ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՄԵՂԵԴԻՆԵՐԸ ՀՆՉԵՑԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Khazer-ergchaxumb
    Ազգային երաժշտությունը պետք է տարածել ու հասանելի դարձնել շատերին: Իսկ դրա համար հարկավոր են  ոչ միայն համերգասրահներում ելույթները, նաև դուրս գալ դահլիճներից ու ավելի մոտենալ ունկնդրին:  Այսպես է կարծում «Խազեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավարը,  ու այս նպատակով երգչախումբը համերգներ է կազմակերպում Երևանի ու Արցախի դպրոցներում, հասարակական վայրերում:  Երիտասարդական երկսեռ երգչախմբի համերգը կայացավ նաև Գյումրիում՝ Թատերական հրապարակում:  
    Երգչախումբը ստեղծվել է 2012 թվականին կամավոր, երաժշտասեր երիտասարդների նախաձեռնությամբ: Երգչախմբում երգում են տարբեր մասնագիտությունների ու նախասիրությունների տեր երիտասարդներ (երաժիշտներ, բնապահպաններ, ազգագրագետներ), բայց բոլորին միավորել է ազգային երաժշտութունը տարածելու ու զարգացնելու գաղափարը: Կոմիտասյան նոտայագրության բանալիների՝ «Խազեր» անունով էլ կոչել են  երգչախումբը ու սկսել երգել առավելապես Կոմիտասի բազմաձայնած հայ գեղջկական և եկեղեցական երգերը:          
    «Ես արմատներով Գյումրիից եմ, մինչև  6 տարեկանն ապրել եմ այս քաղաքում: Երևանի «Խազեր»-ը 16 երգիչներ ունի, Գյումրիում նույնպես բացել ենք երգչախումբ, 14 երիտասարդներ էլ այստեղ են երգում: Գյումրիում բացօթյա համերգին մասնակցում էին ինչպես երևանյան «Խազեր»-ը, այնպես էլ Գյումրու նորաստեղծ համանուն երգչախումբը: Մեզ միավորում է կոմիտասյան երաժշտության հանդեպ սերը»,-  cultural.am-ի   թղթակցի հետ զրույցում նշեց գեղարվեստական ղեկավար Անի Նավասարդյանն ու հավելեց, որ սա երգչախմբի երկրորդ այցելությունն է հանրապետության երկրորդ քաղաք: Առաջին անգամ երգել են Գյումրու «Յոթվերք» եկեղեցում:  
    Հավելենք նաև, որ 2014 թ.-ին հայկական ազգային երաժշտությամբ ձայնասկավառակներ բաժանելու միջոցառում է  կազմակերպել Երևանի  քաղաքային տրանսպորտում: Բաժանելու ընթացքում երիտասարդները խմբերով բարձրացել են ավտոբուսներ ու երգել ժողովրդական երգեր: Հայկական օրորների ընտրանիով ձայնասկավառակներ էլ բաժանվել են ծննդատներում:

                                                                                                         Անահիտ Հարությունյան