«ՄԱՆՅՈՒՆՅԱՆ» ԱՅԺՄ ՀԱՅԵՐԵՆ Է ԽՈՍՈՒՄ

0-0-00
 Հայ ընթերցողին «Մանյունյան» այժմ արդեն հայերենով կպատմի մի ամբողջ սերնդի մանկության մասին: Այն սերնդի, որ չգիտես ինչպես հաջողացրել է մեծանալ առանց համացանցի և համակարգչի:

 Ռուսաստանաբնակ հայ գրող Նարինե Աբգարյանի հայտնի վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 11-ին Կամերային թատրոնում, որտեղ ներկա էր նաև հեղինակը:

 Պետք է նշել, որ գիրքը ձեռք բերելու և Նարինեի հետ հանդիպելու համար եկել էին աննախադեպ մեծ թվով մարդիկ, այդ թվում և Բերդից, որտեղ ապրել է հեղինակը: Այս առիթով շնորհանդեսի կազմակերպիչ «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանն իր հիացմունքն արտահայտեց. «Սա Հայաստանում նախադեպը չունեցող դեպք է: Այստեղ հավաքված մարդկանց մեծ թիվը խոսում է այն մասին, որ Հայաստանում գրողը և գիրքը դեռևս մեծ հարգանք ու պահանջարկ ունեն»:

 Նարինեն նշում է, որ գիրքն ի սկզբանե ռուսերենով տպագրելու որոշումը հրատարակչությանն է եղել. «Հրատարակիչն ինձ ասաց, որ ավելի նպատակահարմար կլինի տպագրել ռուսերենով, քանի որ նախ՝ միջավայն է ռուսալեզու, բացի այդ՝ այդպիսով ընթերողների թիվն ավելի մեծ կլինի»:

 Անդրադառնալով գրքի՝ այլ լեզուներով թարգմանություններին, Աբգարյանը նշում է. «Բազմաթիվ նամակներ եմ ստանում օտարերկրացիներից, որոնք կարդալով Մանյունյայի պատմությունը՝ որպես զբոսաշրջիկ գալիս են Հայաստան: Դա ինձ համար շատ մեծ հաճոյախոսություն է, և ես ուրախ եմ, որ այդպիսով կարողանում եմ օգնել իմ հայրենիքին»:

 Նարինեի «Մանյունյան» պատմություն է մի ամբողջ սերնդի մանկության, Բերդում ծնված երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Այն հասցեագրված է մեծերին, որ ուզում են իմանալ, թե ինչ մանկություն են ունեցել իրենց ծնողները: Սա պատմություն է այն հերոսական մարդկանց մասին, ովքեր ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց համացանցի ու համակարգչային խաղերի:

 Հեղինակը ժպիտով է հիշում մանկությունից ծիծաղաշարժ դրվագներ ու պատմություններ «իսկական հերոս-էլեկտրիկի» ու այն մասին, թե ինչպես էին ծնողներն իրեն բժշկի մոտ տանելու ապարդյուն փորձեր անում:

 Ընթերցողների հետ հանդիպմանը ներկա էր նաև գրքի թարգամնիչ Նարինե Գիժլարյանը, որը ևս Տավուշի մարզի Բերդ գյուղից է: Նարինեն ընթերցողներին առաջարկեց քննարկել գիրքը՝ ընթերցելուց հետ:

 Դահլիճում ներկա էին նաև հեղինակի ծնողները, որոնք միչ օրս ապրում են Բերդում: Նրանց դիմելով՝ Նարինեն ասաց. «Без вас я никто и звать меня никак»:

 Ի դեպ, գրքի վաճառքից գոյացած հասույթն ուղղվելու է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներից մեկի երեխաներին։

 Նշենք, որ 2 տարվա ընթացքում վաճառվել է «Մանյունյա»-ի ավելի քան 200 հազար օրինակ, իսկ հեղինակն արժանացել է ռուսաստանյան ազգային գրականության «Տարվա ձեռագիր» մրցանակին: 2013թ. մանկական գրականությունում ունեցած ավանդի համար ստացել է «BABY-НОС» մրցանակը, որը հիմնել է Միխաիլ Պրոխորովի հիմնադրամը:

 Նարինեի գրքերը ձգում են շատ փոքրիկների, բայց հեղինակը չի ընդունում կարծիքը, որ իր ստեղծագործությունները պատանեկան են, ասում է` գրում է 0-100 տարեկան երեխաների համար:


Լառա Հակոբյան

 DSC1213

 DSC1262

 DSC1227

 DSC1254