ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈՂԻ ԴՈՂԸ (ԸՍՏ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԻ ՊԱՏՄՎԱԾՔԻ)

Liana-Mehrabyan
Լիանա Մեհրաբյան

   Երաժշտությունն ու գրականությունը միշտ սերտորեն կապված են եղել ու լրացրել միմյանց։ Բազում օպերաներ ու բալետներ են ստեղծվել գրական ստեղծագործությունների հիման վրա, մեծածավալ ծրագրային երաժշտության ժառանգություն է մեզ հասել, որ հաճախ գրվել է գրականությունից ոգեշնչված։ Մենք տեսնում ենք գրականությունը երաժշտության մեջ։ Մեզ համար սովորական ու ակնհայտ է այն, որ գրականությունը եղել է ոգեշնչման աղբյուր երաժշտության ստեղծման գործընթացում, որ գրականությունը միշտ առկա է երաժշտության մեջ։ Սա արվեստների բնականոն հարաբերությունն է։ Ուշադիր լինելու դեպքում, միշտ էլ կարելի է երաժշտություն գտնել գրականության մեջ։ Կարելի է լսել բառերից կազմված ակորդները, նրանց ստեղծած հարմոնիան կամ կակոֆոնիան, կարելի է գտնել երաժշտական կառուցվածքներ, լեյտմոտիվներ ու վարիացիաներ։
   Մի շարք գրականագետներ ու տեսաբաններ ուսումնասիրել են «երաժշտությունը գրականության մեջ» երևույթը։ Նրանցից յուրաքանչյուրն ունի այս հասկացության իր ուրույն սահմանումն ու բացատրությունը. ոմանք այն կապում են լեզվական կառուցվածքի ու ոճի հետ, ուրիշները` քննարկում երաժշտական կառուցվածքների կիրառումը գրականության մեջ։ Այս վարկածներից ամենաճանաչվածը և գրականագետների մեծամասնության կողմից ընդունվածը Սթիվեն Շերի տեսությունն է։ Շերը երաժշտության առկայությունը գրականության մեջ մեկնաբանում է երաժշտական կառուցվածքների կիրառմամբ, այսինքն՝ տեքստի կառուցման այնպիսի ձևով, որ այն նույնանա երաժշտական ստեղծագործությունների կառուցվածքի հետ, ինչպես, օրինակ, սոնատային ձևն է[1]:
   Արդյոք Լևոն Խեչոյանն իր պատմվածքները միտումնավոր է գրել «երաժշտականորեն», թե ոչ, չգիտեմ։ Գուցե այս ամենն իմ երևակայության և ամեն ինչում երաժշտություն որոնելու ու տեսնելու արդյունքն է։ Սակայն կփորձեմ ընթերցողիս էլ համոզել, որ երաժշտությունն ամենուր է, նույնիսկ՝ պատերազմական պատմվածքներում։
   Խեչոյանի «Հողի դողը»[2] պատմվածքում կարելի է գտնել բազում երաժշտական հնարանքներ, ինչպես նաև նկատել կառուցվածքային ընդհանրություններ սոնատային ձևի, մասնավորապես՝ Լյուդվիգ վան Բեթհովենի ութերորդ՝ «Պաթետիկ» սոնատի հետ։ Սոնատային ալեգրո ձևը դասական երաժշտության ամենահայտնի կառուցվածքներից է։ Այն ընկած է սոնատների, լարային կվարտետների, կոնցերտների ու սիմֆոնիաների առաջին մասերի հիմքում և հիմնականում բաղկացած է երեք մասից՝ էքսպոզիցիա (ցուցադրություն), մշակում և ռեպրիզա (կրկնություն, ամփոփում)։ Երբեմն էքսպոզիցիային կարող է նախորդել ներածությունը։ Խեչոյաննիր «Հողի դողը» պատմվածքի «ներածությունը» սկսվում է շատ կարճ, բայց միևնույն ժամանակ լարված նախադասությամբ. «Արգելեցին զենքով եկեղեցի մտնել»։ Այն հիշեցնում է Բեթհովենի «Պաթետիկ» սոնատի առաջին՝ դո մինոր ակորդը, որն ըստ էության կարողանում է հստակորեն սկիզբ դնել ու լիովին փոխանցել ստեղծագործության հետագա տրամադրությունը։ Ինչպես այդ ակորդին հաջորդում է դինամիկ առումով ավելի թույլ ակորդներից ստեղծված մեղեդային փոքրիկ գիծը, այնպես էլ պատմվածքի առաջին նախադասությանն են հաջորդում երկու ավելի երկար նախադասություններ, որոնք փորձում են լուծել ու մեղմել լարվածությունը։ Սակայն հաջորդ՝ չորրորդ նախադասությունը կրկնում է առաջին նախադասության հարվածը. այն նույնպես կարճ է ու կրկին լարում է տրամադրությունը. «Մենք քաղաքին մոտեցանք, քաղաքն էլ ընկավ»։ Նույն պատկերը կարելի է տեսնել Բեթհովենի սոնատում, որտեղ առաջին մեղեդային գիծը կրկնվում է՝ սկսելով նույն լարված ակորդով, սակայն այս անգամ կվարտա ինտերվալով ավելի բարձր, որը էլ ավելի լարված շարունակություն է խոստանում։
   Ներածությանը հաջորդում է վերոնշյալ էքսպոզիցիան, որում ավանդաբար ներկայացվում են երկու հակադիր մեղեդային թեմաները, որոնք հիմք են դառնում գլխավոր և օժանդակ մեղեդային թեմաների կազմավորման համար։ Նույնապես, պատմվածքի առաջին հատվածում ներկայացվում են երկու հիմնական ընդհանրացված կերպարները. գլխավորը՝ հայկական կողմը, որ առաջ է շարժվում՝ գրավելով կամ հետ նվաճելով թշնամու տարածքները, և օժանդակը՝ թշնամու կերպարը։ Սոնատային ձևում գլխավոր թեման հիմնականում բնույթով ավելի եռանդուն է, ակտիվ ու գերիշխող, իսկ օժանդակը՝ ավելի մեղմ ու զիջող։ Սակայն, զարմանալի է, որ պատմվածքի օժանդակ թեման՝ թշնամին, ներկայացված է էլ ավելի թույլ, երբեմն նաև բացակայող կերպարով։ Նշվում են գերի վերցված թշնամիներ, դատարկ ու ամայի գյուղեր, որոնց ոչ ոք չի պաշտպանում, բացի կատաղած գամփռ շներից, որոնք կապված են տների մոտ։ Գրելով պատերազմական պատմություններ, հեղինակները հաճախ միտված են լինում հերոսացնել կամ, գոնե, ընթերցողի աչքում բարձրացնել զինվորի կերպարը։ Ո՞վ է համարվում հերոս, և ի՞նչ դեր ունի հերոսացման գործում թշնամին։ Մարդկանց արարքները հերոսականացվում ու գնահատվում են, երբ նրանք դժվար ճանապարհ են անցնում ու հաղթահարում են խոչընդոտներ, որոնք մինչ այդ չեն հաղթահարվել, օրինակ` Հայկը չէր կարող դառնալ հերոս, եթե Բելը թույլ լիներ, և նրան ոչնչացնելը ճիգ չպահանջեր։ Սակայն Խեչոյանի պատմվածքում թշնամին հանձնվող է ու փախչող։ Արդյո՞ք Խեչոյանն ուզում էր հերոսականացնել զինվորին։ Խեչոյանի համար «զինվորը չունի ներքին հաղթանակներ», «նա ունի հրամաններ» և «հերոսը նրա էությունը չէ»։ Իր ստեղծագործություններից մեկում նա նկատում է. «Նրա (զինվորի) ընկալումները չեն վերլուծվում, դեպքերը հերթականություն չունեն»։ Ելնելով այս գաղափարներից՝ Խեչոյանի պատերազմական պատվածքները կարելի է համեմատել Թիմ Օ՛Բրայենի «Ինչպես պատմել ճշմարիտ պատերազմական պատմվածք»[4] էսսեի հետ, որտեղ հեղինակը նշում է. «Իսկական պատերազմական պատմվածքը չունի վերլուծական արժեք։ Այն երբեք բարոյական արժեքներ չի քարոզում։ Եթե այն բարոյական է թվում, մի՛ հավատացեք»[3]:
   Էքսպոզիցիային հաջորդում է սոնատային ձևի երկրորդ մասը՝ մշակումը։ Այս մասում կոմպոզիտորը զարգացնում է այն թեմաները, որոնք արդեն ներկայացրել է Էքսպոզիցիայում։ Մշակումը սովորաբար անկայուն է ու լարված, հաճախ գլխավոր ու օժանդակ թեմաները դառնում են ավելի եռանդուն ու բախվում են միմյանց։ Խեչոյանի պատմվածքի միջին հատվածում, որը համեմատելի է սոնատի մշակման հետ, ավելի մանրամասն են ներկայացված երկու «թեմաները»։ Ընդհանրացված հայկական կողմի կերպարին ու «մենք»-ին փոխարինելու են գալիս առանձին կերպարներ, ինչպիսիք են հրամանատարը, գեներալները, Կամոն, տղաները, «մեկը», ով փնտրում էր Սերոբին։ Իսկ հակառակորդի կերպարն արդեն հանդես է գալիս «նրանց աղջկա» դեմքով։ Աղջիկ, ով «հուսախաբ հանձնվել է»։ Վերջապես տեղի է ունենում մշակման կուլմինացիան և բախումը հակառակորդի, ավելի ճիշտ՝ հակառակորդի շների հետ։ Նկարագրություններն ավելի լարված են դառնում, իսկ «մերոնց» կացությունը վատթարանում է։
   Սոնատի վերջին մասը ռեպրիզան է։ Այստեղ կառուցվածքային և ոճային նմանություն է դիտվում էքսպոցիայի հետ։ Խեչոյանի պատմվածքի վերջին հատվածում հստակ կարելի է տեսնել այս կրկնությունները թե ոճային, թե բառային առումով։ Մշակմանը բնորոշ առանձին կերպարներին նորից փոխարինելու է գալիս էքսպոզիցիայից արդեն ծանոթ «մենք»-ը։ Գործողությունները նկարագրվում են հստակ ու հակիրճ, ինչպես էքսպոզիցիայում. «Մենք եկանք ու միացրինք ռադիոկայանը», «Մենք գինի էինք խմում»: Կրկնվում են նաև որոշ նախադասություններ, սակայն՝ վարիանտային ձևով, ինչպես դա հաճախ տեղի է ունենում սոնատային ալեգրոյի ռեպրիզայում։ «Հրկիզել էինք մեր գիշերատեղի դիմացի տունը, ու կղմինդրե տանիքից հարյուրավոր աղավնիներ օդ բարձրացան» նախադասությունը հանդիպում է միջին հատվածում, իսկ ահա ռեպրիզայի վերջում կարելի է տեսնել նրա վարիացիոն տարբերակը՝ «Մենք հրկիզել էինք մեր դիմացի կղմինդրե տունը, իսկ աղավնիները չորս օր է երկնքից կախված, առանց վայրէջքի, շրջապտույտ ու շրջապտույտ պտտվում էին նրա վրա»:
   Պատմվածքում հանդիպում է նաև լեյտմոտիվի երևույթը։ Լեյտմոտիվը երաժշտական կարճ միտք է, որը շարունակաբար կրկնվում է ողջ ստեղծագործության ընթացքում՝ խորհրդանշելով որոշակի գաղափար, իրավիճակ կամ, նույնիսկ, կերպար։ Լեյտմոտիվի ամենահայտնի օրինակներից է Շեհերազադեի լեյտմոտիվը Նիկոլայ Ռիմսկի֊Կորսակովի «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտում։ Այն ներկայացվում է ստեղծագործության սկզբում՝ ջութակի կատարմամբ, և շարունակ կրկնվում է ամբողջ սյուիտի ընթացքում՝ խորհրդանշելով Շեհերազադեին հեքիաթասացի կերպարով։ «Հողի դողը»-ում որպես լեյտմոտիվ հանդես է գալիս հենց «հողի դող» բառակապակցությունը։ Հեղինակը հաճախակի կրկնում է այդ բառակապացությունը, որը բազում մեկնաբանություններ կարող է ունենալ։ Իմ մեկնաբանությամբ՝ «հողի դողը» խորհրդանշում է հայկական կողմի անվստահությունն ու տարակուսանքը՝ սեփական հողը կորցնելու հանդեպ։
   Կան մանրուքներ, որոնք չեն նկատվում ընթերցողի կողմից առաջին ընթերցանության ժամանակ։ Բայց հաճախ գրականությունը հետաքրքիր գաղտնիքներ ու հանելուկներ է պահում իր ամենաուշադիր ընթերցողի համար, որոնք լուծելու դեպքում ընթերցողն իր համար հաճելի բացահայտումներ կանի։ Եվ երբեմն այդ բացահայտումը կարող է երաժշտություն լինել։

Աղբյուրներ՝
[1]Հեջմեջ Ա., Երաժշտությունը գրականության մեջ
[2]Խեչոյան Լ., Հողի դողը
[3]Խեչոյան Լ., Սև գիրք, ծանր բզեզ
[4]Օ՛Բրայեն Թ. Ինչպես պատմել ճշմարիտ պատերազմական պատվածք