ԱՆՏԱՌՈԳԻՆԵՐԸ

Narine-Sargsyan
Ա.Պ.Չեխովի «Քեռի Վանյա» պիեսի բեմադրությունը Համազգային պետական թատրոնում,բեմադրող-ռեժիսոր` Հրաչյա Գասպարյան, 2013թ.

    Յուրաքանչյուր թատրոնի խաղացանկում Չեխով կամ Շեքսպիր ունենալը շրջափուլային է համարվում, երբ ներկայացումը իր գեղարվեստական կերպարով և ժամանակի համատեքստում հաջողվում է` դառնալով հանրագումարային: Այս ներկայացմամբ Համազգային թատրոնն իր հասունության փուլը թևակոխեց: Հրաչյա Գասպարյանի բեմադրած Չեխովի «Քեռի Վանյան» ներկայանում է ուղերձի և գեղագիտական ձևալուծման խորքով, խոհական-հոգեբանական բարձրարժեք դերասանախաղով: Բեմադրության կերպարային բնէությունը կյանքի է կոչվում հարցադրումներ ենթադրող չեխովյան թատրոնի սկզբունքներով: Մեր առաջ կորսված հնարավորությունների գերեզմանոց է: Այստեղ ձանձրույթն ու տխրությունը մերթ կիթառի ծորուն ակորդներով, մերթ հորդառատ անձրևի ու կայծակի թնդյունով են ուղեկցվում, մերթ սառը քամու շոշափելի թևածումով: Ներկայացման մեջ մարդկային ճակատագրերի բախումներով արտահայտված ինտրիգները խաչաձևվում են, խճճվում ու հանգուցալուծվում ողբերգական ելքով: Սա է ռեժիսորի հայացքը և ներկայացման հայեցակարգը:
    Անտառը, որ բեմադրության մեջ խիտ ու մութ կեչուտ է` պատկերային երևակմամբ մերթընդմերթ բեմի ողջ տարածքի վրա դաջվող, իր մեջ խեղդում է մարդկային հոգիները և անտառային ոգիներ նրանց դարձնում: Ներկայացումը, որը սկսվում է փակ վարագույր-անտառի խորքից հնչող մարդկային խուլ ձայնի երգ-ելևեջներով, ասես անտառոգիների վերհուշ լինի` նրանց երբեմնի մարդկային գոյության, չստացված ճակատագրերի և ճահճուտում թաղված անկատար ցանկությունների:
    «Անտառոգին» «Քեռի Վանյա» պիեսի նախնական տարբերակն է, որն  ավարտվում է սիրային զուգահեռների բարեհաջող հանգուցալուծումով  (չնայած, որերրորդ գործողության ավարտին Իվան Վոյնիցկին ինքնասպանություն է գործում): Մեծ դրամատուրգը մի քանի տարի անց իր հերոսներին տեղափոխում է «Քեռի Վանյա» թատերկ` ամպամած աշուն սրտներում և առանց որևէ լավատեսական ելքի: Բեմադրիչ Հրաչյա Գասպարյանը «Քեռի Վանյա» ներկայացման մեջ ավելի է խտացնում ամպերը և ասես հակադարձելով Չեխովին` վերադառնում է «Անտառոգի», որպեսզի փնտրի շարժառիթները իր հերոսների ներփակ աշխարհների: Այստեղից նա անուղղակի ասես վերցնում է վերնագիրը` որպես ռեժիսորական մտահղացման կերպարային-վիզուալ ակնարկ: Այդ ակնարկը թե՛ տեսանելի է` պրոեկցիոն անտառ-միջավայրի առկայությամբ, թե՛ շոշափելի. ձեռքդ որ մեկնես, դու էլ անտառում կհայտնվես, և թե՛ զգացողությունների ոլորտում է. հերոսներն ասես անտառի ստվերներից են հարություն առնում, որ մի վերջին ճիգ գործադրելով` իրենց մարդկային անցյալը վերապրեն` նոր դարը ճեղքելով:
    Ներկայացումը չեխովյան է այս հասկացության ամենադասական իմաստով` տրամադրություն, ենթատեքստ, դադարներ, պլաններ, անգամ հնչյունային աղմուկներն են տեղում: Սակայն մի բան է տեղում լինել, մի այլ բան է գեղարվեստապատում արարման ժամանակ չեխովյան այդ տարբերանիշները տարալուծել հերոսների առօրյա կյանքի ընթացքի մեջ: Թերևս առօրյան ճշգրիտ բնորոշում չէ այս բեմադրության համար, քանի որ, ինչպես պարզվում է, երկու գործողությամբ «գյուղական կյանքից տեսարանները» ներկայացվում են աղետալի կործանումից առաջ: Աղետալի ելքը պատահական վրահաս չէր, այլ ինքնավճիռ, ավելի շուտ` հերոսների կողմից կայացրած ինքնադատավճիռ: Դերասանական անսամբլը այդպես էլ աշխատում է. արտաքուստ` առօրյա անցուդարձով, իսկ ներքուստ` դատավճռից առաջ կործանարար փոթորկալի ապրումները ներս առած: Այդ հակադարձ գծերը դերասաններին հաջողվում է լարված պահել առանց ճիգերի և առանց գերխաղի:
    Վոյնիցկիների կալվածքը, աստիճանաբար մարդկանցով լցվելով, անհոգի, անհաղորդ մթնոլորտով է պարուրվում: Դրանից առաջ, սակայն, ներկայացման խաղարկային սկիզբը հակառակ տրամադրությամբ է մատուցվում. Վանյան դուրս է գալիս փայտե մեծ տակառից և մաքրվելուց հետո իր խիտ ու թավ մորուքն է  սափրում: Չեխովյան Իվան Վոյնիցկու համար այդ որոշումը սխրանքի էր հավասարազոր: Ի՞նչ որոշում է սա, իրեն հարց կտար պիեսին ծանոթ յուրաքանչյուր հանդիսատես: Ելենա Անդրե՞ևնան է նրան այդ էներգիան հաղորդել, թե՞ մաքուր խղճով ու մաքուր մարմնով է նախապատրաստվում Սերեբրյակովից հաշվեհարդար տեսնել: Համենայն դեպս այն շարժառիթը, որը դառնում է բեմադրության վարկածը, հանդիսատեսի համար երկար ժամանակ անհայտության մեջ է մնում (գիտակցաբար, միգուցե ենթագիտակցաբար, Վանյան իր` մահապարտի դատավճռին է ընդառաջ գնալու): Անկախ ենթադրվող դրդապատճառներից` Վանյան մեր աչքի առաջ խորը գեղջուկից հմայիչ երիտասարդի է փոխակերպվում` ժամանակից շուտ ծերացած ու ծանրացած մարմնով: Ոտքերը հազիվ քարշ տվող այս Վանյան կիսով չափ հարբած է ու կիսով չափ լուրջ, սակայն ամբողջությամբ ինքն իր մտազգացողությունների գերին է, նա օտարոտի է մարդկանց, դատարկությունն ու ձանձրույթն են նրա ուղեկիցները: Թվում է, թե ոչ մի սպառնալիք նրան չի մղի հաղորդակից դարձնելու իր հույզերի ներքին շփոթին, իր մենախոսություններում և մեկ էլ կեսբերան` Ելենա Անդրեևնայի ներկայությամբ է նա անկեղծանում: Դերասան Վարշամ Գևորգյանի հերոսի զգայարաններն աշխատում են հարյուրի վրա, նրա բեմական մուտքերն ասես պայմանավորված չեն ժամանակային անջրպետով: Ներկայացման մեջ Վանյան իր ներքին մոնոդրաման է ապրում: Նա, անընդհատ հոսող մարդկային ոգու կյանք վերապրելով, հանդիսատեսին մտովի ներկայացման սկիզբ է տեղափոխում`  ամեն անգամ իր վճռի փակագծերը վերծանելու մի նոր տարբերակ առաջադրելով:
    Վանյա-Վ.Գևորգյանը ներկայացման կենտրոնն ու կամերտոնն է: Այդ պատճառով էլ Աստրովի կերպարը բացառիկ լինելու հավակնությամբ զիջում է նրան: Վերջինիս զգայարաններից ոչինչ չի վրիպում, իսկ Աստրովը (Գ.Մադոյան)` աչքերը գլխարկով ծածկած, չի՛ տեսնում կամ չի՛ ուզում տեսնել Սոնյայի իրեն ուղղված հուզառատ աչքերը: Աստրովը չափի մեջ ցինիկ է, չափի մեջ հնարամիտ, մինչդեռ Վանյան անչափ է իր հոգնությամբ ու լուռ ապրումներով: Վանյան խելացնոր է թվում, իսկ Աստրովը` խելամիտ, սակայն գրավչության առումով Վանյան գերակա դիրքերում է: Այս երկու տղամարդ հակառակորդներից Ելենա Անդրեևնան (Ն.Գրիգորյան), ճիշտ է, Աստրովին է ընտրում` «գեթ մեկ անգամ շեղվելով  վարքականոնագծից», որը, սակայն, կուտակված կրքի պոռթկում էր, քան զգացմունքի դրսևորում: Ելենա Անդրեևնայի տպավորիչ հրաժեշտը Վոյնիցկուն հերոսուհու ներաշխարհում տեղի ունեցող փոթորկի նոր, սպիտակ էջերն է բացում. զգացմունքային գծով Ն.Գրիգորյանի Ելենա Անդրեևնան, այնուամենայնիվ, Վանյա-Վ.Գևորգյանի հմայքի որոգայթներում էր գտնվում:
    Ելենա Անդրեևնային միանգամայն արժանի մրցակցուհի է ներկայանում Սոնյան (Տ.Ղազարյան): Դերասանական դուետն այնպես է պարպում կուտակած ներքին հույզերը, որ հերոսուհիներն իրենց զգացմունքների ու ցանկությունների խորքով միանգամայն ինքնաբավ են թվում: Խորթ մայրն ու դուստրը, գեղեցիկն ու տգեղը ինչ-որ տեղ բախտակիցներ են դառնում ու ոռնում իրենց պարուրած զգացմունքների մասին. ոտնամանները մի կողմ շպրտելով, հոգուն ու մարմնին ազատություն տալով` առօրյա ռելսերից պոկվում ու մի կարճ պահ ճախրում են: Դերասանուհիների այս զույգը տեսարանը խաղում է սահմանային իրավիճակում և առանց սայթաքումների: Պատրանքային ցանկությունների շուրջ միախմբվելով` նրանք Վանյայի և Աստրովի հետ ասես միևնույն հավատամքի ունիսոն քառյակ են ներկայանում: Խնդիրը նույնն է, նույնն է նաև ուղեգիծը` լռել, հաշտվել, անհեթեթ հույսեր փայփայել, ուշացած կրքեր արթնացնել: Երբ Վանյան ալ վարդերի փնջով ներկայանում է Ելենա Անդրեևնային և Աստրովի գրկում նրան հայտնաբերում, ակամայից փորձում ես պատկերացնել Վանյային իր նախկին փարթամ, անխնամ մորուքով և վարդերի նրբագեղ փնջով: Թվում է, թե հերոսը մորուքը սափրել էր հատուկ մտադրությամբ: Զուր հույսեր, Ելենայի հանդեպ Վոյնիցկին տասը տարի հետո նորից ուշանում է:
    Գասպարյանի բեմադրությունը կարևորում է մենության, անհաղորդության թեման: Վոյնիցկու համար ծանր է գիտակցել, որ կյանքը պատրանքների մեջ է անցկացրել: Սերեբրյակովը (Ս.Թովմասյան), ով ներկայացման սկզբի տեսարաններում հայտնվում է հիվանդասայլակին նստած, մշտակա նիրհող ներկայությամբ, ճմրթված ու նողկալի, նրա համար քավության նոխազ է դառնում: Վ.Գևորգյանի հերոսը փորձում է աշխարհից խռովությունը թաքցնել` մոր գրկում պաշտպանություն փնտրելով, սակայն հոգին Սերեբրյակովին նվիրաբերած Maman-ը (Ա.Անդրեասյան) գթասրտության բնազդներ չի դրսևորում: Հուսախաբությունից ծնված ընդվզումը Վանյային նոր սխրանքի է մղում: Սակայն Վանյայի նույնիսկ կրակոցը թիրախի կողքով է անցնում: Այն, որ անհասկանալի  առույգացած Սերեբրյակովը, Ելենային քարշ տալով, դեպի ելք է շարժվում, տագնապելու մի այլ առիթ է ստեղծում. հիվանդասայլակը դատարկ է մնում: Սերեբրյակովի արտաբերած վերջին ռեպլիկը` «Գո՜րծ է՜ պե՜տք անե՜լ, պարոնա՜յք, գո՜րծ», հանրագումար էր ներկայացման ասելիքը ամբողջացնելու համար: Բեմադրիչը մետաֆոր-միզանսցեն է ստեղծում. Սոնյան և քեռի Վանյան դատարկ տակառն են առանցքի շուրջ անիմաստ պտտում: Պարզվում է, որ նրանք սին գործով են զբաղվել: Կորած կյանքի զգացողությունը վերապրում են նաև Ելենան և Աստրովը: Այդ Չեխո՛վի Աստրովն էր, որ անտառ տնկելու մեջ պոեզիա էր տեսնում, բեմադրության մեջ Գ.Մադոյանի հերոսը նույն անհաջողակն է, ինչ որ Վոյնիցկին, պարզապես դերասանն իր ֆակտուրայով չհանձնվող հերոսի է մարմնավորել, միգուցե կամային թվացյա՞լ հատկանիշներով է նրան օժտել: Մահագույժ թմբուկը խաղարկելուց հետո անդրդվելի Աստրովին այնուամենայնիվ հաջողվում է Վոյնիցկուց մորֆիի սրվակը ետ վերցնել (ո՜վ գիտե, ի՜նչ է կատարվում այս օղի կոնծող միայնակ հերոսների ներաշխարհում): 
    Բոլորին ժամանակ առ ժամանակ դայակն է (Ա.Պողոսյան) զգոն պահում իր խստաբարո ուղղորդումներով, և բոլորն էլ ենթարկվում են հլու հնազանդ: Նա բեմի մերթ առաջին պլանում է ամենը հսկում, մերթ ամենաետին` միայնության աթոռին բազմած: Երբեմն-երբեմն Վաֆլյայի (Ա.Գասպարյան) անպատեհ միջամտություններն են կոտրում հերոսների տրտմությունը, իսկ նրա հնչեցրած կիթառի ակորդները` տրամադրություն ստեղծում:
    Վերջին պատկերում հայտնվում է հիվանդասայլակը… ինքնախոստովանության հույզերից ուժասպառ Վանյային իր մեջ առած: Սոնյայի «մենք կհանգստանանք»  խոսքերը ողբերգական ենթիմաստ են ստանում: Բեմի միջավայրում նորից է սփռվում անտառի ծավալային տեսապատկերը ու տագնապալի, ալիք առ ալիք ամայություն խորհրդանշող երաժշտության ներքո հերոսներին իր անտակ ճիրանների մեջ առնում: Չեխովյան հերոսների աշխարհը վերածվում է մարդկային անթաղ հոգիների գերեզմանոցի, որոնց գլխավերևում երկնքի սև ավետաբերները ռեքվիեմ են կռնչում: Ողբերգական հույզերով խաղացված այս դրաման գրեթե աստվածաշնչյան խորհրդածությունների գիրկն է քեզ տանում, ինչպե՞ս ապրել, որ կյանքդ պարապ ու անիմաստ չանցնի, որ հոգիդ քեզնից հետո ոչ թե  անհանգիստ թափառի, այլ խաղաղ հանգրվան գտնի: Այս հարցադրումը ներկայացումից հետո քեզ հանգիստ չի տալիս, ու դու հիշում ես մի մանրուք, որը ներկայացման ընթացքում ուշադրությունիցդ վրիպել էր. բեմադրիչը խաղարկվող կուլիսի ետևում աղոտ մի լույս էր տեղադրել, որը նույնիսկ ամպրոպից հետո շարունակում էր վառվել:
    Համազգայինի «Քեռի Վանյա» բեմադրությունը եկավ հավաստելու, որ Չեխովի բարձրարժեք դրամատուրգիան հայ թատրոնում նույնպես կարող է ներկայացվել հայեցակարգային նոր և արդիական լուծումներով, բեմադրախաղարկային բարձրաճաշակ, խորաթափանց դրսևորումներով: Ներկայացումը շրջադարձային է ոչ միայն 21-ամյա Համազգային թատրոնի կյանքում, այլ նաև ամբողջ հայ թատրոնի ժամանակակից գործունեության շրջափուլում:
                                                                                                                                                                                                                        
                                                                                           Նարինե Սարգսյան
արվեստագիտության թեկնածու