«ՄԵԿ ՑՈՒՑԱՆՄՈՒՇԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

spendiaryan-mek-cucanmush
 Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում պահվում են ոչ միայն կոմպոզիտորի, այլև նրա տիկնոջ՝ Վարվառա Սպենդիարյանի անձնական իրերը։ Յուրօրինակ նմուշների պակաս այստեղ չի զգացվում, սակայն կա մեկը, որ կապում է հայերին ու չինացիներին և առիթ ստեղծում միջմշակութային հաղորդակցության։ Վարվառա Սպենդիարյանի չինական հագուստն է, որը հետաքրքրասերներին ներկայացվեց այսօր թանգարանում կազմակերպված «Մեկ ցուցանմուշի պատմություն» խորագրով հանդիպման ժամանակ։
 
Հագուստը Վարվառա Սպենդիարյանին է նվիրել եղբայրը անցած դարասկզբին։  Այլ մանրամասներ թանգարանին հայտնի չեն։ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի դասախոս Յիկուն Սունի խոսքով՝ այդ ժամանակ նմանատիպ հագուստ կարող էին կրել բոլորը, սակայն դրանից երկու հարյուր տարի առաջ այդ տիպի հագուստ կրելու պատիվը միայն իմպերատորներին էր վերապահված։

«Պատկերված է ութ վիշապ։ Ութը չինացիներիս սիրելի թիվն է, իսկ վիշապը սուրբ կենդանի է Չինաստանում։ Չգիտեմ՝ Հայաստանում ինչպես է այն ընկալվում, բայց մեզ մոտ վիշապը լավ ու բարի հատկանիշներով է օժտված, համարվում է հաջողության և հարստության խորհրդանիշ»,- պատմեց Յիկուն Սունը։

«Որպես հարսանեկան նվեր՝ Սպենդիարյանը հորից Յալթայում տուն էր նվեր ստացել։ Ամուսնությունից հետո Ալեքսանդր և Վարվառա Սպենդիարյանները  բնակություն հաստատեցին այդ տանը։ Հաճախ էին երեկոներ կազմակերպում։ Հյուրերը մշակույթի և արվեստի գործիչներ էին։ Վարվառան սիրում էր այդ հագուստով դիմավորել հյուրերին»,- մեզ հետ զրույցում ասաց թանգարանի հանրահռչակման և ցուցադրությունների բաժնի ղեկավար Նանա Պետրոսյանը։

Հագուստի պատմության ներկայացումից հետո ներկաների համար չինական թեյախմություն անցկացրեց Հրանտ Դանդուրովը։

«Մեկ ցուցանմուշի պատմություն»-ը թանգարանի նախկին աշխատակից Վալենտինա Հովհաննիսյանի մտահղացումն է։

«Ունեինք հագուստը, բայց չգիտեինք՝ ինչ հագուստ է, ինչ են խորհրդանշում պատկերվածները։ Հրավիրեցինք Յիկուն Սունին, որ ներկայացնի պատմությունը, օրն էլ համեմեցինք չինական թեյախմությամբ։

Մի օր կարող ենք հայկական զարդանախշերով նմուշ ներկայացնել, մեկ այլ օր ծանոթանալ կոմպոզիտորի դաշնամուրի պատմությանը։ Եթե հաջողենք, «Մեկ ցուցանմուշի պատմությունը»  կդառնա ավանդական միջոցառում մեր թանգարանի համար»,- մեզ հետ զրույցում նշեց Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, կոմպոզիտոր Մարինե Օթարյանը։

Աննա Կարապետյան