«Մենք ենք»  խորագրով ազդագրերի լեզվով  խաղաղությունն է խոսում

 

Կինոյի տան պատերից կախված ազդագրերը խաղաղություն, բայց միևնույն ժամանակ վճռականություն են խորհրդանշում:

Նոյեմբերի մեկից մեկնարկեց ազդագրերի բարեգործական ցուցադրություն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Նվիրում Արցախին» ծրագրի շրջանակում։ 

«Մենք ենք` միասին աննկուն վճռական

Մենք ենք ` ապրելու իրավունքի համար

Մենք ենք` սգավոր հոգիների հետ

Մենք ենք` ոգեկոչ ձայների կողքին

Մենք ենք` բառ ու գույնով

Մենք ենք` հարգանքով արժանապատիվ խաղաղ». հենց այս խոսքերն են ոգեշնչել թվով 27 արվեստագետների` Հայաստանից, Արցախից և Սփյուռքից,  ստեղծել ազդագրեր, որ ավելի շատ ամրության և խաղաղության կոչ են հիշեցնում։ 

IMG 20201101 170632 3

«Ազդագրերի վաճառքից գոյացած ամբողջ հասույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամին է ուղղվելու: Ընդհանուր հայեցակարգը` խաղաղության շուրջ ազդագրեր ստեղծելն է, ցույց տալով, որ մենք, անշուշտ, կանգուն ենք, վճռական, բայց նաև խաղաղ, արժանապատիվ». իր խոսքում նշեց ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Նաիրի Խաչատուրյանը:

Թե´ ազդագրերի, թե´ համադրումը մինիմալիստական բնույթը առավել խտացնում էր խաղաղության ձգտման երանգները` թույլ տալով դիտողին գործի դնել երևակայությունը: «Շատ կարճ ժամկետում կարողացանք համադրել այս ցուցադրությունը: Խորագրի էությունը նաև ցուցադրության ձևավորման մեջ է արտացոլված. ազդագրերն այսպես կախված կանգուն են»:

IMG 20201101 170416

Արվեստագետները իրենց ողջ ներուժն էին դրել` ստեղծելու յուրահատուկ և խոսուն գործեր: Արեգ Բալայանը բառախաղ էր ստացել` երկու իմաստ դնելով ազդագրի մեջ`  «Հին տերն ենք» և «Հին տներն ենք»:  Մեկ այլ հեղինակի` ֆրանսահայ Վահրամ Մուրադյանի ազդագիրը հավասարակշռության մասին է: Առաջին հայացքից իրար վրա և կողք կողքի  շարված  երկրաչափական պատկերներն ենք նկատում. «Խաղաղությունը մեծ ու փոքր ուժերի պետությունների հավասարակշռությունն է: Արևիկ Դորի ստեղծագործությունը կանգուն կարմիր կակաչի ձևավորման տեսքով է արտացոլվում»,- նշեց համադրողը:

Ցուցահանդեսը դեռ կշարունակի գործել և խաղաղության, կանգուն լինելու ոգին փոխանցել այցելուներին` մինչը նոյեմբերի 7-ը:

 

           

Մերի Հովհաննիսյան

  • Hits: 1755

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: