Փոքր Մհերի դրախտավայրը

     Մարտը մեզ ընդհուպ մոտեցնում է Չարենցին, իսկ Չարենցը` հայկական ինքնահարցերի անհանգստությանը, մանավանդ որ 20-րդ դարի «Երկիր Նաիրին» գրված է, իսկ 21-րդ դարի «Երկիր Նաիրին»` դեռ ոչ:
     Ինչու: Արդյո՞ք հենց այն չդադարող պատճառով, որ քաղաքական կենցաղը առավոտից իրիկուն կուրացնում է մեզ (ու հաճախ` միանգամայն կամավոր), իսկ կեցության հարց ու հարցականների քննությունը` թվում վերացականից էլ վեր մի բան:
     Իսկ գուցե գրականությունը սկսել է վախենալ բարձր նպատակներից,- հանկարծ ու իրեն դե 'մոդե չհամարե՞ն: Կամ էլ գոյատևման խնդիրների այս անվերջանալի ծանրությունը տեղ անգամ չի թողնում գոյաբանական ինքնազննության համար...
    Տրամաբանական է, բայց ոչ այնքան համոզիչ: Որովհետև տրամաբանությունը միշտ էլ սայթաքում է արվեստի դռների մոտ, և ներս թափանցելու համար անպայման պարադոքս է հարկավոր: Ի վերջո` նույն գոյատևության խնդիրների մամլիչը տասնապատիկ ավելի ուժգնությամբ չէ՞ր ճզմում քսաներորդ դարասկզբի հային:
   Այս դիմահարության ծնունդն էին Տերյանի հայկական երազանքը, դարձյալ Չարենցի վիրաբուժական նշտարը` իր «պոեմանման վեպից» մինչև «Պատմության քառուղիներով»-ը:
    ...
Դանիացի մի բանաստեղծ, Նիկոլա Ստոկհոլմ անուն-ազգանունով, ընդառաջ եկավ ինձ Բրյուսելից Դորտմունդ սլացող գնացքի միջանցքում: Քանի դեռ այդ երերուն վագոնի ուղեգորգին կանգնած`փոխադաձաբար միմյանց էինք զիջում ճանապարհը, ասաց` իր հյուսիսային աչքերի սառնախոհության մեջ հնարավորինս հարավային ժպիտ փայլեցնելով.
    - Գեղեցիկ անուն է` Արմենիա:
    - Նկատի առեք, որ այդ անունը հաջողությամբ հանգավորվում է «հարմոնիա» բառի հետ,- պատասխանեցի նրան:- Գուցե դա ընդամենը պատահականություն է, իսկ գուցե` խորհրդավոր իմաստի նշան, որովհետև, եթե հավատալու լինենք հին ավանդություններին, դրախտի գտնվելու տեղը եղել է մեր երկրի կողմերում:
    Բայց տեղը երբեմն հարցեր է ծնում: Եվ առաջինը` հենց հայերիս մոտ: Մեր երկիրը դեմընթաց հողմերի խաչմերուկ է, որտեղ, Քիփլինգի պնդումների հետ բանավիճելով, հանդիպում են Արևելքն ու Արևմուտքը: Խաչմերուկում ապրելն անկասկած հետաքրքիր է և խոստանում է մշտական եռուզեռ: Բայց հետն էլ`վտանգներ, ու նույնիսկ` հաճախակի վթարներ: Պատմահոսքերը մերթ միահյուսվում են, մերթ էլ`անգթորեն բախվում, շարունակաբար ճնշում իրար ու գտնում անսպասելի հաշտություններ, երբ հերթը հասնում է մշակույթին:
    - Վերջապես` հայերը եվրոպացինե՞ր են, թե՞ ասիացիներ,- հարցնում է մեկ ուրիշ բանաստեղծ` բելառուս Դրանկո-Մայսյուկը, ընդ որում` Գառնո տաճարի դիմաց կանգնած, որը հունահռովմեական գլոբալացման վկայությունն է` հայկական հողի վրա:
    - Հայաստանի դեմքը եվրոպական է, բայց ճակատին արևելքի դարավոր կնճիռներ կան կուտակված,- պատասխանեցի նրան` չմոռանալով, որ պոետի հետ եմ խոսում, և քաղաքակրթությունների հավասարակշռությունը ինչքան որ հնարավոր է`պահպանելով:
    Մեր մշակութային հիշողությունը ազատորեն խոսում է երկու աշխարհների հետ: Մեր ստեղծագործական ունիվերսալիզմը`գումարում այդ աշխարհները միմյանց:Եթե որևէ մեկը տեսել է Փարաջանովի «Նռան գույնը», լսել Խաչատրյանի «Սպարտակը», կարդացել Իսահակյան, Վարուժան ու էլի Չարենց, դժվար թե փորձի առարկել այս եզրակացությանը: «Սասնա ծռերի» էջերով ժամանակ առ ժամանակ դեգերող և նրա կենսահոսքերի զորությամբ վերակենդանանալ սիրողը` նույնպես:
    Կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, թե սա ոչ այնքան ներդաշնակ մի երկվություն է, բայց կարծում եմ, որ շտապողականությունը միայն կխանգարի նրանց: Իսկ գուցե մեր մեջ պահպանվել է մարդկության նախնական գոյի միասնականությո՞ւնը: Թեկուզ իբրև մետաֆիզիկական առանցք, Ջրհեղեղից հետո ամատ գցած որթատունկ, որի գաղտնաբառերը մերթ թեթևակի խունանում են, մերթ` նորից դառնում ընթեռնելի, բայց երբեք չեն ջնջվում վերջնականապես: Դրանք կարդում են Մեծերը: Կարդում ու վերադարձնում ընթացիկ օրվա թոհուբոհերի մեջ խճճված մահկանացուներիս:
    Չարենցն այդ վերադարձնողներից մեկն էր: Դարի բարձրությունը նրանն էր, հայկական հազարամյակների խորությունըմինչև Վահագնի ծնունդ, նույնպես: Նա մեր նորովի ինքնահայտնաբերումն էր, պատմության աչքերի մեջ նայողը, ընդ որում`առանց պերսևսյան վահանի: Նաև` մեր ճակատագրի տագնապը, էպիքական լուսաբացի հավատավորը, դյուցազուններից վերջինը, որ Փոքր Մհերի պես թափառում էր Հայաստան-դրախտավայրի և այդ հողին բաժին ընկած դանթեականի ոլորաններով:
    Իրոք որ. Չարենց. հայ գրականության Փոքր Մհեր: Տեսեք, թե ինչ ահռելի բեռան տակ էր նա: Ու քանի բանաստեղծի փոխարեն էր ապրում: Նա գրականություն էր մտել մի ողբերգական ժամանակով, երբ, քառասունին անգամ չհասած, զոհվել էին Սիամանթոն, Սևակը, Վարուժանը, Տերյանը (միք կասկածի, Տերյանը նույնպես զոհ է), և հայոց հոգևոր գոյածիրի մեջ բացվել էին «օզոնային խոռոչներ»:
    Ի՛նչ թափ էր հաղորդել այդ փաղանգը մեր բանաստեղծությանն ու լեզվին: Ի՛նչ գեղեցկորեն էր բերում մեր ավանդական հացին երգը, հեթանոսական տարերքն ու նարեկացիական տիեզերականությունը` դեպի քսաներորդ դարՈրքան բնականորեն էր շաղկապում մեր մշակույթի կենաց արմատը Արևմուտքի ու Արևելքի, այդ ժամանակների գեղարվեստական գիտակցության, եվրոպական նորագույնի հետ: Իրենք էին, որ Չարեցին էլ այդ փաղանգի մեջ ընդգրկելով, քսաներորդ դարի հայ գրականությունը դարձնելու էին... համաշխարհային:
    Մնաց Չարենցի վրա: Ինքն այդ խաչը տարավ: Նրա սիմֆոնիզմն այդտեղից է: Ուրիշ սիմֆոնիստ ունե՞նք:
     Այս ամենից հետո`ո՞րն է Հայաստանի քաղաքակրթական բանաձևը Արևմուտքի ու Արևելքի կամ Հյուսիսի ու Հարավի մեր հանգուցակետում:
     Հայաստան` Եվրոպական Արևելք: Ոչ թե Արևելյան Եվրոպա կամ եվրոպական Ասիա, այլ հենց Եվրոպական Արևելք: Բայց սա արդեն մեկ այլ գրության ու մեկ այլ քննության նյութ է:
                                                                                                                          Դավիթ Մուրադյան
  • Hits: 4240

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: