ԳՈԳՈԼԻ «ՄԻՐԳՈՐՈԴԸ» ՎԱՃԱՌՎԵԼ Է 6,5 ՄԼՆ ՌՈՒԲԼՈՎ

mirgorod-gogol
 «Ռուս արձակագիր Նիկոլայ Գոգոլի կենդանության օրոք տպագրված «Միրգորոդ» պատմվածքների ժողովածուն «Լիտֆոնդ» աճուրդի տան հայտարարած աճուրդի ժամանակ վաճառվել է 6,5 մլն ռուբլով, ինչը 2 մլն-ով ավելի է մեկնարկային գնից»,- հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

1835 թվականին հրատարակված «Միրգորոդը» գնել է մի  կոլեկցիոներ։ Գրքում կարելի է տեսնել Biblioteca russa Firenze-ի (Ֆլորենցիայի ռուսական գրադարան) կնիքը։

Ժողովածուն ներառում է պատմվածքներ, որոնք շարունակում են «Երեկոներ Դիկանկայի մերձակա խուտորում» պատմվածքը։ Առաջին մասում «Հնաշխարհիկ կալվածատերեր» և «Տարաս Բուլբա» պատմվածքներն են, երկրորդում՝ «Վիյը» և «Պատմվածք այն մասին, թե ինչպես գժտվեցին Իվան Իվանովիչն ու Իվան Նիկիֆորովիչը»։ Բացի վերջինից, մյուս բոլոր պատմվածքների համար սա առաջին հրատարակությունն է եղել։

1832թ․-ին հրատարակված «Երեկոներ Դիկանկայի մերձակա խուտորում» ժողովածուի երկրորդ հատորը  հայտարարված 650 հազար ռուբլու փոխարեն վաճառվել է 1 մլն ռուբլով, իսկ Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը» (1841թ․) վեպի առաջին մասը նախնական 1,8 մլն-ի փոխարեն վաճառվել է 3 մլն ռուբլով։

Ընդհանուր առմամբ՝ «Լիտֆոնդ»-ի աճուրդին ներկայացվել է 340 անուն գիրք, ձեռագիր, լուսանկար և այլ իրեր։