ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՄԵՂԵԴԻՆԵՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

fransiakan-mexediner
    20-րդ դարի ֆրանսիական   կոմպոզիտորների  երաժշտության սիրահար  չորսերաժիշտներ որոշել են միավորվել,  ստեղծել  երաժշտական խումբ ու ներկայացնել ժամանակակից դասական երաժշտությունը  Հայաստանում  «Beau Soir» («Հրաշալի երեկո»)  համերգների շարքով՝ կատարելով 20-րդ դարի երկրորդ կեսի անվանի կոմպոզիտորների՝ Դեբյուսիի, Ռուսելի, Ռավելի, Պուլենկի, Հյուի, Իբեռի, Օնեգեռի և Ֆռանսեի ստեղծագործությունները  ֆլեյտայի և վոկալի համար:  
    «Համերգին ներկայացնում ենք  20 –րդ դարի կոմպոզիտորների  մեր կողմից սիրված երգերի  ընտրանին: Շատ պատահաբար հանդիպեցի Մարիաննա Կարապետյանին (սոպրանո), պարզվեց, որ նա էլ է երազում ֆրանսիական  այսպիսի   բազմաբնույթ արիաներ կատարել և պլանավորում էր մենահամերգ կազմակերպել: Որոշեցինք համատեղ ներկայանալ և ստացվեց վոկալի ու ֆլեյտայի համար  նախատեսված ստեղծագործությունների երեկո, հետո մեզ միացան  Նունե Մանուչարյանը (դաշնամուր),  Հռիփսիմե Աղաքարյանը (դաշնամուր)», - նշում է Լիլիթ Մանարյանն  ու  ներկայացնում համերգի առանձնահատկությունը: Հատկապես կարևորում է այն, որ նման թեմատիկ համերգներ հազվադեպ են կազմակերպվում: Նույնիսկ եթե ունկնդիրը դասական երաժշտության սիրահար  չլինի, կզարմանա, երբ տեսնի, թե ինչպես են ֆլեյտան ու վոկալը զուգակցվում՝ լրացնելով մեկը մյուսին:
    «Beau Soir» ( «Հրաշալի երեկո» )  ֆրանսիական  ստեղծագործությունների առաջին համերգը տեղի ունեցավ Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցում: Դա երաժիշտների առաջին այցելությունը չէր Գյումրի, նրանք մասնակցել են նաև «Վերածնունդ» միջազգային փառատոնին՝ որպես  անհատ կատարողներ:
    Դասական երաժշտության սիրահար խումբը  նախատեսում է համերգներ  կազմակերպել Դիլիջանում, ապա շրջել  հայաստանյան տարբեր բնակավայրերով ու մարդկանց հրամցնել որակյալ երաժշտություն, որի միջոցով միայն կարելի է պայքարել  ցածրորակ մշակույթի դեմ:  

Անահիտ Հարությունյան