*

lusine-yegyhan-vakhenum-em
    Վախենում եմ վնասել քեզ. լուռ եմ, մեղքի խորը զգացումով, իմ մեջ ներբեռնված բոլոր վայրերում փորձում եմ շնչառությանդ ձայնը փնտրել: Աղմուկ լիներ, Աստծո ու քամու մասին խոսեի, քարանձավներում մնացածների, փոքրագույն մարմիններում եղած տարածության, վերջին հազարանոցը անընդհատ ճռճռացնող տղայի. հետ գնայի` լացեի, ծնվեի, թքեի, սիրեի, ափսոսայի մենակությունս, գործի գնայի ու տխրեի, որ երթուղայինում հազիվ կանգնած էս բոլոր մարդիկ օրվա վերջում նույնպես հոգնած, սարսափելի հոգնած են, ու նրանց մեջ էլ լինելու մասին ոչ մի անկնարկ, ոչ մի թերահավատություն չկա: Չէ, վստահաբար անհրաժեշտ է տուն վերադառնալ՝ չտեսածս քաղաքներից, չունեցածս արկածներից, սիրավեպերից, չբարձրացած սարերից, լեռներից, հոգևոր ու նյութական կայունության մասին մի քանի հիմար, ստանդարտ նախադասությամբ, բամբակյա վերնաշապիկով, ներս գնացող օրգաններով, սոցիումի մեջ լինելու անկարողությամբ, անճանաչելորեն իմ մեջ լուծված, հետո չհեկեկալ, չնվնվալ, տղավարի դիմանալ էն ամենին, ինչի համար լացում են կանայք, ինչ համար լացում են տղամարդիկ: Սկսել եմ պայքարել ամեն բանի շարժման անհեթեթ սիմվոլիկայի դեմ, ավելի խելոք մեկը կասի՝ պայքարը բռնության հետ լկստվելու պես մի բան է, ավելի ճիշտ կլինի հենվիր խորթությանդ վրա, որ ունես մարմնից, գիտակցությունից, մտքից, էսքան նեղ ու ճզմված աշխարհից: Ախր էս ամենի մեջ թաքնված ծամածռություն կա, ավելորդ նվաստացում՝ ժամանակը անորոշ հատվածների բաժանելու ահնարինությունը չըմբռնած հիմարի պահվածք, լեռների ճեղքերում թաքնված կենդանիների հետ նույն հարթության մեջ արարվելու չհիմնավոր ցանկություն: Ու էլի սկզբում անհունի վրա քաոս կլինի, հետո կարարվի աշխարհը՝ յոթերորդ օրը (ինչպես շաբաթվա մնացյալ օրերը) էլի կքնես կնոջ հետ՝ վախենալով, որ նա իր միջից նորից երեխաների կհանի՝ կողոսկրով կամ առանց կողոսկրի և տեսնելով այդ, կասես՝ բարի է: Գոնե վերադարձի ճանապարհ լիներ, ինչ-որ սահմանային բացարձակ վիճակ, առանց հիշողության, առանց պահը որսալու շարունակական ջանքի, կամ փոքր սենյակ լիներ, որտեղ իրերը իրենց նախասահմանված տեղում չեն ձևանում երջանիկ լինել, ու ամեն բան առավել հարմոնիկ չէ էս ախմախ տիեզերքի հետ, քան ամեն օր առավել ու առավել ժանգոտող երկաթը: Ոչ, սա բոլորովին էլ սեփական տարածք գտնելու, նորացնելու մղում չէ, թող շները ուտեն նոր, բայց սիգարետի փոքրիկ գլանակից այրվող աղբանների մեջ շպրված զիբիլը, թող էս անընկալելի կառույցը մեզ անընդհատ ներքև, ներքև ձգի, իսկ դու շարունակիր նայել մի կետի. սա այն երանելի վայրն է, որտեղ մի քանի կյանք շարունակ փափագում եմ լինել, ու վերջապես ի սկզբանե Բանն էր: Թքած:
    Ողջ լինելու մասին: Սկզբում նկատեցիր քեզ, երբ երթուղայինի վարորդին տվեցիր 100 դրամանոց, հետո մի քանի վայրկյան ուղիղ կանգնեցիր ու ամենի անշարժությունն ու թմրությունը քեզ անհավանական գեղեցիկ թվաց, դու մտածեցիր իրերի՝ առանց որևէ կամայականության լինելու, թեթև, սահուն ջրին հպվող թռչունների ազատության ու էլի ինչ-որ բաների մասին: Եվ փորձեցիր հեգնել ընթացքը՝ կարճ քայլ դեպի մարմնիդ, որ ճզմվել է կախվածություներից ու ենթադրում է կարևորել պահը, որ հիման է, ու անտեսել շարունակության ձանձրույթը, մինչ փոքրիկ երեխան անխնա վազում է գլխուղեղիդ որևէ մասում՝ ակնկակելով, որ գլուխ կհանես կամ գոնե հոգ կտանես քո մասին, մինչև նորից խիզախես լինել ամենի մեջ ու լինել ամենը, առանց որևէ ախմախություն անելու:
    Չխիզախելու, չպայքարելու, չքոմենթվելու, չհոգնացնելու, խելոք չձևանալու միայն նրա համար, որ մարմիները ժամանակի ընթացքում դեֆորմացվում են, իսկ դրանց տձևությունն, անընդհատությունն անխուսափելիորեն հմայիչ է, դրանց շարժման հետագծի վրա կարելի է մանր մոլախոտեր ցանել ու մոռանալ դրանց խնամքի մասին: Դեպի ներս, դեպի ներս, դեպի արգանդը, որ մեջդ է, դեպի անվերջ երկարող հոգնածությունդ, դեպի ցանկությունդ խաղաղվելու, ուղղակի ուղիղ, առանց ավելորդ ծամածռության, ցայտնոտի կանգնելու որևէ կետի վրա վրա՝ հավատալով, որ սա փնտրածդ տունն է, որտեղ վերադառնալը հետ քայլ է դեպի ճանաչողությունը անձիդ: Անգամ թեյնիկ կգտնվի ու կին, որն ահռելի մեծ կարեկցանքով կկերակրի քեզ, կլողացնի, կխնամի ու կասի` ահա սերը, որ շատացնում ես մեջդ, ահա ազատագրումը, որի մասին թաքուն մտածում ես, փնտրածդ կայունությունը, ահա անբողջությունն ու անբաժանելիությունը ամենի: Բա հետո՞:

Լուսինե Եղյան