Դիանա Համբարձումյան. «Պոստմոդեռնիզմը» որպես «մոդեռնիզմի» ժխտում անվանյալի նոր անվանիչ

    Ամեն բան սկսվում է անունից, անունով է ու անվան մեջ է: «Բանն» արդեն անուն է, որ անվանում է «միտքը», ուրեմն, անվանիչը անվանյալի ծնողն է, որ բերում-տալիս է աշխարհին, ու աշխարհը ստեղծում է նրա` բանի պատկերով, փոխում, վերափոխում, փոփոխում է պատկերը, որի շնորհիվ կամ պատճառով նոր անուն է ստանում «բանը», որն ի բնե անուն էր: Այսպիսով, անվանյալի փոփոխությունը հանգեցնում է անվանիչի նորացմանը, որը հաճախ չի սահմանափակվում նորանալով-նորոգվելով, այլ ծնում է նոր անվանիչ, որն իր հերթին հուշում է նոր անվանյալի պատկերը: Ահա այսպես «լուծելով» «բանի» առեղծվածը, որ անուն է, անվան հիմքն է ու միմիայն անվան մեջ է, կարելի է եզրահանգել. «Ամեն բան կա ի վերուստ և ոչ մի բան չկա ի վերուստ, քանի որ «բանն» է ստեղծում այն, ինչը դեռ չկա, ու «դեռ չկան» է մարտահրավեր նետում «բանին», որ ծնվի ու ծնի իրեն»:
    Այսքանը ու սա է «բանի» իմ սուբյեկտիվ ընկալումը, որն է իմ օբյեկտիվ գիտելիքը` ձեռք բերված ռացիոնալի ու իռացիոնալի համադրությամբ, որից բխում է «մոդեռնիզմի» և «պոստմոդեռնիզմի», որպես «բանի»` «անունների»-անվանիչների, ուստի և անվանյալների ինքնակա գոյության բացբացումը թե’ համընդհանուր ընդունելությամբ ամրագրված անվանյալներով, ուստի և անվանիչներով, թե’ իմ «անձնական» պատկերացման ծիրում երևակվող, մասնավորապես,  գրականության մեջ նկատված ու տեսցված անվանիչներով ու անվանյալներով:
    Մի կողմից, դյուրությամբ ընդունելի է, որ «մոդեռն» եզրն ի սկզբանե գործածվել է որպես լեզվական նշան` վերացարկելով մատնանշելու «այժմյան», «ժամանակակից» և «նոր» արտալեզվական իրույթ` անձ, իր, առարկա, իրողություն, իրադրություն, իրադարձություն, գործողություն, երևույթ և այլն, մյուս կողմից, միանգամայն տրամաբանական է, որ «մոդեռնի» անմիջական առնչություններն են «մոդեռնիզմը», «մոդեռնիստը», «պոստմոդեռնը», «պոստմոդեռնիզմն» ու «պոստմոդեռնիստը»: Եթե «մոդեռնիզմ» ասելով անմիջապես միտքդ են գալիս ժամանակակից կյանքը, փորձառությունն ու գաղափարները, ժամանակակից մարդն ու իր գիտելիքը, ապա գրականագիտական ու լեզվաբանական նշանագիտության տեսակետից խնդիրը քննելիս` «մոդեռնիզմը» հանդես է գալիս որպես նշանակիչ, որի նշանակյալն է ընդհանրապես մշակույթի, մասնավորապես արվեստի, գրականության մեջ նկատված ժամանակակից միտումների ամբողջությունը: Եթե այս գիտելիքն ապրիորի է, ապա ակնհայտվում է նրա պատճառահետևանքային էութենությունը, որը կարելի է այսպես սահմանել. «Ինձ բավարարում է քո գիտելիքը, քանի որ իմ գիտելիքն ընդգրկում է քո գիտելիքը, ինձ չի բավարարում քո գիտելիքը, քանի որ այն դուրս է իմ գիտելիքի սահմանից: Երբ ինձ չի բավարարում քո գիտելիքը, ես ընդլայնում եմ իմ գիտելիքը, որպեսզի այն բավարարի ինձ ու քեզ: Երբ քեզ չի բավարարում իմ գիտելիքը, ուրեմն այն չի ընդգրկվում քո գիտելիքի մեջ: Ընդլայնիր քո գիտելիքը, որ այն բավարարի քեզ ու ինձ»:
   Այսպիսով, ցանկացած «նոր բան» (միտք, բառ, եզր) «հնի» ժխտումը, նրա դեմ ընդվզումն ու մերժողական արձագանքն է: Այդպիսին էր իրերի դրությունը ռոմանտիզմի դարաշրջանում, երբ ժխտողական վերաբերմունք սկզբնավորվեց «արդյունաբերական հեղափոխության» ծնած արժեքների հանդեպ` հատկանշվելով «ռոմանտիզմ» եզրով: Եթե «ռոմանտիզմը» նշանակիչն էր «ռոմանտիկ մի շարժման, որը կյանքն ընկալում էր ծայրահեղ և չափազանցված հուզականությամբ» նշանակյալի, ապա «ռեալիզմը» նշանակիչն էր «մի շարժման, որն ընդդիմանում էր այդ ռոմանտիկ ընկալմանը» նշանակյալի, քանի որ տասնիններորդ դարի հիսնականներին Ֆրանսիայում սկզբնավորված և արվեստում ու գրականության մեջ տիրապետող դարձած ռեալիզմն ամրագրում էր «օբյեկտիվ իրականության» գաղափարախոսությունը, որի հիմնաքարերն էին ճշմարտությունն ու ճշգրտությունը, որոնց օգնությամբ, առանց գունազարդման և մեկնաբանության, պարզապես, նկարագրվում էր «օբյեկտիվորեն ճշմարիտը», որը հաճախ անբարո էր, տգեղ, կեղտոտ, ստոր, խեղճ ու թշվառ:
    Եվ ահա արևմտյան հասարակության մեջ տեղի են ունենում պատմական նշանակություն ունեցող արմատական փոփոխություններ, որոնք հանգեցնում են արդյունաբերական հասարակությունների գոյացմանն ու առաջընթացին քաղաքային իրականության մեջ, որոնց էլ գումարվում է Առաջին աշխարհամարտը` նպաստավոր պայմաններ ստեղծելով «մոդեռնիզմի» (տե’ս Faulkner 1990, Childs 2000, Lewis 2000) սկզբնավորման համար, որը «ռեալիզմի գաղափարախոսության բացահայտ մերժման» անվանյալի նոր անվանիչն էր կամ նշանակյալի նոր նշանակիչը: «Մոդեռնիզմը» չէր կարող խուսափել այն նույն ճակատագրից, որին դատապարտված է ցանկացած սահմանված, որոշարկված, կանոնարկված «իզմ», այն է. որոշակի պատմական ժամանակահատվածում առաջացած քաղաքական, հասարակական, քաղաքացիական, սոցիալական, մշակութային և գիտական պահանջը բավարարելուց հետո «ուղղորդված» և «ուղղորդող» բոլոր «անունները» մաշվում են ոչ միայն որպես «անվանիչներ», այլև բազմակի հարաբերումից հետո մաշեցնում են նաև իրենց «անվանյալները», որոնք հղիանում են նորով արդեն այնժամ, երբ նոր «անվանիչները» մեկ կամ երկու երևումով պարարտ հող են ստեղծում «անվանյալ» սերմերի համար: Այդպես «մոդեռնիզմ» անվանումը հղիացավ «պոստմոդեռնիզմով» դեռ այն ժամանակ, երբ թվում էր, թե «մոդեռնիզմ» անվանյալի ծնունդն իսկ անորոշ ապագայում էր լինելի, քանի որ հետազոտողները «պոստմոդեռն» եզրի առաջին կիրառությունը վերագրում են Ջոն Չափմանին (տե’ս History of Term, http://en.wikipedia.org/wiki/Postmodernism#History_of_term), այն էլ տասնիններորդ դարի յոթանասնականներին, երբ նրա` «նկարչության պոստմոդեռն ոճ» արտահայտությունը միտված էր ցուցանելու «ֆրանսիական իմպրեսիոնիզմը» հաղթահարելու ուղին: Այնժամ, երբ մոդեռնիստ գրողները քսաներորդ դարասկզբի առաջին երեք տասնամյակներում հարձակողաբար ժխտելու էին ավանդական ձևերն ու թեմաները գրականության մեջ` անցնելով փորձարարության և նորարարության գայթակղեցնող, հաղթությամբ շնչող, բայց և հուսահատորեն ձախողանքով լեցուն ուղին (Ս. Բեքեթ, Թ. Էլիոթ, Ու. Ֆոլքներ, Ս. Ֆիցջերալդ, Ֆ. Կաֆկա, Ջ. Ջոյս, Էզ. Փաունդ, Էռ. Հեմինգուեյ, Ռ. Մյուզիլ, Վ. Նաբոկով և այլք), պոստմոդեռնի ապագա ռահվիրաները, նույն իրենք` Ս. Բեքեթը և Վ. Նաբոկովը, հետագայում` Կ. Վոննեգուտը, Դ. Բարթելմը և ուրիշները,  արդեն ազդարարել էին իրենց հակամոդեռնիստական նկրտումների մասին, որը համեմված էր «բացարձակ ճշմարտության» ժխտումով, փախուստով իրականության օբյեկտիվիզմից դեպի իրականի սուբյեկտիվ ընկալում, նախորդներին ծաղրելու, երգիծելու միջոցով լիակատարը, ամբողջականն ու բացարձակը կասկածի տակ առնելու, երկբևեռ իրականությունը քամահրելով` բազմազանության թագադրման մանդատն առաջադրելու սևեռումով: Եթե ճիշտ է, որ «պոստմոդեռնի» գաղափարաբանության մեջ աչքի է զարնում իրականության բազմակի ընկալման ու մեկնաբանության հայեցակետը, որը տեղ է թողնում այլակարծության, այլադավանության և այլախոհության համար, ուստի և իրականության «ինդիվիդուալ-սուբյեկտիվ» ընկալման մեջ առանձնացվում է լեզվի, ուժային հարաբերությունների և դրդապատճառների դերակատարությունը նոր գաղափարների ու դավանանքների ստեղծման մեջ, ապա ճիշտ է նաև, որ «պոստմոդեռնը» թույլ է տալիս ամենատարբերի ու ամենազանազանի կցմցումը մեկ ամբողջի մեջ, որն էլ աշխարհի ու կյանքի ճանաչողության մոդեռնիստական փնտրտուքը վեր է ածում այդ նույն աշխարհի ու կյանքի «ետճանաչողության» պոստմոդեռնիստական որոնումների (տե’ս McHale 1987, 1992; Waugh 1992):
    Այսքանից հետո ու այսքանով հանդերձ, առկախ է մնում հարցը. «Ի՞նչ էր պոստմոդեռնիզմը կամ դեռ ի՞նչ է այն», որ նույն կերպ զբաղեցրել է պոստմոդեռնիզմի հանրահայտ գիտակներից մեկին` արաբ գիտնական Հաբիբ Հասանին, ով նաև պատասխան ունի, որ միմիայն իրենն է. «Ի՞նչ էր պոստմոդեռնիզմը և դեռ ի՞նչ է այն: Կարծում եմ` դա անդինն է, անսանձելիի վերադարձը. ամեն անգամ, երբ ազատվում ենք դրանից, հայտնվում է նրա ուրվականը: Ուրվականի պես այն խույս է տալիս սահմանումից: Անշուշտ, այսօր ես ավելի քիչ բան գիտեմ պոստմոդեռնիզմի մասին, քան գիտեի երեսուն տարի առաջ, երբ սկսեցի գրել դրա մասին: Սա, գուցե, այն պատճառով է, որ պոստմոդեռնիզմն է փոխվել, ես եմ փոխվել, աշխարհն է փոխվել:
    Սակայն, այս ամենը գալիս է միայն հաստատելու Նիցշեի այս ներհայեցումը. եթե գաղափարը պատմություն ունի, այն արդեն մեկնաբանություն է, ենթակա հետագա քննության: Այն, ինչ խույս է տալիս մեկնաբանությունից կամ վերամեկնաբանությունից, պլատոնական գաղափար է կամ վերացական վերլուծական մի հասկացույթ, ինչպես ասենք` շրջանը կամ եռանկյունին: Ռոմանտիզմը, մոդեռնիզմը, պոստմոդեռնիզմը, այնուհանդերձ, հումանիզմի և ռեալիզմի պես կփոխվեն և տեղապտույտ կտան ժամանակի մեջ, հատկապես, գաղափարաբանական հակասության և տեղեկատվական խաբեության դարաշրջանում» (Hassan 2001:1, թարգմ. իմն է - Դ. Հ.):
    Ահա և հարցի իմ պատասխանը, որ միայն իմ ըմբռնողության սահմանումն է (ճիշտ և ճիշտ պոստմոդեռնիստական ելակետ). «Պոստմոդեռնիզմը նոր անվան մարտահրավերի արձագանքն էր, «մոդեռնիզմի» ժխտում անվանյալի նոր անվանիչը: Այն հիմա էլ ստեպ-ստեպ գլուխ է բարձրացնում որպես ընդվզում` արդեն երևակայածին նախկին «իզմի» դեմ, քանի որ հիմա, գրողի իմ սուբյեկտիվ կարծիքով, համատեղ բոլոր «իզմերի» և ոչ մի «իզմի» ժամանակն է, որը, գուցե, «պոստպոստմոդեռնիզմ» է կամ դրա տարատեսակը կամ ոչ այս է, ոչ էլ այն, այլ սոսկ գրականություն է, եթե մեր ժամանակը գրականությանն է»:   
 
Գրականության ցանկ
 
1. Childs, Peter. Modernism, London: Routledge, 2000.
2. Faulkner, Peter. Modernism, London: Taylor & Francis, 1990.
3. Hassan, Ihab Habib. “From Postmodernism to Postmodernity: The Local/Global Context” // Philosophy and Literature, Volume 25, Number 1, April 2001, pp. 1-13.
4. McHale, Brian. Constructing Postmodernism. London: Routledge, 1992.
5. McHale, Brian. Postmodernist Fiction. New York and London: Methuen, 1987.
6. Pericles, Lewis. Modernism, Nationalism, and the Novel. Cambridge, U.K: Cambridge University Press, 2000.
7. Waugh, Patricia. Postmodernism. A reader. London and New York: Edward Arnold, 1992.
8. History of Term http://en.wikipedia.org/wiki

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: