ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՈԼԱՆ ՈՒ ՄԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵԶՐԱԳԾԱԾ ՀՆՉՅՈՒՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

0-0-000000088
 Գերմանիայի երկու քաղաներում`Քյոլնում և Բեռլինում, նոյեմբերը գունավորում էին հայակական հնչյուններն ու երանգները: «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ կայացավ Մանե Հովհաննիսյանի «Հնչյունի եզրագիծ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որն էլ ուղեկցվեց «Հայկական վիոլա» խորագիրը կրող համերգով:

 Cultural.am կայքը զրուցել է կազմակերպիչներից Շուշան Հյուսնունցի հետ, ով հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել մեզ:

 -Ո՞րն էր նախաձեռնության հիմքը:

 -Արտկոնցեպտի միջազգային ասոցիացիայի՝ 2017 թվականի գործունեությունը ընդհանուր առմամբ միտված էր հայ-գերմանական մշակութային կապերի ակտիվացմանը: Հայ-գերմանական ենթախորագրով էին ընթացել «Օպուս 3» միջազգային փառատոնի Երևանյան սեզոնի մի շարք համերգներ և սեմինարներ: Փառատոնի առաջին համերգի ընթացքում կողք կողքի ներկայացվեցին գերմանացի կոմպոզիտորներ Պաուլ Հինդեմիթի, Մորից Էգերտի, Վալտեր Գիզեգինքի և հայ կոմպոզիտորների՝ Գագիկ Հովունցի, Արթուր Ավանեսովի, Արսեն Բաբաջանյանի ստեղծագործությունները: Հայ-գերմանական երաժշտական երկխոսության շրջանակում տեղի ունեցավ ևս մեկ համերգ՝ հայկական վիոլայի և տավղի համար, որն այդ պահից ձեռք բերեց ինքնուրույն կյանք և վերածվեց «Հայկական վիոլա» համերգային շարքի՝ շարունակվելով հետագայում Գերմանիայում: Այս առումով բացառություն չկազմեցին նաև Մանե Հովհաննիսյանի լուսանկարչական ցուցահանդեսները, որոնք կրկին որոշեցինք իրականացնել Գերմանիայի՝ ժամանակակից արվեստի ամենաակտիվ կենտրոններից երկուսում՝ Բեռլինում և Քյոլնում:

 -Մինչ անցնելը Մանե Հովհաննիսյանի ցուցահանդեսին, կուզեի փոքր-ինչ մանրամասնեք «Հայկական վիոլա» շարքի հետագա զարգացման մասին։

 -«Հայկական վիոլա» միջազգային նախագիծը, որի իրականացմամբ զբաղվում է Արտկոնցեպտը, համագործակցություն է վիոլահար, թավջութակահար, դիրիժոր Գրիգոր Առաքելյանի հետ, ով միակն է տիրապետում հայկական վիոլային:
 Շարքը սկիզբ առավ «Օպուս 3» միջազգային փառատոնի շրջանակներում, որի ընթացքում հնչեցին հայ և գերմանացի կոմպոզիտորների մի շարք երկերի հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ՝ այդ թվում ստեղծագործություններ, որոնք գրված էին հատուկ փառատոնի պատվերով: Բացի զուտ գեղարվեստական նշանակությունից, առաջին անգամ ժամանակակից կոմպոզիտորները ստեղծագործություններ գրեցին հատուկ հայկական վիոլայի համար՝ դարձնելով այս յուրահատուկ գործիքի հնչողությունն ու տեխնիկական հնարավորությունները ստեղծագործական մտահղացքի ելակետ: Քիչ ամիսներ անց՝ 2017թ. մայիսի 5-ին, տեղի ունեցավ «Հայկական վիոլա» համերգային շարքի պրեմիերան Գերմանիայում՝ Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցի (Hochshule für Musik und Theater München) համերգասրահում: Ծրագրում ընդգրկված էին գերմանացի կոմպոզիտորներ Մաքս Ցիմերմանի, Ռոբին Բեքերի, Լեոնհարդ Աուենհաուերի, Ֆելիքս Բյոնիգքի, ինչպես նաև՝ գերմանաբնակ հայ կոմպոզիտորներ Արսեն Բաբաջանյանի և Հովհաննես Համբարձումյանի ստեղծագործությունները հայկական վիոլայի համար՝ մենանվագ կամ այլ գործիքների ուղեկցությամբ: Նախագծի մասն էր կազմում ամիսներ տևող համատեղ աշխատանքը Գրիգոր Առաքելյանի և գերմանաբնակ կոմպոզիտորների միջև, որի ընթացքում վերջիններս ծանոթանում էին գործիքի հնչողական և կատարողական առանձնահատկություններին: «Հայկական վիոլա» նախագիծը գտնվում է անընդհատ զարգացման պրոցեսում. ընդլայնված և նորացված ծրագրերով այն հանդես եկավ նոյեմբերի 3-ին՝ Բեռլինի «Atelier Soldina» սրահում, իսկ հայկական պրեմիերան տեղի ունեցավ օրեր առաջ՝ դեկտեմբերի 2-ին, Կոմիտասի ինստիտուտ-թանգարանի համերգասրահում:

 -Մոտենալով Մանե Հովհաննիսյանի ցուցահադեսին. սա Մանեի հետ ձեր առաջին համագործակցությունը չէ: Կպատմե՞ք մի փոքր՝ որտեղից եք սկսել:

 -Մանե Հովհաննիսյանի հետ համագործակցությունը նույնպես սկսվել է «Օպուս 3» փառատոնից: Նա իրագործեց փառատոնի մասնակիցների դիմանկարների ֆոտոշարք, որն էլ հիմք դարձավ ազդագրերի և ծրագրերի ձևավորման համար: Սա կարծես մի փոքր գեղարվեստական ցուցահանդես էր փառատոնի ներսում, որը միևնույն ժամանակ ծառայում էր պրակտիկ՝ ինֆորմացիոն նպատակների: Այս մոտեցման մեջ կարելի է տեսնել քսաներորդ դարասկզբի՝ հատկապես սյուռեալիստների և դադաիստների գործունեությանը բնորոշ մի ավանդույթի վերածնունդ, երբ նույնիսկ համերգային ծրագրերն ու ազդագրերն ընկալվում էին որպես ամբողջական արվեստի գործ և իրականացվում նկարիչների կողմից՝ տվյալ միջոցառման գեղագիտական ուղղվածությանը համապատասխան:

 -Այս ցուցահանդեսը Գերմանիա է տեղափոխվել Հայաստանի՞ց, թե՞ աշխատանքները առաջին անգամ էին ցուցադրվում:

 -Թվով մոտավորապես 40 աշխատանք պարունակող այս ցուցահանդեսի գերակշռող մասը ներկայացվեց Գերմանիայում առաջին անգամ: Բացառություն էին կազմում street ոճի մի քանի աշխատանքներ, որոնք ցուցադրվել էին Գյումրիի «25» ցուցասրահում (Berlin Art Hotel), ինչպես նաև՝ մեկ լուսանկար, որը 2017թ. արժանացել էր «Միրզոյան Գրադարանի» հայտարարած «Հին Երևան» լուանկարչական մրցույթի մրցանակին և այնտեղ էլ ցուցադրվել:
 Բեռլինի «Atelier Soldina» և Քյոլնի «Bunker k101» ցուցասրահներում ներկայացված ցուցադրությունները նույնպես լոկ կրկնողություն չէին: Կախված ցուցասրահների բնույթից և տարածքային առանձնահատկություններից՝ յուրաքանչյուր վայրում մշակվել էր համապատասխան նկարների ընտրություն և համադրում:

 -Ինչո՞ւ էիք Մանե Հովհաննիիսյանի գերմանական ցուցահանդեսների համար ընտրել "The limb of the sound" («Հնչյունի եզրագիծ») խորագիրը:

 -Այս խորագիրն ընտրել է Մանե Հովհաննիսյանը՝ որպես իր արվեստը բնորոշող հասկացություն: Լիմբը լատիներենից եկող բառ է, որ նշանակում է ինչպես եզրագիծ, այնպես էլ անցումային՝ լիմինալ տարածք: Քանի որ Մանեն, բացի լուսանկարչուհի լինելուց, նաև կոմպոզիտոր և դաշնակահարուհի է, նրա ստեղծագործական աշխարհը նույնպես գտնվում է երաժշտության և վիզուալ արվեստի անցումային կետում: Իր իսկ խոսքերով՝ «այնտեղ, որտեղ վերջանում է հնչյունը, սկսվում է գույնը»: Սա մի փորձ է հնչողական ընկալումները «թարգմանել» լուսանկարչական ժանրի արտահայտչամիջոցներով: Բնականաբար, խոսքը գնում է ոչ թե իրական, ֆիզիկապես հնչող, այլ մետաֆիզիկական, ներքին երաժշտության մասին:

 -Կպատմե՞ք փոքր-ինչ ներկայացված աշխատանքների մասին:

 -Այս ցուցահանդեսներում ներկայացված էին հիմնականում երեք տիպի ժանրեր՝ street ոճի աշխատանքներ, վերացական դիմանկարներ և լանդշաֆտային լուսանկարներ: Street ժանրի լուսանկարները իրականացված էին մեծ մասամբ Գյումրի և Երևան քաղաքներում: Դրանց մեջ հատկապես առանձնանում էր այսպես կոչված «Կապույտ սենյակ» շարքը: Այն իրագործված էր հատուկ տպագրական տեխնիկայի՝ ցիանոտիպի միջոցով, որի շնորհիվ լուսանկարները ձեռք են բերում կապույտ երանգ և արտաքուստ ավելի հիշեցնում ջրաներկով կատարված աշխատանք: Բացի այդ, ցիան նյութով տպագրելիս լուսանկարի ցանկացած նոր տպագրություն միշտ տարբեր է լինում, քանի որ յուրաքանչյուր անգամ գույնը տարածվում է նորովի՝ ստեղծելով անկրկնելի եզրագծեր և ստվերներ: Այս շարքը թեʹ Բեռլինում, թեʹ Քյոլնում այցելուների մոտ հետաքրքրության մեծ ալիք առաջացրեց:

 -Ովքե՞ր եղան այցելուները:

 -Ցուցահանդեսները ուղղված էին լայն շրջանակի հանդիսատեսին: Միակ սպասումը այս դեպքում՝ ունենալ այցելուներ, ովքեր հետաքրքրված են արվեստով, պատրաստ են երկխոսության արվեստագետի հետ: Եվ նման այցելուների պակասը չկար: Քյոլնում ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր արվեստագետներով, երաժիշտներով, զարմանալիորեն և ուրախալիորեն շատ էին նաև երեխաներն ու պատանիները: Մանե Հովհաննիսյանի ցուցահանդեսի հանդիսատեսի մի մասն էլ կազմում էին Kolonie Wedding-ի արվեստագետները, որոնք մեծ հետաքրքրություն և գնահատանք ցուցաբերեցին իր աշխատանքներին: Շատերի համար այս լուսանկարների հետ ծանոթությունը առաջին առիթն էր առնչվելու նաև հայ մշակույթին, բնությանը, քաղաքների պատմությանը:
 "Das Limbus des Klangs" ցուցահանդեսի փակման արարողությունը նշանավորվեց հնչյունային փերֆորմանսով (Klangaktion), որն իրականացավ Արտկոնցեպտի և "Zentrum für Phonosophia"-ի համագործակցության արդյունքում: Այս հնչյունային «թատրոնի» մասնակիցներն էին նաև ավստրիացի քանդակագործ, փերֆորմանս-արտիստ Վոլֆգանգ Ալեքսանդր Թիլերը և գերմանացի երաժշտագետ, կոմպոզիտոր Ռալֆ Վերմերենը:

 -Ինչո՞վ էր պայմանավորված «Atelier Soldina» և «Bunker k101» ցուցասրահների ընտրությունը:

 -«Atelier Soldina»-ն հանդիսանում է Բեռլինի կենտրոնում գտնվող ցուցասրահներով հարուստ հատուկ թաղամասի՝ Kolonie Wedding-ի մի ցուցասրահը: Սա շատ տարածված երևույթ է եվրոպական քաղաքներում, երբ քաղաքի մի թաղամաս կամ հատված ամբողջովին վերածվում է արվեստի համալիրի՝ իր արվեստ- և արհեստանոցներով, ցուցասրահներով, դահլիճներով՝ ներառելով իր մեջ արվեստի տարբեր տեսակներ՝ գեղանկարչութուն, քանդակ, լուսանկարչություն, պար, երաժշտություն և այլն: Տարբեր արվեստագետների կենտրոնացումը մի վայրում նպաստում է ստեղծագործական առավել ակտիվ շփման և փոխանակման:
 Իր տեսակով յուրահատուկ է նաև Քյոլնի «Bunker k101» ցուցասրահը: Այն դասական առումով ցուցասրահ չէ, այլ բունկեր, որը մնացել է դեռևս երկրորդ համաշխարհային պատերազմից: 20-րդ դարասկզբին այդ տարածքում է գտնվել Քյոլնի ամենախոշոր հրեական համայնքներից մեկը՝ իր սինագոգով և դպրոցով: Ֆաշիստական Գերմանիայի օրոք այն բնականաբար ոչնչացվել է, և փոխարենը հետագայում կառուցվել է բունկեր՝ ֆրանսիական օդային ռազմական ուժերից պաշտպանվելու համար: Իսկ հետպատերազկամական տարիներին շենքը ծառայել է որպես ժամանակավոր պատսպարվելու վայր պատերազմի արգասիքների արդյունքում անօթևան դարձած հարյուրավոր ընտանիքների համար: Վայրի այս բարդ անցյալը վերակերպավորելու նպատակով բունկերի շենքը դեռևս վաթսունական թվականներից դարձել է ցուցասրահ և արվեստի կենտրոն՝ միևնույն ժամանակ պահպանելով իր պատմական տեսքը: Այստեղ կազմակերպվում են ժամանակակից արվեստի բազմաթիվ ցուցահանդեսներ, համերգներ, թատերական ներկայացումներ, փերֆորմանսներ:

 -Դուք երաժշտագետ եք, բայց հանդես եկաք որպես ֆոտոցուցահանդեսի համադրող: Ինչպե՞ս ստացվեց:

 -Այս հարցին պատասխանելու համար կուզեմ մեջբերել նկարչուհի Մերի Բաուերմայստերի խոսքերը. «Եթե ուզում ես սեփական արվեստիդ հորիզոնները լայնացնել, ժամանակավորապես դուրս արի այնտեղից և փոխիր արտահայտչամիջոցդ»: Ճիշտ է, այս միտքը վերաբերվում է մեծ մասամբ ստեղծագործող արվեստագետներին, բայց կարծում եմ, նման մոտեցումը կարևոր է նաև տեսաբանների համար:
 Ինտերդիսցիպլինար մոտեցումն առհասարակ բնորոշ է Արտկոնցեպտի գործելաոճին: Դրա օրինակն է հանդիսանում արդեն նշված «Օպուս 3» փառատոնի Երևանյան սեզոնը, որի ընթացքում երաժշտության կողքին հատուկ տեղ հատկացվեց լուսանկարչությանը, կերպարվեստին, գրականությանը: Այս տեսանկյունից կարող եմ նշել կոմպոզիտոր, Արտկոնցեպտի համահիմնադիր Արսեն Բաբաջանյանի վարած միջոցառումները Թերլեմեզյանի անվ. պետական գեղարվեստի քոլեջում, որոնցից մեկի ժամանակ կոմպոզիտորը ներկայացնում էր նկարիչներ Ֆրանց Մարկի և Ագուստ Մաքեի նամականին՝ միևնույն ժամանակ քննարկելով աբստրակտ արվեստի ծնունդը, իսկ հաջորդ անգամ զրույց էր վարում գրականության մասին արձակագիր Արամ Պաչյանի հետ: Լինելով կոմպոզիտոր՝ Արսեն Բաբաջանյանը նույնպես հանդես եկավ որպես կուրատոր՝ համադրելով Մանե Հովհաննիսյանի լուսանկարները Բեռլինյան ցուցահանդեսի համար:

Զրուցեց Մերի Հովհաննիսյանը

Das Limbus des Klangs ցուցահանդես Քյոլնում Bunker k101 լուսանկարչուհին իր աշխատանքների հետ 1

Das Limbus des Klangs ցուցահանդես Քյոլնում Bunker k101 4 1

The limb of the sound ցուցահանդեսը Բեռլինում Atelier Soldina 1

Das Limbus des Klangs ցուցահանդես Քյոլնում Bunker k101 2 Kopie 1

Das Limbus des Klangs ցուցահանդես Քյոլնում Bunker k101 3 Kopie