«ՈՐՊԵՍԶԻ ՖԻԼՄԸ ՍՏԱՑՎԱԾ ԼԻՆԻ, ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԵՐՈՍ». ԹԵՐՐԻ ՋՈՐՋ

000000000001
Հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ օրերս Հայաստանում էր օսկարակիր կինոռեժիսոր, The Promise և Hotel Rwanda ֆիլմերի ռեժիսոր Թերրի Ջորջը։ Սեպտեմբերի 23-ին՝ ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում, Թերրի Ջորջը հայ երիտասարդ կինոգործիչների ու ֆիլմասերների համար անցկացրեց վարպետության դաս՝ կիսվելով մասնագիտական գաղտնիքներով և փորձառությամբ։

Օսկարակիր ռեժիսորը վարպետության դասի ընթացքում հիմնականում ներկայացնում և զուգահեռներ էր տանում Ցեղասպանության թեմայով նկարահանած իր երկու ֆիլմերի միջև՝ The Promise և Hotel Rwanda։

«Ինձ համար ֆիլմ ստեղծելը հերոսին գտնելու պրոցես է։ Որպեսզի ֆիլմը ստացված լինի, անհրաժեշտ է հետաքրքիր պատմություն ունեցող հերոս։ Այդպիսին էր The Promise-ի հերոս Միքայելի պատմությունը»,- պատմում էր Թերրի Ջորջը՝ նշելով, որ նախքան The Promise-ի նկարահանման աշխատանքները սկսելը նա եղել է Ստամբուլում, այցելել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գերեզմանին։

Ռեժիսորի խոսքով՝ բացի տպավորիչ սցենարից և հերոսներից, որակյալ և հետաքրքիր արտադրանք ստանալու համար անհրաժեշտ է լսարանին փոխանցել զցացմունքների «փունջ»։

«Նրանք, ովքեր ապահովում են ֆիլմի ստեղծման ֆինանսական կողմը, բնականաբար ցանկանում են իրենց ներդրած գումարը հետ վերադարձնել։ Իսկ լսարանը ցանկանում է վճարել և զվարճանալ։ Դրա համար անհրաժեշտ է կարողանալ կադրերով կամ որևէ երկխոսության միջոցով փոխանցել զգացմունքներ՝ ծիծաղ, տխրություն, հրճվանք և այլն»,– մանրամասնում էր Թերրի Ջորջը։

Նշենք, որ սա օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջի երկրորդ այցելությունն էր Հայաստան։ Առաջին անգամ նա Հայաստան այցելել էր 2013 թվականին։
Ալինա Նահապետյան
Լուսանկարները՝ ՀԲԸՄ–ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից

000000000000003

000000000000002