ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋԱԶՆ ՈՒ ՌՈՔԸ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ

0-0-002200095592
 «Ծիծեռնակ», «Շիրակ», «Անգին քարեր», «Կիլիկիա», «The bells», «Արագած», «Ուրարտու», «Վիալպի», «Բիայնա», «Կյանք», «Սփյուռք», «Արեգակ», «Բամբիռ»… Այս բոլորը 1964-1988 թվականները գործող ջազ և ռոք խմբերն են, որոնք միավորվել ու այժմ դարձել են հիշողություն ու գիրք:

 «Ջազ-ռոք Լենինականը» յուրատեսակ տարեգիրք է, որը սկիզբ է առնում Հայաստանի առաջին ռոք խմբի պատմությունից, որը ծնվել էր Լենինականում, ապա շարունակվում է ու ընդգրկում 1964-1988 թվականներին Լենինականի երաժտական «գաղտնի» նախասիրությունների ու խմբերի մասին հիշողություններն ու իրադարձությունները, որոնց հիմքում ավանգարդիստական մուտքով քաղաքի մթնոլորտը յուրովի փոխած երիտասարդական խմբերն էին: Իսկ սովորական ու ընդունված կանոներից դուրս երաժշտություն կատարողներն էլ այն ժամանակվա նոր սերունդն էր, որ երկաթե վարագույրից այն կողմ մեկ այլ աշխարհ ու իրականություն էր որոնում, նրանց համար խորթ էր խորհրդային երիտասարդությանը պարտադրված կարգապահությունը:

 Այս սերնդի մասին է պատմում «Դիջեյ Լյուդա»-ն, ով ևս այդ «երաժշտական հեղափոխության» մեջ էր: Ծագումով հույն է, նա առաջինն էր Գյումրիում, որ կազմակերպում էր դիսկոտեկներ, հեղինակային հաղորդումներ էր նախաձեռնում Գյումրիի ռադիոկայաններում 15 տարի շարունակ: Նրա վաղեմի երազանքն էր՝ հրատարակել «Ջազ-ռոք Լենինական» գիրքը, որն իրականություն դարձավ երկար տարիների աշխատանքից հետո միայն:

 «60-ականների կեսերին միայն մենք հնարավորություն ունեցանք առաջին անգամ լսել Բիթլսների երգերը, չէ՞ որ «երկաթյա վարագույրը» մեզնից թաքցնում էր դրանք: Այդ ժամանակներն էին, երբ մեզ փրկության հասան սփյուռքահայերը, ինչպես ընդունված էր ավանել` «ախպարները»: Նրանք իրենց հետ այնպիսի երաժշտական սկավառակներ բերեցին, որոնց մասին երազել անգամ չէինք կարող: Վաճառում էին այն ժամանակների համար աստղաբաշխական գներով: Մենք ստիպված էինք շատ հաճույքներից մեզ զրկել, փող հավաքել, որպեսզի կարողանայինք գնել: Բայց դա արդեն էական չէր, որովհետև այդ երաժշտությունն ամեն ինչ փոխեց մեր կյանքում: Դա մեր կյանքի լավագույն շրջանն էր: Մենք կարողացանք հեղափոխություն անել»,- պատմում է Լյուդմիլան:

 Նրա բնորոշմամբ՝ խմբերում տղաները հիմնականում ինքնուս, բայց երաժշտության մեծ նվիրյալներ էին, ոգևորությունը մեծ էր, հանդիսատեսն էլ ընդունում էր երիտասարդների համարձակ քայլերը: Իսկ այն հարցին, թե ինչու հիմա երիտասարդները չեն համախմբվում ու իրենց նոր մոտեցումը մատուցում, Լյուդմիլա Բիլբիլիդին պատասխանեց. «Հիմա չեն արգելում, դրա համար էլ չեն միավորվում ու թելադրում մեկ այլ իրականություն: Հիմա ազատ է, թեև այդ ազատությունը շատ հաճախ ճաշակ չի ձևավորել»:

Անահիտ Հարությունյան


IMG 20171206 131751

IMG 20180112 013823

0 0 002200լյուդմիլա095592

IMG 20180112 013920