Ուրուագիծ դիմանկարի համար. Պօղոս Սնապեան
Տարիների այն տքնանքը, որ համարժեք էր արդար վաստակի Պոօղոս Սնապեան /1927-2014/գրողի, հրապարակագրի, գրական քննադատի, ի վերջո բազմերախտ ՈՒսուցչի համար, եղել է ոչ ավելի, ոչ պակաս սովորական առօրյա և կենսակերպ։ Այլ կերպ նա ապրել չէր կարող, կարծես ինքն էր իր էությունը վերահայտնաբերել տակավին Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում ուսանելու տարիներից՝ Յակոբ Օշականի ճակատագիր կերտող հայացքի ներքո ու խնամատարությամբ։
Վարժարանն ավարտելուց հետո (1950) ուսումնառության ծարավը հագեցնելու նպատակով ուսանել է Փարիզում, իմացական ունակությունները կատարելագործել Ալիանս Ֆրանսեզում և Սորբոնի համալսարանում (1962-1964)։ Նախապատրաստական մի տքնաջան ժամանակաշրջան, փորձություններով առլի տարիներ և այս ամենը գրական-ստեղծագործական մտահղացումների ձևավորման և կենսունականացման համար։ Բայց կյանքը նրան մղում էր աշխարհն իրավ հայտնաբերելու։ Երբ առաջին անգամ հանդիպեցինք (2000, Բեյրութ) ջերմ զրույց ունեցանք «Բագինի» իր աշխատասենյակում. «Երբեք պատվեր չեմ տված և ստացած չեմ և միշտ խորշած եմ այդ երևույթներեն»: Ազատ մտավորականի ինքնաբուխ դրսևորում, սովետական իրականությունում ապրածիս համար խիստ անսովոր։ Մանավանդ Պօղոս Սնապեանի պարագային, որ տարիներ անընդմեջ դասավանդել է Այնճարի «Յառաջ» քոլեջում, Բեյրութի «Սոֆիա Յակոբեան» երկրորդական վարժարանում և Համազգային հայագիտական համալսարանում՝ բարեհամբավ դասախոսի հռչակ վայելելով Յակոբ Օշականի մեթոդաբանությանը հավատարիմ՝ ունենալով նրա արդյունավետ ուսուցանումը։
Բայց այս ամենով չի սահմանափակվում Պօղոս Սնապեանի առ Յակոբ Օշական՝ Հայ գրականության մեծատարած փառքն ունեցած երախտիքն ու որդիական պարտավորությունը, որ յուրահատուկ պատասխանատվության է վերածվել տարիներ շարունակ։ Իր ժամանակին, Օշականի կենդանության իսկ օրոք «Մնացորդաց» վեպի առիթով զրույցների ժամանակ, Սնապեանը իր ուսուցչին փոքր-ինչ հակադարձելով ասել է. «Պարոն Օշական, «Մնացորդաց»-ը դասական ըմբռնումով վեպ չէ. վեպ է, պատմություն է, հոգեբանական վերլուծում է, սեռագիտություն է, քաղաքական տեսություն է, աշխարհագրություն է, ազգագրություն է...» «Մտածումներու ու չափանիշներու այլազանություններու» կրող գրողն ու հրապարակագիրն էր Պօղոս Սնապեանը, թերևս «պատնեշին վրայ»
եղած սերունդի վերջին մոհիկաններից։ Վկայությունը նրա գեղարվեստական արձակն է («Ժամանակ չկա» 1953, «Այդ շունը ես եմ» 1960, 2006) և այլ ժողովածուներ, սփյուռքյան մամուլում, հանդեսներում հրատարակված հոդվածներ, գրադատական մեկնաբանություններ, ազգային-քաղաքական մտածումներ, և միշտ ընթերցողի հայացքի դեմ մուսալեռցու իր կերպարը և խոհընկալումը ազնվաբար ամբողջացնող։
Երբեմն շատ ազատ էր իր մտածումներում. «Մենք՝ հայերս, շատ ալ դժգոհ ենք. տեսակ մը անգոհացում կապրինք տակավին»: Ինձ հոգեհարազատ նրա խոսքից օգտվելով անմիջապես ընդմիջեցի. «Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը դիտելուց հետո այսպիսի կարծիք-տրտնջոցներ շրջանառվեցին, իբր մի հայ դերասանուհի չգտնվեց Արաքսիի (Ազատի մոր) դերակատարման համար: Ես կարծում եմ, որ աշխարհահռչակ Կլաուդիա Կարդինալեն հայ կնոջը ուղղակի մանրակերտեց իր դերով, ոչ մի հայ դերասանուհի չէր կարող նրան գերազանցել»: Ժպտալով ընդհատեց. «Ճիշտ այդ կըսեի՝ մեզմե կդժգոհինք, ուրիշներեն կդժգոհինք, չենք հավնի, ուր կերթանք»:
Մի առիթով իրեն հարցրի. «Պարոն Սնապեան, աղքատների ավանդությունն ընդհանրապես խորհրդավորություն ունի՞ արդյոք, իրենք կրողն ու վերծանո՞ղն են այդ ավանդության»։ Նկատի ունեի իր «Աղքատներու ավանդությունը» ժողովածուն: Մի պահ լռելուց հետո շարունակեց. «Շատ դժվար է ինծի հաստատում մը ընել, արդեն գրած եմ՝ ընթերցողին հետ բախումի հանգամանքը միշտ առկա է միտքիս մեջ, չեմ գիտեր ով ինչպես կընկալե ան, նաև սերունդներու խնդիր կա. աղքատությունը մեզմէ հայերես անպակաս է, ըսել կուզեմ մեզմե անկախ...»։ Ես ժպտալով շարունակեցի. «Երանի հոգով աղքատներին...»։ Համակրալից շարունակեց. «Եթե կուզես նաև ատ է իմ միտք բանին»: Ես ընդմիջեցի. «Ձեր հատորները՝ հոդվածները, գրադատակները չեն վերլուծվել...» և ուզում էի շարունակել, կտրուկ ասաց. «Ես պիտի համարձակիմ տալ Վարուժանի անունը, արդյոք արևմտահայ գրականության այդ բարձրագույն անունը կարդացվա՞ծ է, ինչպես կըսես. մեկ վերլուծում կամ գրադատական փորձ կրնաս հիշեցնել ինծի... Կուզեմ գիտնաս, որ ցանկացած վերլուծում շատ ալ ենթակայական բնույթ ու խորք ունի, մեր գրականագետներու մեծ մասը կը տարվին նկարագրություններով ու գրողներու ինքնությունները դուրս կմնան անոնց հետաքրքրություններու ծիրեն ու չեն մեկնաբանվի...»։
Որտեղ էլ հանդիպելու լինեի Պօղոս Սնապեանին, ցանկություն էր առաջացնում գրառելու նրա մտքերը. սրճարանում, Ծաղկաձորի գրողների հանգստյան տանը, Հանրապետության փողոցում իր վարձակալած բնակարանում, բայց այնքան հորդահոս էր ասելիքս և... լսելիքս, որ չէի կարողանում կողմնորոշվել։ Վերջին հանդիպման ժամանակ նվիրեց իր խմբագրությամբ հրատարակված Յակոբ Օշականի «Մայրիկ» վեպը: Վերստին երկար խոսեցինք և միշտ անավարտ զրույցի տպավորությունն ունեցա՝ ինձ մենախոսության մղող: Գրականագետ, մշակութաբան, անկրկնելի մտավորական Ալբերտ Կոստանեանի հետ երկխոսության ժամանակ Պօղոս Սնապեանը այսպես է ներկայանում. «Ես Պօղոս Սնապեանն եմ: Ես չեմ գիտեր, թե արևմտահայությունը Արևմտյան Հայաստանին տեր կանգնելով ե՞րբ պիտի կարենա ինքնուրույն պետականությանը տեր դառնալ»: Այսպիսին է եղել Մնացորդացի սերնդի գրեթե բոլոր ազգանվիրյալ մտավորականների հոգևոր փնտրտուքը: Ի վերջո, ի խորոց սրտի տեսլականը, այսպես և տակավին շարունակելի…
Արթուր Անդրանիկեան
- Hits: 1372