ՀՐԱՉՅԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ. ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆԸ ՉԾԱՌԱՅՈՂ ԱՐՎԵՍՏԸ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ ԲԵՐՈՂ ՈՒԺ Է

Hrach1
Բեռլինում գտնվող MAIFOTO ցուցասրահը երկմասանոց ցուցադրությամբ օրերս ներկայացրեց գերմանացի լուսանկարիչ Ութե Լանգքաֆելի և գյումրեցի նկարիչ Հրաչյա Վարդանյանի համատեղ նախագիծը, որն արվեստագետներն անվանել են «Խառնարանում»: Նախագծի հեղինակների խոսքով՝ փորձել են ցույց տալ բնապատկերների և սոցիալական իրողությունների կապը՝ աբստրակտ պատկերների և սիմվոլների միջոցով վիզուալիզացնելով դրսևորված հեղափոխությունը: Այս ցուցահանդեսի, արվեստի, արտաքին և ներքին հեղափոխությունների մասին ենք զրուցել նկարիչ Հրաչյա Վարդանյանի հետ:

- Երևի ենթադրում ես, որ առաջին հարցը ցուցահանդեսի մասին պիտի լինի: Կմանրամասնե՞ս ընթերցողի համար մի փոքր:

- Որպես պատկերագրային ելակետ Մեղրին է վերցված, Մեղրիի բնությունն է լուսանկարներում, լանդշաֆտները: Ու քանի որ Մեղրիի տարածքը ծագումնաբանության, հրաբխային սկզբի հետ կապ ունի, նաև դա ենք պատկերել ու էդ հրաբխային պատկերները ստանալու համար հայրիկիս (Հրաչյան քանդակագործ Ալբերտ Վարդանյանի որդին է,- հեղ.) ձուլարանում քանդակների ձուլման պրոցեսն ենք ներկայացրել, որը փոխանցում է էդ հրաբխային զգացողությունը, մակերեսները, քարերի, սարերի ձևավորման պրոցեսների զգացողությունը... Ցուցահանդեսի այս մասը կրակին է վերաբերվում իրականում: Սա մի մեծ նախագծի մի մասն է միայն: Նպատակ ունենք այս նախագիծը չորս մասով ներկայացնել՝ յուրաքանչյուրը մի տարերքի թեմատիկայով: Առաջինը կրակն է, հետո կլինեն օդը, ջուրը, հողը, և բոլոր դրվագներում լինելու է Մեղրին: Իրականում դեռ ամենասկզբում ենք կանգնած ու նախագիծն էլ դեռ խառնարանում է: Նպատակ ունենք այդ բոլոր չորս մասերի ամփոփումը Մեղրիում անել, որտեղ որ արվեստի կենտրոն կբացվի, դրա համար ցանկություն ունենք գումար հավաքել ու միջոցը տեսնում ենք այս նախագիծը:
Hrach22Մեղրին շատ հետաքրքիր տարածք է, յուրահատուկ որակներով, տարբերվող, սահմանային... սահմանային փիլիսոփայական իմաստով նաև, այստեղ բազմաթիվ մշակութային շերտեր են խաչվում, զրահադաշտականությունը, նախաքրիստոնեական հավատքը, սուֆիզմը, շատ պոտենցիալ ունի էս տարածքը ու մեզ համար շատ կարևոր:
Հետաքրքիր կապ կա ներկայացված լուսանկարների ու գեղանկարների միջև: Լուսանկարներն օգնում են որ մարդիկ գեղանկարներն ավելի լավ ընկալեն, հասկանան, թե որտեղից է գալիս գեղանկարչությունը, ինչ շերտերից է սնվում, այսինքն՝ տվյալ դեպքում էս լանդշաֆտներն են, էս կրակներն են ու ձուլարանի պատկերներն են, որը ինչ-որ առումով իմ արմատներն է արտացոլում, այսպես ասած, իմ «բեքգրաունդն» է, իսկ գեղանկարները ինպուլս են հաղորդում լուսանկարներին, որ մարդը միայն պատկերին չնայի, հաջորդ քայլերը բացահայտելուն գնա: Դրանք մեկտեղվել են ու նույն նպատակին են ծառայում: Իսկ նպատակը շարժման մաս լինելն է: Այս մասին ուզում եմ անպայման նշել: Ութեն Բեռլինի Մաքսիմ Գորկիի անվան թատրոնի լուսանկարիչն է: Թատրոնը շատ հայանպաստ գործունեությամբ է զբաղված, հայ արվեստագետների են հրավիրում, միշտ հիշատակում են Ցեղասպանության մասին: Ինչ-որ տեսանկյունից էս ցուցահանդեսը կապ ունի այս ամենի հետ, որովհետև թաղամասը, որտեղ գտնվում է այս ցուցասրահը, բնակեցված է թուքերով: Մենք այս կերպ ուզում ենք այստեղ բերել հայկականը, հայերեն տեքստեր ենք գրում, հայկական մշակույթի, պատմական իրականության մասին ենք խոսում:

- Ես այս ցուցահանդեսի մասին պատահաբար տեղեկացա և երբ փնտրում եմ ժամանակակից արվեստագետների տարբեր հարթակներում, քեզ ամենահազվադեպն եմ հանդիպում: Ինչո՞ւ:

- Դա մի քիչ բարդ հարց է իրականում, բայց երևի ամենամեծ պատճառն այն է, որ ես ինքս առիթներ չեմ փնտրում հարցազրույցների, չեմ ստեղծում այդ առիթները: Չգիտեմ ինչպես ասել, բայց իմ արվեստը ձևավորման մեջ է ու երևի շատ չեմ կարևորում երևակվելը, բայց միևնույն ժամանակ վստահություն ունեմ, որ այն, ինչ անում եմ, կարևոր է: Պատճառը գուցե նաև այն է, որ իմ համոզմամբ այն, ինչ ես եմ անում մի փոքր «անդրգրաունդում» է: Էն շարժումը, որով ուզում եմ զբաղվել, փակ է ինչ-որ առումով: Այդ ամենի մասին բարձրաձայնելը «Վիշապաքար» հասարակական կազմակերպության ձևավորումն եմ համարում, որը կարող է ճանապարհ դառնալ շատ բաներ բացահայտելու համար: Քանի որ չէի ուզենա սահմանափակել մեր գործունեությունը միայն արվեստով, այդ պատճառով «Վիշապաքարը» շատ եմ կարևորում: Այստեղ արդեն պատմական ժառանգության հարցեր են բարձրացվում՝ կապելով դրանք ժամանակակից արվեստի հետ և այլն, բայց թե ինչու է այնպես ստացվել, որ այս մասին չենք խոսում, հստակ պատասխան չունեմ: Լավ տեղից չի գալիս էս ամենը, կարող է՝ պատճառը նաև ծուլությունն է:

Hrach33
- Իսկ ես կարծում էի, որ պատճառը դիմադրությունն է:

- Գիտես, մեր դաշտում արվեստը շատ սահմանափակված է, մանավանդ ժամանակակից արվեստը, ու եթե դու խոսում ես ժառանգության մասին, ժառանգական վերաբերմունքի մասին, դա արդեն արվեստի կոնտեքստից դուրս է: Արևմտյան նորմերին ենթարկվող արվեստը Հայաստանում սահմանագծեր է ստեղծել ու դրա պրիզմայի միջով սելեկցիա է տեղի ունենում, այս տեսակ իրավիճակ թերևս գոյություն ունի: Երբեմն այն, ինչ ես անում եմ, ընկալվում է որպես ազգայնական արվեստ: Կամ նույն աբստրակցիան... էլի բարդություն է պարունակում, այսինքն՝ քաղաքացիական արվեստի մեջ չլինելը... սրա հետ էլ եմ կապում, բայց ամենաշատը ինքս ինձ հետ եմ կապում, ես ինքս չեմ զբաղվում լուսաբանման, տարածման հարցերով:

- Ազգայնականության հետ կապը՝ ենթադրյալ, կամ ոչ, Հայաստանում կարծես թե հակառակը՝ դրական լույսի ներքո պիտի դիտվեր:

- Եթե անկեղծ, ես ինքս դեմ եմ ազգայնականությանը արվեստի մեջ, էդ հայկական գույներ, հայկական մշակույթ... ես ազգայնական արվեստի հետ ասոցացվելիս հարմար չեմ զգում ինձ, դա էլ իր հերթին է բերում սահմանափակումների... Եկանք նրան, որ ես ոչ այնտեղից եմ, ոչ այնտեղից: Միգուցե խնդիրը սա է, որովհետև ազգայնական շարժման համար իմ տեսակը ժամանակակից է, իսկ ժամանակակից արվեստագետների համար էլ ես էնտեղից եմ: Իսկ իրականում ես ինձ մենակ չեմ զգում, որովհետև կարծում եմ, որ կա մեկ այլ ուղի նաև ու այդ շարժման մեջ, որը ես կկոչեի թերևս «արվեստ արվեստի համար», էս տեսակ բաները՝ ներկայանալի լինելը, հայտնի դառնալը, չի կարևորվում: Ես կարևորում եմ գործը, ուզում եմ անել գործ, որն ինքն իր համար ճանապարհ կհարթի և իրեն գովազդելու խնդիր չի ունենա:

- Ի՞նչ ես մտածում որևէ ժամանակակից արվեստի թանգարանում հայտնվելիս:

- Թանգարաններով տարված չեմ: Փորձում եմ ավելի սելեկտիվ մոտենալ հարցին, երբ թանգարան պիտի գնամ: Կան բաներ, որ ուզում եմ տեսնել, էսպես ասած երբեմն փորձում եմ թանգարաններում «եղբայրներիս» գտնել, գտնել արվեստագետների, որոնց հետ նույն ցեղից եմ: Մասնագիտական աչքով եմ գնում թանգարաններ, սպասումով եմ գնում: Երբեմն կարող է մի էնպիսի բան տեսնես, որ ստեղագործական նոր շերտ բացվի, նոր դուռ բացվի: Յուրաքանչյուր արվեստ դուռ է, մուտք է, որ քեզ ուղղորդում է մի տեղ, բայց դա ընդամենը դուռ է, շարունակությունը, քայլերը քոնն են, դու պիտի անես:

 - Hrach44Արդարանո՞ւ­­մ են սպասելիքներդ:
 
- Ընդհանրապես և իմ պատկերացմամբ թանգարանները արվեստի հետ շատ կապ չունեն, ու դա է պատճառը, որ շատ չեմ սիրում թանգարաններ, դրանք շատ վտանգավոր կարող են լինել, ու եթե ես պատրաստված չեմ, դա կարող է ուրիշ տեղ տանել: Արվեստի գործերը հաճախ ծառայում են թանգարաններին, բայց հենց այս գործերի կոնտեքստից թանգարանը տարանջատվում է: Յուրաքանչյուր արվետի գործ էներգետիկ ռեսուրս է, էներգիայի տեսակ է, ու երբ էդ ամենը մեկտեղում ես, կարող է մեծ ազդեցություն ունենալ, մարդուն շփոթեցնել, կտրել իրականությունից կամ հակառակը՝ բերել մի իրականություն, որտեղ այդ մարդը չպիտի լիներ, այսինքն՝ այս ամենը պատասխանատու է շատ, այդ պատճառով ես նախընտրում եմ թեմատիկ ցուցահանդեսները, որոնք մարդուն հստակ, արդեն ֆիլտրված «մեսիջ» են փոխանցում էդ ամբողջ էներգիայով համատեղ, որը դու կարող ես արդեն ընդունել կամ ոչ: Արվեստի նկատմամբ մեծ հաշվով շատ լավատես եմ, ես մեծ հույս ունեմ ու հավատում եմ արվեստի ուժին: Երբ որ արվեստը չի ծառայում որևէ քարոզչության, այն փոխակերպում բերող ուժ է մարդկության համար ու այն միշտ կմնա էդ դերում, ես հավատում եմ, որ արվեստը կարող է փոխել աշխարհը:

 - Այլ ձևակերպմամբ դու Kulturoptimist ես:

- Այո, բայց եթե խոսքը սիստեմատիզացիայի ենթարկված մշակույթի մասին չէ: Ասածս անարխիայի մեջ գտնվող արվեստի մասին է, որը պարունակում է այդ ներուժը: Մեր ցուցահանդեսը, օրինակ, փորձում է խոսել իմանալի աշխարհի ու անիմանալի աշխարհի մասին: Մթի ու լույսի մասին: Երբ որ արվեստը իր կապը անիմանալի աշխարհի հետ չի խզում ու բերում է այնտեղի ինֆորմացիան, այն միշտ օպտիմիզմի կողմն է, որովհետև էդտեղից եկող ինֆորմացիան փոխակերպում բերող թույն է պարունակում, բժշկություն բերող թույն է պարունակում: Մենք նշանների մասին ենք չէ՞ խոսում, օրինակ, վիշապագորգի, օձի մասին, ու օձը թույն ունի չէ՞, բայց էդ թույնը նաև բուժիչ է: Այ էդ թույնը պիտի պարունակի արվեստը ու մութ աշխարհից եկող, վտանգավոր թվացող ճշմարտությունը, իսկ ճշմարտությունը ևս թույն է, դրան ոչ բոլորն են դիմանում: Այս տեսակի արվեստի նկատմամբ ես մեծ հավատ ունեմ, միայն այս տեսակի արվեստը կարող է իրականություն փոխել, իրավիճակ փոխել: Ես հենց այս արվեստն եմ փնտրում:

- Ինչո՞վ պիտի առաջնորդվի ակադեմիական միջավայրին սովոր մարդը՝ ժամանակակից արվեստի աշխարհում չխճճվելու համար:

- Մենք ոչ մի բանից չպիտի վախենանք: Մենք ասելով նկատի ունեմ Հայաստանից եկած մարդուն: Չպիտի վախենանք, որովհետև Հայաստանում դեռ պահպանված է օբյեկտիվ գիտելիքի զգացողությունը, որը գալիս է ընտանիքից, միջավայրից: Հայաստանում արմատների հետ կապը կա, մարդը հող ունի ոտքի տակ, էդ հողի մասին գիտելիք ունի, ու երբ որ էդ հողի մասին գիտելիքը կա, ամեն ինչի կարող ես նայել առանց վախենալու: Մենք ուղակի չպիտի հավաքագրողներ լինենք, չլինենք էն դասական արևմտամետը, որ մտածում է, թե այն, ինչ այստեղ կա, ճշմարտությունն է, Արևմուտքը քաղաքակիրթն ու զարգացածն է, որ փիլիսոփայական միտքն այստեղ գագաթնակետին է հասել: Խնդիրը այստեղ որակներն են: Մարդ իհարկե կարող է ամեն ինչ տեսնել, ամեն ինչի մասին խոսել, բայց խոսքը զգալն է դժվար, իմաստավորելն է դժվար, մենք պիտի աշխատենք չկորցնել իմաստավորելու կարողությունը էս ամենի մեջ: Սա շատ եմ կարևորում: Ի վերջո հավաքած և մարսած ինֆորմացիան շատ տարբեր բաներ են:

- Քանի որ հաճախ ես դրսում և հողից ու արմատներից էլ խոսեցինք, շատ ընդհանուր մի հարց տամ՝ որտե՞ղ է քո տունը:

- Ես մտածում եմ, որ տունը մեր մեջ է: Քանի դեռ ստեղծագործական ներուժը մարդու մեջ է, ինքը տանն է, բայց միևնույն ժամանակ, երբ Հայաստանի հողի վրա ենք, այսինքն էն հողի վրա ենք, որտեղից որ ծնունդ ենք առել, այդ ներուժը ավելի է լիցքավորվում: Աշխարհում կան տեղեր, որտեղ հողը ունի քո ստեղծագործական ներուժը կրկնապատկելու ուժը: Միևնույն ժամանակ վստահ եմ, որ ստեղծագործական միտքը պիտի ճամփորդի: «Տուն» ասվածը քո ստեղծագործությունն է: Բայց պիտի նշեմ, որ ես պատասխանատվության զգացողություն ունեմ նաև. այն ամենն, ինչ իմ ստեղծագործությանը ծնունդ է տվել, փորձում եմ վերադարձնել, դրա համար միշտ վերադառնում եմ, չեմ ուզում ծառայել այլ քաղաքակրթությունների: Ես ծառայում եմ մարդ էակին գլոբալ իմաստով, մարդու հոգևոր շերտին, բայց ուզում եմ իմ երկիրը այդ ամենի առաջին «շահառուն» լինի:

- Մենք հստակ պոստմոդեռն ժամանակներում ենք ապրում, բայց Հայաստանում բոլորն անընդհատ խուսափում են խոստովանել այդ, հատկապես արվեստագետները, ինչո՞վ ես դու դա պայմանավորում:

- Պատճառն այն է, որ այդ ամենը շատ ուշ Հայաստան հասավ: Դրա համար մարդիկ մինչև հիմա էդ նույն մակերեսների, գաղափարական շերտերի նկատմամբ անտարբեր չեն, մենք էդ շորերը հագնել դեռ սիրում ենք: Շատ վտանգավոր բան կա սրա մեջ, ես չէի ուզի մենք հագած շորեր հագնեինք:

Hrach55
- Կարծում ես, ընդդիմության պատճառն այն է, որ արվեստագետներն իրենք է՞լ են սա գիտակցում:

- Էդպես չէի ասի: Ով գիտակցում է, չի ընդիմանում: Կարծում եմ գեղանկարչության մեջ մարդիկ, որոնք էդ պոստմոդեռնի քողը վերցնում են իրենց վրա, պարզապես նպատակ ունեն գործերը վաճառելու: Իսկ իրականում ես «իզմերը» և դասակարգումներն առահասարակ շատ կառուցողական չեմ համարում, որովհետև արևմտյան աշխարհն է էդ դասակարգման լեզուն մշակել, իսկ մենք ուզում ենք մեր մշակույթը դասակարգել իրենց ստեղծած համակարգով: Ես ավելի կողմնակից եմ նրան, որ մենք ինչ-որ բան ձևավորենք, որը կմնա անանուն, չդասակարգված, էլ չեմ խոսում այն մասին, որ գործը ստեղծելու պահին այն ընդհանրապես անուն չպիտի ունենա, ես չպիտի ասեմ՝ ես աբստրակտ գործ եմ ստեղծում: Եթե տեղավորվում ես «իզմերի» մեջ, սկսում ես ծառայել դրան: Իսկ ծառայելը տխուր է: Ես ուզում եմ գտնել արվեստի մեջ էն ոգին, որի համար կարևոր չեն անունները: Ես գիտեմ՝ ում հետ եմ խոսում, ում համար է իմ ստեղծագործությունը և վերջ: Ես այսօր ցուցահանդես եմ անում, ունեմ մի քանի նպատակ. հայկական խոսքը այս թաղամասում հնչեցնելը, հայկական լանդշաֆտը այստեղ ցույց տալը, էդ անիմանալի ինֆորմացիան էստեղ բերելը, ինչքանով կստացվի, ինչքանով չի հաջողվի, կանվանվի սա աբստրակտ արվեստ, թե՝ լուսանկարչություն, ինձ համար շատ կարևոր չէ:

- Ես մի հռետորիկայի դասախոս ունեի, որ սիրում էր կրկնել, թե մարդը իրավիճակային էակ է, հետո այնպես ստացվեց, որ հաճախ ստիպված եղա հիշել այս արտահայտությունը: Մենք ի՞նչ հարաբերությունների մեջ ենք մեզ շրջապատող իրականության հետ, քեզ այդ իրավիճակները որքա՞ն հաճախ են որևէ բան թելադրում:

- Սա կարևոր հարց է: Օրինակ, հեղափոխությունը կարող եմ որպես օրինակ բերել: Դա նկատի ունեի՞ր:

- Նաև: Կուզեի այդ մասին էլ խոսենք:

- Ես մտածում եմ, որ կան տիեզերական հոսքեր, որոնք իրավիճակներ են ձևավորում ու երբեմն էդ նույն հոսքերը դրսևորվում են քաղաքական իրականության մեջ, սոցիալական իրականության մեջ, այսինքն՝ հատվում են: Իրականության ու մարդու ներաշխարհի մեջ անմիջական կապ կա, ու երբ որ ներքին իրականության մեջ դու մոտենում ես հեղափոխությանը, դա դրսևորվում է արտաքին իրականության մեջ և հակառակը, սրանք մեկը մեկի հետ փոխկապակցված են: Ես զգայուն եմ նման բաների նկատմամբ: Երբ որ ինձ ինչ-որ բան պակասում է ներքին իրականությունը փոխելու համար, արտաքին փոփոխությունը կարող է լինել այդ վերջին կաթիլը, որ իմ մեջ ամեն բան փոխի: Հայաստանում ներաշխարհի հեղափոխությունը բավարար թվով մարդկանց մեջ եղավ և նոր միայն արտահատվեց արտաքին հեղափոխությամբ: Այ էստեղ եմ ես իմաստավորում արվեստը: Արվեստով հասունանում են պրոցեսներ և դու դառնում ես դրա սնուցողը:Hrach66 Ես հավատացած եմ սրանում, ինձ արվեստին սա է կապում: Արվեստով կարող ենք անել ցանկացած փոփոխություն, կարող ենք գործոն դառնալ աշխարհն ավելի լավ դարձնելու, կապ չունի, որ երբեմն դա չի երևում, որ մեր մասին թերթերում չեն գրում, կարևորը, որ դա ունենա հետևանք, ես տեսնեմ, որ դա ունեցել է իր ազդեցությունը: Ես խոսում եմ ոչ թե զգայական, էմոցիաների վրա հիմնված արվեստի մասին, այլ գիտակված արվեստին եմ վերագրում այս ուժը, ոչ թե զարդարելու, դեկորացիաների, մեկին ուրախացնելու կամ տխրեցնելու համար ստեղծված, ինձ ուրախացնելու կամ տխրեցնելու համար ստեղծված արվեստին եմ հավատում, այլ գիտակված արվեստին եմ հավատում, այն ունի փոխելու ուժ:

- Գիտակցված արվեստը հասկանալու համար պետք է կարդալ սիմվոլները: Հեղափոխությունը ինչո՞վ է օգնելու այդ հարցում:

- Ես կարող եմ օրինակ բերել: Օրինակ, ես տեսնում եմ ծաղիկ, որի անունը չգիտեմ, բայց ես զգում եմ դրա հոտը, ես կարող է գաղափար չունենամ այդ սիմվոլներից, չճանաչեմ դրանք, բայց հոտը կզգամ, այն կունենա իր ազդեցությունը: Մեկը, որը կուզի սովորել այդ լեզուն, կսովորի, կկարդա ու կընկալի, բայց միևնույն ժամանակ պարտադիր չի, որ բոլորը կարդան, ավելի կարևոր է, որ այն իրավիճակ փոխի, միջավայրի պոտենցիան փոխի, տարածությունը այլ որակ ձեռք բերի:

- Այսինքն՝ քեզ համար տեսանելի է արդեն այդ փոփոխությունը:

- Ես շատ ոգևորված եմ, որովհետև տեսնում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում, ժողովրդի ուզածն է: Մեկը, որ շատ բան չգիտի Հայաստանի մասին կարող է ասել՝ սա պոպուլիզմ է և այլն, բայց ես գիտեմ, որ սա շատ մարդկանց ցանկությունն է, սա տարածություն է մարդկանց համար, տեսողական նոր որակ է, ու ես, այո, իրականում, շատ սպասելիքներ ունեմ:


Զրուցեց Աստղիկ Հակոբյանը
Լուսանկարները՝ Կրիշան Ռաջապաշքեի