ՏԱՐԱԾԱԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ Խ. ԱԲՈՎՅԱՆԻ «ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՎԵՊՈՒՄ

Verq
     Քրոնոտոպի խնդիրն արվեստի տարբեր տեսակներում իր ուրույն դրսևորումն ունի, բայց հատկապես հետաքրքիր է ժամանակի և տարածության հարաբերության ընկալումն ու յուրացումը գեղարվեստական գրականության մեջ, որտեղ յուրաքանչյուր երևույթ, միտք, պատկեր, դեպք և այլն, պայմանավորված կարող է լինել տարածաժամանակային որոշակի պատկերով: 
    Գրականության մեջ քրոնոտոպի դրսևորումները տարբեր են, ինչպես առանձին ժանրային տեսակներում, այնպես էլ որևէ որոշակի ժանրում, որտեղ փոխհարաբերության մեջ կարող են գտնվել տարածաժամանակային տարբեր դրսևորումներ: Այս առումով վեպը տալիս է քրոնոտոպի նմանատիպ դրսևորման օրինակներ, որոնցից մեկն էլ հայ գրականության մեջ Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպն է իր տարածաժամանակային լայն ընդգրկումով:
    Առաջին հերթին վեպում քրոնոտոպի դրսևորման խթանն է հանդիսանում հեղինակը, ով վեպը բաժանելով մասերի (Հառաջաբան, երեք գլուխներ և Զանգի հավելված), քրոնոտոպային սահմաններ է դրել, որոնք, ինչպես հետո կտեսնենք, խախտվում են ու կտրուկ փոփոխությունների են ենթարկում տարածաժամանակային ներդաշնակությունը: Այսինքն` խիստ տարածաժամանակային սահմաններ դրված չեն, հետևաբար քրոնոտոպի արտահայտությունը պետք է դիտել բոլոր մասերի ամբողջության մեջ:
    Քրոնոտոպային յուրօրինակ դրսևորման օրինակ է «Հառաջաբանը», որտեղ տարածական սահմանը հայրենի հողն է, իսկ ժամանակը` ներկայի պատկերն է: 
    Հեղինակը դառնում է իր ժամանակի կրողն ու արտահայտիչը, ինչը տեսնում ենք լեզվի ու գրականության, ինչպես նաև երիտասարդության նկարագրության մեջ:
    Վեպում տարածաժամանակային պատկերները բազմազան են, բայց դրանց կողքին հիմնական ու գերակշիռ դեր են կատարում կենցաղային ու պատմական ժամանակները, որոնց միահյուսված է նաև ֆոլկլորային ժամանակը:
    Տոնը, լինելով հավաքական ժամանակի արտահայտություն, անմիջականորեն կապված է ժամանակի հետ և ընդգրկում է օրվա կամ տարվա որոշակի փուլ: Այս դեպքում կենցաղային, հավաքական ժամանակների միաձուլումը հանդիսանում է Բարեկենդանը: 
    Վեպում տոնը չի ներկայացվում մեկ օրվա կտրվածքով, այսինքն` տոնի օբյեկտիվ ու իրական նկարագրությունն է տալիս հեղինակը: Չնայած պատմական ժամանակի ներմուծմամբ արդեն խախտվում է տոնի ընթացքը, այնուամենայնիվ, որոշակի ակնարկներով ընդգծվում է տոնի շարունակականությունը մինչև վեպի ավարտը, երբ արդեն Բարեկենդանին հաջորդում է Մեծ Պահքը:
    Կենցաղային նկարագրություններում կան ոչ միայն քանաքեռցիների առօրյա կյանքի ու կենցաղի, սովորությունների նկարագրություններ, այլև տոնի ուղեկիցը դարձած ուտելիքի, խմիչքի, կերուխումի պատկերները:
    Կենցաղային ժամանակի դրսևորումը վեպի առաջին գլխում որոշակի տարածական սահման է ընդգրկում, որն այս դեպքում Քանաքեռն է ու նաև Բարեկենդանով պայմանավորված` փոփոխվում են տարածական պատկերները`սկզբում մնալով Քանաքեռի սահմանում, ինչպես օր.` եկեղեցին, եկեղեցու բակը, գոմը կամ տունը որպես մեծահասակների հավաքույթի վայր. «Էսպես կարգով օրը մեկ քեդխուդի տանը պետք է անցկացնեին Բարեկենդանը»: Իսկ հետո նաև ընդլայնվում է տարածական գիծը. Բարեկենդանի տարածական նոր արտահայտությունն է դառնում Պարնի գյուղը` որպես Բարեկենդանի տոնի շարունակության դրսևորում` միահյուսված պատմական ժամանակին: 
    Նաև տոնի ժամանակային որոշակի պատկերով տրվում է կոնկրետ տարածքի հետ կապված գործողության նկարագրությունը, ինչպես օր, Մեծ Պահքի սկիզբն ու Աղասու Ղարաքիլիսա մտնելու պատկերների տարածաժամանակային դրսևորումը:
    Քրոնոտոպը այլ արտահայտություն է ստանում արդեն առաջին գլխի ավարտին, ու սկսվում է նաև պատմական ժամանակի ձևավորումը:
    Սյուժեի ծավալման առանձնահատկությունները հանգեցնում են տարածաժամանակային բազմապիսի զարգացումների: Օր. , երբ սարդարի ֆարաշները առևանգում են Թագուհուն, սկսվում է ժամանակային նոր գիծ, որտեղ միակցված են պատմական ու հերոսականության, փառքի ժամանակները: Բացի դրանից, քրոնոտոպի դրսևորումը նաև այլ ընթացք է ստանում, այսինքն` Բարեկենդանը սուգի է վերածվում, իսկ տարածական սահմանը տեղափոխվում է Երևանի բերդ:
    Վեպում քրոնոտոպի բազմազան դրսևորումների կողքին գերակշռող ու հիմնական ժամանակային սահմանը, ինչպես վերը նշեցինք, դառնում է հենց պատմական ժամանակը, որով էլ տարածական պատկերներն ու սահմանները փոփոխվում են դեպքերին ու իրադարձություններին համապատասխան:
    Հեղինակը մինչ բուն ժամանակային գծին անցնելը, ներկայացնում է պատմության մի շարք անցքեր, որոնք կապված են այս կամ այն ժամանակաշրջանի ու տարածքի հետ: Այսինքն`պատմական քրոնոտոպ են ներմուծվում պատմական տարբեր ժամանակներ: Հատկապես այս առումով առանձնանում է երկրորդ գլուխը, որը միջանկյալ դեր է կատարում առաջին և երրորդ գլուխների միջև: Ակնարկային ձևով պատմագրության սկիզբը տրվում է Զարմայր իշխանից, այնուհետև` հայոց առաջին թագավոր Տիգրանն է (Տիգրան Երվանդյան), Արշակունիների դինաստիայի հիմնադիր Վաղարշակ Պարթևը և հասնում է Ռուբինյաններին ու Բագրատունիներին:
    Անցյալի պատմական ժամանակներն ու դեմքերը մարմնավորված են նաև հերոսների մեջ. «Վարդանա թոռները չե՞նք, Տրդատա արինը չի՞ մեր սրտումը, Տիգրանի շունչը չի՞ մեր բերնումը» (էջ 171 ): 
    Վեպում գլխավոր պատմական ժամանակը ռուս-պարսկական պատերազմն է: Հենց այս ժամանակային գծում էլ Խ. Աբովյանը պատկերում է հերոսների քաջագործությունները Հասան խանի ժամանակաշրջանում: Հատկապես վեպում պատմական քրոնոտոպի պատկերը տրվում է Աղասու միջոցով:
    Տարածաժամանակային գիծը Աղասու հետ Քանաքեռից ձգվում է դեպի Ապարան, հետո` Պարնի գյուղի լեռները, այնուհետև Խլղարաքիլիսա, Անի, Կարս, Երևանի բերդ ու նորից Քանաքեռ, որտեղ էլ ավարտվում է Աղասու հերոսականության ժամանակը: 
    Նոր տարածաժամանակային գիծ է բացվում «Զանգի հավելվածում», որտեղ արդեն չկան Աղասին, Մոսին, նրանց ծնողները, ընկերները, բայց փոխարենը Աղասու երեխաները ողբում են մոր` Նազլուի գերեզմանին: Տարածական նոր սահմանը դառնում է Զանգուն, հեղինակը Հրազդանի մեջ է ընդհանրացնում Հայաստան աշխարհն ու հայ մարդուն:
    Այս հիմնական տարածական սահմանների կողքին կան բազմաթիվ տարածաժամանակային պատկերներ`պայմանավորված այս կամ այն իրադարձությամբ:
    Օր.` ժողովրդի գաղթի հետ կապված Փամբակը, Լոռին և այլն:
    Պատմական ժամանակով պայմանավորված անընդհատ փոփոխվում են քրոնոտոպի դրսևորումները, բայց այդ փոփոխությունների հիմքը, ինչպես վերը նշեցինք, դառնում է նաև հեղինակը, որը հանդես է գալիս որպես վեպի սկիզբը, ընթացքն ու ավարտը նախանշող քրոնոտոպիկ կերպար: Հեղինակը հաճախակի խախտում է վեպում տարածաժամանակային պատկերները: Օր.` Աղասու փախուստից հետո Երևանի բերդի նկարագրության ժամանակ Խ. Աբովյանը չի ներկայացնում Աղասու հոր բանտարկությունը և անմիջապես անցնում է Մհառլամի տոնի նկարագրությանը:
    Երբեմն հեղինակը ընդհատում է խոսքը որևէ դեպքի հետ կապված, ինչն էլ հիշողությունների հիմք է դառնում ու հեղինակին տանում է անցյալ: Օրինակ` սովի, գաղթի օրերը նկարագրելիս հեղինակը հիշում է իր փոքր եղբորը Մոսիին: Կամ`մի պատմությունից, այսինքն` քրոնոտոպային մի պատկերից անցում է կատարում մյուսին ու շարունակում իր պատմությունը. «Հիմիկ էս թողանք, գնանք էլի մեր սիրելի Աղասու մոտ տեսնինք, ո՞ւր մնաց…» (էջ 215 ): 
    Բացի վեպի քրոնոտոպի հիմքում ընկած տարածաժամանակային տարբեր սահմաններից, վեպում նույն տարածական սահմանները ունեն տարբեր ժամանակային պատկերներ: Օր.` Քանաքեռի պատկերը վեպի սկզբում այսպես է. «Էս հադաղին, ով որ Քանաքեռ մտներ, հենց կիմանար, թե երկնքիցը մեկ ավետյաց ձեն ա էկել, թե աշխարքս արքայություն ա դառել, մարդի աչքն էլ ցավ, կսկիծ չի պետք է տեսնի...» (էջ 89): Վեպի երրորդ գլխում պատկերը միանգամայն այլ է`պատմական ժամանակային գծով պայմանավորված. «Էրկու սհաթից ետը ինչ Քանաքռու հալն էր, աստված ոչ նշանց տա: Սուգ ու շիվանն ընկավ գեղը… » ( էջ 216): 
    Այսպիսին է նաև Երևանի ժամանակային պատկերը վեպի ընթացքում, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու այդ ժամանակվա դեպքերի մասին:
    Կամ` Անիի քրոնոտոպային արտահայտությունը վեպում դրսևորվում է երեք ժամանակային գծով` անցյալ, ներկա, իսկ ապագայի պատկերը կերտում է Աղասին: 
    Հետաքրքիր տարածաժամանակային պատկեր է տալիս Խ. Աբովյանը Ապարանի ու եկեղեցու միջոցով, որտեղ միահյուսված են անցյալն ու ներկան. «Էստեղ մեր թագավորներն էին վաղ ժամանակը քեֆ անում, իրանց ամառը անց կացնում, որտեղ որ հիմիկ մենք կրակումն էրվում ենք: Էս ժամումն էին նրանք կանգնում, աղոթք անում, որտեղ որ հիմիկ մենք մեր հոգին ուզում ենք տալ» ( էջ 224): 
    Քրոնոտոպի դրսևորման առումով վեպում նաև կարևոր տեղ է գրավում եկեղեցու տարածական ընդգրկումը`սկսելով Քանաքեռից, հասնում է Ապարան, Ղարաքիլիսա, Անի և նորից վերադարձ Քանաքեռ:
     Քրոնոտոպի օբյեկտիվ նկարագրությանն ու ստեղծմանը նպաստում է նաև ցիկլայնությունը, երբ մի դեպքը կամ որևէ տարածական պատկեր ներկայացվում է օրվա հաջորդական ու բնական անցումներով, այնուհետև` եղանակային, կլիմայական փոփոխությունները ( ձմեռ-գարուն և այլն ): Երբեմն Խ. Աբովյանը կլիմայական փոփոխությունները, դեպքերի ընթացքը ճիշտ պահպանելու համար երկարաձգում է խոսքը. «Ընչանք Երևան գնալը մեկ քանի ամիս ժամանակ ունեի, էնդուր համար ճամփես ծռեցի: Ձմեռն անց ա կացել, ամառն էկել, վա~յ նրան, որ էս շոգին գնա էնտեղ: Ես պետք է գնամ….» ( էջ 128):
    Վերք Հայաստանի» վեպում ժամանակային կողմը պատմական անցքերի հետ կապված երբեմն ներկայացվում է բնության երևույթներին ու իրադարձություններին համապատասխան, ինչպես նաև օրվա ժամանակային տարբեր փուլերի հետ համեմատությամբ. «Հենց աղոթարանը կարմրատակեց, ու ամպերն սկսեցին գլխները քիչ-քիչ սարերիցը բարձրացնիլ, տղերքը ձիանը թամքեցին, յարաղ-ասպաբ քցեցին, էկան չադրի դռանը կանգնեցին»: Կամ` Երևանի բերդի գրավման պատկերը. «…Երևանի բերդը ծխումը կորավ: Երկնքի կրակը ջոկ էր վեր թափում խեղճ կենողների գլխին….սար ու ձոր դրմբում, դմբդմբում էր: Հենց գիտես`Սոդոմ-Գոմորի քուքուրթն ու կրակը էսօր ա վեր գալիս» (էջ 286): Նույնն է նաև տարածական պատկերի ստեղծումը ժամանակային կողմի հետ հարաբերությամբ, ինչպես օր.`Երևանի բերդի նկարագրությունը առավոտը բացվելիս, արեգակի մայր մտնելու ժամանակ, ճաշի ժամին և այլն:
    Ինչպես վերը նշեցինք, ֆոլկլորային ժամանակը այս վեպում հանդես է գալիս պատմական ժամանակի հետ առնչությամբ: Պատմական ժամանակ է մուտք գործում ֆոլկլորայինը և ստանում հետաքրքիր արտահայտություն: Հեղինակը գնում է դեպի անցյալի պատմական ժամանակն ու հերոսներին դիտում հենց այդ տեսանկյունից: Նույնիսկ հերոսների ու հատկապես Աղասու նկարագրությունը տանում է դեպի ֆոլկլորային (անցյալ) ժամանակ: 
    Ինչպես մեր էպոսի հերոսներից շատերը իրենց ուժի համար կրում էին տարբեր անուններ, այնպես էլ Աղասուն իր քաջության, ուժի համար անվանում էին Ասլան բալասի (առյուծի ճուտ): Կամ` Աղասու, Սարգիս աղայի որդու` Վարդանի և այլ հերոսների քաջությունն ու ուժը ամբողջովին նման է ֆոլկլորային ժամանակի հերոսների ուժին.
Բայց սուրն Վարդանի`Օքյուզ աժդհին…,
Միջիցն երկու կես արեց էն սհաթին.
Կեսն ձիու էս կողմը քաշ էլավ,
Կեսն մյուս կողմին դիպավ ու կպավ:
Այնուհետև քրոնոտոպային պատկերը փոխվում է, երբ հայտնվում է Աղասին, ժամանակային այդ պահը տրվում է տարածական որոշակի ընդգրկումով`կապված հերոսի`Աղասու հետ:
Իսկույն սարիցը ամպը տրաքեց,
Երկինքը բաց էլավ, թե հողը պատռվեց`
Քսան ձիավորով հսկայն Աղասի
Ղարսի սարերիցն թռած, իր ղշի
Ձիու ականջումն մտած`վեր էկավ
Քրդի շորերով սարին վրա պրծավ ( էջ 182 ):
    Վեպում ֆոլկլորային ժամանակի մարմնավորումներ դառնում են անցյալի առասպելական հերոսները, ինչպես` Հայկ Նահապետը, Արա Գեղեցիկը և այլն: Հայկի միջոցով Խ. Աբովյանը գնում է դեպի անցյալ, ցույց է տալիս սկիզբը, ազգային պատկանելությունը, այնուհետև տարածական ընդհանուր ուրվագծումով Հայաստան աշխարհի ժամանակային պատկերն է ընդգծում:
    Սա նշանակում է, որ ոչ թե քրոնոտոպը դրսևորվում է ֆոլկլորային ժամանակում, այլ պատմական ժամանակի մեջ են ուրվագծվում ֆոլկլորային ժամանակի մի շարք առանձնահատկություններ:
    Վեպում կարելի է առանձնացնել նաև նամակային ու երազային ժամանակներ, որոնք ունեն իրենց տարածաժամանակային արտահայտությունը: 
    Աղասու մոր և կնոջ` Նազլուի նամակները ունեն միևնույն տարածաժամանակայնությունը, բայց դրանք կապ են ստեղծում նաև այն տարածության հետ, որտեղ ընթերցման պահին գտնվում է հասցեատերը, այսինքն` Ղարաքիլիսան: 
    Իսկ երազային ժամանակը կապ է ստեղծում, և՛ անցյալի, և՛ ներկայի, և՛ ապագայի հետ. օր.` Պարնի գյուղում Աղասու տեսած երազը հիշողություն է, Մոսու տեսիլքներն ու երազները, կապված Հռիփսիմեի հետ, կարծես նոր ժամանակ էր բացելու և այլն:
    Երբեմն վեպում իրական տարածական պատկերների կողքին հայտնվում են ոչ երկրային տարածություններ, ինչպես օր.` դրախտն ու դժոխքը, որոնք հանդես են գալիս նաև որպես նկարագրության միջոց: Իսկ դրախտը վեպում դիտվում է նաև որպես երկնայինի արտացոլումը երկրային տարածական պատկերի մեջ . «Էն հողը, էն հիանալի աշխարհը, ուրտեղ որ դրախտն էր եդեմական, ուր որ աստված, բոլոր աշխարհը ջրհեղեղովը երբ որ կործանեց, հայոց սուրբ Մասսա սարը միայն արժան տեսավ, որ Նոյան տապանը նստի, ու Հայոց երկրիցը էլ ետ մարդիկ բազմանան ու ուրիշ երկրներ էլ շինություն քցեն»  ( էջ 113 ):
    Այսինքն` Հայաստան աշխարհի տարածական ընդգրկումը սկսվում է հենց այս կետից, իսկ հետո անցնում որոշակի տարածական ու ժամանակային բնութագրումների: 
    Վեպում քրոնոտոպի դրսևորումները հստակ ու հարթ գծով չեն ընթանում, ինչն էլ պայմանավորված է վեպի ժանրային, կոմպոզիցիոն և սյուժետային առանձնահատկություններով:
    Տարածաժամանակային սահմանների բազմազանությունը Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում բխում է պատմական ժամանակից` ստեղծելով լրիվ առանձին տարածաժամանակային գծեր:

Լիանա Եղիազարյան


                                                     
                                                       Օգտագործված գրականություն


1.Խ. Աբովյան, Վերք Հայաստանի, Երևան, 1981:
2. Бахтин М.М. Формы времени и хронотопа в романе. Очерки по исторической поэтике // Бахтин М. М. Вопросы литературы и эстетики. — М.: Худож. лит., 1975. http://philologos.narod.ru/bakhtin/hronotop/hronmain.html