ՆՈՐ ԳՐՔԵՐ. «ՀՈՒՅՆ ԶՈՌԲԱՆ»

nor-grqer-huyn-zorban
Հույն գրող Նիկոս Կազանձակիսի «Հույն Զոռբան» վեպը դասվել է համաշխարհային գրականության բոլոր ժամանակների հարյուր լավագույն գրքերի շարքում։ Հանրահայտ վեպը վերջերս բնագրից թարգմանվել է հայերեն: «Նոր գրքեր» նախագծի շրջանակներում Cultural.am-ը զրուցել է «Հույն Զոռբան» վեպի թարգմանիչ Շամրիկ Խաչատրյանի հետ:


- Նիկոս Կազանձակիսի «Հույն Զոռբան» հանրահայտ վեպը հայ ընթերցողին է ներկայացվել: Դուք որպես ընթեցող` ինչպե՞ս կգնահատեք վեպի դերը և արժեքը հայ թարգմանական գրականության մեջ:

- Կարծում եմ, որ այս վեպի հայերեն թարգմանությունն անհրաժեշտություն էր հայ թարգմանական գրականության մեջ, հավանաբար նույնիսկ բավականին ուշացել ենք, քանի որ համաշխարհային գրականության բոլոր ժամանակների հարյուր լավագույն գրքերի շարքում դասված այս վեպը թարգմանվել է 40-ից ավելի լեզուներով, իսկ հայերենով դեռ նոր է լույս տեսել:

- Ինչպիսի՞ դժվարությունների եք հանդիպել վեպը թարգմանելիս:

- Թարգմանելու ընթացքը դժվար էր, բայց և հաճելի: Դժվար էր այն առումով, որ նախ`չկա հունարեն-հայերեն լավ բառարան, երկրոդը` Կազանձակիսն օգտագործել է շատ բարբառային ձևեր, որոնց իմաստն ըմբռնելու համար դիմել եմ հունարենին լավ տիրապետող հույն ընկերներիս: Թարգմանելու ողջ ընթացքում ձեռքիս տակ եմ ունեցել վեպի անգլերեն ու ռուսերեն թարգմանությունները, որպեսզի համեմատեմ իրար հետ: Ռուսերեն ու անգլերեն թարգմանություններն ավելի շուտ փոխադրություն են, քանի որ կան բավական թվով իմաստային սխալներ, բացթողումներ, նույնիսկ ավելացումներ, որոնք բնագրում չկան: Պատահել է, որ օրեր շարունակ, նույնիսկ քնած ժամանակ մտքումս անընդհատ փնտրել եմ որևէ բառի, արտահայտության, ասացվածքի ճիշտ համարժեքը հայերենում, բայց երբ վերջապես գտնում էի, հաղթողի հրճվանքս աննկարագրելի էր: Գիրքն առաջին անգամ հունարենով կարդալիս էլ անկախ ինձանից մտքումս հայերենի էի վերածում այն:
Քանի որ հանգամանքների բերումով Հունաստանում եմ ապրում, ինձ թվում էր, որ գնալով հեռանում եմ Հայաստանից: Վեպը հայերեն թարգմանելու պահանջը երևի այդ հեռավորությունը քչացնելու ներքին ձգտումն էր։

- Վեպի հերոսը` Ալեքսիս Զոռբան, ի՞նչ ընդհանրություններ ունի հայ մարդու կերպարի հետ: Ո՞վ է նա հայ ընթերցողի համար:


- Զոռբայի կյանքը հարուստ է մարդկային կյանքի բոլոր ուրախություններով ու վշտերով: Նա իր յուրահատուկ պատկերացումն ունի հայ մարդուն և ողջ մարդկությանը հուզող հավերժական հարցերի մասին՝ բնության, կանանց, սիրո, կրոնի, Աստծո, պատերազմների, մահվան, ազատության, աշխարհի: Վեպը և տխուր է, և ուրախ, ինչպես որ կյանքն է: Զոռբան կյանքի կրքոտ սիրահար է, իսկ նրա մեծագույն կիրքն, անկասկած, կանայք են: Վստահ եմ, որ հայ ընթերցողը սիրելու է այս գիրքը, շատերը գուցեև կյանքի դասեր առնեն, փոխեն իրենց ապրելակերպը, սովորեն գնահատել կյանքի փոքր ուրախությունները: Ճիշտն ասած, ես մի փոքր նախանձում եմ այն ընթերցողներին, որոնք նոր են պատրաստվում կարդալ գիրքը: Շատ կուզենայի նորից վայելել այս գիրքն առաջին անգամ կարդալու հաճույքը:

- Նիկոս Կազանձակիսի այս վեպի հիմնական ասելիքը ո՞րն է, և ի՞նչ կապ եք տեսնում մերօրյա հասարակական և մշակութային հարցերի ու խնդիրների հետ:

- Կազանձակիսը փորձում է իրեն մտատանջող փիլիսոփայական հարցադրումների պատասխանները ստանալ Զոռբայի միջոցով. ապրել ասես մահ գոյություն չունի՞, թե՞ ապրել՝ ամեն վայրկյան մտքումդ հիշելով մահը: Նա վեպն օգտագործում է նաև կրոնը քննադատելու համար: Կազանձակիսի շիրմաքարին գրված են նրա այս խոսքերը՝ «Ոչնչի հույս չունեմ, ոչնչից չեմ վախենում, ես ազատ եմ»:

- Կա՞ արդյոք այնպիսի մի ստեղծագործություն, որը միշտ ցանկացել եք թարգմանել, բացի այն թարգմանություններից, որոնք արդեն արել եք, իհարկե:

- Կուզենայի թարգմանել անգլիացի գրող Վիկտորիա Հիսլըփի գործերից, իսկ հունարենից շատ կուզենայի թարգմանել հույն կին գրող Դիդո Սոտիրիուի «Արնաշաղախ հողեր» վեպը (անգլերենով թարգմանված է "Farewell Anatolia" վերնագրով), որում նկարագրված են Զմյուռնիայի հույների ու հայերի ջարդերի ու տեղահանման իրադարձությունները:

Հարցազրույցը` Անի Հակոբյանի