«ԱԴԱՊՏԱՑԻԱ». ՖԻԼՄ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ

0-0-04
  Երևանի մասին բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել, երգեր գրվել: Այսօր էլ երիտասարդ ռեժիսոր Մանե Բաղդասարյանի «Ադապտացիա» ֆիլմը, որը պատմում է մեր սիրելի քաղաքի մասին, շրջում է ամբողջ աշխարհում ու ներկայացնում Երևանը մի նոր տեսանկյունից: Օրերս Չինաստանում կայացած «Ասիայի երիտասարդական կարճամետրաժ ֆիլմեր» կինոփառատոնում ֆիլմը հաղթող ճանաչվեց «Լավագույն մոնտաժ» անվանակարգում: Փառատոնին ներկայացված էր ավելի քան 2000 ֆիլմ, որոնցից մրցանակակիր դարձան 11-ը, այդ թվում՝ Մանեի «Ադապտացիա»-ն: Թեմայի շուրջ Cultural.am-ը զրուցել է Մանե Բաղդասարյանի հետ և հետաքրքիր մանրամասներ պարզել ֆիլմի մասին։

 -Մանե, ինչպե՞ս որոշեցիք մասնակցել Չինաստանում կայացած «Ասիայի երիտասարդական կարճամետրաժ ֆիլմեր» միջազգային կինոփառատոնին և սպասո՞ւմ էիք, որ կհաղթեք:

 -Երբ ֆիլմի նկարահանումներն ավարտեցի, որոշեցի մասնակցել դրսում կայանալիք կինոփառատոներին: Գիտեք, երբ ֆիլմ ես նկարահանում քո մասին, քո երկրի ու քո քաղաքի մասին, միշտ ավելի հետաքրքիր է լինում այլազգի ներկայացուցիչներին: Անկեղծ ասած՝ չէի սպասում, որ կհաղթեմ, քանի որ աշխատանքն ավարտելուց հետո սկսեցի ավելին պահանջել ինքս ինձնից ու մտածել հաջորդ ֆիլմի մասին: Բայց շատ եմ ցանկացել ու անգամ երազել, որ տեղ հասնի այն, ինչ ուզում էի փոխանցել: Հաղթանակի մասին տեղեկանալուց հետո շոկային իրավիճակում էի, կարծես չհավատայի, որ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությամբ իսկապես իմ ձեռքով նկարահանված կադրերն էին: Անասելի շատ ուրախացա: Ու այդ պահից սկսած՝ միանգամից ոգևորություն ձեռք բերեցի հաջորդ ֆիլմը նկարահանելու համար: Իսկ երբ տեսա, թե որքան շատ կայքերում են անդրադարձել իմ ֆիլմին, է՛լ ավելի լցվեցի պատասխանատվության զգացումով: Հիմա ես գիտեմ, որ ինձնից սպասում են ավելին, ու առաջինը՝ հենց ես ինքս: Ի դեպ`առաջարկ եմ ստացել նաև Չինաստանի կինոփառատոնի ժյուրիի անդամներից մեկից` մասնակցելու Ավստրալիական-չինական «Beautiful Country Microfilm festival» կինոփառատոնին: Նրանք իմ ֆիլմն ընդգրկեցին իրենց ծրագրում` առանց որևէ փուլ անցնելու:

  -Հետաքրքիր է, որ լինելով ֆիլմի ռեժիսորը` Դուք էլ նկարահանել եք այն ու մոնտաժել: Ու արդյունքում հենց դա էլ գնահատվել է:

  -Սա այն ֆիլմն էր, որը պահանջում էր այդ ամենը: Տեսախցիկով շրջել քաղաքում և նկարահանել ֆիլմ. դրանից հետո ես միայն ու միայն ինքս էի ցանկանում մոնտաժել: Կինոնկարահանումը,  իհարկե, խմբային աշխատանք է, սակայն այս դեպքում ստացվեց ֆիլմ, որը նկարահանել եմ միայնակ:  Բայց անգամ այս դեպքում ինձ օգնել ու աջակցել են բազմաթիվ մարդիկ. ամեն ներքին խոհանոց չէ, որ կարող ես մտնել ու հանգիստ նկարել: Գլխավորապես կողքիս է եղել իմ վարպետը` Ռուբեն Գրիգորյանը, ով ջանք չի խնայում՝ փոխանցելու մեզ իր բոլոր խորհուրդներն ու փորձը: Ինձ օգնել են իմ համակուրսեցիները, հետս եկել են նկարահանումների, մրսել են ու հիվանդացել (ժպտում է,- հեղ.): Նշեմ, որ ֆիլմը նկարահանել եմ ձմռանը և գարնանը, իսկ մոնտաժային աշխատանքները տևել են մինչև ամառ:

 -Երևանն ու երևանցիները Ձեր ֆիլմում նոր տեսանկյունից էին ներկայացված: Ինչպիսի՞Երևան էիք ցանկացել ցույց տալ կինոդիտողին:

  -Ֆիլմը մեր քաղաքի ու մեր ժամանակի մասին է: Ես դրա տակ, իհարկե, քողարկել եմ իմ բոլոր մտորումները՝ թե որքան արագ է անցնում ժամանակը, որքան շատ պատմություններ կան մեր փոքր Երևանում, որքան խնդիրներ ունենք մենք մեր քաղաքում, և ինչպիսին է կյանքն առհասարակ, եթե պարզապես դիտենք ավտոբուսի պատուհանից: Ադապտացիան գործընթաց է, որի շնորհիվ մենք չենք զգում այդ արագ ժամանակային թռիչքները, քաղաքում ամեն քայլափոխի հանդիպած տարատեսակ պատմություններն ու նոր ռիթմերը: Մարդիկ ադապտացվում են ապրելաձևին, քաղաքին, սոցիալական իրավիճակին, ծերությանը, կյանքին և, ինչպես նշեցի, անընդհատ փոփոխվող ռիթմերին: Ես ի սկզբանե ցանկացել եմ ցույց տալ քաղաք, որտեղ մարդիկ ապրում են այլ կյանքով: Սա սպառողական բուռն կյանքով լի քաղաք չէ, թեև մոտենում է դրան, այլ քաղաք է, որտեղ մարդիկ չեն շտապում:

  -«Ադապտացիան» իմպրեսիոնիստական ժանրում է նկարահանված: Սա այնքան էլ տարածված ժանր չէ մեր իրականության մեջ: Արդյո՞ք մտավախություն չունեիք, որ 21 րոպե տևողությամբ ֆիլմը, որտեղ միմյանց հաջորդող կադրեր են՝առանց խոսք ու զրույցի, կարող է առաջին հայացքից ձանձրալի թվալ ու անհասկանալի լինել:

 -Այո, համադրված է նաև պոետիկ կինոյի ժանրում`վավերագրական: Իհարկե, մտավախությունը կար: Բայց քանի որ ես նկարահանում էի ֆիլմ, և դրա նպատակն էր սովորելը, որոշեցի ռիսկի դիմել և անել բոլոր այն էքսպերիմենտները, որոնք եկել էին մտքիս: Եթե չստացվեր, ես դաս կառնեյի, որ այլևս այդ ճանապարհով չեմ գնա և այդքան դաժան չեմ վարվի դրամատուրգիայի հետ: Բայց ես այնքան էի տարված իմպրեսիոնիզմով, որ ցանկանում էի անջատել ուղեղս և մոռանալ բոլոր օրենքների մասին: Ես ընդունեցի իմ կադրերը որպես ներկապնակ և իմ առջև չափազանց բարդ խնդիր դրեցի: Աշխատանքի ժամանակ ես հասկացա, որ պետք է մանրակրկիտ աշխատել մոնտաժի վրա... Պետք է անել ամեն ինչ, որ ֆիլմը չթվա ձանձրալի: Ես դա արեցի մոնտաժի օգնությամբ:

  -Այդ ժանրում արված գործերից կարո՞ղ եք նշել մի քանիսը, որոնք դիտել եք ու դրանցից ոգեշնչվել, և առհասարակ Ձեզ ինչո՞վ է գրավում այդ ժանրը:

 -Երբ առաջին անգամ դիտեցի Արտավազդ Փելեշյանի «Մարդկանց երկիրը» ֆլիմը,  սիրահարվեցի կինոյին և հասկացա, որ իմ երազանքն է նկարահանել այդքան գեղեցիկ ֆիլմ: Ոգեշնչվել եմ Արտավազդ Փելեշյանից, Գոթֆրիդ Ռեջջոյից, Յորիս Իվենսից, ինչպես նաև «Բեռլին. մեծ քաղաքի սիմֆոնիա» կինոնկարից և Ձիգա Վերտովից: Ֆրանսիացի կինոռեժիսորները նույնպես ինձ վարակել են իրենց մոտեցումներով: Նրանցից են Կլոդ Լելլուշը, Գոդարը, Լուի Մալլը և բազմաթիվ անուններ, որոնք ինձ համար դարձան չափանիշ:

 -Մանե, Երևանը Ձեր ֆիլմում ներկայացված է սև ու սպիտակ գույներով: Ինչո՞վ է պայմանավորված այս մոտեցումը:

  -Ես մեր քաղաքը տեսնում եմ սև ու սպիտակ գույներով: Սա դասական կինոյից է, լուսանկարչությունից և մեր քաղաքի էությունից: Ամեն թեմա թելադրում է իր մոտեցումները: Այս թեման սև ու սպիտակ է: Եվ բացի այդ՝ ես ցանկացել եմ մեր քաղաքին տալ 60-ականների տրամադրություն: Ինչ-որ ժապավենային, սև ու սպիտակ լուսանկարչություն կա մեր քաղաքում: Դա հասկացա, երբ շրջեցի դանդաղ ընթացող տրոլեյբուսով և որոշեցի նկարահանել այս ֆլիմը:

 -Մի փոքր էլ խոսենք այն խոչընդոտների մասին, որ եղել են նկարահանումների ընթացքում: Արդյո՞ք եղել են վայրեր, որտեղ այդպես էլ չեք կարողացել նկարահանումներ անել:

 -Այո, եղել են խոչընդոտներ: Նկարահանումները մոտ վեց ամիս են տևել, ֆիլմի համար ընտրել եմ քաղաքի ամենատարբեր անկյունները` տրոլեյբուս, բարեգործական ճաշարան, սրճարան, ուսումնարան, կոնյակի գործարան և այլն: Ես նաև միտք ունեի նկարահանել մեր հրապարակի ժամացույցը, սակայն ոչ միշտ ես կարողանում արվեստի հետ առնչություն չունեցող մարդկանց հասկացնել, որ կուրսային աշխատանքում նույնպես կարևոր է աջակցելը... Այդպես էլ բազմաթիվ անգամ փորձելուց հետո չկարողացա նկարահանել այն: Բայց դա կորուստ չեմ համարում. դրա շնորհիվ կարողացա արագ կողմնորոշվել և այլ լուծումներ գտնել, փոխարինել այլ դրվագներով:

  -Իսկ «Ադապտացիա»-ն ե՞րբ կարող է դիտել հայ հանդիսատեսը:

 -Շուտով «Ադապտացիա»-ն կցուցադրվի «Կին» միջազգային կինոփառատոնի շրջանակում: Մանրամասները կհրապարակվեն փառատոնի պաշտոնական  էջում։ Այս պահին աշխատում եմ նոր ֆիլմի վրա: Նախորդ ֆիլմն արդեն անցյալում է: Նոր ֆիլմս դիպլոմային աշխատանք է, վավերագրական է լինելու, ֆանտաստիկայի ժանրին հարող: Իսկապես շատ մեծ ոգևորվածությամբ եմ աշխատում նոր ֆիլմի գաղափարի վրա: Դեռևս սցենարական փուլում է: Առայժմ չեմ մանրամասնի: Ավարտելուց հետո կկիսվեմ ձեզ հետ։

Ի դեպ, ռեժիսորն «Ադապտացիա» ֆիլմով պատրաստվում է մասնակցել նաև Մոսկվայի Կինոինստիտուտի 37-րդ միջազգային ուսանողական կինոփառատոնին՝ ներկայացնելով ԵԹԿՊԻ-ն ու Ռուբեն Գրիգորյանի արվեստանոցը: Բացի այդ՝ մասնակցելու է Մոսկվայում կայանալիք Բարեգործական կինոփառատոնին, ինչպես նաև Լոս Անջելեսի «The Digital Ticket Awards» ծրագրին: Այստեղ ֆիլմը մասնակցելու է փակ ցուցադրությունների, որտեղ ներկա են լինելու ամերիկացի լավագույն կինոռեժիսորները:


Զրուցեց Աստղիկ Իսկանդարյանը

0 0 0ադապտ

0 0 0ադապտ2

0 0 0ադապտ3

0 0 0ադապտ1

0 0 0ադապտ5

0 0 0ադապտ7

0 0 0ադապտ6