Ակնարկ/էսսե

Երանի մեքենա լինեի, անցնեի, ետ չնայեի: Սիրուն կինը կտրեր մազերս, ու ես հրճվեի ու տունդարձի ճանապարհին ողբայի, որ գեշ եմ: Տուն մտնեի, մազերս նորից կտրեի, նոր առած կոշիկներիս ցավից ճչալով`անբռնազբոս գոռայի փողոցում, ու արնոտված բամբակները հանելով` ես ինձնից դուրս նետեի սեռը, սեռերն ու կանացիությունը…

Ամբողջ ճանապարհին մի բան էի մտածում` որտեղ, երբ մեծացավ էս անսեր սերունդը, ոնց կարելի է ատել զինվորին, ոնց կարելի է պատռել նրա ժպիտը: Սեր չկա: Անհետացել է մի տեղ:

Ասում են՝ երկու անօգնական ճյուղերի պես մարմնից կախ ընկած ոտքերը նա քարշ էր տալիս ձեռնափայտի օգնությամբ, մի տեսակ կանացի ժպիտ ուներ, որ ուրվագծում էր սաթի պես սև մազերի տակից փայլող սպիտակ գանգը: Ջեքը համառորեն մի ոտքը առաջ էր դնում, և զգում էր՝ ինչպես է հաջորդը կամավոր, հնազանդ կնոջ պես քարշ գալիս ետևից:

Ինքնասպանն արթնացավ առավոտյան, ցավից ճմլվող ներսով բացեց ծորակի ջուրը, ջուրը վառվող մեղքի պես ծորաց, մարդը չիմացավ՝ որտեղից սկսի առավոտը: Նա կանգնեց հայելու առջև, փորձեց ժպտալ, սուր ծակոց զգաց աչքերի մեջ, սեղմեց շրթունքները, արյունը խտացավ բերանի ծալքերի մոտ: