Գոհարիկ Աքելյան. Ժամանակի և տարածության փոխհարաբերությունները «Բաժանվող արահետների այգին» գրքում

    «Գրականագիտության մեթոդաբանության հարցերը արդի փուլում: Պոստմոդեռնիզմ: 20 տարի անց» միջազգային գիտաժողով (2013թ. փետրվարի 8-10, Ծաղկաձոր)

    Գրականության համար չկա անհնարին որևէ բան, և այդ անսահմանափակելիությունն, իհարկե, կիրառելի է նախ և առաջ իր հանդեպ: Քսաներորդ դարի գրականությունն առավելագույնս օգտվեց վերասահմանման հնարավորություններից՝ գտնելով ինքնորոշման ամենաանհավանական ձևերը: Չկոնկրետացնելով «քսաներորդդարյան» ձևակերպման որոշակի ուղղությունային ենթատեքստը՝ ի գիտություն ունենանք այն ընդհանրական մտածական-գեղագիտական միտումը, որը մասնավոր պատկանելիության չափումներից լայն է: Նման մոտեցումը կիրառելիության քաղաքացիություն ստանում է հատկապես Բորխեսի պարագայում, քանի որ մոդեռնիզմի և պոստմոդեռնիզմի սահմանագծին լինելու առանձնահատկությունն ունի (այս եզրույթների հետ առնչվելն ինքնին ենթադրում է հեղհեղուկ սահմանների հետ գործ ունենալ) և մե՛րթ մեկ, մե՛րթ մյուս տիրույթ ներքաշվելու դատապարտվածությանն է ենթակա գոնե մինչ օրս: Եվ, այնուամենայնիվ, խոսելով բորխեսյան տեքստային այն հատվածի մասին, որն ընտրել եմ որպես ուսումնասիրության նյութ («Բաժանվող արահետների այգին» գիրքը), պայմանականորեն հղում տալու եմ պոստմոդեռնիզմ ֆենոմենին, քանի որ ժամանակի և տարածության ընկալման և տեքստային իրացման հեղինակային ձևերը առավելապես պոստմոդեռն փիլիսոփայության իդեալին են հոգեհարազատ: Ընդ որում միտումնավոր չեմ կիրառելու բախտինյան «քրոնոտոպ» եզրույթը կամ հայերեն «ժամանակատարածական» բառաձևը, քանի որ պոստմոդեռն տիրույթում անհամակարգի և անմիասնականության գեղագիտությունն է որոշիչ, մինչդեռ վերոբերյալ բառերը իրենց շարույթային և էներգետիկ գոյացությամբ միասնականության և կարգի զգացողության ինչ-ինչ ենթատեքստ են պարունակում (փոխարենը «միֆ» բառը միանգամայն ընդունելի տարբերակ է, որովհետև ժամանակի և տարածության միասնությունը բովանդակվում է ապակառուցողական և վերաիմաստավորման կտրվածքով, պարզապես սույն ուսումնասիրության տեսակետից նպատակահարմար չէ վերջինիս ելակետային գործառույթը, քանզի առավել ընդգրկուն հարցերի առնչվելու խնդրի առաջ կկանգնեցնի):  Ըստ այդմ սահմանենք տարածական այն միավորները, որոնք իբրև տեքստ ընթերցվելու հնարավորություն են ընձեռում և ազատագրված են ժամանակի հետ անքակտելի փոխպայմանավորվածության մեջ լինելու ավանդական նախապայմանից: Քանի որ խոսքը «Բաժանվող արահետների այգին» գրքի մասին է, արահետն ու այգին տոպոս լինելու նախնական հայտ կարող են ներկայացնել: Սակայն, թվացյալ բացահայտ տարածական դիրքորոշումը միայն թռուցիկ հայացքի համար է: Բանն այն է, որ պոստմոդեռնիստական տարածքը կա՛մ համատիեզերականացման ճանապարհով է ստեղծվում, կա՛մ կոնկրետ սոցիալական իրականության՝ հիպերբոլի ենթարկման ուղով: Բորխեսյան տեքստին բնորոշ է առաջին տիպի՝ ընդլայնման ընթացքը: Այսինքն՝ այգու և արահետների նեղ (գրական դավանանքով դեռևս քրոնոտոպային) մոդելը այն փոքր միավորն է, որ անվերջության ձևակերպման հնարավորությունն է պարունակում: «Անվերջություն» բառի հետ վարվեցողության երկու ձև առանձնացնենք և այս համատեքստում ընդունենք դրա միայն տարածական կողմը: Վերացարկման առաջին աստիճանը լաբիրինթոսի ներմուծումն է, որն իբրև տարածական-ֆիզիկական գոյաձև նաև միֆական (անխուսափելիորեն ժամանակային) բարդացման ընթերցակարգն է մատուցում: Լաբիրինթոսը ինքնուրույն բառից  ամբողջական տեքստի է վերածվում՝ պոստմոդեռնիստական անհամակարգի, անարխիայի գաղափարական կողմը պահպանելով հանդերձ երկրորդ աստիճանի նյութական-նշանային համակարգ ստեղծելով՝ որպես գաղափարական «անԿարգ»-ի գոյատևման միջոց. «Եթե հավերժական թափառականը անցնի գրադարանով և գնա որևէ ուղղությամբ, դարերի ընթացքում կփաստի, որ միևնույն հատորները կրկնվում են նույն անկարգությամբ (որն իհարկե կրկնություն լինելով, ի վերջո կարգ կդառնա՝ Կա՛րգ)» (այստեղ պետք է ի նկատի ունենալ, որ վաղ շրջանի պոստմոդեռնիզմին՝ այդ թվում և Բորխեսին բնորոշ չէ անարխիստական և վատատեսական այն ծանր նստվածքը, որն, արդարացիորեն կամ ոչ, հասցեագրվում է հաջորդող սերնդին): Լաբիրինթոսի՝ տեքստային տարածության վերածվելը տեսանելի է նախ և առաջ գրքի կառուցվածքում: Ներտեքստային անսահամանորեն ձգվող լաբիրինթոսային կառույցներից զատ Բորխեսը ստեղծում է նաև իր արտաքեստային-գրաֆիկական լաբիրինթոսը, այսինքն՝ ութ էսսեից բաղկացած «Բաժանվող արահետների այգին» գրքույկը: Վերջինումս ութի սիմվոլիկան, որը իր նշանակության հիմնական կողմերով համընկնում  է լաբիրինթոսի միֆական, կրոնական խորհրդի հետ, այն է՝ ներդաշնակություն, բոլոր հնարավորությունների ամբողջականություն, վերաստեղծման և վերածննդի գաղափար և այլն, բազմաբնույթ կիրառություններ է ստանում, որոնցից թերևս ամենամերկապարանոցը մեջբերելը առավել նպատակահարմար է. «Ութերորդ Աբբասիդայի անունը, ով հաղթող է եղել ութ կռիվներում, ծնել ութ որդի և ութ դուստր, թողել ութ հազար ստրուկ և կառավարել ութ տարի, ութ ամիս և ութ օր»: Այստեղ ի նկատի առնենք նաև, որ իմ կողմից «տեքստ» բառի չարաշահումը պայմանավորված է XX դարում կենսանմանության փոխարեն իրականության հանդեպ տեքստային վերաբերմունքի սկզբունքի երևան գալու հանգամանքով: Կեցություն-իրականություն զուգահեռը տեղակայվում է տեքստ-իրականություն երկխոսության գծում և հենց այս երկխոսության դրսևորման ձևերից մեկը բորխեսյան լաբիրինթոսային տեքստի առկայությունն է: Նշանաբարդման հաջորդ աստիճանը լաբիրինթոսից գիրք անցումն է.  «Ցուի Պենը մի անգամ ասած կլինի` Առանձնանում եմ մի գիրք գրելու համար: Մի ուրիշ անգամ` Առանձնանում եմ մի լաբիրինթոս կառուցելու համար: Բոլորը երկու գործ են երևակայել և, ոչ ոք չի մտածել, որ գիրքն ու լաբիրինթոսը նույն բանն են»: Ընդ որում անցումը կատարվում է լեզվի ինքնահաղթահարման բաբելոնյան միֆի միջոցով, սակայն այս անցումային մոտիվը ապակոդավորելու ընթացքը ցույց տալու համար անհրաժեշտ է ուսումնասիրման առարկա տեքստի ողջ միֆական համակարգի հանգամանալից և աստիճանական զննում, որը չի մտնում այս աշխատանքի հիմնական նպատակի մեջ: Գրքի, իբրև կեցության ապահովման տարածություն, ընդլայնումը նյութական-խորհրդանշական է: Այս մակարդակում ընդգծվում է միկրո և մակրո համակարգերի համատեղ գոյության անուղղելի փոխադարձելիությունը, որը գիրք-գրադարան տարածությունների միջև երկկողմանի սլաք դնելու ազատությունն է տալիս հեղինակ-արարչին. «Խոսում են (լսել եմ) «տենդագին գրադարանի մասին, ուր բախտի քմահաճույքին թողնված հատորները անընդմեջ վերադասավորմամբ փոխում են իրենց ձևերը, ամեն ինչ հաստատում, մերժում ու խառնում, որպես ցնորված մի աստվածություն»»: Լաբիրինթոսի՝ կոսմիկական ներդաշնակության, կենտրոնին հասնելու իմաստաբանական հանգրվանն, ահա, միկրո-մակրո կոսմոսների միջև որոշակի կապ հաստատելու սեփական մոդելի ստեղծումն է: Իհարկե, ճշմարիտ է նաև այն, որ պոստմոդեռնիստական աշխարհի  պատկերը վերստեղծում է քաոսը, իսկ ավելի կոնկրետ էնտրոպիան՝ հիմնված բոլոր հավասարապես հավանական և համարժեք էական տարրերի վրա, սակայն միանգամայն ճիշտ է նաև այն, որ այս էնտրոպիայում քաոսն ու կոսմոսը, իբրև հակակշիռ երևույթներ, իբրև բաժանվող արահետներ, նույնքան կենսունակ և համաչափ են (հավասարության և նույնության տարարժեք մեծություններ լինելու մասին նույնպես պետք չէ մոռանալ). «Այն գիրքը, որ չի պարունակում իր հակագիրքը, համարվում է անավարտ»: Եթե մոդեռնիստական աշխարհի պատկերը ամրապնդում է օբյեկտիվ իրականության սուբյեկտիվ ընկալումը, ապա պոստմոդեռնիզմը հրաժարվում է օբյեկտիվության գոյության հնարավորությունից ինքնին: Դա է պատճառը, որ ի վերջո, Բորխեսը հորինում է մի նոր մոլորակ, որի մասին եղած ողջ գիտական գրականությունն  իրական չէ, որոշ իրական կորդինատներ բախվում են բազմաթիվ անիրական կորդինատների առկայությանը և այն տարածապես ձևակերպվում է միայն իբրև ժամանակային ընթացք, գործողություններ, որոնք կհանգեցնեն հիմնական նպատակին՝ կոսմիկական ներդաշնակության ձեռքբերմանը: Նոր մոլորակը, որի ճշգրիտ նկարագրությունը տրվում է գնդի և կենտրոնը կազմող վեցանկյունու պատկերով, միկրո և մակրո համակարգերի համընկնման ֆիզիկական տեսլականն է: Մինչդեռ կոնկրետ տարածական կենտրոնի գոյությունը որևէ կերպ չի ապահովում նաև ֆիքսված ժամանակի առկայություն: Ինչպես արդեն ասվել է՝ ժամանակի և տարածության այս ընթերցումը ենթադրում է երկու նախասկզբերի անկախություն միմյանցից և ոչ պարտադիր հատում՝ հորիզոնի և ուղղահայացի հետագծով: Միաժամանակ Բորխեսը չի բացառում կենտրոնի եզակի և հավերժ Աստված լինելու հավանականությունը, ով գուցե նույնպես «զբաղված է Ինչ-որ մեկի որոնումներով, իսկ այդ Ինչ-որ մեկը ավելի բարձր (կամ պարզապես հավասար և անհրաժեշտ) Ինչ-որ մեկի և այդպես մինչև Ժամանակի վերջը կամ ավելի ճիշտ` Անվերջը կամ Ցիկլային շրջապտույտով»: Դժվար չէ նկատել, որ ցիկլային շրջապտույտը ժամանակի կերպավորման նպատակով կիրառված հիմնական մեխանիզմներից մեկն է: «Մոտեցում Ալմոտասամին» էսսեում ձևավորվում է արարչագործական հերթական  սկիզբը, որի միֆաբանությունը սիմվոլիկ զանազան արտահայտություններ է գտնում գրքում (հիմնականում վախճանաբանական միֆոգենների վերածնման ենթատեքստն է լայնորեն խաղարկվում, իսկ «Բաբելոնյան վիճակախաղը» էսսեում ժամանակն ամբողջովին վերակերպվում է վիճակախաղի և ժամանակային չափման միակ մեծությունը դառնում է բախտը՝ իր բազմաբարդ համադրություններով):  «Շրջանաձև ավերակներ»-ում ժամանակային պարույրաձև ընթացքը երազների միջոցով է զարգանում՝ ոչ միայն իբրև մասնավոր կյանքի դրսևորում, այլև մարդկության հավերժական ժամանակի հաստատուն առանձնահատկություն. «Որովհետև կրկնվեց դարեր առաջ կատարվածը»: Շրջանաձև հեղինակային բնորոշումը բացհայտում է երազ-երևույթի (այլընտրանքային ժամանակի) կարևոր կողմերից մեկը. բորխեսյան կոնցեպտում երազը ոչ թե տրոհվում, խաչաձևվում, այլ կրկնվող հաջորդականության մեջ է գտնվում: Սա հետաքրքրական է, քանի որ լաբիրինթաձև-գրադարանային մոդելում ժամանակի անհամար զուգահեռումը իրականության միակ ձևն է: Այլընտրանքային ժամանակ-երազի պարույրաձև կարգը, հավանաբար, իրականության տրոհման մեխանիզմը գործի դնող ներքին ռիթմն է, որը կապվում է անհիշելի սկզբի և անկանխատեսելի վերջի հետ: Ժամանակի նման վարքը պայմանավորվում է կոսմիկական վերակերպումների «անվերջության», շարժման անդադարության հանգամանքի հետ (անվերջությունն այստեղ արդեն ժամանակային իմաստով): Վերակերպումներն, իդեպ, ձևափոխում են ոչ միայն տարածական կաղապարները. ժամանակի ձևախեղման ամբողջ ողբերգությունը տեքստային ներքին կուլմինացիան է բովանդակում: Անհաստատությունը անորոշության պատճառ է դառնում. «մոլորակն ստեղծվել է ընդամենը մի քանի րոպե առաջ և ունի այնպիսի բնակիչներ, որոնք «հիշում են» պատրանքային մի անցյալ» կամ «թույլ է տվել հետաքննել և նույնիսկ փոփոխել անցյալը, որը հիմա ապագայից պակաս ճկուն ու դյուրափոփոխ չէ»: Ժամանակի միագիծ ըմբռնման խախտումը, տարածությունից հարաբերական անկախացումը նաև ժամանակի անիմաստության թյուր ըմբռնմանն է հանգեցնում: Քանի որ պոստմոդեռնիստական տեքստային տիրույթում ժամանակի մասին խոսելը համարժեք է ժամանակային արարչագործությանը, ժամանակի իմաստավորման ու անխուսափելի կրկնություններով չսայթաքելու ամենահավանական տարբերակը բառի տաբուացումն է դառնում՝ ստեղծելով ժամանակ՝ առանց իր երկրորդային նշանային տարածության՝ բառի: «Բաժանվող արահետների այգին» էսսեում Յու Ցունի վեպում բոլորովին չի խոսվում ժամանակի մասին, սակայն ինչպես էսսեի հերոս չինագետ Ստիվեն Ալբերտն է պարզաբանում. «Միշտ մի բառ զեղչելը, անհաջող փոխաբերությունների և ակնհայտ շրջասությունների դիմելը գուցե և այդ բառը շեշտելու ամենաակնհայտ ձևն է»: Սխալ կլինի եզրակացնել, որ վեպում ժամանակի մասին չխոսելը լաբիրինթոսում ժամանակի բացակայությունն է, մինչդեռ ժամանակի պարականոն ըմբռնումը պարականոն մատուցման տողատակից նկատելի է: Այդ մասին ոչ ուղղակիորեն հիշատակվում է. «Մեկ ուրիշը (այդ վայրերում հաճախակիորեն ուսումնասիրված մի գիրք) ինքնին տառերի լաբիրինթոս է, սակայն նախավերջին էջում ասվում է. «Օ ժամանակ, քո բուրգերը»: Բոջրգերն այստեղ ոչ թե ռարածական գործառույթ են կատարում, այլ ինտերտեքստի: Մյուս կողմից, ինչպես արդեն տեսանք, տոպոսն ու տեքստը կարող են հատել միմյանց «պարտականությունների» սահմանները՝ ստեղծելով նաև ժամանակային բազմաձայնություն: Առանձնահատկությունը միախառնումը չէ, այլ ինքնուրույն ու հավերժ գոյություն ունենալու հնարավորությունները, որոնք չեն ավարտվում, չունեն հատված, հերթականություն, այլ միայն ընթացք, որոնց բոլորի նպատակն էլ կենտրոնին հասնելն է: Շրջապտույտը  իրական չափման արժեք է ստանում. «Հաճախ նրան անհանգստացնում էր այն տպավորությունը, որ այդ ամենն արդեն տեղի է ունեցել…»: Ժամանակներից որևէ մեկի ընտրությունը միանգամայն ազատ և չպարտավորվող ակտ է, որի կամայականությանը հակադրելի է միայն մյուս՝ նույնքան կամայական ընտրությունների հետ հանդիպման անկանխատեսելիությունը. «Ուզում էր երազում տեսնել մի մարդու, ուզում էր նրան երազել մանրակրկիտ ամբողջականությամբ և այն պարտադրել իրականությանը», սակայն պարզվում է, որ ինքը ևս «ոչ թե մարդ,  այլ մի ուրիշ մարդու երազի արտացոլանքն» է: Ընդ որում՝ պարականոն ընկալումը չի մնում սուբյեկտիվ դաշտում, այլ հնարավորինս օբյեկտիվացվում է՝ իբրև համընդհանուր իրողություն (օբյոկտիվացումն, անշուշտ բորխեսյան տեքստի սահմաններում պետք է հասկանալ). «Ինչպե՞ս չենթարկվել Tlön-ի պես կարգավորված մոլորակի մանրակրկիտ և ընդարձակված փաստին»:
    Ժամանակի ու տարածության հաշտեցումը մի որևէ պատահական ժամանակի պատահական տարածքի հետ համընկնելու վիճակախաղով է կայանում. «Բազում ապագաներին (ոչ բոլորին) թողնում եմ բաժանվող արահետների իմ այգին»:  

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: