Կյանքը կծիկ է, որի հետ խաղում են... կատուները

   Տարբեր երկրներում, տարբեր տարիքի, տարբեր սեռի, տարբեր մարդիկ, տարբեր անուններով ու սպասումներով, տարբեր ներքին ժամանակներով ու մի քանի ընդհանուր երազանքով. ընդամենը: 
     Ես ու Դու...
   Իմ տղամարդը, գուցե օվկիանոսներ այն կողմ, գուցե մի քանի շենք, գուցե մի քանի գյուղ, գուցե մի քանի մարդ այն կողմ, իմ տղամարդը...
   Մեկ-մեկ հոտդ առնում եմ օտարներից, մեկ-մեկ ճանաչում-գտնում տարբեր կինոների տարբեր դերասանների մեջ, երբեմն կորցնում հոտդ, ձայնդ, դեմքիդ միմիկան խմելիս, ծխելիս, երբեմն կորցնում քեզ:
   Ես գալիս եմ քեզ ընդառաջ ու տեղ եմ թողնում, որ դու էլ մոտենաս, որ դու էլ գաս, որ ես էլ լինեմ քո ընտրությունը, ինչպես դու ես իմը: Ճանապարհը երկար է, ոլոր-մոլոր ու հատկապես մոլոր.
հեռվից հեռու սիրելը հեշտ է ու դժվար. մոտիկությունը վառում է. ուրիշ մոտիկություն. ներսից ներս կամուրջ է, երբեմն կամուրջը վերանում է, միայն երբեմն...
   Ես անընդհատ պատմություններ եմ գրում, սիրուն պատմություններ... 
   Կհորինեմ ու կզգամ այն, ինչը կբացի ներսումս լիքը-լիքը փակ տեղեր, որոնք չեն բացվում ոչ գիրք կարդալիս, ոչ լավ երաժշտություն լսելիս ու ոչ էլ...
  Պտույտ, պտույտ, էլի պտույտ, մի հատ էլ: Մտքեր իմ շուրջ, քո շուրջ, երկրագնդի, մարդկանց...
   Անընդհատ դեպի ներս եմ փորում...
 Գիշերները տուն եմ գալիս`դատարկված ու լցված ու հոգնած ու անտարբեր ու մենակ ու քայլում եմ երկար, անցնում Թոխմախի ափով, ամեն օր նույն մարդիկ կամ գրեթե նույն` շունիկով պապիկը, մի քանի սիրահար, նեղ տրիկոներով նիհար տղաներ, լողացող բադեր ու մի կին, ում կարելի է հանդիպել ամեն գիշեր` 12-ին մոտ, ով ավելը ձեռքին մաքրում է տարածքը (նա այգու խիղճն է), ամեն օր`երեկոները, գիշերները, որ առավոտյան նորից մաքուր ասֆալտին արևածաղիկ թափեն ու քայլեն ու տրորեն ու ուշանան ու ճեմեն, օրվա վերջում նա մաքրում է օրը, ու ես միշտ օրվաս վատ բաները թողնում եմ կնոջ ձեռքի ավելին հնազանդ ու քայլում եմ, մի օր էլ այդպես քեզ թողեցի, ինքնակամ ու մեծ դժվարությամբ ու քայլեցի...
   Սահմանը մի բան է, որը հորինել են մարդիկ, որից այն կողմ «չի կարելին» է, սահմանը հորինել են մարդիկ, սահմանը հորինել են մարդիկ... սահմանը հորինել են, հո-րի-նել:
   Մարդն անսահմանություն է, մարդը եզր չունի, մարդն անվերջ է...
   Թե սահմանի հետևից ես եկել, ուրեմն շուտ էլ կհասնես, որովհետև եթե մի պահ սահմանի բախվես (հաստատ կբախվես, որովհետև դա է որոնածդ), ուրեմն ավելին տեսնելու տեսողություն չունես, ուրեմն հետոն քեզ համար մշուշ է, ու ոտքիդ տակը չի երևալու, ուրեմն հեռանալդ ճիշտ է: Ես ամեն օր վազում եմ իմ մեջ սահմանս մեծացնելու համար, որովհետև ամեն օր բացում եմ, գտնում նոր տեղ, ուրիշ տեղ, նոր ճանապարհով...
   Քայլել իմ ներսով, ամեն օրվա անելիքս, քայլել իմ ներսով: Քայլել:
   Ոչինչ հենց այնպես չէ: Ինչ-որ մի տարածքում ես ինձ հանդիպած մարդկանց սինթեզն եմ...
  Կիսատությունը լիքանալու ճանապարհն է: Ճանապարհը արկած է: Խաղ, որը կախված է նաև երևակայությունից, երազանքից, զգացմունքից ու պատասխանից, քեզ հանդիպածից, քո որոնածից, քեզանից:
Փռեմ երազանքներս, բռնեմ ձեռքիցդ ու քայլենք վրայով...
Քաղաքը չի հերիքում, քաղաքը փոքրանում է, կծկվում, կծիկ դառնում, որի հետ խաղում են կատուները:
  Մարդիկ տարբեր են` անհասկանալի, տարօրինակ, մեղկ, մենակ, անօգնական, կույր, թույլ, տկար, ուժեղ, վախկոտ, խիզախությունը զոռ է, խիզախելը ճշմարտություն է, իսկ ազնվությունը քչերին է տրված, ազնվություն քեզ հագցնել չեմ պատրատվում, ցանկություն էլ չունեմ, խանութներում չեն ծախում, բայց գուցե մի օր նվիրե՞ն քեզ դրանից, ով իմանա:)) 
  Ցավն անցել է, փոխարենը շնորհակալությունն է, շնորհակալ եմ, որ ներսս բացեցիր: Շնորհակալություն:

   Քայլում եմ, որ գտնեմ, 
   քայում եմ, որ ճանաչեմ, 
   որ տեսնել կարողանամ, 
   որ տարածքս փոխեմ, 
   որ աշխարհը մեջս առնեմ...

   ...կյանքը կծիկ է, որի հետ խաղում են, 
   որի հետ խաղում են կատուները...


                                                                                                           Անահիտ Ղազարյան

  • Hits: 4025

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: