ԱՐԱՄ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ. ԱՄԵՆ ԻՆՉ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ Է

aram-mamikonyan
 «Ես ապրում եմ 21-րդ դարում ու փորձում եմ գրել իմ ամենալավ բանաստեղծությունը»,- ասում է բանաստեղծ Արամ Մամիկոնյանը: Մեր զրույցից հետո ես երկար մտածում էի՝ ինչի մասին կլիներ Արամի ամենալավ բանաստեղծությունը: Բայց մինչ կգա օրը, և ես կկարդամ այդ բանաստեղծությունը, կուզեի իմանալ, օրինակ, ինչ է նա կարդում, ինչ է մտածում և ում հետ է կիսում իր խոհերն այսօր:

- Լրագրողնեը սիրում են զրույցները առիիթների հետ կապել: Ու թեև մեր զրույցի առիթը կարող էր քո մրցանակը լինել (Արամ Մամիկոնյանի «ծանր ջուր» ժողովածուն այս տարի արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին), բայց առաջարկում եմ շրջանցել մրցանակների նշանակության ու կարևորության մասին հարցերը: Իհարկե, եթե կուզես որևէ բան ասել, ես դեմ չեմ:

-

- Ի՞նչ ես կարդում:

- Կարդում եմ Վիկտոր Սամոխվալովի և Վլադիմիր Կուզնեցովի խմբագրությամբ լույս տեսած «Հոգեբուժություն և արվեստ» գիրքը («Վիդար» հրատարկչություն, Մոսկվա, 2015թ.): Գիրքն ուսումնասիրում է արվեստի գործը որպես հոգեբուժության համար հետաքրքրական ֆենոմեն: Եթե ընդհանրացված խոսեմ, ապա հեղինակները առաջ են քաշում այն վարկածը, ըստ որի՝ ցանկացած պաթոլոգիական ֆենոմեն ստեղագործող մարդու պրիզմայի միջով ացնելիս ավելի մեծ մաշտաբներով արտացոլվում է արվեստի գործի մեջ, ի համեմատ ընդհանուր հոգեկան գործունեության մեջ գրաված մասշտաբի, ինչի հետևանքով ցանկակած արվեստի գործ հոգեվերլուծության տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում:

aram mamaikonyan gcagir

գծագրի ձևափոխումը Արամ Մամիկոնյանի

 Գիրքը պատահաբար ինտերնետային գրախանութներից մեկում աչքովս ընկավ: Առանձնապես մեծ սպասելիքներ չունեի: Ու եթե անկեղծ՝ սա գրքի ընթերցման երկրորդ փորձն է, քանի որ այն ինձնից արվեստի վերաբերյալ խորը գիտելիքներ է պահանջում և հոգեբուժության ավելի նուրբ իմացություն: Նախ կարդացի մի քանի գլուխ, ապա անցա Շարլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր»-ին, հետո Էմիլի Բրոնտեի «Մոլեգին հողմերի դարավանդ»-ին, կարդացի Վուլֆի անդրադարձը այս վեպերին իր «Հասրակ ընթերցողը» էսսեների ժողովածուից, հիմա կրկին վերադարձել եմ այս գրքին: Ընթերցում եմ միջգրքային հղումների հունով, կարծում եմ՝ այսպիսի ընթերցանությունը ոչ միայն հաճելի ժամանց է ու մտային աշխատանք, այլ նաև ուսումնասիրողի դիտանկյուն է ապահովվում:

- Որտե՞ղ են ուղղվում գրքերից ստացած առաջին տպավորություններդ: Քննարկող ընթերցո՞ղ ես, թե՞ նախընտրում ես կարդալ, մտածել կարդացածի շուրջ և լռել:

- Ես օրագրային մարդ եմ: Մի ժամանակ փորձում էի իմ բլոգում կարճ ռեվյուներ՝ անդրադաձներ կատարել ընթերցածս գրքին, բայց հասկացա, որ այդ ֆորմատը ինձ չի բավարարում, երևի որովհետև ինձնից խորթ օբյեկտիիվություն էր պահանջում, մինչդեռ ինձ համար շատ ավելի կարևոր է ընթերցանության սուբյեկտիվությունը, իսկ օրագրումները իսկը դրա համար են: Գրքերի մասին նոթագրելիս շատ հաճախ մի քանի նախադասություն անց բոլորովին ուրիշ տեղ եմ հայտնվում, որը գուցե անուղղակի կամ այլևս այդքան էլ կապ չունի սկզբնաղբյուրի հետ՝ վայր, որն ամբողջովին իմն է: Այդտեղ իմ անձնական փորձառություններն են, որոնք հաճելիորեն հյուսվում են գրքերից ստացածի հետ, եթե կարելի է այսպես ասել:

- Տարիներ առաջ ասում էիր, որ չես հարցնում քեզ, թե ինչու ես գրում, իսկ հիմա՞:

- Կարող եմ ևս մի քանի հարց ավելացնել ու մի ամբողջ հարցերի ցանկ կստացվի, որոնց պաստասխանները ինքս ինձ չեմ հարցնում՝ ո՞վ է գրողը, ի՞նչ է գրականությունը, ի՞նչ ֆունկցիաներ է կատարում գրականությունը կամ կատարո՞ւմ է արդյոք և այլն: Ես ապրում եմ 21-րդ դարում ու փորձում եմ գրել իմ ամենալավ բանաստեղծությունը: Նմա՞ն եմ մեկին, ով ռացիոնալ պատասխանների, պատճառահետևանքային կապերի կարիք ունի ինչ-որ բան անելու համար:

- Բազմիցս խոսել ես այն մասին, որ ազդված ես ամերիկյան խոստովանական պոեզիայից: Ինձ հետաքրքիր է՝ ի սկզբանե քեզ համար կարևո՞ր էր անձնական փորձառության մասին խոսելը, թե այս համոզմանը եկար հետագայում:

- Ավելի ճիշտ կլինի պատասխանել՝ դրա գիտակցմանը եկա հետագայում, որովհետև ամենաառաջին գործերիս մեջ, կարծում եմ, ևս կարելի է անձնական փորձառությանն ուղղված հստակ հղումներ տեսնել: Որքանով որ հասցրել եմ այս թեման ուսումնասիրել և նկատել, ամեն ինչ շատ ավելի հեռուն է գնում: Ֆրոյդի հոգեվերլուծության տեսությունը բեկումնային էր մարդկային քաղաքակրթության համար, այդ թվում և արվեստի: Եթե խոսենք խոստովանական պոեզիայի մասին, ապա պետք է հասկանալ, որ դա խիստ պայմանական պիտակ է, որն ունի կոնկրետ վայր ու ժամանակագրություն: Խոստովանական պոետները առաջիներից էին, ովքեր սրբեցին պոեզիան պուրիտանությունից և միակ բացարձակ ճշմարտության փոխարեն սկսեցին խոսել սեփական ճշմարտությունների անունից: Պատահական չէ, որ նրանք բոլորը առանց բացառության սեփական փորձառությունն են ունեցել հոգեբուժարաններում, ուրեմն հաստատ առնչվել են հոգեվերլուծությանը: Ի՞նչ է Ռոբերտ Լոուելի «Ռիվեր Սթրիթ 91»-ը՝ «Կյանքի ուսմունքներ» ժողովածուից, եթե ոչ ինքնավերլուծության փորձ: Նրանց ներդրումը պոեզիայի մեջ հսկայական է և անուրանալի: Բայց այսօր ասել, որ գրում ես խոստովանական պոեզիա, կնշանակի ասել ոչինչ: Գրականությունը կրկնություներ չի սիրում: Նայենք ժամանակակից պոեզիայի ցանկացած դրսևորման, կարծես թե բոլորը համապատասխանում են այդ նույն կրիտերիաներին՝ դրանք «ես»-ից են բխում, ուղղակի կամ անուղղակի շոշափում են պոետի անձնական փորձառությունը, մաքրախոսություններ, բարոյախոսություններ չեն և այլն, և այլն: Այն ինչ սովորել ենք նրանցից գիտնականի սառնասրտությամբ սեփական մարմինց պոկած հյուսվածքները մանրադիտակով ուսումնասիրելն է: Այնպես որ ժամանակն է առաջ շարժվելու, պատեր քանդելու, նոր տարածքներ գրավելու:

- Անընդհատ դեպի քեզ տանող պոեզիան չի՞ վախեցնում: Կան սահմաններ, թե մինչև ո՞ր պահը ապրածդ ու զգացածդ կարող են տեքստ դառնալ: Նկատի ունեմ քեզ չի՞ վախեցնում այն փաստտը, որ ամբողջությամբ բաց ես ընթերցողի առաջ: Իհարկե, հասկանալի է, որ ամեն ինչ պարտադիր ինքնակենսագարական չէ:

- Իհարկե դա վախեցնող է ու վտանգավոր: Սարտրը Միշել Լերիսի «Մարդու տարիքը» գրքի «Գրականությունը որպես ցլամարտ» նախաբանում մի կարևոր հարցադրում է անում այդ վտանգավորության մասին. «…այն ինչ տեղի էր ունենում գրելու պրոցեսի մեջ, արժեքը չի՞ կորցնում արդյոք, եթե մնում է միայն «գեղագիտական», անմեղ, զուրկ բոլոր սահմանափակումներից, եթե ստեղծագործություն գրելու մեջ չկա ոչինչ, որ ունենա նույն նշանակությունը, ինչ ցլամարտիկի համար ցլի սուր եղջույրը, որն իր մեջ եղած նյութական սպառնալիքով մարդկային իրականություն է հաղորդում արվեստին…»: Պետք է որ պատահական չլինի, որ իմ հավանած գրողների մեծ մասի դեպքում, կարծում եմ, անձնական փորձառությունը, ինչպես Լերիսի դեպքում, ցլի դերում է. Փլաթ, Սեքսթըն, Գրինսբերգ, Քերուաք, Ֆառողզադ, Ցվետաևա, Տանյա Հովհաննիսյան և էլի ուրիշներ: Բայց պակաս սիրելի չեն ինձ համար գրողները, որոնք այդքան էլ առաջնայնություն չեն տալիս անձնական փորձառությանը: Օրինակ, Վուլֆը՝ իր նուրբ ներհայեցողությամբ, Դիքինսընը ու Դիլըն Թոմասը՝ իրենց յուրօրինակ, հարուստ պատկերային համակարգով: Տեսակի հարց է: Ավելին՝ «ծանր ջուր»-ը կուզեի միայն էսքիզավորումը համարել այն վայրի՝ դեպի ուր ուղղված եմ: Կուզեի ներաշխարհի ավելի խորը, անճանաչելի, վախեցնող, անմարդաբնակ վայերը այցելել: Այլ հարց է՝ ունակ կլինե՞մ արդյոք: Բայց կուզեի նաև մի ընդգծում անել: Պոեզիան այս կոնտեքստում չպետք է դիտարկվի միայն որպես հոգեվերլուծական գործիք: Այն առաջնայինն է ու թելադրողը, անձնական փորձառությունը՝ որպես դաջվածք ուսին:

- Ես դեռ չէի հասցրել կարդալ բանաստեղծություններդ, երբ լսեցի, որ դրանք լի են հոռետեսությամբ: Իհարկե, այսօր հասկանալի է՝ ինչու, բայց ուզում էի անպայման հարցնել քո կարծիքով ի՞նչ է սպասում ընթերցողը, որ չի գտնում քո ու նաև քո սերնդակից այլ բանաստեղծների պոեզիայում:

- Չգիտեմ որ դիտանկյունից մոտենալ այս հարցին, երևի նախ պետք է մի քանի հստակեցումներ անեմ ինքս ինձ համար, թե ով է ընթերցողը, և ովքեր են սերնդակիցներս: Կարծում եմ՝ առաջինը չափազանց դուրս է իմ պատկերացումների սահմանից, որպեսզի մտածեմ նրա մասին, երկրորդները, ուզում եմ, որ իմ հավանած ժամանակակից հայ բանաստեղծները լինեն: Եթե համաձայն եք նման կողմնակալ հստակեցմանը, ու եթե ինչ-որ մեկը հետագայում կփորձի հասկանալ, թե ինչ է եղել այս սերդի գլխում, թող տեսնի, որ հենց այսպես ենք մենք ապրել, սիրել ու մահացել:

- Սերնդակիցերիդ մասին: Գիտեմ, որ ընկերություն եք անում, շփվում եք: Ինչի՞ մասին են խոսում երիտասարդ գրողները, երբ հանդիպում են:

- Լուսինեն խոսում է գեոդեզիայից, Էյնշտեյնի հարաբերականության տեսությունից, բուդդիզմից, տիեզերքից, հին եգիպտացիներից ու էլի ինչ-որ նման բաներից: Հասմիկն ասում է, որ սիրում է լսել Լուսինեին, կապ չունի, թե ինչից է խոսում: Հաճախ վիճում ենք, քանի որ Լուսինեն կարծում է, որ իր մտքերի մեջ անընդհատ ինչ-որ ախտանշաններ եմ փնտրում:

*(խոսքը բանաստեղծներ Լուսինե Եղյանի ու Հասմիկ Սիմոնյանի մասին է- հեղ.)

- Այստեղ կուզեի ինձ համար անչափ հետաքրքրիր մի երեւույթի մասին եւս խոսել: Ես շատ տպավորված էի, երբ առաջին անգամ տեսա, թե ինչպես եք Լուսինեի հետ համատեղ բանաստեղծություն գրում: Հետաքրքիր փորձառություն է: Ինչպե՞ս է նման բան տեղի ունենում առհասարակ, ինչպե՞ս եք աշխատում: Ինչո՞վ է սա կարոր երկուսիդ համար:

- 2014 թվականին կայացած Արվեստի ամառային ակադեմիայի ժամանակ պերֆորմանս էր կազմակերպվել, որի էությունն այն էր, որ պետք է հետևեինք գրական տեքստի տարնֆորմացմանը՝ երաժշտության, գույնի, ապա կրկին տեքստի: Լուսինեն առաջարկեց միասին գրել մեր հատվածները: Հետագայում պերֆորմանսը շարունակեցինք արդեն  երկուսով այլ վայրերում, որտեղ միայն մենք էինք ականատեսները ու մասնակիցները, իսկ գույնը, ձայնը, հպումը ու մյուս բոլոր գրգիռները՝ որպես առօրեական իրողություններ իրենց բնորոշ ձևերի մեջ: Համաձայնեք, որ նման աուրային թարգամնության դեպքում հեղինակը զրկվում է ստեղծողի կերպարից ու ավելի շուտ հաղորդողի, փոխանցողի դերում է, ինչը մեզ հանդգնություն էր տալիս այս դեպքում հարցականի տակ դնել հեղինակի գոյության գաղափարը: Այդ է պատճառը, որ շարքի առաջին հրապարակումը եղավ անանուն՝ Գրեթերթում: Միայն հետո որպես համահեղինակներ մեր անուններով վերահրատարակվեց «ծանր ջուր» ժողովածուում: Պատասխանեմ հարցին, թե ինչո՞վ է սա կարևորվում մեզ համար: Կարծում եմ՝ լինելով սկզբունքայնորեն տարբեր բանաստեղծներ, դա աննկարագրելի փորձառություն էր, բոլորովին ուրիշ հարթություն, երբ լեզուն դադարում է պարզ առօրեական շփման գործիք լինելուց ու դառնում երկու մարդու միջև անհաղորդությունը բանաստեղծությամբ հաղթահարելու նոր միջոց, ճանաչողության նոր ձև: Ու ամենը, ինչ հասկացա՝ բանաստեղծությունը ամեն ինչի մեջ է կամ ամեն ինչ բանաստեղծություն է:

- Ինչո՞վ ես զբաղված այժմ:

- Աշխատում եմ երկու դեռևս անավարտ բանաստեղծությունների վրա: Ջանում եմ գերազանց հանձնել վերջին ավարտական քննությունս, և եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, ու թույլ տան, կուզեի որպես հոգեբույժ ծառայության անցնել բանակում:


Զրուցեց Աստղիկ Հակոբյանը