ՆՈՐ ԳՐՔԵՐ. «ԼՈԼԻՏԱ»

nor-grqer-lolita
 Բոլորովին վերջերս հայ ընթերցողի դատին ներկայացվեց 20-րդ դարի գրականության ամենանշանավոր ստեղծագործություններից մեկը` Վլ. Նաբոկովի «Լոլիտա» վեպը:

 «Լոլիտա»-ն համարվում է Նաբոկովի ամենահայտնի վեպը, որը The Modern Library-ի ցուցակով բոլոր ժամանակների 100 լավագույն վեպերի մեջ զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, նաև տեղ գտել Time ամսագրի՝ դարի 100 լավագույն վեպերի ցանկում:

Գիրքը լույս է տեսել 1955թ-ին, երբ Վլադիմիր Նաբոկովն արդեն 56 տարեկան էր և բավականին հայտնի գրող: ԱՄՆ-ում երկար ժամանակ հրաժարվում էին տպագրել այս գիրքը: Առաջին անգամ այն լույս է ընծայել եվրոպական «Olympia Press» հրատարակչությունը: Գրքի հրապարակումից հետո շատ քննադատներ վեպը համարեցին «կեղտոտ»: Արդյունքում` Լոլիտայի վաճառքից ստացված գումարներով Նաբոկովը դարձավ ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը և բնակություն հաստատեց Շվեյցարիայում: 

Սկանդալային վեպը արգելված էր նաև Ֆրանսիայում, Անգլիայում, Հարավային Աֆրիկայում, ԽՍՀՄ-ում:

«Նոր գրքեր» խորագրով նախագծի շրջանակներում Cultural.am-ը զրուցել է «Լոլիտա» վեպի թարգմանիչ Զավեն Բոյաջյանի հետ:

-Դուք շատ հայտնի վեպեր եք թարգմանել: Ինչո՞վ առանձնացավ «Լոլիտա»-ի թարգմանությունը:

-Նաբոկովի ոճը գեղարվեստական ֆենոմեն է, որի վերարտադրումը գայթակղություն և միաժամանակ մեծ փորձություն է թարգմանչի համար: Բացի այն հանգամանքից, որ նրա գրողական ձեռագիրը դրոշմված է նրբագեղ էսթետիզմով ու արտասովոր գրավչությամբ,  «Լոլիտա»-ի տեքստը խիստ հագեցած է գրական արձագանքներով ու միջտեքստային աղերսներով, այլևայլ զուգահեռներով, մեջբերումներով ու հղումներով, բազմաթիվ բառախաղերով և հնչյունային ու ալիտերացիոն խաղերով: Նաբոկովը գրական հրաշագործի թե ձեռնածուի պես առանձնակի սեր ունի այս ամենի հանդեպ, գրական խաղը նրա տարերքն է, և «Լոլիտան» առաջին հերթին աչքի է ընկնում այդ խաղի տարբեր դրսևորումների առատությամբ, ինչը շարունակ թարգմանական նորանոր խնդիրներ է բերում և համարժեք լուծումների անհրաժեշտություն: «Լոլիտա»-ի առանձնահատկությունն ինձ համար այս դժվարությունները Նաբոկովի ոգով, նրա խիտ, բովանդակայնորեն խորունկ ու նաև պերճալեզու արձակին համարժեք հայերենով ներկայացնելու կարևորությունն էր: 

-Ի՞նչ արձագանքների եք սպասում: Ըստ ձեզ՝ ովքե՞ր կլինեն «Լոլիտա»-ի հայ ընթերցողները: 

-«Լոլիտա»-ի ասպարեզ գալուց ի վեր վեպը մշուշի պես պարուրած սկանդալի լուսապսակը մինչև օրս էլ խանգարում է ըստ հարկի տեսնել կամ ընկալել, որ խոսքը  բարդ ու բազմաշերտ ստեղծագործության մասին է, մի գրական արժեքի, որի նշանակությունն անհամեմատ ավելին է, քան սկանդալային սյուժեն կարող է ենթադրել: Զուր չէ, որ լավագույն գրական գործերի վարկանիշային աղյուսակներում «Լոլիտան»  միշտ գրավում է պատվավոր տեղերից մեկը, իսկ 2007-ին բրիտանացի և ամերիկացի 125 գրողների շրջանում անցկացված հարցման արդյունքներով  ճանաչվել է XX դարի լավագույն վեպ: Կուզենայի, որ հայ ընթերցողին գրավեին ոչ թե վեպի պիկանտ մանրամասներն ու ընդունված բարոյական ստանդարտների ոտնահարումը, այլ Նաբոկովի ստեղծագործության խորքային արժանիքները, որոնց շնորհիվ էլ այս վեպը դիմացել է ժամանակի փորձությանը և շարունակում է կենդանի, ընթերցվող գրականություն մնալ:

-Հայտնի է, որ Նաբոկովն ինքն է «Լոլիտան» բնագրից թարգմանել ռուսերեն: Արդյոք համեմատե՞լ եք ռուսերենի հետ և ի՞նչ տարբերություննեք եք նկատել իր իսկ թարգմանության մեջ: 

-Իհարկե համեմատել եմ և շատ հանգամանորեն: Նաբոկովը մեծ, եթե ոչ հանճարեղ գրող է, և բնականաբար նրա վեպի ռուսերեն թարգմանությունը չէր կարող պարզապես անգլերեն բնագրի մեխանիկական վերարտադրությունը լինել. նա ավելի շատ իր վեպը վերստեղծել է կամ վերստին գրել ռուսերեն, ուստի տարբերությունները բավական շատ են, մանավանդ որ, ինչպես արդեն նշեցի, գրական զուգահեռները, բառախաղերն ու ալիտերացիոն պոետիկ հնարքները շատ-շատ են, իսկ այդ ամենը բառացի թարգմանության չի տրվում, և անհրաժեշտ է եղել ռուսերեն տարբերակներ գտնել: Բացի դրանից, ռուսերեն թարգմանության մեջ Նաբոկովը հաճախ հարկ է համարել (գուցե ռուսալեզու ընթերցողին ավելի հասկանալի լինելու մտահոգությամբ) հրաժարվել անգլերեն բնագրի ենթատեքստային խորքից, բացել փակագծերը, ամեն ինչ ավելի պարզեցնել, ինչպես նաև ինչ-ինչ հավելյալ մանրամասներ ներմուծել: Զուտ լեզվաոճական առումով ևս «Լոլիտա»-ի անգլերեն և ռուսերեն տարբերակները չեն համընկնում. անգլերեն «Լոլիտան» ավելի ժամանակակից ու կենդանի լեզվով է գրված, մինչդեռ ռուսերենը բավական հնաոճ էր նույնիսկ արդեն անցյալ դարի 60-ականների կեսին, երբ Նյու Յորքում լույս տեսավ Նաբոկովի թարգմանությունը. ըստ էության, նրա  իմացած մայրենի լեզուն արդեն հետ էր ընկել ժամանակից, առավել ևս, որ 1938-ից ի վեր գրողը լիովին անցավ անգլերենին և այլևս ռուսերեն ոչինչ չգրեց, չհաշված «Այլ ափեր» ինքնակենսագրական գիրքը և «Լոլիտա»-ի ռուսերեն թարգմանությունը: Ի լրումն՝ պիտի նշեմ նաև, որ վերջինս բնագրի համեմատ ունի բացթողումներ, ինչպես և վրիպակներ, որոնցից հաջողվել է խուսափել անգլերենից թարգմանելու պարագայում: Անձամբ ես անգլերեն «Լոլիտան» շատ ավելի բարձր եմ դասում, քան ռուսերենը:

-Կա՞ արդյոք այնպիսի մի ստեղծագործություն, որը միշտ ցանկացել եք թարգմանել, բացի այն թարգմանություններից, որոնք արդեն արել եք, իհարկե:

-Ես միշտ էլ թարգմանել եմ այն գործերը, որոնք կուզենայի թարգմանել: Ինչ խոսք, թարգմանական ծրագրերս շատ են, անգամ չգիտեմ՝ որն անել, որը թողնել: Վաղեմի ցանկություններիցս մեկը անգլո-ամերիկյան դրամատուրգիա թարգմանելն է, որը, հուսով եմ, կիրագործեմ: Կուզենայի նաև թարգմանություններ անել իտալական ու ֆրանսիական գրականությունից և սլավոնական լեզուներից, որոնցով մինչև օրս առիթ չի եղել գեղարվեստական գործեր թարգմանել: Մասնավորապես պիտի անպայման Յարոսլավ Իվաշկևիչ թարգմանեմ լեհերենից: Շատ բան չեմ ուզում երևան հանել, բայց հուսով եմ՝ դեռ կհաջողվի թարգմանական անակնկալներ մատուցել:

Հարցազրույցը՝ Անի Հակոբյանի