Տ.Պասկևիչյան. Սոցիալական մեդիան այսօր օգտագործվում է ոչ թե գաղափարների, այլ՝ շատախոսության համար

 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մեկնարկել է «Դիմակահանդես լրավարակի ժամանակ» մեդիագրագիտության առցանց փառատոնը: Նպատակը մեդիագրագիտության թեմայով  մարդկանց հանրային քննարկման մեջ ներգրավելն է և հանրությանը  այնպիսի հմտությունների փոխանցումը, որի միջոցով հնարավոր կլինի հասկանալ լրատվության կեղծն ու հավաստին, ստուգելու տեղեկատվությունը և խուսափելու մանիպուլյացիաներից։ Փառատոնն անց է կացվելու Երևանում և Հայաստանի ութ մարզերում՝(Տավուշ, Շիրակ, Արագածոտն, Սյունիք, Արմավիր, Լոռի, Վայոց ձոր, Գեղարքունիք) մի քանի ամիս տևող օնլայն տեղեկատվական արշավի, դասընթացների, դիտումների, քննարկումների և այլ միջոցառումների տեսքով:

Փառատոնի շրջանակում առցանց ցուցադրվեց  լրագրող, սցենարիստ Տիգրան Պասկևիչյանի «Անկարելին՝  կարելի»  ֆիլմը, որտեղ ներկայացվում է, թե ինչպես կարող է իրացվել մարդու արտահայտվելու իրավունքը՝ բռնապետության, սահմանափակ  հնարավորությունների պայմաններում և դրա համար մարդն ինքը ինչ հնարավորություններ կարող է ստեղծել:

Հեղինակի խոսքով՝ ֆիլմի գաղափարն առաջացել է, երբ 2009-2010թթ-ին, երբ ինտերնետը հասանելի էր դառնում և ստեղծվել էր մի իրավիճակ, որ մարդիկ ճիշտ չէին ընկալում համացանցի ընձեռած լայն հնարավորությունների կարևորությունը: Ի հակադրություն դրա՝ փորձել են ցույց տալ, թե նախկինում ինչպես էին նվաճում խոսքի ազատությունը: Ֆիլմի առանցքում «սամիզդատ» մամուլն է, որին զուգակցվում է ներկայիս համացանցը:   

Սամիզդատ

Սամիզդատ մամուլը զանգվածային տպագիր մամուլի այլընտրանքն էր: Սրանք այն թերթերն էին, որոնք տպագրվում էին գաղտնի պայմաններում, բազմացվում՝ տպագրական մեքենայի կամ լուսանկարելու միջոցով: Սամիզդատն առաջացել և մոտ չորս տասնամյակ գոյություն է ունեցել Խորհրդային միությունում, որտեղ խոսքի մենաշնորհը պատկանում էր կառավարող վարչախմբին: Կար մեկ կարծիք, մեկ ճշմարտություն, որը հասցեագրվում էր սովետական հասարակությանը, ուստի այլախոհները մարդկանց իրենց խոսքը հասցնելու համար այս միջոցին էին դիմում:

Սամիզդատի առաջին փորձը արվում է 1960-ական թվականերին, որից հետո ստեղծվում են տարբեր հանդեսներ, թերթեր, տեղեկագրեր: Այդօրինակ գործունեության համար մարդիկհետապնդվում էին, բանտարկվում: Իշխանությունները այլախոհների նկատմամբ կիրառում էին նաև «պրոֆիլակտիկ միջոցներ»: Հարկադիր կամ պատժիչ հոգեբուժությունը այդ միջոցներից մեկն էր, որի միջով անցնում են նաև Սամիզդատի գրադարանի (Օդեսայում գտնվող գրադարանում  հավաքվում էին գրողների արգելված գրքերը) հիմնադիր Վյաչեսլավ Իգրունովը, բանաստեղծ, խրոնիկայի հիմնադիր խմբագիր Նատալյա Գորբանևսկայան, ռուս գրող Վլադիմիր Բուկովսկին, Ալեքսանդր Եսենինը-Վոլպինը և ուրիշ այլախոհներ:

«Մեր ֆիլմի հերոսների մեծ մասը «սամիզդատ» երևույթի հետ կապված մարդիկ են: Իրենց գտանք, կապ հաստատեցինք և սիրով համաձայնեցին նկարահանվել»,-նշում է ֆիլմի հեղինակը:

Ահա թե ինչ են պատմում ֆիլմի հերոսները:

Սամիզդատ գրադարանի հիմնադիր Վյաչեսլավ Իգրունով

«Սամիզդատը ընտրյալների համար էր և այդ գործով զբաղվում էին անձնուրաց մարդիկ: Դրա պատճառով մարդը կարող էր ստանալ 3, 5, 7 տարվա պատիժ ու 5 տարվա աքսոր, կրկնվելու դեպքում՝ 10 տարի բանտ, ևս մի քանի տարի աքսոր»:

Բանաստեղծ, հրատարակիչ Նատալյա Գորբանևսկայա

«Ախմատովայի «Ռեքվիեմը» ես տպագրեցի չորս օրինակով: Երեքը տվեցի ծանոթներիս և ասացի՝ վերադարձրեք ինձ իմ օրինակն ու ևս մեկ պատճեն: Երբ ևս երկու ավելորդ օրինակ ունեցա, դրանք էլ նույն պայմանով բաժանեցի, այսինքն՝ ընդհանուր առմամբ տարածեցի շուրջ հարյուր օրինակ: Փոքրիկ հրահանգ էի դրել նրանց համար, ովքեր ուզում են լուրեր փոխանցել. եթե ուզում եք լուր տալ խրոնիկային՝ փոխանցեք սա այն մարդուն, ումից վերցրել եք խրոնիկայի համարը, նա էլ կտա նրան, ումից ինքն է վերցրել և այպես շարունակ, բայց մի փորձեք ինքնուրույն գնալ մինչև վերջ, որպեսզի ձեզ մատնիչի տեղ չդնեն»:

Արվեստաբան Վիտալի Պացյուկով

«Սամիզդատը ազատ գոյություն էր անազատության միջավայրում, երբ անհատն արտահայտվելու պատասխանատվություն էր ստանձնում՝ գրքի տեսքով, ուղերձի, տեքստի:

«Փարոս 4»-ի համախմբագիր Ազատ Արշակյան

«Գունավոր մետաղների հանձնման կետում հայտնաբերել էինք առանձին-առանձին տառերի մատրիցաներ: Դրա համար պատրաստեցինք հատուկ սարք, որի մեջ կարող էինք տեղավորել այդ տառերը: Այդ սարքի մեջ լցնում էինք հալված արճիճ, վերևից սեղմիչ էինք պատրաստել, որ պտտում էինք, տողերը շարում տախտակի վրա ու դառնում էր տպագրական սարք: ԿԳԲ-ի (խմբ.-Ազգային անվտանգության կոմիտե)  համար դա շատ  փնտրրվող օբյեկտ էր, որովհետև  իրենք չգիտեին՝ դա ոնց է արվում»:

Cultural.am-ի հետ զրույցում  Տիգրան Պասկևիչյանը նշում է, որ հայկական միջավայրում, որպես այդպիսին, չի եղել այնպիսի սամիզդատ, ինչպիսին եղել է ռուսականում: Եվ «Փարոս 4»-ը, որը ևս ներկայացված է ֆիլմում, ըստ էության, ոչ թե լրատվամիջոց էր, այլ քաղաքական գաղափարներ հռչակելու միջոց, թռուցիկ:

Սամիզդատն ու  համացանցը

Ըստ Տիգրան Պասկևիչյանի՝ սամիզդատն ու ներկայիս համացանցը կապված են արտահայտվելու ազատություն ունենալու ցանկությամբ և ցանցային բնույթով: Ինչպես նշվում է ֆիլմում՝ խրոնիկայի շուրջ շատ արագ գոյանում է ընթերցող-տարածողների մի բազմություն, որը նաև պարբերականին ապահովում է թարմ լրատվությամբ: Սա, թերևս, համացանցի հնարավորությունները համացանցից առաջ կիրառելու ամենացայտուն օրինակն է:

Հեղինակի դիտարկմամբ՝ մարդիկ պիտի հասկանան, որ այսօրվա հնարավորությունները պիտի օգտագործվեն ըստ էության, մինչդեռ սոցիալական ցանցերը հաճախ օգտագործում են ոչ թե գաղափարներ, մտքեր փոխանակելու և դիսկուրսներ ստեղծելու համար, այլ շատախոսության:

Հավելենք, որ Ֆիլմը ստեղծվել է շուրջ վեց տարի առաջ, ցուցադրվել է դպրոցներում, բուհերում ու կրթական հարթակներում, և ըստ հեղինակի, ամենուրեք եղել են լուրջ քննարկումներ: «Մարդիկ ժամանակ առ ժամանակ անդրադառնում են այս թեմային, տարբեր հարցեր ուղղում»:

Մեր հարցին՝ Ֆիլմի ստեղծման ճանապարհին որևէ դժվարության հանդիպել են, պատասխանում է՝ ոչ, իրենց օգնել են և հնարավորություն են ունեցել աշխատել արխիվներում, լուսանկարահանել ու այդ կադրերն օգտագործել ֆիլմում: 

 

 

Մարջան Չոբանյան

Լուսանկարը՝ hetq.am

 

  • Hits: 2078

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: