ՀԱՊ-Ի ՏՆՕՐԵՆ ԱՐՄԱՆ ԾԱՏՈՒՐՅԱՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՏԱՐԻՆ

0-0-00098944
 Անցնող տարին Հայաստանի ազգային պատկերասրահի համար շատ արդյունավետ է եղել․ այսպես գնահատեց իր ղեկավարած կառույցի աշխատանքները պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով`ՀԱՊ-ում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, ցուցահանդեսներ և նախագծեր: Ամենակարևորն այն է, որ իրենց առջև դրված սանդղակը՝ հայկական արվեստը Հայաստանից դուրս քարոզելու, ինչ-որ չափով հաջողվել է հաղթահարել:

 «Այս տարի մենք իրականացրել ենք 12 խոշոր ցուցահանդեսներ, այդ թվում`«Լվովի հայկական տաճարի վերածնունդը», «100 կտավ», «Հովհաննես Այվազովսկի. Արարում», Արա Շիրազի հետահայաց ցուցահանդեսը և այլն: Իսկ պատկերասրահի մասնաճյուղերում ընդհանուր առմամբ իրականացվել է 42 միջոցառում, «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում էլ` 14 շրջիկ ցուցահանդես»,- ասաց Արման Ծատուրյանը:

 Խոսելով այցելությունների թվի մասին` նա նշեց, որ 2017թ. հունվարի 3-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ազգային պատկերասրահը և 12 մասնաճյուղերն ունեցել են շուրջ 80 000 այցելու, որից 43.529-ը այցելել է պատկերասրահ՝ դիտելու Հովհաննես Այվազովսկու «Արարում» ցուցահանդեսը: Պարոն Ծատուրյանն ընդգծեց՝ այն մեծ ոգևորություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլև բուն պատկերասրահում, քանի որ աշխատակիցները երբեք չէին տեսել այդ քանակի այցելություններ: Իսկ ինչ վերաբերում է կրթական ծրագրերին, ապա դրանց մասնակցել է 5-16 տարեկան այցելուների 219 խումբ՝ շուրջ 3000 մասնակից:

 Նշենք, որ Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ ցուցահանդեսներ են կազմակերպվել նաև արտերկրում՝ Մոսկվայում, Մինսկում և Միլանում: Հատկանշական էին «Վասիլի Կանդինսկի. թափառող ասպետը», «Հայկական իմպրեսիոնիզմ», «Ազատություն յուրաքանչյուրին», Մարտիրոս Սարյանի և Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսները: «Իմ և մեր ամբողջ թիմի հպարտությունը Մոսկվայի Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում բացված «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսն էր, որ կայացավ նրանց հրավերով ու ֆինանսավորմամբ: Այցելուների մեծ մասն օտարերկրացիներ էին, իսկ շաբաթ-կիրակի օրերին 2000-3000 այցելու էր լինում: Շատ էին արձագանքները, և մենք ամբողջը հավաքել ենք»,- պատմում է պատկերասրահի տնօրենը:

 Անցնող տարվա կարևոր նախաձեռնություններից էր նաև Հայաստանի ազգային պատկերասրահի առցանց խանութը, որը գործում է 2017 թ. մայիս ամսից, և որտեղ ներկայացված են թանգարանի հրատարակած գրքերն ու թողարկած հուշանվերները: Պաշտոնական կայքէջ՝ http://shop.gallery.am/hy:

 Նախորդ տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ Արման Ծատուրյանը հայտնել էր, որ պատկերասրահի հիմնական և ամենամեծ խնդիրը մնում է թանգարանի ջեռուցման և օդափոխման հարցը, որն այդպես էլ չի լուծվում և պատճառ է դառնում բազմաթիվ կտավների վնասման ու ոչնչացման: Այսօր, սակայն, խնդիրը մեծ մասամբ լուծվել է. «Այվազովսկու ցուցասրահները հիմնովին վերանորոգված են, միայն այդ սրահների վրա ծախսվել է մոտ 28 միլիոն դրամ, ընդ որում՝ ոչ մի լումա պետական բյուջեից: Բոլոր պատուհանները ջերմամեկուսացվել են և կպչուն ժապավեններով ամրացվել, ինչպես նաև լրացուցիչ տաքացուցիչներ են տեղադրվել: Հիմա ո՛չ տաք է, ո՛չ ցուրտ, այն ջերմաստիճանն է, որը պետք է: Եկող տարի էլ հիմնովին վերանորոգելու ենք 4-րդ և 6-րդ հարկերը: Ուղղակի ոչ ոք կախարդական փայտիկ չունի: Երկուսուկես տարում մենք շատ բան ենք արել այս թանգարանում, ես կարող եմ նույնիսկ հստակ թվեր նշել՝ միայն Այվազովսկու սրահները 850 քմ տարածք են կազմում, այս տարի վերանորոգելու ենք ևս 1500 քմ տարածք: Մաս-մաս մեր բոլոր խնդիրները լուծվում են»,- ընդգծեց բանախոսը:

 Անդրադառնալով նաև եկող տարվա ծրագրերին՝ պարոն Ծատուրյանն ասաց, որ դրանք առայժմ նախնական են և նոր են ուրվագծվում. «Մենք պլանավորում ենք 2018թ.-ին Պիկասոյի մեծ ցուցահանդես կազմակերպել: Ցանկությունը մեծ է, և դրա համար մենք այժմ բանակցում ենք մի քանի հովանավորների հետ: Կոնկրետ պայմանավորվածություններ կան Ամերիկայի թանգարաններից մեկի հետ, բայց գիտեք, թե որքան թանկ հաճույք է նման ցուցահանդեսը՝ և՛ ապահովության, և՛ բեռնափոխադրման տեսանկյունից: Եթե ֆինանսական աջակցությունը լինի, մենք մնացածը շատ լավ կանենք»,- ասաց նա ու հավելեց՝ եկող տարվա ծրագրերից է նաև Լևոն Թութունջյանի ցուցահանդեսը: Մանրամասները կհրապարակվեն:

Աստղիկ Իսկանդարյան