«ՄԵԾ ԽՄԲԱԳՐՈՒՄՆԵՐ ԱՆԵԼՆ ԱՆԱԶՆԻՎ ԿԼԻՆԵՐ»․ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆ

pachyan-darak-shnorhandes
 Առաջին հրատարակությունից 5 տարի անց վերահրատարակվել է արձակագիր Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպը։ Վեպը ներկայանում է նոր մշակմամբ և վերջաբանով։

Նախքան գրքի շնորհանդեսը, համացանցում հասանելի էր Պաչյանի «Վերջաբանի  փորձը», սկզբում ֆիլմի տեսքով (հեղինակ` Մերրի Մկրտչյան), այնուհետև տեքստային տարբերակով «Ինքնագրի» կայքում։

Ապրիլի 19-ին «Միրզոյան» գրադարանում կայացավ «Ցտեսություն, Ծիտ» վեպի շնորհանդեսը։ Հեղինակը հրաժարվել է այս գրքի շահույթից, այն ուղղվելու է մեկ այլ գրողի առաջին գրքի հրատարակմանը։

Արամ Պաչյանի խոսքով՝ վերահրատարակման գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ գիրքն այլևս չկար գրախանութներում, և կար որոշակի պահանջ։

«Ինձ համար առիթ էր վերընթերցելու, հասկանալու՝ ինչ եմ արել, ինչպես եմ արել և փորձելու որոշ մշակումներ անել։ Այդ աշխատանքի ընթացքում էլ ծագեց վերջաբանի փորձի գաղափարը, ասացի այն, ինչ  ուզում էի ասել։

Մեծ ցանկության դեպքում ռադիկալ փոփոխությունների կդիմեի, գուցեև ստացվեր առհասարակ ուրիշ գիրք, բայց նաև էթիկայի հարց էր։ Այն, ինչ մտածում եմ հիմա գրականության շուրջ, տեքստի շուրջ, կարծես մտածողը ուրիշն է, մարդ, որ փորձառության մեջ է, անընդհատ փորձում է տարբեր դիրքերից մոտենալ տեքստերին։ Մեծ խմբագրումներ անելն իմ կողմից անազնիվ կլիներ, որովհետև մոտեցումները, որոնք հիմա չեմ ընդունում, այդ ժամանակ ընդունել է երիտասարդ գրողը, և դա ճշմարիտ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց արձակագիրը։

«Ցտեսություն, Ծիտ» վեպը լույս է ընծայել «Դարակ» հրատարակչությունը։ Cultural.am-ի հարցին, թե Արամ Պաչյան հրատարակելը որքանով է շահեկան հենց «Դարակի» համար, հրատարակչության հիմնադիր Աշոտ Գաբրիելյանը պատասխանեց․ «Առաջարկներ շատ ենք ստանում, գրեթե օր չկա, որ «Դարակ»-ում նոր գիրք տպագրելու առաջարկներ չստանանք, բայց մենք սահմանափակվում ենք տարեկան մի քանի գրքով, և դա արդեն չափանիշ է այն բանի, որ մենք իրոք Արամ Պաչյանին գնահատել ենք որպես լուրջ գրականություն ստեղծող մարդու, և հրատարակում ենք նրա գիրքը, թե չէ առաջարկները բազմաթիվ են»։

Մարտին վեպը հրատարակվել է անգլերենով։ Թարգմանել է Նաիրի Հախվերդին, բանակցություններ վարել «ԱՐԻ» գրական գործակալությունը։ Լույս է ընծայել անգլիական «Գլագոսլավ» հրատարակչությունը։

Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպի հանդեպ հետաքրքրություն կա նաև այլ երկրներում։ Գրքի արաբերեն թարգմանության իրավունքները ձեռք է բերել եգիպտական «Ալ Արաբի» հրատարակչությունը։ Ընթացքի մեջ է վեպի ֆրանսերեն թարգմանությունը։

«ԱՐԻ» գրական գործակալության հիմնադիր Արևիկ Աշխարոյանի փոխանցմամբ՝ բանակցություններ են վարում նաև Պաչյանի «Ռոբինզոն» պատմվածքների ժողովածուն ռուսերեն, անգլերեն և իսպաներեն հրատարակելու համար։

Հիշեցնենք, որ 2015 թվականին Անուշավան Մեսրոպյանի թարգմանությամբ  «Ռոբինզոնը» լույս էր տեսել ուկրաիներեն։

«Ռոբինզոնի» հրատարակումից երկու տարի է անցել, բայց մինչ օրս Ուկրաինայում  լույս են տեսնում գրքի մասին հոդվածներ։

Օտար բանի հանդեպ հետաքրքրությունը մեկ օրում չի առաջանում, բայց մեկ-երկու օտարալեզու հրատարակությունը հետաքրքրություն է  շարժում»,- վստահեցնում է Արևիկ Աշխարոյանը։

«Ցտեսություն, Ծիտը» Աշխարոյանին գրավել է իր հանելուկային կառուցվածքով։

«Կարդում ես, չես հասկանում՝ ով է խոսում, ինչ է ասում, ուր է գնում, և մինչև գիրքը չավարտես, չես հասկանա, թե քանիսն էին գրքի հերոս տղաները, և ով ով էր։ Խեղդող տեքստ է, երբեմն շատ գրավիչ, երբեմն էլ ուշագնաց ես լինում տեքստի ինտենսիվությունից, ինչն ինձ համար որակյալ գրականության նշան է։

Ընտրությունս արեցի շատ արագ, քանի որ կարդալիս երևում է գրողի տաղանդը, և ակնհայտ է, որ սա հաջողության ենթակա գիրք է։ Կարծում եմ՝ չսխալվեցի։ Բարդ գրականություն է, նկատի ունեմ՝ ինտելեկտուալ, խորքային և ոչ լայն ընթերցողի համար, դրա համար եմ ասում, որ մեծ տպաքանակներ չենք ակնկալում, մենք արձագանքներ ենք ակնկալում»,- Cultural.am-ի հետ զրույցում նշեց գրական գործակալը։

Աննա Կարապետյան
Լուսանկարը՝ «Դարակի» ֆեյսբուքյան էջից