբախտ մարդ, քան նա, ով ձյան տակ,
ճամպրուկը ձեռքին մոլորված կանգնել է
օտար քաղաքի փողոցի մեջտեղում…
Եվ հետո օրորում ես գլուխդ
և մի բառ ես ասում` չկա:
 
 
*  *  *    
Ձմեռն անծանոթ քաղաքում ավելի է ձմեռ
և մենությունը գորշ է ավելի, և նույնիսկ
ճնճղուկները, որ սառած արցունքների նման
կախվել են ծառերի թարթիչներից` առավել
դժբախտ են, եթե նրանց նայում է օտարականը
երկհարկանի հյուրանոցի պատուհանից…
…Նայում է երկար ու մտածում - զարմանալի է,
այսքան տարի ապրեցի և հիմա
ոչինչ չեմ կարողանում հիշել, որ գոնե
մատներիս ծայրերը տաքանան…
 
 
*  *  *          
Երևի սա հենց այն ձյունն է, որի մասին
ասում են, թե իջնում է և երջանկություն է
բերում իր հետ: Երևի սա հենց այն ժամն է,
երբ մարդիկ հանդիպում են իրար և խոսում են
կարևոր բաներից: Երևի սա հենց այն աղջիկն է,
որին պիտի հանդիպեի առաջին ձյան փաթիլների
տակ ու պիտի խոսեինք կարևոր բաներից:
Եվ երևի սա հենց այն երազանքն է,
որն ամենավերջինն է
երևի:
 
 
*  *  *      
Դարձյալ նույն գույնը,
դարձյալ նույն բառը-
ետ տար վարագույրը`
դարձյալ նույն ձյունը:
Անվերջ նույն ձյունը,
անվերջ նույն գույնը,
անվերջ նույն բառը…
Եվ տես, մի բառով,
և տես մի գույնով
ի՜նչ հեշտ, թեթև է
կերտում բնությունը
քո հազարաբառ
ու անպատմելի
այս մենությունը…
 
 
*  *  *      
Պատուհանիս տակ ծիծաղ,
զվարթ ճիչեր ու կանչ`
թավալ են գալիս ձյան մեջ
երկու փոքրիկ տղա:
Ելնում ու ընկնում են նորից,
թռչկոտում, վազում են, խնդում…
Իսկ դու կանգնել ես պատուհանի դեմ,
կլանված նայում ես նրանց,
վերացած… ու չես էլ նկատել,
որ պարզել ես սառած ձեռքերդ,
տաքացնում ես սառած ձեռքերդ
նրանց ուրախ ծիծաղի,
ճիչ ու կանչերի խարույկի վրա…
 
 
*  *  *  
Ձմեռային մթնող փողոցով
կուչ եկած վազելով անցավ
թեթև հագնված մի շուն:
Ակամա կծկվեցին ուսերդ
և ձեռքերդ ավելի խոր խրվեցին
գրպաններդ ու կանգնեցիր մոլորված`
գիշերով, այս ցրտին
ո՞ւր էր վազում խեղճ շունը
և այս մութ ու ցուրտ փողոցով
ո՞ւր եմ գնում ես հիմա…
  
 
ԵՐԻՑՈՒԿ
Ներդաշնակ է պատկերը անհնարին մեղմ սիրո,
ճերմակազգեստ պարուհի
գլխաշորով դեղնավուն,
և ձևերը դրոշմված ինչ-որ վերին ոլորտում
դիմագիծն են խոր ցավի
շրջված` դաշտի հայելում:
Ինչ ողորկ են հեզության
արցունքները ապակե,
և ինչ նման են իրար
թերթերը շուրջ վարսանդի,-
ապրած օրեր իրարից
չեն տարբերվում ոչնչով,
շղթա կազմած դեղնության-անհուսության
                                            պտույտում,
մեղուների քուն բերող բզզոցի տակ միալար –
ճերմակազգեստ պարուհի
գլխաշորով դեղնավուն:
Ասեղնագործ տեսարան,
կախված մի հին տան պատից-
պատուհանի տակ նստած մի կին առանց հայացքի,
և մի անցորդ, որ կանգնել,
մնացել է մոլորված
կարդացե՞լ է, թե՞ տեսել
այս պատկերը ներդաշնակ,
այս ձևերը` դրոշմված ինչ-որ վերին ոլորտում,
դիմագծերը խորունկ, որ շոյում են ու խոցում…
Իսկ երբ կինը շարժվեց, բացեց աչքերը խոնավ-
դաշտը դանդաղ պտտվեց և գույները դողացին,
և վիթխարի մի ծաղիկ
շատրվանի պես ցայտեց… և ի՜նչ նման էին իրար
թերթերը շուրջ վարսանդի - ապրած օրեր իրարից
չեն տարբերվում ոչնչով… և օդի մեջ քարացավ
միայն մի պահ, մի վայրկյան
ու խշշոցով փշրվեց, կոտորակվեց, թափվեց ցած,
և անցորդը կռացավ, վերցրեց մի բուռ, հառաչեց -
ի՜նչ ողորկ են հեզության արցունքները ապակե`
ճերմակազգեստ պարուհի,
գլխաշորով դեղնավուն…
  
 
ՄԻՍԱՔ  ՄԵԾԱՐԵՆՑ
Ճանաչիր գույները, թիթեռ`
հրաժեշտի թագուհի,
թևիկներով քո փխրուն
ի՜նչ արագ ես սլանում
դեպի ավարտը օրվա:
Եվ ո՞վ է քեզ այսքան նուրբ
ու գեղեցիկ նկարել-
ծերունազարդ վարպետի իմաստնացած
ձեռքի տակ մատիտի վարժ
սահուն վազք – հետագծի պես կայծի
խարույկից վեր սուրացող –
հղացման կարճ ակնթարթ
մթության սև կտավին`
և ի՜նչ գծեր ավարտուն…
Վաղամեռիկ պոետի երազի պես գունագեղ
և առավել կատարյալ, և առավել գեղեցիկ,
բազմապատկված գույներով – չէ՞ որ նա քեզ նայել է
արցունքոտված աչքերով…
Իսկ երբ իջնի իրիկուն և աղմուկները մարեն
և գույները վերանան, քիչ-քիչ խամրեն խավարում`
թևերդ անշարժ տարածած կանշարժանաս դու մթնում,
և աստղերը զարմանքով քեզ կնայեն վերևից
համրացումի այդ պահին –
փոքրիկ մի սիրտ է լռել,
բայց այս ի՜նչ մեծ լռություն հանկարծ տիրեց աշխարհին…
  
 
* * *
Փակ է երկինքը
և հոգիները շարունակ խփվում են նրա պատին
և անորոշ թափառում հողի ու երկնքի միջև:
Տեսարանն անընդունելի է պատկերի ներսում,
ուր անձրև է եկել
և խոտերը փայլում են անսովոր երանգով:
Իսկ սիրտը, սիրտը, որը դեռ չի ծնվել
արագորեն ճանապարհ է հարթում իր համար
աչքերից դեպի մատները
և մատներից ձգվում է հողին,
և ձեռքերդ պարզած առաջին քայլդ ես անում –
ճանաչման վախ ու հիացմունք
և հրաժեշտ ամեն քայլափոխիդ…
Իսկ հոգիները շարունակ խփվում են երկնքի պատին
և ներքև են թափվում սպանված թռչունների նման:
Մինչդեռ տեսարանը  մթնում է զգուշորեն,
և պատկերը փակում է իրեն անձրևի փեշերով:
Իսկ սիրտը, սիրտը, որ դեռ չի ծնվել
անորոշ թափառում է հողի և երկնքի միջև:
  
 
ԻՍԿ  ԵՐԲ  ԵՐԵԿՈՅԱՆ
Իսկ երբ երեկոյան դու քայլեցիր ավազների վրայով –
ծովահարսերը շրջապատեցին քեզ
և չգիտես ինչու ընկճվեցիր նրանց առատությունից:
Ու մինչ հայացքդ նրանց թեփուկավոր
պոչերն էր ուսումնասիրում մանրազնին,
միտքդ աշխատում էր մեկ այլ ուղղությամբ -
քեզ տանջում էին բոլորովին ուրիշ հարցեր,
նախ` թե ինչով են սնվում սրանք,
չե՞ն հիվանդանում սառը ջրի մեջ,
և հետո` չե՞ն ամաչում մերկ թափառել ծովափով
և այլն:
Հետամնաց, խավար ու մութ ցեղ,
որ մաշում է կյանքը սիրավեպեր կարդալով,
և շարունակ նամակներ է գրում Աբբահայր Պրևոյին
Մանոնի մասին նոր տվյալներ ստանալու խնդրանքով…
Ավելորդ հոգս ու գլխացավանք դառնալով
նավաստիների առանց այդ էլ խիստ ու դաժան կյանքում,
որոնք կարկտի պես արտահերթ պատիժներ են ստանում
նավերի ամենաանհարմար տեղերում
ամենօրյա հայտնվող գրությունների համար.
/«Կեցցե սերը»,
«Ախ, կյանքս կտամ մի համբույրի դիմաց» և այլն/,
որոնք չափազանց դժվարությամբ էին ջնջվում,
որովհետև ծովահարսերն օգտվում էին ինչ-որ զարմանալի ներկից,
որը նրանց համար հայթայթում էին թանաքաձկները
անսպառ քանակությամբ…
Իսկ երբ դու երեկոյան քայլեցիր ավազների վրայով
և ծովահարսերը շրջապատեցին քեզ,
դու առանց ամաչելու արտասվեցիր նրանց առաջ
և պատմեցիր,
որ քեզ լքել են կապույտ աչքերով աղջիկները,
որ կանաչ աչքերով աղջիկները  լքել են նույնպես
և պատմեցիր քո կյանքը`
                         առավոտյան գնում ես աշխատանքի,
երեկոյան վերադառնում ես տուն, քնում ես
և առավոտյան նորից գնում ես աշխատանքի,
երեկոյան վերադառնում ես տուն,
քնում ես և նորից
առավոտյան գնում ես աշխատանքի…
Եվ ծովահարսերն արտասվեցին քեզ հետ միասին
և փորձեցին համոզել` ձեռք քաշել այդ ամենից
և նրանց հետ միասին իջնել ծովի հատակը,
ինչից դու հրաժարվեցիր կտրականապես…
Բայց երբ
ծովի ալիքների մեջ անհետացան ծովահարսերը դալկադեմ
և երբ մնացիր մենակ ավազների վրա նստած,
զգուշորեն նայեցիր չորս կողմդ
և ապա դողդոջ մատով գրեցիր խոնավ ավազին.
«Ախ, կյանքս կտամ մի համբույրի դիմաց»
և գլխակորույս վազեցիր,
ինչպես գողը, մարդասպանն է փախչում
հանցանքի վայրից:
 
               
* * *
Անապատի կենտրոնում ապրում է քարը`
նրա գաղտնիքը կարոտ է լուծման:
Անապատում այնքան ավազ կա,
նրանց պետք է խնամքով մշակել:
Իսկ քարանձավում ապրում է մարդը
և նա բազմաթիվ ատրճանակներ ունի,
նա իր քարանձավը խնամքով մաքրում է
և վարագույր ունի դռան վրա կախած:
Նա աշխարհի մասին գիտե ամեն ինչ,
բայց քաղաքների աղմուկից հեռու
նա մոռացել է վաղուց բոլորը
և դրա համար արժե՞ վշտանալ:
Նա գիրք է գրում բարության մասին,
իսկ գրքում չկա և ոչ մի ցիտատ,
հետո մաքրում է ատրճանակները,
իսկ կրակելը մոռացել է վաղուց:
Եվ լուցկու գյուտն է անելու շուտով,
թեև ծխելը թողել է արդեն,
երեկոների միակ հաճույքը
մաստուրբացիայով անխոնջ զբաղվելն է:
Ահա բոլորը, ինչ մնացել է -
քարի գաղտնիքը, ավազի սերը և վարձը լուծման:
Իսկ քաղաքները շուտով, շատ շուտով կթմրեն անդարձ,
և նրանց քարե ոսկորներից ներս
կմտնեն վերջին քրմերը գունատ
և իրենց-իրենց կպայթեն հանկարծ
սրտերը բոլոր ատրճանակների:
 
 
ԲԱՌԸ
 Իր բարալիկ, մազմզոտ ոտներով
սողաց և դադարեց շնչելուց:
Հանդիսավորությամբ բարձրացավ վարագույրը,
և տխուր հայացքով մի մարդ
դասական ծանր երաժշտության տակ
ազդեցիկ ու կծու խոսքեր նետեց դահլիճ
և հանդիսականների բուռն ծափահարության
                                   տարափով ոգեշնչված
նախ սպանեց իր հորը,
որը  նույնիսկ թույլ դիմադրության փորձ իսկ չարեց
և ապա երևաց լուսինը, որի վրա պարզ երևում էին
շնչարգելքով տառապող առյուծներ
և սևազգեստ կանայք, որոնք չկարողացան
                              դերասանուհի դառնալ,
որովհետև ամբողջ օրը լվացք էին անում,
թթու էին դնում, եփում մուրաբաներ…
Իսկ նա, - թախծոտ աչքերով այն մարդը,
համապատասխան խոսքեր ասելուց հետո
                                 սպանում է նաև  իր մորը
և աղերսում է իջեցնել վարագույրը, այլապես,
եթե գործն այսպես  գնա, ստիպված կլինի
սպանել քույրերին ու եղբայրներին, հորեղբայրներին
և զանազան քեռայրների, մինչդեռ  ինքը ձգտում է, ի վերջո,
նրանց բոլորի հետ միասին մասնակցել
քիչ թե շատ կենսուրախ պատմության…
Եվ ապա երևաց լուսինը
իր բարալիկ, մազմզոտ ոտներով,
սողաց և դադարեց շնչելուց…
 
 
ԳՐԵԹԵ ՌՈՄԱՆՍ
Լացեք, գնչուներ
ձեր մեռած արքայի համար,-
բայց պարզվում է,
որ նա բոլորովին էլ արքա չէ
և ոչ էլ գնչու:
Համենայնդեպս,
լացեք, գնչուներ, նրա համար:
 
Ո՞ւր է ձեր կիթառը,
ո՞ր են ձեր զարդերը
գնչուներ:
 
Այս ամենը
պատահաբար եղավ.
անցնում էր փողոցով
բանաստեղծը`
և նա շատ տխուր էր,
և նա շատ մեռած էր,
և նա շատ գնչու էր,
և նա շատ արքա էր…
 
Ինչ արած, լացեք գնչուներ,
լացեք,
ձեր մեռած արքայի համար:
 
 
ՎԵՐՋԻՆ  ԲԱՌԵՐ
Դժվար,
ինչ սոսկալի դժվար են ծնվում բառերը,
և ի՞նչ իմանաս, գուցե տխուր երգ է սա,
և ինչ գեղեցիկ են աստղերը երկնքում,
իսկ անտառը մոտիկ է,
չափազանց մոտիկ,
գալարափողերն են հնչում,
որսորդներն են վազում բոլոր կողմերից,
տեսնելու, թե ինչպես է մեռնում վերջին սոխակը
նոտաների տետրը արյունոտ կրծքին սեղմած…
 
Եվ ի՞նչ իմանաս,-
գուցե վերջին երգն է սա,
գուցե վերջն է սա - ի՞նչ իմանաս:
 
 
ՌՈԲԻՆԶՈՆ ԿՐՈւԶՈ
Օրվա բոլոր ժամերին խմում էր իր սուրճը
և ուշադիր ու համառ նայում անցող-դարձող մարդկանց:
Ծխախոտ էր վառում և լուցկու հատիկով
դանդաղ խառնում էր սուրճը և նայում էր բոլորին
և միայն հավաքարարին չէր նայում,
որն անվերջ փնթփնթում էր ու բողոքում
անձրևից, որը երբեք չի կտրվում,
արևից, որը երբեք մայր չի մտնում,
ծերունուց, որն ամբողջ օրը նստած է սրճարանում,
և մարդկանցից, որ անցնում են նրա կողքով
և չեն տեսնում նրան…
Իսկ ծերունին խառնում էր իր սուրճը
և նայում էր պատուհանից դուրս,
ուշադիր ու համառ նայում էր պատուհանից:
Եվ մի  օր նա կանչեց հավաքարարին պառավ
և ասաց, որ այլևս չի կարող սպասել,
և ասաց, որ աչքերը սկսել են վատ տեսնել,
որ սարսափելի հոգնել է ու պիտի գնա տուն…
Բայց եթե հանկարծ մի նավ,
ընդամենը մի սովորական նավ մոտենա պատուհանին,
ի դեպ, նշանակություն չունի բնավ`
                          մեծ նավ կլինի, թե`փոքր,
թող խնդրի, որ սպասեն իրեն`ծերունուն,
թող խնդրի, որ մի քիչ սպասեն…
Եվ հեռացավ ծանր ու դանդաղ քայլերով,
գլխարկը մոռանալով սեղանի վրա:
 
…Եվ անցնում էին օրերն ու անձրևները չէին կտրվում,
արևը մայր չէր մտնում, և անցնում էին օրերը,
և դարձյալ հավաքարարն էր, որ անվերջ փնթնփնթում էր
ու բողոքում ծերունուց, որը չգիտես ինչու
                                       այլևս չի վերադառնում,
բողոքում էր նավերից, որ անցնում էին պատուհանի մոտով
                                       ու կանգ չէին առնում,
և վերջապես ու բոլորից շատ, բողոքում էր գլխարկից,
որը մնացել էր սեղանի վրա
ու ինչ-որ բան էր ուզում ասել պառավին,
բայց չէր համարձակվում…
 
 
ԵՍ  ԱՆՎԵՐՋ  ՍՊԱՍՈւՄ  ԵՄ  ՔԵԶ
Այնտեղ, ուր ես եմ ապրում, կա մի պառավ
                                                             իր թութակով:
Առավոտյան ես փող եմ տալիս պառավին, և նա գնում է շուկա
և ուտելու բաներ է առնում մեզ և թութակի համար:
Իսկ ընդհանրապես, առավոտները ծաղիկները բացվում են
և բուրում են ըստ պատշաճի:
Չորս կողմում անտառ է և մի ճանապարհ,
որը միանում է մեր տանը:
Առավոտները ես նստում եմ դռան շեմին
և գլուխս առնում եմ ձեռքերիս մեջ:
Կողքիս նստում է պառավը,
իսկ թութակը կանգնում է կտուրին:
Ես բարձրացնում եմ գլուխս ձեռքերիս միջից
և հարցական նայում եմ պառավին,
պառավը բարձրացնում է գլուխը
և հարցական նայում է թութակին,
թութակը բարձրացնում է գլուխը
և հարցական նայում է ճանապարհին,
անտարբեր ճոճում է գլուխն ու մրթմրթում.
   -Չկա:
Իսկ երբ իջնում է մայրամուտը,
ես բարձրացնում եմ գլուխս…
պառավը բարձրացնում է գլուխը…
թութակը հոգնած ասում է.- Չկա,
թութակը զզված ասում է.
Գնանք:
   Հետո ես նորից փող եմ տալիս պառավին
և նա գնում է շուկա
և ուտելու բաներ է առնում մեզ ու թութակի համար:
 
Տաք վառվում է բուխարին:
Ես նստած կրակի մոտ մտածում եմ, իսկ երբեմն,
                                              նաև չեմ մտածում,
պառավը նստած սեղանի մոտ
                 թվաբանության խնդիրներ է լուծում,
իսկ թութակը չարչարվում է գտնել
այն հարցի պատասխանը,
որը վաղուց տանջում է իրեն:
 
 
ՆՈՅ
Քաղաքի քսու, խոնարհ անձրևը,
որ վարժեցրած է ու արդեն տանու,
զուգարանի պես` քաշում ես ամպից կախ ընկած թելը.
                                                                անձրև է գալիս,
սանիտարական միջոցառման պես, որը նշված է
ինչ-որ մի դեղնած հաշվեմատյանում…
   …Մուտքում կուչ եկած վիթխարի շենքի,
խղճուկ, որբուկ Նոյ, աշխարհում մենակ,
փրչոտ մի կատու քսվում ոտներիդ,
և մութը, մութը, որ հեղեղի պես լցվում է ահա
և հետզհետե բարձրանում է վեր:
Մուտքում կուչ եկած վիթխարի շենքի,
նայում ես հեռու - գուցե չես նայում,
և մտածում ես – կամ չես մտածում:
Մի քիչ սեր լիներ – նվվում է հոգիդ,
սեր լիներ մի քիչ – ու լաց ես լինում:
Իսկ անձրևն անվերջ թափվում է, թափվում,
և բարձրանում է մթի գոլորշին,
ջրին խառնված բարձրանում է վեր` վիթխարի շենքը
նավի պես հսկա, լուռ օրորվում է խավարի վրա:
Խղճուկ, որբուկ Նոյ, տխուր նայում ես քո ունեցվածքին.
այս ի՞նչ ես փրկել և ո՞ւր ես տանում,
այս փրչոտ կատվի՞ն, թիկնո՞ցդ հնամաշ,
որ ժամանակն է վաղուց նետելու,
գրքի դեզե՞րը` չափածո տանջանք,
ասֆալտ, ապակի, տուփեր բետոնե, որ տուն են կոչվում,
պարտադիր սո՞րճը առավոտյան վաղ,
ինն անց երեսուն, հացի խանութում…
Բայց լռությունը քերծելով թեթև,
ոմանք տավիղ են նվագում, լսիր,
ուզում են երգել և կռա-կռա
մատնում են իրենց ծագումը խավար…
Այս ինչքա՜ն  ագռավ անցավ փողոցով,
չարագույժ երգով` այլևս երբեք, այլևս կռա…
Մուտքում կուչ եկած նայում ես նրանց
և մտածում ես – թե՞ չես մտածում,
այս ե՞րբ շատացան – մտածում ես դու,
ո՜նց են գիրացել - զարմանում ես դու…
Ինչքան շատ ագռավ – ոչ մի աղավնի,
ինչքան շատ տավիղ – ոչ մի մեղեդի,
միալար ու գոհ, ներդաշնակ կռան - այլևս երբե՜ք:
խղճուկ, որբուկ Նոյ, կուչ եկած, մենակ,
կանգնել ես մթնում հսկա նավի մեջ,
մի քիչ սեր լիներ – մտածում ես դու,
սեր լիներ մի քիչ – ու լաց ես լինում:
Իսկ անձրևն հանկարծ մոտենում է քեզ,
խոնարհ ու քսու մատներն է քսում դեմքիդ, ուսերիդ.
-Սերը չի դառնա,- շշնջում է նա,-
դու սեր չես փրկել քո այն նավի մեջ:
-Սերը խեղդվել է,- երգում են ուրախ ագռավները սև,-
չկար, սեր չկար քո այն նավի մեջ:
Հետո հեռացան դհոլի զվարթ դմփոցի տակտով…
Բայց դու քսվելով պատերին խոնավ, խղճուկ, որբուկ Նոյ,
աշխարհում մենակ, պտտվում ես քո թակարդ-նավի մեջ,
նվվում ես տկար` մի քիչ սեր լիներ, սեր լիներ մի քիչ…
Եվ քո միայնակ ողբն է օրորվում
մթության անծայր հեղեղի վրա…
 
 
ՇԱՏ ՀԻՆ  ՏՈՂԵՐ
 
1.ԿԱԿԱՉՆԵՐԻ ԴԱՇՏ
Անապատի պես ամայի երկինք,
աստղերը` քաղցած գայլերի աչքեր,
ջահը ձեռքի մեջ բռնած մի կապիկ,
փորձում է ցատկել` չի՜ կարող ցատկել:
Եվ այծամարդն է նստած ստվերում,
իր հին շալվարն է կարկատում լարված,
քթի տակ երգ է ծորուն կերկերում,
կես տխուր է նա, կես` սիրահարված:
Կակաչների դաշտ – վիրավոր գազան,
հիվանդացած հող` պուտերով ցավի,
թոքախտից մեռնող բանաստեղծն հազաց
դեղնած էջերից հեռու անցյալի:
Կակաչների դաշտ – սավան արյունոտ,
թաքուն դուրս նետված պատուհանից բակ;
և շներն հանկարծ առած արյան հոտ,
հարայ-հրոց են գցել խայտառակ:
Այդ սերն է, սերը վիրավոր գազան,
քաղցած գայլերի օղակում ընկած,
և հալածում է, նեղում է նրան
ձեռքի մեջ ջահը` կապիկը սմքած:
Եվ կսեղմվի օղակը քիչ-քիչ,
մահացու ճիչդ կլսվի հանկարծ,
կարկատած շորը կգցի ձեռքից
այծամարդը բութ վախից սահմռկած:
Եվ կելնես երկինք` կղզին ամայի,
վիրավոր, անուժ թևերդ պարզած,
օդի մեջ խնկի բույրը հմայիչ,
թոքախտից մեռնող բանաստեղծի լաց:
Ուժ տուր թևերիդ և լուսնի վրա
հանգիր ու նվվա` մեռնող աչքդ հաշտ,
արյունդ դանդաղ ծորա ու ծորա
լուսնի սավանին – կակաչների դաշտ
 
2.ԱՌԱՆՑ ՔԵԶ
Վախով եմ լսում խոսքերը ասված.
ոչինչ չեմ տեսնում նրանց ետևում,
այս ինչքա՜ն արագ կուրացա, Աստված,
ո՞ր մեղքիս համար դու ինձ չես ներում:
Մի բառ, երկու բառ և ուրիշ ոչինչ,
գույնը չեմ ջոկում ու տեսիլ չկա,
ամեն ինչ օտար, սառած ու ճղճիմ,
և հոգիս վհատ և սիրտս` տկար:
Անձրևը միայն` գորշ ու միալար
ատամնացավ է, որ չի կտրվում,
դեմքերի վրա ոչ ծիծաղ, ոչ լաց,
անշարժ, ինչպես հին, դեղնած կտավում:
«Հին վալսը, ախ, հա, հեռացում անդարձ»,
խոստումներ, ժպիտ ու աչքեր կապույտ,
սիրելը բառ է, կարոտելը` բառ,
իսկ ձեռագիրը` տգեղ ու անփույթ:
Ո՞ր մեղքիս համար դու ինձ չես ներում,
չէ՞ որ հիշում եմ խոսքերը անցած,
ես քեզ սիրում եմ –
դու ինձ չես սիրում`
և երջանիկ ու դժբախտ էի հանկարծ…
 
Աստված իմ, մի՞թե չկա վերադարձ…
 
 
3. ՏՈւՓ
Չորս պատ և մի-մի առաստաղ, հատակ,
հեռավոր քաղաքի հյուրանոց,
(խղճուկ գազանիկ փորձանոթում փակ)
զուգարանային ջրի հեկեկոց:
Լուսամուտի տակ  անձրև ու անձրև,
մեկ վառվում է լամպը, մեկ` հանգում,
ճերմակ պատերին սև ստվեր անձև,
և մի սև թախիծ, որ չի ճերմակում:
Եվ նախնադարյան ռադիո պատից կախ,
որ չի խոսելու, չի խոսել երբեք,
աթոռ ու սեղան` մահճակալից ձախ
և մի հայելի պատից կախված թեք:
Չորս պատ… և չորս տող հանգերով կապված,
սոսնձած ու հարթ կողերով կոկիկ…
Իսկ կեսգիշերին, լսո՞ւմ ես, հանկարծ
կատվի պես պատն է ճանկռում քո հոգին…
 
 
4. ՍԿԻԶԲ
Կապույտ երկնքում և ոչ մի աստղ –
ջութակների երամն է սահում պաստառով նրա,
տխուր աչքերով Տիրամոր Որդին
աղ է շաղ տալիս վերքերիս վրա:
Մի ձայն, որ ցավն է ծնել անկասկած –
ներիր ինձ, ներիր, որդուդ մոլորուն,
մի մազմզոտ մարդ աչքերը փակած
ավազների մեջ խաչն է որոնում:
Կապույտ երկինքը սառել է վաղուց-
այս աշխարհում դու վաղուց չես եղել,
ոչինչ չես տեսել, ոչինչ չես հիշում,
ոչ ապրել ես դու և ոչ էլ` մեռել:
Բոբիկ ոտներով վազում ես հիմա,
և ո՞ւր ես վազում, վերև՞, թե՞ ներքև,
գիտես, որ լույս է իջնում քեզ վրա,
և խռպոտ ձայնով ճչում ես կերկեր:
Սառած երկնքում և ոչ մի աստղ,
վերջին ջութակն է թևերն օրորում –
մի մազմզոտ մարդ ավազին նստած,
արցունքն աչքերին…
…Էլ չի որոնում:
 
 
ԱՅՍ  Ի՜ՆՉ  ԱՐԱԳ  ԵՆՔ  ՄԵՌՆՈւՄ, ՍԵՐ  ԻՄ
Ինձ նորից դիմավորեց մենությունը սենյակիս
և ես փակեցի դուռն ու հենվեցի դռանը:
Սեղանիս քարտեզներ կան, այնտեղ այնպես ուրախ է,
այնտեղ դեռ  անտառներ կան գույնզգույն կապիկներով,
և մարդկանց գերեզմանները շարված են կողք-կողքի,
և տարօրինակ որդեր կան, որոնց պետք է ուսումնասիրել:
Իսկ ծխախոտները շոյում են իմ գլուխը
և շշնջում են - ավելի շուտ մեռիր:
 
Ինձ նորից դիմավորեց մենությունը սենյակիս:
Իսկ վանդակում վաղուց սատկել է դեղձանիկը,
և ես ափսոսում եմ դեն նետել նրան,
և ես կանոնավոր կուտ ու ջուր եմ տալիս նրան…
Սատկել է նաև կատուն,
որը պետք է ուտեր դեղձանիկին, իսկ ես
քարտեզը դնում եմ սեղանին
և ուղեղիս մեջ դասավորվում են կանոնավոր`
անտառներն իրենց գույնզգույն կապիկներով,
մարդկանց գերեզմանները շարված կողք-կողքի,
տարօրինակ որդերը, որոնց պետք է ուսումնասիրել…
 
Եվ ես արմունկներս դնում եմ սեղանին
և ես գլուխս առնում եմ ափերիս մեջ,
հետո ծխախոտ եմ առնում ձեռքերիս մեջ,
հետո ծխախոտից ծուխ է բարձրանում,
և հետո ծխախոտը սկսում է թունավորել ինձ
և հետո
            ծխախոտները շոյում են իմ գլուխը,
և շշնջում են`
                     ավելի շուտ մեռիր,
                                 ավելի շուտ մեռիր,
                                             ավելի ու ավելի շուտ…
 
 
 
ՀՐԱԺԵՇՏԻ  ԵՐԳԵՐ
Եվ բաժանվելուց առաջ զրուցեցինք երկար:
Ոմանք գարեջուր էին խմում,
ոմանք նստել էին լուսամուտի գոգին,
մյուսներն անտրամադիր ծերանում էին
երբեք չծերացող կանանց
հիացմունքից խոնավացած աչքերի առաջ:
Զրուցում էինք և րոպեն դառնում էր ժամ ու երեկո,
դրսում մերթ անձրև էր գալիս,
հետո ձյուն էր տեղում,
մերթ արևն էր ելնում ամպերի ետևից
և արագորեն դեղնում էին
ծառերը – քիչ առաջ կանաչած:
Եվ ոչ ոք չէր համարձակվում դուրս նայել պատուհանից,
ոչ ոք չէր ուզում բացել դուռն ամուր կողպված,
որն, ի՜նչ իմանաս, միգուցե կողպված չէր ամենևին:
Եվ բաժանվելուց առաջ զրուցեցինք երկար:
Եվ երբ դու հանկարծ ոտի կանգնեցիր,
(այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես շրշաց
շրջազգեստիդ բաց-կապտավուն փեշը)
և երբ դու հանկարծ ոտի կանգնեցիր,
ժպտացիր տխուր և ինձ մեկնեցիր
հրաժեշտի պաղ, դալուկ մատներդ -
վաղուց, շատ վաղուց ես արդեն չկայի,
և գերեզմանիս թումբը պատված էր անմոռուկների
ես ինչ իմանամ, որ մի սերունդով,
և արագորեն դեղնում էին
ծառերը – քիչ առաջ կանաչած…
 
 
ԱՆԸՆԴՀԱՏ  ՆՈւՅՆ  ԽՈՍՔԵՐԸ
Միայն մի սիրտ է լսում քեզ ձյունե արձանների
անկյանք թագավորության հեռաստաններում:
Եվ միայն մի քամի,
որը դեռ չի որոշել իր անելիքը:
Եվ սարսափից փշաքաղված մի ծառ
հանկարծակի եկած ձմռան սառն ու ամուր գրկում:
Երակը բաց տարածված մի գետակ –
մարմինը սառչում է քիչ-քիչ:
Եվ դու, աչքերդ լայն բացած,
և սիրտդ, որ տրոփում տագնապով,
և մի անտանելի լռություն,
որ ոտի մատների վրա
անշշուկ մոտենում է քեզ
թիկունքից:

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: