ԱՌՆՈ ԽԱՅԱՋԱՆՅԱՆ. ԻՄ ՖԻԼՄԵՐԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՆ ԻՄ ՆԱԽՆԻՆԵՐԻՆ

Arno_DIANA_02
Այս տարի հոբելյանական 15-րդ «Ոսկե ծիրանի» շրջանակներում AAFCCJ մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրի շրջանակում հանձնվեց ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանին` որպես սփյուռքահայ լավագույն կինոգործչի: Նա փառատոնին այս տարի ներկայացել էր «Մենք ենք մեր սարերը» ֆիլմով, որը դիմանկարների շարք է Արցախից: Փառատոնի ավարտից հետո զրուցել ենք կինոռեժիսորի հետ:

Քանի որ դու հայ հանդիսատեսին հայտնի դարձար մի ֆիլմով*, որը պատմում էր քո արմատների մասին, մի փոքր խոսենք այդ մասին. որտեղի՞ց է գալիս Առնո Խայաջյանյանը և ինչպե՞ս հայտնվեց Հայաստանում:

1 khayadjajyanԻմ մեծ տատիկն ու պապիկը՝ Աննան և Վահագնը, Ցեղասպանության վերապրածներ են: Աննան (15 տարեկան) Հալեպից էր, իսկ Վահագնը (17 տարեկան) ՝ Երզնկայից:  Աննային փրկել և պատսպարել է մի թուրք ընտանիք: Վահագնը ապաստան էր գտել  մի քուրդ ընտանիքում, որտեղ նրան բուժում են, քանի որ վիրավոր էր: Հետագայում Աննայի և Վահագնի ընտանիքում, որ արդեն Դամասկոսում էր հաստատվել, ծնվում է պապիկս՝ Սարգիսը: Ընտանիքը Ֆրանսիա է տեղափոխվում 1921 թվականին: Նրանք հաստատվում են Ֆրանսիայի Վիեն քաղաքում և աշխատում են մի գործարանում: Ես շատ պարտական եմ զգում իմ նախնիներին: Նրանք շատ են տառապել, որպեսզի իրենց երեխաները լավ կյանք ունենան: Այդ պատճառով է, որ ես փորձում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել նրանց՝ ֆիլմ նկարահանելով իմ արմատների մասին, Հայաստանի և Արցախի մասին...

Քեզ առաջին անգամ  հանդիպեցի 2014 թվականին, երբ մասնակցում էիր «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, հետո տեսա, որ միշտ մասնակցում ես «Ոսկե ծիրանին»: Կուզեի իմանալ բացի այս կինոփառատոնից էլ որտե՞ղ ես ներկայացրել ֆիլմերդ:

Ես մասնակցել եմ աշխարհի ավելի քան 70 կինոփառատոների: Հատկապես սիրում եմ իմ բնակության վայրից դուրս անցկացվող փառատոնները, քանի որ դա ինձ հնարավորություն է տալիս հանդիպել նոր մարդկանց և նոր մշակույթների:

Հայաստանի, Արցախի մասին ֆիլմերը անընդհատ նույն թեմատիկայով են: Նկատի ունեմ Ցեղասպանությունը և արցախյան հիմնախնդիրը: Արդյո՞ք դեռ հետաքրքիր ու ակտուալ է անդրադառնալ այդ ամենին: Դրանք մեզ իհարկե հուզում են, բայց արդյո՞ք հետաքրքիր են նաև դրսի հանդիսատեսին:

Միջազգային լսարանին հետաքրքրում են մարդկային պատմությունները՝ անկախ նրանից, թե որ երկրից է ֆիլմը: Օրինակ, ֆրանսիացիներին «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը շատ էր հուզել: Նույնիսկ եթե նրանք Արցախի մասին շատ բան չգիտեն,  հարգանքով են լցվում այս մարդկանց հանդեպ և կիսում  են այս հրաշալի մարդկանց հույզերը:

3 arnoՀետաքրքիր ժամանակներ է ապրում վավերագրական կինոն: Նման ժամանակներում, երբ ցանկացածը կարող է վավերագրող լինել, որտե՞ղ  պետք է փնտրի վավերագրող կինոռեժիսորը իր հերոսներին:

Կարծում եմ` վավերագրություններն  առավել հետաքրքիր են, եթե դրանք  անհայտ վայրեր, հերոսներ և պատմություններ են ցույց տալիս: Դա լավ միջոց է վերականգնելու այն մարդկանց արժանապատվությունը, ովքեր դժվարություններ ունեն իրենց կյանքում:

Վերջերս մի առաջադրանք էի ստացել համալսարանից և ստիպված եղա երկար մտածել կինոյի ուժի և ժամանակակից տեխնոլոգիաների կապի մասին: Մենք կարծես հիմա ավելի շատ գործիքներ ունենք ավելի ազդեցիկ կինո ունենալու համար: Ժամանակակից կինոն մեզ մոտեցնում, թե՞ հեռացնում է իրականությունից:

Անկեղծ ասած, ինձ համար վիրտուալ իրականությունը շատ հետաքրքիր չէ: Ինձ համար մարդիկ և նրանց պատմությունները ավելի կարևոր են, քան սարքավորումները կամ ժամանակակից տեխնոլոգիաները:

Պատրաստվում ես նոր ֆիլմ նկարահանել Սերժ Ավեդիքյանի և Միքայել Դովլաթյանի  հետ համգործակցությամբ: Ինչի՞ մասին է այն: Կպատմե՞ս մի փոքր այդ մասին:

Այո: Միքայել Դովլաթյանը, Սերժ Ավեդիքյանը և Մարտին Սալմոնը կարտադրեն իմ նոր խաղարկային ֆիլմը: Այն 8 կերպարների խաչաձև պատմություն է, որոնք խաղաղություն սեր և ազատություն են որոնում: Համադրելով այս պատմությունները՝ ուզում եմ ցույց տալ Արցախի բազմազանությունն ու բարդությունը: 2 arnoԻրականում համընդհանուր, համամարդկային ինտրիգները կմիավորվեն միասնական թեմայով և տեղանքով՝  ցույց տալու, թե ինչպես կարելի է ապրել և երազել չճանաչված երկրում: Այս ֆիլմով ես ուզում եմ այս «ուրվական երկիրի» վրա սևեռել այն ուշադրությունը, որին նա իսկապես արժանի է: Ես ուզում եմ, որ այս անձայն և անդեմ մարդիկ հայտնի դառնան  միջազգային լսարանին: Քաղաքական կոնֆլիկտից բացի ես խորապես հետաքրքրված եմ այս  մարդկանց պայքարով և հույսով:

Մի զրույցում նշել էս, որ կուզեիր ֆիլմ նկարահանել նաև թավշյա հեղափոխության մասին: Ինչպիսի՞ն ես պատկերացնում այն:

Նախքան Թավշյա հեղափոխության մասին ֆիլմ նկարահանելը, ես ուզում եմ ժամանակ հատկացնել այս հիանալի իրադարձությունները խորությամբ հասկանալուն: Իմ հայ ընկերոջ հետ շատ բան եմ խոսել, որ  հասկանամ այս հեղափոխությանը մասնակցած մարդու զգացողությունները: Ես նաև ցանկանում եմ հետևել հեղափոխության հետևանքներին առաջիկա ամիսների ընթացքում: Դրանից հետո միայն կմտածեմ պատմության մասին, որը հիմնված կլինի այս իրադրձությունների վրա: Կարծում եմ, դա լավ հնարավորություն է ցույց տալու, թե ինչպես է Հայաստանի երիտասարդությունը մասնակցել այս խաղաղ պայքարին:

Այդ զրույցում խոսել էիր նաև վերադարձող ընկերներիդ մասին, ինքդ ինչպե՞ս ես վերաբերվում այդ հարցին: Կցանկանայի՞ր այստեղ ապրել, հատկապես եթե անըդհատ Հայաստաում ես նկարահանումներ անում:Arno DIANA

Այս պահին Ֆրանսիայում երկու նախագիծ ունեմ, ուստի երբեմն պետք է լինեմ այնտեղ: Բայց ուզում եմ մի քանի ամիս Հայաստանում ապրել 2019 թվականին: Ուզում եմ հասկանալ, թե ինչպիսին է «իրական» ամենօրյա կյանքն այնտեղ: Հայաստանը ոգեշնչող երկիր է ինձ և իմ աշխատանքի համար:

Կար մի հարց, որ շուրջ կուզեիր խոսել և ես չհարցրեցի այդ մասին:

Այո: Այն, թե որոնք են իմ սիրելի վայրերը Երևանում... Կասկադ և Արամի փողոց:

*«Անջրդի ուղիներ» վավերագրական ֆիլմ, որը պատմում է  ռեժիսորի՝ Հայոց ցեղասպանությունից փրկված նախնիների մասին: Այն «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ճանաչվել է լավագույն վավերագրական ֆիլմ:

Հարցազրույցը՝ Աստղիկ Հակոբյանի
Լուսանկարները՝ Դիանա Հովակիմյանի
 
 Հարցազրույցի անգլերեն տարբերակը տե՛ս այստեղ: