ՖՈՒՄԻՆՈՐԻ ՆԱԿԱՄՈՒՐԱՅԻ «ԳՐՊԱՆԱՀԱՏԸ»՝ ՀԱՅԵՐԵՆ

0-0-000
 «Բյուրոկրատ» գրախանութ-սրճարանում տեղի ունեցավ «Գրպանահատը» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին թարգմանիչ Ալեքսանդր Աղաբեկյանը, խմբագիր Կարինե Աղաբեկյանը և Ճապոնիայի դեսպան Էյջի Թագուչին: Վերջինս իր խոսքում ընդգծեց, որ Նակամուրան Ճապոնիայի լավագույն և ամենահայտնի գրողներից է. «Մի քանի տարի առաջ գիրքն ընթերցել եմ հենց ճապոներենով: Կարծում եմ՝ հետաքրքիր է ստացվել: Շատ լավ ընտրություն է արվել գրքի հեղինակների կողմից, և իսկապես հրաշալի է, որ այն թարգմանվել է նաև հայերեն: Շատ ուրախ եմ այդ առիթով»,- ասաց դեսպանը:

 Ֆումինորի Նակամուրան բազմաթիվ ազգային ու միջազգային գրական մրցանակների դափնեկիր է: Դրանցից ամենահեղինակավորներն են` 2005 թվին ստացած «Akutagawa Prize» մրցանակը և «Գրպանահատը» վեպի համար 2010 թվին ստացած «Oe Kenzaburo Prize» մրցանակը: Ճապոնիայում վաճառվել է «Գրպանահատը» վեպի ավելի քան 250 հազար օրինակ: Գիրքը թարգմանվել է տասներկու լեզվով` ներառյալ անգլերեն և ֆրանսերեն:

 Նակամուրան ստեղծել է նրբագեղ ու տխուր վեպ, որը հավասարապես տպավորել է քրեավեպի ու գրական վեպի ընթերցողներին բազմաթիվ երկրներում: Պարզ, գրավիչ և արագ ընթերցվող այս վեպը հնարավորություն է տալիս նաև հայացք նետել Տոկիոյի ժամանակակից քրեական աշխարհին: Նշենք, որ «Գրպանահատը» դրական է ընդունվել քննադատների կողմից, մասնավորապես՝ «Wall Street Journal» պարբերականի խմբագիրները վեպը ներառվել են 2012 թվականի լավագույն գեղարվեստական գրքերի ցանկում:

 Գրքի հերոսը միայնակ է. ո՛չ ընտանիք ունի, ո՛չ ընկեր: Շրջում է Տոկիոյի ամբոխում, ընտրում է հարուստ տեսք ունեցող տղամարդկանց և աննկատ զրկում դրամապանակներից: Բայց այդ միապաղաղ կյանքն ավարտվում է, երբ նրա ճակատագրին խառնվում է Ճապոնիայի ամենազոր հանցագործ խմբավորումը` յակուզան...

 Ալեքսանդր Աղաբեկյանը գիրքը հայերեն է թարգմանել միաժամանակ անգլերենից և ֆրանսերենից: Ասում է՝ դա հնարավորություն է տալիս թարգմանելիս համեմատություն անցկացնել երկու լեզուների միջև և խուսափել մեկ լեզվամտածողության ազդեցությունից: Պարոն Աղաբեկյանը կարևորեց ժամանակակից գրականության թարգմանությունն ու ներկայացումը հայ ընթերցողին, և այդ տեսանկյունից Նակամուրան հրաշալի ընտրություն է՝ ըստ նրա:

 Հավելենք, որ գիրքը լույս է տեսել «Գիտանք» հրատարակչության կողմից և արդեն վաճառվում է գրախանութներում:

Աստղիկ Իսկանդարյան

DSCN5523

DSCN5525

DSCN5538

0 0 000գրպանահատը