«Սա է կյանքը». Շահաբ Մողառաբին

****

Վերջացել է ժամանակը սպասումի       
էլ տխուր բանաստեղծություն չեմ գրի,  
էլ        
տխուր բանաստեղծություն չեմ գրի։      


Ոչ ոք չի գալիս,       
չի էլ գալու։   

Էլ բանաստեղծություն չեմ գրի։   

****

Երազանքդ մանկություն էր,        
կոտրեց դուռն         
ու փախավ։

****

Ալիքներին հակառակ այնքան եմ լողալու,       
որ գետը փոխի իր հունը։

Կամ խեղդվեմ         
երազում,      
ուր քեզ եմ տեսել։

****

ԿՅԱՆՔ

Ծանր ձյուն եկավ,   
Ծառը սիրունացավ,           
Ծառը կոտրվեց։

****

Ամեն անցնող օր     
անում է ինձ կտոր-կտոր։

Նստում,
կտորներս եմ հավաքում,
իրար կողքի դասդասում,
ու տեսնում՝ 
մի կտոր է պակասում։

Ամեն անցնող օր,    
ավելի եմ թեթևանում։

Եթե մի օր,    
գտնես կորուստները կտոր-կտոր,          
դիր իրար կողք։      
Նա պիտի Ես լինեմ։           
Մնացած փազլն իմաստ իսկ չունի,        
ուր     
խաղացողն ու խաղը          
իրարից չես տարբերի։

           
****

Երկու բառ էի փնտրում,   
երկու բառ,   
հանց խշշոցը տերևների՝  

****

Ուզում էի աշխարհը փոխել,        
աշխարհը փոխվեց.            
ես կապ չունեի։

Ուզում էի մարդկանց փոխել,      
մարդիկ փոխվեցին,           
ոչ այնպես, ինչպես ես էի ուզում։

Հիմա 
միայն ուզում եմ     
պահել քեզ   
այնպիսին, ինչպիսին կայիր՝       
առանց որևէ փոփոխության,       
խճճված իմ թղթե երազներում։

Եվ դու,          
գիտեմ հաստատ,   
չես փոխվի,  
նույն խելակորույսն ես՝    
լեցուն ընդվզումով,            
ավերող         
կրակ ու գետ։

****

Ես՝     
պարանից կախված,          
դու՝    
հրացանը ձեռքիդ։

Կրակեցիր

Կրակեցիր պարանին        
ու ինձ կյանք տվեցիր։

Վրիպում էր

Նորից նշան ես բռնել,        
թիրախը՝
սիրտ։

Նշանդ ճիշտ ես բռնել,       
սեղմի՛ր.                  
սա է կյանքը,           
որ կրակում է ձեռքդ։

 

Պարսկերենից թարգմանությունը` Արեգ Բագրատյանի

  • Hits: 179

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: