ՀԱՅԿԱԿԱՆ «ՇՈՂԵՐ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ՄՅՈՒՆԽԵՆՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԵԿՈՅԻ ՄԱՍՆԱԿԻՑ

nachtwchwarmer-munchen
Գերմանիայի Մյունխեն քաղաքում արդեն  տասնմեկ տարի քաղաքապետարանը կազմակերպում է մշակութային երեկո՝ «Գիշերային երազներ» խորագրի ներքո: Քաղաքի մի շարք  կենտրոնական փողոցներում կառուցվում են բեմեր, որտեղ հնչում է բազմաժանր երաժշտություն, տեղի են ունենում շոու-ներկայացումներ և ելույթ են ունենում պարային խմբեր:

 Այս տարի հերթական  «Գիշերային երազներին» երգչախմբային արվեստը մյունխենցիներին ներկայացրեց հայկական «Շողեր» երգչախումբը, որին մեր ընթերցողն արդեն ծանոթ է այս գարնանը Շվեցարիայում կայացած Հայաստանի մշակույթին նվիրված փառատոնից:
Մյունխենի Ռիխարդ Շտրաուսի անունը կրող շատրվանի մոտ կառուցված բեմը մի քանի ժամով էր  տրամադրվել «Շողերին»: Բոլոր կատարումները  գերմաներենով ներկայացնում և մեկնաբանում էր խմբի ղեկավար Արմինե Բաբայանը:

Մակար Եկմալյանի և Կոմիտաս Վարդապետի մշակումներից բացի, որոնք բնականաբար անչափ տպավորիչ են ցանակացած ունկնդրի համար, գերմանական բեմից հնչեցին նաև երևանյան քաղաքային ֆոլկլորը  ներկայացնող երգեր, ինչպես  «Լավ էլի» խմբի «Գարուն է եկել», Ռուբեն Հախվերդյանի  «Ձյունը», Կոնստանտին Օրբելյանի  «Երգ ճանապարհի»,  Էդգար Հովհաննիսյանի «Երևան-Էրեբունի»  ստեղածագործությունները: Իսկ Ստեփան Շաքարյանի ժողովրդական երգերի շարքը՝ Մուշի գովերքով եզրափակեց համերգը:

   Նշենք, որ «Շողեր»  կամերային երգչախմբի երգացանկը ներառում է նաև աֆրիկական, բրիտանական, բավարական և ավստրիական ազգային երգեր, որոնք միջմշակութային այդ երեկոյի  լրացումը դարձան:

Մեզ հետ զրույցում երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Արմինե Բաբայանը նշեց, որ նման մեծ միջոցառման մի մասնիկ լինելն ու քաղաքի կենտրոնական բեմում երգելը  մեծ պատիվ է և պատասխանատվություն:

«Մենք ուրախ ենք, որ երգչախմբի հինգ տարվա գործունեությունը այսպիսի արդյունքներ է տալիս, և մեր ջանքերը իզուր չեն անցնում: «Շողերը» շարունակելու է իր առաքելությունը  և հայկական երգը շարունակելու է հնչել միջազգային բեմերից»,- ասաց նա:
           
Սոնա Հայկազուն
Գերմանիա, Մյունխեն