Quarantine composers challenge. Նոր ստեղծագործություն՝ 24 ժամում  

 

 

Մի կողմից արտակարգ դրությունն այս օրերին ստիպում է մնալ տանը և ճնշվել պատերի նեղությունից, մյուս կողմից  էլ մարդիկ ելք են գտնում ու դուրս են գալիս այդ պատերից և անգամ «վերացնում» տարածական սահմանները, իհարկե` չխախտելով կարանտինը:

«Quarantine composers challenge»-ը հենց այդպիսի նախաձեռնություններից մեկն է, որի գաղափարն ու իրագործումը «Ասոնանս» անսամբլինն է: Աշխարհի տարբեր երկրներից կոմպոզիտորները կարճ ժամանակում գրում են նոր ստեղծագործություն, որն անսամբլի երաժիշտները կատարում և ներկայացնում են ունկնդրին:

«Մենք ինքներս ենք ընտրում կոմպոզիտորներին՝ ամեն խմբում 4 կոմպոզիտոր, իսկ հետո հայտարարվում է գործիքային կազմի մասին: Դրանք հիմնականում դուետեր են, մեծ գործիքային կազմեր չեն: Օրինակ, առաջին գործիքակազմը  ֆլեյտա և ալտ էր: Մենք նետում ենք, այսպես ասած, մարտահրավեր, կոմպոզիտորները պետք է այդ երկու գործիքի համար գրեն մինչև մեկ րոպե տևողությամբ նոր ստեղծագործություն: Նրանք 24 ժամ ունեն՝ նոր ստեղծագործությունը գրելու համար, ինչից հետո հաջորդ 48 ժամվա մեջ մենք պետք է կատարենք և ներկայացնենք այն». -մանրամասնում է  անսամբլի հիմնադիրներից կոմպոզիտոր Ռուբեն Անտոնյանը:

Երբ բոլոր պլանները, գալիք նախագծերը երկրում ստեղծված իրավիճակի պատճառով պարզապես անորոշ ժամանակով հետաձգվեցին, Արամ Հովհաննիսյանի մոտ, ով նույնպես անսամբլի հիմնադիրներից է, ծնվեց այս գաղափարը:  Այն բոլորով քննարկելուց  հետո որոշեցին իրագործել:

«Ի սկզբանե որոշել էինք, որ հայ կոմպոզիտորների համար է նախատեսված, բայց այս դրությունը մեզ թույլ է տալիս ֆիզիկական սահմանները վերացնել, և մենք ընդգրկեցինք ավելի լայն աշխարհագրություն»,-մեզ հետ զրույցում ասաց Ռուբենը:

Կոմպոզիտորների ընտրության հարցն էլ միանգամից և հեշտությամբ չի արվում, իհարկե, առաջնահերթությունը ակտիվներինն է, բայց շատ կարևոր են նաև մարտահրավեր նետված կոմպոզիտորի և խմբի երաժշտական նախասիրությունները: Այդ է պատճառը, որ ամեն անգամ կոմպոզիտորին ընտրելուց առաջ մանրամասն ուսումնասիրում են նրա գործերը, գրելու ոճը: Իսկ ահա աշխարհագրությունը մեծ է` Իսպանիա, Կոլումբիա, Ավստրիա, Անգլիա, Հոլանդիա, Հայաստան, Ամերիկա: Այս երկրների շարքը դեռ կավելանա, քանի որ նախաձեռնությունը դեռ շարունակվում է, հիմա ընթանում են երրորդ մարտահրավերի աշխատանքները:

Ըստ Ռուբեն Անտոնյանի, երբ մարդն իր ներսից ստեղծագործող է, էնտուզիազմով լի, ձգտում  ունի` ինչ-որ բան անելու, ինչ-որ բան ստեղծելու, այդ դեպքում ստեղծված իրավիճակը կարող է անգամ օգտակար լինել: Եվ այս նախաձեռնությունն էլ ստեղծագործելու ևս մեկ խթան է:

Նախաձեռնության  հեղինակներն ասում են՝ հնարավոր է՝ կարանտինի ավարտից հետո այս գործերը երկրորդ կյանք կստանան՝ համերգի տեսքով:

 

Մերի Հովհաննիսյան

  • Hits: 2545

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: