Տիգրան Մանսուրյան

Կենսանորոգ ոգի

   Ուզում էր քաշվել Սևանա կղզու եկեղեցին և իր գործով զբաղվել: Մերժվեց: Չլիներ այս մերժումը՝ թերևս Պոլիս չփոխադրվեր, գեհենի միջով չանցներ, հետո էլ չհայտնվեր հոգեբուժարանում: Նրա մասին պատմողները ասում են, որ շփումների մեջ զվարթ մարդ է եղել, կատակասեր, սրամիտ: Այս հատկությունը լիաբուռն դրսևորվել է հատկապես երեխաների հանդեպ՝ նրանց հետ շփվելիս: Նրա թողած երաժշտական ժառանգության մեջ լույսից ծնված, լույսով ներշնչված գործերի թիվը մեծ է այնքան, որ երբեմն մտածում ես՝ մի՞թե մեր ժողովուրդն այդքան լույսի երգեր ուներ իր շուրթերին: Մի՞թե սխալ էր բանաստեղծը, երբ ասում էր, որ մեր երգերն անխնդում են և նման են լացի: Իհարկե, Կոմիտասը և՛ «Անտունի» է ստեղծել, և ՛ «Գարուն ա, ձյուն ա արել», բայց դրանց կողքին կան «Շողեր ջան»-ը, «Ախ, Մարալ ջան»-ը: Չնայած սրան՝ նրա կերպարը մեզ ներկայանում է նախ և առաջ ողբերգական շեշտադրումներով: Իրոք, նրան ողբերգականն ուղեկցել է միշտ: Դա սկսվել է վաղ մանկությունից: Որբ էր: Եթե ընդունել ենք, որ գոյություն ունի հանճարի՝ լույսի և մռայլության երկու կերպ, ուրեմն Կոմիտասը, իհարկե, լույսի հանճար էր, ոչ միայն իր ստեղծագործությունների, այլև հազարամյա անցյալի ժառանգության արժևորմամբ: Եվ նրա կենսագրության կողքին քայլող մռայլը և ողբերգականը դրսից պարտադրվածներն են սոսկ, որ առայսօր արթունորեն ուղեկցում են նրա անվանը: Եթե նրա ստեղծած գոհարները շարենք կողք կողքի, կունենանք զրնգուն ձայների մի աշխարհ-հայրենիք՝ գրավիչ ու կանչող: Եթե եղել են մարդիկ, որ մեր իրականությունից ու մեր երկրից խռոված փախել ու բնավորվել են Կոմիտասի ստեղծած Հայաստան-երկրում, որն, իրոք, լման, ամբողջական է տիեզերաշինական իր տվյալներով, նրանք գիտեն, որ այն իրոք դրախտավայր է: Երանի ան հոգիներին, ովքեր ունեն այս հավելյալ տունը՝ իբրև մի այլ իրականություն: Երանի՜ այն հոգիներին, ում համար այս երկու աշխարհների միջև բանուկ ճանապարհ կա: Ում համար հողեղեն իրականության հիմքի վրա տուն ու հավատք, ուժականություն և գեղեցիկ արարելը համաձայնեցված է կոմիտասյան դրախտավայրի հետ: Հե՞շտ է անցնել այդ երկու իրականությունների միջև ընկած ճանապարհը: Հե՞շտ է այն աշխարհից այս աշխարհ չափանիշներ բերելը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը համազոր է առայսօր Կոմիտասին տված մեր արժեքավորմանը: Տեր Աստված, դիմադրությունների ինչպիսի՜ ուղի է նա անցել կոմպոզիտորական իր արվեստը և գեղագիտությունը, նաև գիտական միտքը մշակութային դաշտի վրա տարածելու ճանապարհին: Հստակորեն ձևակերպե՞լ ենք, թե ինչ խնդիրներ է պարունակում իր մեջ մեր՝ Արևելք-Արևմուտք երաժշտական մշակութային տարածքների սահմանագծին գտնվելը: Արևելքը կոմպոզիտոր երևույթը չի ճանաչել: Արևելյան երաժշտությունը իրար հաջորդող կոմպոզիտորական դպրոցների միջով չի անցել: Միթոսի և տիեզերագիտության հետ մեկ անգամ ծնվելով՝ այն ընթացել է իբրև ծեսի բաղկացուցիչ մաս՝ առավելաբար և երգվող ու նվագվող նյութը չի հորինվել, այլ մեկնաբանվել է իբրև նորոգություն հնոց ավանդների: Դարերի ընթացքին գործող երաժշտական միևնույն մոդելները Արևելքում անձնավորվել և անհատականացվել են հիմնականում կատարողական ուժերի՝ երգողների և նվագողների միջոցով: Երաժշտական այդ մոդելները Արևելքում գոյություն ունեն դարերով, և դրանք անհատականացվում են ամեն անգամ և այնքանով, որքանով որ նորոգվում են երգողի կամ նվագողի շնչառությամբ ու վարպետությամբ: Արևմուտքի երաժշտական մշակույթը վաղուց ի վեր ճանաչել է կոմպոզիտոր անհատին: Արևմուտքը հարյուրամյակների ընթացքում կոմպոզիտորական դպրոցներ է ստեղծել և երաժշտական մշակույթի զարգացման գործը վստահել է մեծ անհատականություններին: Արևմուտքի և Արևելքի երաժշտություններն իրենց հիմքով, գոյակերպման իրենց ձևերով տարբեր են, երբեմն հակադիր լինելու աստիճան: Կոմիտասը հայ եզակի երաժիշտներից էր, որ իրականություն էր բերում կոմպոզիտոր ըմբռնումը՝ այս բառի բովանդակության ամբողջ խորքով: Հարցնենք՝ բերում էր նա ո՞ւմ համար. հայ գեղջուկի՞, որի համար երաժշտությունը մշակութային տարերք էր նախ և առաջ արևելյան քիմքով: Գեղջուկն արդյո՞ք ուզում էր լսել իր երգերը ապրվող իրականության ենթատեքստից դուրս, կոմպոզիտորական փորձի ու գրագիտության միջով անցած:
   Կոմպոզիտորական մտածողության բովով անցած հայ գեղջուկի երգը, նվագը, Թիֆլիս կամ Պոլիս ապրող հայ սալոնատերերի՞ն պիտի գրավեր: Չէ՞որ նրանց համար երաժշտությունն այն էր, որ գոյություն ուներ Եվրոպայում, նշանավոր հեղինակների, նվագողների անուններով: Շշուկով ասենք, որ թիֆլիսաբնակ հայազգի երաժշտասերներից մեկը, որ մեծահարուստ էր և հարուստ հավաքածուների տեր, իր տանը պահում էր Բեթհովենի ձեռագիր նամակ: Երանի՜ այդ նամակը կամ նամակներն այսօր Երևանում պահպանվեին: Սա թողնենք: Այս մեծահարուստի և սրա նմանների համար Կոմիտասն արդյոք իրենց իմացած Արևմուտքի նշանավոր կոմպոզիտորների կողքին դրվելիք մե՞կն էր:
   Երաժշտական մշակույթների այս երկու բևեռների միջև գոյություն ունեցող ճեղքվածքը միացնելու փորձն իրականացնելուց զատ, Կոմիտասը մեր երաժշտամշակութային տարածքի սահմանումն ու քարտեզագրումն է տվել: Այսօր մեր մեջ շարունակում է գոյատևել Արևելք-Արևմուտք փոխհարաբերության երաժշտական հոգեբանության ծանր դրոշմը: Այս կնճիռը հարթեցնող ուժն այսօր Կոմիտասն է, նրանից սիկզբ առած կոմպոզիտորական դպրոցը:
   Կոստան Զարյանը մի օր բարձրաձայնեց. «Պոլսում ես ու Վարուժանը Կոմիտասի հետ բանավեճ ունեցանք՝ ես ու Վարուժանը այն համոզմունքն ունեինք, որ ապագայի հայ երաժշտական արվեստը հիմնվելու է հայկյան մշակույթի վրա: Իսկ Կոմիտասը համոզված էր, որ մեր երաժշտությունը զարգանալու է բանահյուսության հիմքի վրա»: Հետևելով այս բանավեճին՝ պետք է ենթադրել, որ մեր մտավորական շրջանակներում էլ Կոմիտասի դերը ամբողջ խորքով չի գիտակցվել, որ այստեղ էլ է դիմադրության ճանապարհ անցել:
   Սևանա կղզում Կոմիտասի մեկուսանալու ցանկությունը ոչ միայն ստեղծագործական որոնումներին տրվելու պահանջից էր: Ստիպված էր այս քայլին դիմում: Կոմիտասի կենսագրությանը ծանոթ մեկը գիտի, որ եկեղեցում առանձնանալու խնդրանքի մերժումը միակը չէր: Այստեղ իրոք արծարծելու տխուր կենսագրական դրվագներ կան, որոնց ծալքերը բոլորի համար նույնությամբ են բացվում: Թերևս դրանից հետո էր, որ նրա կյանքի ուղին թափառիկ ճանապարհների միջով պիտի անցներ: Եվ այս թափառումների ճանապարհին պիտի փոշիանային նրա ձեռագիր-մասունքները: Ձեռագրերի մի մասի ճակատագիրն առայսօր անհայտ է: Ծավալուն մի մասը աշխարհի տարբեր կողմերից հավաքվել է Երևանում, և սրանց հիմքի վրա կոմիտասագիտությունը լուրջ ձեռքբերումներ ունի: Չնայած սրան՝ նրա ստեղծածը դեռևս շարունակել է դիմադրություն հաղթահարել: Չլիներ այս, Կոմիտասը «թարգմանվելու», այն է՝ բազում մշակումների ենթարկվելու անհրաժեշտությանը պիտի չտրվեր: Նրա ստեղծած պարտիտուրների թափանցիկությունը՝ օդեղեն նոսր թվացող հյուսվածքը, երեկվա մեր արհեստավորներին խեղճ ու պակասավոր էր երևացել: Այս մշակումների առկայության շնորհիվ է, որ, կարծես, ի վերջո գոյացավ հայկական երաժշտական սալոնը: Սալոնային այդ մշակումների շարքում կան իսկապես տաղանդավոր նմուշներ, որոնք իրենց գոյության իրավունքը այս կամ այն չափով արդարացրել են գոնե սալոնի ներսում: Խնդիրն այն է, որ Կոմիտասի երաժշտությունը սալոնի հարկադրած պայմաններին ենթարկվելու պահանջ չունի: Այսօրվա միջազգային երաժշտության չափանիշներից ելնելով՝ նրա երկերն ի զորու են բացահայտելու հազարամյա մեր երաժշտության խորքը մեկ կողմից և մյուս կողմից ապագային ուղղված կոմպոզիտորական դպրոցի զարգացման զորավոր հիմք են: Այս ամենի համեմատությանբ ի՞նչ են իրենցից ներկայացնում կատարված մշակումները, եթե ոչ կոմիտասյան արվեստի յուրացման դիմադրության միջով անցնելու ևս մի փորձ: Խնդիրն այս պարագային այդ մշակումների որակական հատկանիշը չէ, այլ կոմիտասյան երաժշտության դիմադրության շրջաններից ևս մեկի մատնանշումը: Կոմիտասյան ժառանգության հետ կապված այս կարգի տարօրինակ ըմբռնումների արտահայտության շարքը կարելի է շարունակել: Փառք Աստծո, հաղթահարվեց նաև այն փուլը, որ մերժում էր Կոմիտասի հոգևոր երաժշտության կատարման հնարավորությունը: Հիմա կոմիտասյան Պատարագը իրավունք է ձեռք բերել հնչելու մեր համերգասրահներում, ճիշտ այնպես, ինչպես Բախի, Բեթհովենի Պատարագները:
   Մեջբերումը «Կոմիտաս Վարդապետ. ուսումնասիրութիւններ և յօդուածներ» գրքից, Գիրք Ա, Ե., 2005թ., էջ 7-11:

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: