ՄՏԱԾԵԼՈՎ «ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ» ՇՈՒՐՋ

lusankarchutyan-harcer-2017
 Ապրիլի 22-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում  տեղի կունենա «Լուսանկարչության հարցեր. տեսություն և տեխնիկա» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը։ Ձեռնարկի հեղինակներն են Կարին Գրիգորյանը և Վահե Բուդումյանը։

«Լուսանկարչության հարցեր. տեսություն և տեխնիկա» ձեռնարկի օրինակներն արդեն տրամադրվել են «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ), Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, «Ֆոկուս» և «ԲունTV» կազմակերպությունների գրադարաններին։ Շնորհանդեսից հետո այն հասանելի կլինի նաև մայրաքաղաքի և մարզերի գրադարանների ընթերցողներին։

Ուսումնական ձեռնարկի առաջին տպաքանակը 200 օրինակ է, սակայն նախատեսվում է այն վերատպել:

«Լուսանկարչության հարցեր. տեսություն և տեխնիկա» ձեռնարկն իր տեսակի մեջ եզակի է։ Լուսանկարչությանն անդրադարձող հայերեն տեքստերն, առավել ևս գրքերն ու ուսումնական ձեռնարկները հազվագյուտ են։

«Խորհրդային շրջանից մեզ միայն մեկ գիրք է հայտնի, որն անդրադառնում է լուսանկարչական պրակտիկային՝ 1959-ին տպագրված Աշոտ Առաքելյանի լուսանկարչության համառոտ ձեռնարկը ֆոտոսիրողների համար, իսկ արդեն անկախության շրջանում մեկ ուսումնական գիրք է տպագրվել, որը, ցավոք, լուսանկարչական տեխնիկային չի անդրադառնում: Այդ պատճառով դրանց արդիականության մասին խոսելը տեղին չէ: Սա մեզ թույլ է տալիս ասել, որ «Լուսանկարչության հարցեր» գիրքն իր բնույթով եզակի է, քանի որ ամբողջական և մատչելի տեղեկություններ է տրամադրում սկսնակ լուսանկարիչներին»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց գրքի համահեղինակ Վահե Բուդումյանը։

Վահե Բուդումյանն ու Կարին Գրիգորյանը երկար տարիներ լուսանկարչություն են դասավանդում «Մեդիալաբ» կրթական ծրագրի ուսանողներին։

«Ձեռնարկի գաղափարը ծնվել է իմ և Վահե Բուդումյանի համատեղ աշխատանքի և քննարկումների արդյունքում:  Արդեն երեք տարի է, ինչ աշխատում ենք այս գրքի շուրջ, վերջապես այն լույս տեսավ:

Ինքս՝ որպես նախկին լուսանկարիչ, իսկապես կարիք ունեի նման գրքի: Կարդում էի ամենատարբեր աղբյուրներից տարբեր լեզուներով՝ չունենալով հայերեն որևէ գիրք իմ ձեռքի տակ: Կարծում եմ՝ սա լավ սկիզբ է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են կարդալ լուսանկարչության մասին, ուզում են տիրապետել տեխնիկային»,- մեզ հետ զրույցում նշեց Կարին Գրիգորյանը։

Գիրքն ունի երեք բաժին՝ տեսություն, տեխնիկա և բառարան։ Ընթերցողին է ներկայացվում՝ ինչ է լուսանկարչությունը, ինչպիսին էր այն դարը, որը ստեղծեց լուսանկարչությունը: Տեսական մասը հեղինակել է Կարին Գրիգորյանը՝ օգտվելով արևմտյան կրթական համակարգում ընդգրկված գրականությունից։  Տեխնիկա բաժինն ինքնուսույց է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են լուսանկարչությամբ և ցանկանում են ինքնուրույն տիրապետել լուսանկարչական տեխնիկային: Այդ բաժինը Վահե Բուդումյանն է գրել։ Ձեռնարկում տեղ է գտել նաև մասնագիտական եզրերի բառարան։ Ռուսերեն և անգլերեն տերմինների հետ ներկայացվում են դրանց հայերեն համարժեքները։ Հեղինակներն ասում են՝ կային տերմիններ, որոնք արդեն շրջանառության մեջ էին, կային նաև այնպիսիք, որոնք իրենք են հորինել։

«Քանի որ որոշ եզրեր չունեին հայերեն համարժեք, ստիպված եղանք դրանք հորինել, թեև նման բառերը բառացանկի համեմատաբար փոքր մասն են կազմում, օրինակ՝ «ստվերան» եզրը, անգլ. lens hood, ռուս. бленда: Մեծամասամբ բառացանկում տրված են արդեն առկա հայերեն տեխնիկական եզրերը, օրինակ՝ Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարանը կամ Թ. Ավդալբեգյանի բառարանը նման բառերի իսկական գանձարան են: Բառացանկը կազմելիս փորձել ենք հնարավորինս շատ բառեր ներառել և հաշվի առնել այն եզրերը, որոնք արդեն կիրառվում են լուսանկարիչների կողմից, ասենք՝ «շաղվածություն», այս բառին հանդիպել ենք լուսանկարիչ Էդգար Մարուքյանի բլոգում»,- պատմեց Վահե Բուդումյանը։

Թեև սա ուսումնական ձեռնարկ է և ուղղված է սկսնակ լուսանկարիչներին, սակայն հեղինակները համոզված են, որ գրքում ներառված հարուստ տեսական մասի, տեխնիկական մասում զետեղված աղյուսակների, տեսողական նյութերի և գրականության շնորհիվ այն օգտակար կլինի նաև արդեն մասնագետ լուսանկարիչների համար։

Լուսանկարչությունը խորությամբ հասկանալու համար Վահե Բուդումյանը խորհուրդ է տալիս կարդալ Սյուզան Զոնթագի On Photography-ն, Ռոլան Բարթի Camera Lucida-ն և ձեռնարկի գրականության ցանկում ներառված այլ գրքեր։

 «Լուսանկարչության հարցեր. տեսություն և տեխնիկա» ձեռնարկի հրատարակման աջակիցներն են Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը, «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը։

Աննա Կարապետյան