Գրքի երևանյան փառատոնը տեղի է ունենալու

Հարգելի՛ գործընկերներ,

«Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը անհրաժեշտ է համարում պարզաբանել վերջին օրերին Հայաստանի մշակութային հիմնադրամի նախագահ Մանուկ Նիգոյանի՝ Գրքի երևանյան երրորդ փառատոնի առնչությամբ բարձրացրած աղմուկը:

Հերթով անդրադառնանք ներկայացված մեղադրանքներին:

Առաջին: Պարոն Նիգոյանը պնդում է, որ ԿԳՄՍՆ-ն դրամաշնորհ է տրամադրել առանց պետական պատվերի ընթացակարգի: Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ երբեք մշակութային միջոցառումները պատվերով (տենդեռով) չեն իրականացվել: Պատվերով կարելի է գնել, ասենք... գրիչ կամ տետր: Այլ բան, որ նախորդ տարիներին դրամաշնորհների իրականացման համար մրցույթներ չեն հայտարարվել, այլ դրամաշնորհները տրվել են ընթացիկ գաղափարների իրականացման համար: Այս տարվա հունվարից փոխվել է դրամաշնորհների տրման կարգը. ամեն եռամսյակ ԿԳՄՍՆ-ն հայտարարել է մրցույթ՝ միջոցառումների իրականացման համար, որոնց դիմելու իրավունք են ունեցել շահույթ չհետապնդող կազմակերպությունները, որոնք ունեն ժամանակակից արվեստների, գրի և գրահրատարակչության, մշակութային կրթության և այլ ոլորտների նորարական և հեռանկարային նախագծեր:

Հուլիսին եղել է վերջին հնարավորությունը՝ ընթացիկ տարում ծրագիր իրականացնելու համար:

«Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը տարիներ շարունակ իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, դրանց հիմնական մասը՝ տարատեսակ դրամաշնորհներով, այդ թվում՝ պետական, մշտապես եղել է բաց ու թափանցիկ իր գործունեության մեջ՝ վայելելով աջակցող կազմակերպությունների և մասնագիտական հանրության վստահությունը:

Մեր գործունեության յոթ տարիների ընթացքում երբևէ որևէ մեկը կասկածի տակ չի դրել աշխատանքում մեր պրոֆեզիոնալիզմն ու թափանցիկությունը: Մեր գործունեությունը և իրականացրած ծրագրերը երաշխիք են, որ մեր թիմն ի վիճակի է նմանատիպ ծրագրեր իրականացնել առավելագույնս բարձր մակարդակով: Մեր նախորդ ծրագրերից շատերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝http://cultural.am/hy/mer-masin/cragrer.

Մենք հավաստում ենք, որ մեզ իրենց պատկերացրած որևէ ստվերային սխեմայում տեսնող մարդկանց զրպարտության համար պատասխանատվության կանչելու բոլոր իրավունքները ունենք այս պահից:

Հաջորդ մեղադրանքը վերաբերում է հասարակական կազմակերպության նախագահի՝ նախարարության աշխատակից լինելուն: Այս վերջին սխալ ձևակերպումը արտատպել են որոշ լրատվամիջոցներ:  Հասմիկ Խեչիկյանը ոչ թե նախարարության, այսինքն՝ գերատեսչության, այլ «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի աշխատակից է: Ընդգծենք՝ նրա աշխատանքային պայմանագիրը ոչ թե նախարարության հետ է, այլ՝ ՊՈԱԿ-ի: Մրցույթի որևէ նախապայման չի խախտվել, քանի որ  որևէ տեղ նշված չէ, որ ՊՈԱԿ-ի աշխատակիցները մրցույթին դիմել չեն կարող, ավելին՝ եթե մրցույթին կարող են դիմել նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ները, ի՞նչն է խանգարում այդ ՊՈԱԿ-ի աշխատակցին դիմել այդ նույն մրցույթին: Այսինքն՝ որևէ աշխատակից իրավաբանորեն սահմանափակված չէ իր առանձին կազմակերպությամբ մասնակցել մրցույթին: Որպես «սրտահովանք» գանգատվողներին՝ նշենք, որ ծրագիրն ամբողջապես իրականացվում է լիազորագրով, և ծրագրի պատասխանատու-ղեկավարը բոլորովին այլ անձ է՝ ալտահար, կոմպոզիտոր Մերի Դոլմազյանը:

Նկատի ունենալով, որ մրցույթի պայմաններում կարևոր է համարվել նախարարության մշակութային քաղաքականությանը համապատասխանող ծրագրեր ներկայացնելը, մեր կազմակերպությունը ներկայացրել է գրական փառատոնի ծրագիր, որն իր ձևաչափով համապատասխանում է Գրքի երևանյան փառատոնին և նկատի ունենալով, որ այս ծրագիրը նախորդ տարիներին իրականացրել են տարբեր կազմակերպություններ՝ «Միհր» հասարակական կազմակերպությունը, «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ը, հետևաբար՝ չի խախտվել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

Նույն Մանուկ Նիգոյանը բազմաթիվ անգամներ, երբեմն տարին երկու անգամ ստացել է նախարարության դրամաշնորհները և միայն հիմա է դժգոհ, որովհետև այստեղ հարցը ոչ թե դրամաշնորհին, ծրագրին, դրա անցկացման որակին է վերաբերում, այլ անձերի: Պարոն Նիգոյանը և նրա հետևում կանգնած անձինք դժգոհ են, քանի որ սովոր են՝  «եթե ոչ մենք, ապա ոչ մեկը» կարգավիճակին:

Եթե հիշյալ պարոնը և սոցիալական ցանցերում այս հարցը քննարկող այլ անձինք, որոնց մի մասի «դրամաշնորհային անցյալին» բավականին մանրամասն տեղյակ ենք, մտահոգ են պետական միջոցների ծախսման թափանցիկությամբ և արդյունավետությամբ, տեղեկացնում ենք, որ ծրագրի իրականցման ամբողջ գործընթացի, ինչպես նաև միջոցների ծախսման վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է լինելու, ցանկացած քաղաքացի կարող է ստանալ և ուսումնասիրել դրանք:

Գրքի Երևանյան փառատոնը տեղի է ունենալու:

«Մշակութային հասարակություն» ՀԿ-ի համահիմնադիր,

հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխաատու՝ Աստղիկ Հակոբյան

 

 

  • Hits: 3070

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: