Հնչեցին Դ. Սաքոյանի, Լ. Չաուշյանի և Վ. Բաբայանի ստեղծագործությունները

    Ապրիլի 12-ին՝ ժամը 19:00-ին, տեղի ունեցավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական ուրբաթօրյա համերգը, որը սակայն փոքր ինչ տարբեր էր: Համերգին հնչեցին բացառապես մերօրյա կոմպոզիտորների ստեղծագործություններ. Դավիթ Սաքոյան` «Նահանջ տարի», Լևոն Չաուշյան` Դաշնամուրային կոնցերտ թիվ 1, Վահրամ Բաբայան` սիմֆոնիա թիվ 8 (պրեմիերա): Գլխավոր դիրիժորն էր Էդուարդ Թոփչյանը: Համերգը նվիրված էր օրեր առաջ կյանքից հեռացած, ակնառու կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանին:

    Նախ պետք Է ասեմ, որ դրսում հաճելի գարնանային եղանակ էր` փոքր ինչ ամպամած, անձրև, քամի, սառած ոտքեր, սառած դեմքեր, թրջված մարդիկ, թրջված մտքեր` մի հրաշք: Ժամանակ առ ժամանակ կարելի էր տեսնել վահաններով ու մահակներով այս ու այն կողմ վազող ոստիկանների՝ հարևանությամբ տեղի ունեցող հանրահավաքից կամ զուգահեռ իրականությունից: Ամբողջական փաթեթից պակասում էին միայն մաստակավաճառ, անտիկարաբալաիստ, նախկինում դրամատիկ տենոր Ծերուկի «ԷԺԱՆ ԾԱՄՈՆ» վանկարկումները: Բայց շատ չշեղվեմ:
    Այս ամենը ես և մի խումբ մարդիկ (դահլիճի 1/3-ը), որոնց մեծամասնությունը երաժիշտներ էին, ահագին ժամանակ ունեինք նկատելու, քանի որ մեր դեմքին փակեցին ֆիլհարմոնիկի դռները՝ համաձայն ամիսներ առաջ ընդհունված որոշման` «Ուղիղ 19:00-ին փակե՛լ բոլոր դռները»: Գերմանական ճշտապահություն Հայաստանում: Ինչ խոսք, գովելի է…. և մի քիչ ցուրտ: Ինձ թույլ կտամ մի առաջարկ անել: Գերմանականը ֆաշիստականի չվերածելու նպատակով գուցե արժե 18:55-ի փոխարեն դռները փակել, ասենք, 19:07: Գոնե նրանց համար, ովքեր տոմսերով են:
12.04.13 afisha    Ինչպես հասկացաք, Դավիթ Սաքոյանի ստեղծագործությունը լսել չհաջողվեց: Այնուամենայնիվ, ծայրահեղ կարծիքներ չեմ լսել: Ստեղծագործությունը գրվել է որպես ֆիլմի երաժշտություն (1990թ.) և նվիրված է 1988 թ. Սպիտակի երկրաշարժին: Ֆիլմը այդպես էլ չնկարահանվեց, իսկ երաժշտությունը մնաց: «Նահանջ տարի» անվանումը ակնարկ է 1988թ.-ի նահանջ տարի լինելուն, որի ավարտը այդքան ողբերգական էր:
    Առաջին բաժնի ավարտին հնչեց Լևոն Չաուշյանի թիվ 1 դաշնամուրային կոնցերտը: Մենակատարն էր երիտասարդ և խոստումնալից դաշնակահարուհի Աիդա Եսայանը, ով արդեն դրսևորել է իր պատրաստակամությունը՝ կատարելու ժամանակակից հեղինակների: Ստեղծագործությունը գրված է դասական սոնատային ձևով, միամաս է: Այս կոնցերտը Լ. Չաուշյանի վաղ շրջանի ստեղծագործություններից է: Այն գրվել է 1963-64թթ., երբ կոմպոզիտորը անգամ դեռ չէր ընդհունվել Երևանի պետական կոնսերվատորիա: Տասնութը դեռ չբոլորած պատանու կողմից գրված այս կոնցերտը իրապես զարմացնում է իր հասունությամբ: Լեզվի հստակության խնդրի հետ մեկտեղ (ինչը այս դեպքում բնական էր) արդեն իսկ նկատվում էր կոմպոզիտորի ուրույն տեսակը: Դա հատկապես դրսևորվում էր դաշնամուրային պարտիայում: Կոնցերտի առաջին կատարողը եղել է հենց հեղինակը` Վահան Այվազյանի ղեկավարությամբ, և այժմ վստահել էր այն Աիդա Եսայանին: Վերջինս բազմիցս կատարել է Լ. Չաուշյանի ստեղծագործությունները և միշտ մեծ հաջողությամբ: Այս դեպքը բացառություն չէր: Ընդհանուր առմամբ կատարումը շատ հավաքված, տեխնիկապես լավ պատրաստված և ճիշտ մեկնաբանված էր: Նվագախումբ-սոլիստ համագործակցությունն էր միայն, որ փոքր-ինչ խարխուլ էր, հավանաբար երկարատև փորձերի կամ փորձի պակասից: Շատերին արդարացիորեն հուզող հարցին, թե ինչու է ընտրվել վաղ շրջանի ստեղծագործություն, կոմպոզիտորի հետ զրույցում պարզ դարձավ, որ այն ընտրվել է` ելնելով որոշակի կազմակերպչական խնդիրներից և ժամանակի սղության պատճառով, իսկ առաջիկայում սպասվում են նոր համերգներ՝ թարմ ծրագրերով:
    Այժմ երեկոյի գլխավոր իրադարձությունը: Խոսքը վերաբերվում է համերգի ավարտին հնչած Վահրամ Բաբայանի 8-րդ սիմֆոնիային (op. 117): Ստեղծագործությունը կատարվում էր առաջին անգամ: Վ. Բաբայանը կոմպոզիտոր է, ով հեղինակ է 9 սիմֆոնիայի: Դրանից զատ` սիմֆոնիա հարվածայինների համար, 3 կամերային սիմֆոնիա և 4 երգչախմբային: Իր առաջին փորձերը սիմֆոնիկ ժանրում կատարել է դեռ ինը տարեկանում (սիմֆոնիա լարային նվագախմբի համար): Եվ սա ստեղծագործությունների ցանկի փոքր մասն է միայն: 8-րդ սիմֆոնիան գրվել է 1998թ. և բաղկացած է հինգ մասից: Մոտ 50 րոպե տևողությամբ այս ծավալուն ստեղծագործությունը իր հայտը ներկայացրեց առաջին իսկ տակտերից: Ամեն բան շատ հստակ էր: Նվագախմբում տիրում էր կատարյալ իրավահավասարություն: Սիմֆոնիայում ինչ-որ մալերյան շունչ կար: Դա հատկապես դրսևորվում էր լարայինների օգտագործման տեխնիկայում և գործիքավորման ու գործիքների գույների համադրման էսթետիկայում: Կարծում եմ՝ հեղինակը խնդիր չունի խուսափելու որոշակի «նմանություններից» կամ ակադեմիական երաժշտության մեջ ավանդական դարձած սիմվոլներից/դարձվածքներից: Ինչպես ինքն է նշում. «Ստեղծագործության հերոսը մարդն է` իր ապրումներով, մտորումներով, տառապանքներով, և նրա կարևորությունը բնության մեջ, այս հակասական, բախումներով լի աշխարհում և ընդհանրապես տիեզերքում»: Ընդհանուր առմամբ սիմֆոնիան ավանդական էր, բայց բաբայանական և անկասկած արժանի ու արժեքավոր մի ստեղծագործություն:
    Վերջում չնշել մաեստրո Էդուարդ Թոփչյանի կատարած ահռելի աշխատանքն ու նվիրումը կլիներ առնվազն մեծ բացթողում: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը իր ապրիլյան համերգաշարում դեռ երկու համերգ ունի հայ հեղինակների կատարումներով և, հաշվի առնելով ստեղծագործությունների կազմն ու ծավալը, վերջիններս իրապես բացառիկ միջոցառումներ են: Մնում է միայն մաղթել հաջողություն և հաճախել համերգներին: (ՉՈՒՇԱՆԱՔ…)
                                                                                                           Գևորգ Բադալյան, կոմպոզիտոր
                                                      Լուսանկարը՝ Սոնա Անդրեասյանի, ՀՊՖՆ լրատվական բաժին
  • Hits: 4790

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: