Մյուս կյանքում Լենոնի Յոկոն լինելու ակնկալիքով…

  Սպիտակ սավանի վրա, սպիտակ սենյակում մենք կխոսենք խաղաղության մասին, իսկ մի քանի պատ այն կողմ ամեն ինչ կհոսի նույն դանդաղությամբ... Դու կզգաս մարմինս` ամեն շարժումով, ու ես կասեմ քեզ` Ջո՛ն, իմ չկարդացա՛ծ գիրք, չմեռնես… 

   Իսկ այս կյանքում` մնա քո չղջիկի հետ անգլոճապոնական ձեր թռիչքի մեջ…

   Ջոնին,  որն ինչ-որ տեղ սպասում է իր Յոկոյին, որ ասի նրան` I love you now and forever…

աչքերիդ մեջ աճած բարդիները                                 John-Lennon-Yoko-Ono301
առյուծի թաթեր ունեն,
կրծքերդ անմխիթար նետված են
մարմնիդ,
կրծքերիդ արանքում Լենոնի սիրտն է

քեզ սիրեցին տղամարդիկ
օտար ափերից,
քեզ խոցեցին ու թալանեցին,
դու նկարեցիր նրան, Յոկո,
ծուռ ու մեծ աչքերով,
ատամները դուրս ցցած մարդակեր,
որ կերավ միայն քեզ,
ու սիրեց միայն քեզ,
ու ատեց ու հրաժարվեց քեզնից

սպիտակ պատերից ներս,
սպիտակ սավանին
սպիտակ Լենոնը բռնել էր
ճապոնացի ճերմակ չղջիկի ձեռքը,
ու ձեռքը խաղաղությամբ թպրտում էր,
ու ձեռքը խոսում էր կյանքի մասին,

դու քո սիրած խաղալիքը,JOHN
սրտիդ մեջ ասեղ խրելով,
տվեցիր ուրիշին,
որ հետո հասկանա՝
տերերին չեն լքում,

անմխիթար կրծքերով կին,


լաթի կտորի մեջ սեղմված
ու համակ տխրությամբ լացող
կրծքերով կին,
քո տղան,
քո Ջոնը մեռավ.
                                                                                                                    

դու նկարեցիր նրան՝

տաշտի մեջ կուչ եկած
տկլոր Ջոնին,
սպունգը սահեցրիր մարմնի վրայով,
փրփուրի մեջ խեղդվող Ջոնը
տղամարդու աչքեր ուներ,
հասկացար՝մեռնող ու արտասովոր
այս տղամարդը Լենոնն է
ու սիրեցիր նրան ջրի հոսող
ու մեռնող մարմնի մեջ
ու հասկացար, Լենոնի թիկունքին խրված,
հինգ փամփուշտից մեկը
դու էիր.

կրծքիդ մեջ խլրտաց մարմինը նրա,
կրծքերիդ արանքում նրա սիրտն էր...
                                                       Մանե Գրիգորյան

  • Hits: 3439

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: