ՈՎ ԸԼԼԱԼՈՒ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ

qardash-onik
 «Ես ահագին փնտրտուքներ ունեի ով ըլլալու հետ կապված: 10 հատ դիսերտացիա էլ  կարդաս հայու մասին, քիչ է։ Մեկը կասի՝ հայերը  աս տեղէն եկած են, մյուս գրքերուն մեջ ուրիշ բան կսեն, և ադ փնտրտուքներով է, որ առաջին անգամ Հայաստան եկա 1988 թվականին»,-  այսպես սկսեց իր խոսքը Քարդաշ Օնիկն ու պատմեց իր «ով ըլլալը»:

Քարդաշ Օնիկն իր պատմությունը սկսեց պատմել Գյումրիում իր «Շիք Վայրագ. Կովկասի մասին մի խենթի քրոնիկոնը» գրքի շնորհանդեսին՝ տեսակապով խոսելով «Գալերի 25» եկած  հյուրերի հետ:

Օնիկ Գալֆայանը ծնվել է 1941 թվականին Լիբանանում, հետագայում ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ: Օնիկը  որոշ ժամանակ զբաղվում է սեփական բիզնեսի  հիմնումով ու զարգացմամբ, բայց շուտով արվեստը կանչում է նրան: Մտքում ծնված  գաղափարներն իրագործելու համար նա թողնում է բիզնեսն ու  գնում անտառ` ստեղծելու  մեկ այլ աշխարհ, որը շատ տարբեր էր, բնությունից վերցված ու հղկված:

Այս ընթացքում էլ Օնիկը որոշում է վերցնել մեկ այլ անուն` Քարդաշ Օնիկ։

«Քարդաշ` թրքերեն եղբայր ասել է: Իմ մեծ մորը  ջարդի ժամանակ թուրքերը ազատած են, և տարած, պահած են երկու տարի: Իբրև շնորհակալոթյուն` իմ ներկայության ու գոյության  Քարդաշ  անունը վերցրած եմ»,- ասում է արվեստագետը:

Հող, ջուր, կրակ ու օդ- բնության չորս տարերքներն են Քարդաշ Օնիկի ներշնչանքը,  ինչպես նաև այն մշտական ուղեկից փնտրտուքը, որ տանում է արվեստագետին  անհայտ  ու ծանոթ հեռուներ:

«Հետո Ղարաբաղ եկա ապրելու: Ղարաբաղ գացի ոչ այնքան  հայկականը հոն գտնելու, որքան ադ տարածքը  որպես ազատագրված տարածք մը դիտարկելով: Ինչպես Գոգենը ձգած է Փարիզը ու Հայիթի գացած է`  փնտրելու համար պրիմիտիվը, նայիվը, ես ալ գացի  Ղարաբաղ: Ղարաբաղին մեջ ազատ միտք կա, ազատ լինել մտածելակերպի կապանքներէն»,- անկեղծանում է Քարդաշ  Օնիկն ու անդրադառնում Արցախում   անցկացրած ժամանակահատվածին:

Որպես առաջին սփյուռքահայ արվեստագետ բնակիչ` Քարդաշ Օնիկը 5 ամիս է ապրում Արցախում:

«Ղարաբաղ ապրածս ժամանակ «Շուշվա խենթ» էին դրել անունս: Խենթությունս  Արցախի երեխաների հետ աշխատելու  մեջ էր,  այդ սիրունիկ հոգիների, որ ստիպված էին իրենց մեջ  կրելու  անիծյալ վայրագություններ  պատճառած  իրենց ծնողների ատելությունը  հանուն ազատության: Հուսով եմ՝ արածս ինչ-որ չափով  օգտակար է եղել ադ երեխաներու համար»,- ասում է  Քարդաշն Օնիկն ու հավելում, որ  այդ ժամանակահատվածի պատմությունն ամփոփել է «Շիք Վայրագ. Կովկասի մասին մի խենթի քրոնիկոնը» գրքում։

 
Գրքում տեղ են գտել այնպիսի պատմություններ, որտեղ  Արցախին ու արցախցուն  հեղինակը  դիտարկել է մեկ այլ դիտակետով` երբևէ չասված, ստվերում մնացած  անկեղծ  խոստովանություններ, որ կարող էր իրեն թույլ տալ միայն արվեստագետը:

Թեև Քարդաշ Օնիկը տիրապետում է հայերենին, բայց գրքի բնօրինակը անգլերեն է, հայերեն է թարգմանել  Մելիքսեթ Փանոսյանը։

Անահիտ Հարությունյան