«ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐ ԵՎՐՈՊԱՅԻ ՕՊԵՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ ՆՄԱՆ ՇՓՈՒՄ ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ»․ՀԱՍՄԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ

 Ապրիլի 27-30-ը Երևանում կանցկացվի «Երևան» առաջին միջազգային օպերային փառատոնը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում ելույթ կունենան համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգիչներ:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարը Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանն է:

«ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը խնդրեց նման փառատոն կազմակերպել: Միանգամից միտք առաջացավ այն նվիրել մեծանուն տենոր Գեղամ Գրիգորյանի հիշատակին: Նախ նրա դստերը՝ սոպրանո Հասմիկ Գրիգորյանին (Լիտվա) հրավիրեցի մասնակցելու փառատոնին, այնուհետև իմ մյուս ընկերներին՝ «Մետրոպոլիտեն» և «Լա Սկալա» օպերային թատրոնների, Վիեննայի պետական օպերային թատրոնի երգչուհի, սոպրանո Բարբարա Ֆրիտտոլիին (Իտալիա), որը մի քանի անգամ ելույթ է ունեցել Գեղամ Գրիգորյանի հետ, ինչպես նաև Սթիվեն Կոստելլոյին (ԱՄՆ), բարիտոն Ռոդիոն Պողոսովին (ՌԴ) և «Մետրոպոլիտեն»-ի հայտնի արտիստ, բարիտոն Գեորգի Գագնիձեին (Վրաստան)»,- ապրիլի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոնստանտին Օրբելյանը:

Փառատոնին մեր օպերային թատրոնը կներկայացնեն սոպրանո Հասմիկ Թորոսյանը և բարիտոն Առնոլդ Քոչարյանը:

«Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի օպերային ազգային թատրոնը: Կարծում եմ՝ նման փառատոները մեր երկրի համար շատ կարևոր են, որովհետև երկար տարիներ այդպիսի շփում չենք ունեցել Եվրոպայի օպերային արվեստի հետ: Քանի որ այս արվեստը մասսայական չէ, դասական է և միջազգային, շատ կարևոր է, որ շփում լինի տարբեր երկրների ներկայացուցիչների հետ»,- նշեց Հասմիկ Թորոսյանը:

Տենոր Գեղամ Գրիգորյանի դուստր Հասմիկ Գրիգորյանը երազում է իրականացնել հոր երազանքը՝ Հայաստանում հիմնել  օպերային երգարվեստի ակադեմիա:

«Հայրս ողջ կյանքում երազել է, որ հայ հանդիսատեսը մոտ լինի օպերային արվեստին, և որ վերջինս երիտասարդ հանդիսատես ունենա: Վստահ չեմ, որ այդ երազանքը մոտ ապագայում կիրականանա, բայց հուսով եմ՝ հետագայում եղբայրներիս հետ միասին իրականություն կդարձնենք օպերային արվեստի ակադեմիա ունենալու գաղափարը»,- ասաց նա:

Ապրիլի 27-ին՝ փառատոնի բացման համերգի ընթացքում, Հասմիկ Գրիգորյանը, Սթիվեն Կոստելլոն և Ռոդիոն Պողոսովը կներկայացնեն արիաներ ֆրանսիական, իտալական և գերմանական օպերաներից: Համերգը կղեկավարի Կոնստանտին Օրբելյանը:

Վերջինս նկատեց, որ փառատոնի ծրագիրն առաջարկել են մասնակից մենակատարները:

Ապրիլի 28-ին հանդես կգան Բարբարա Ֆրիտտոլին և Գեորգի Գագնիձեն՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ:

Իսկ արդեն ապրիլի 30-ին կներկայացվի Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերան՝ Հասմիկ Թորոսյանի, Առնոլդ Քոչարյանի և Սթիվեն Կոստելլոյի մասնակցությամբ: Ներկայացումը կղեկավարի հրավիրյալ դիրիժոր Քրիս Ռուսմանը (Մեծ Բրիտանիա):

Սիրանուշ Հայրապետյան
  • Hits: 2981

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: